Արդյո՞ք աշխարհն է պայքարում ընդդեմ ահաբեկչության.- Մարդասպան խմբավորումները խաղացնում են իրենց դեմ պայքարողների հակասությունները – Թուրքիայում ընթանում է ներքին ահաբեկչություն… Թուրքիան եւ Ադրբեջանը որպես ցեղասպան երկրներ՝ հոգեբանական որեւէ խնդիր կամ հակադրություն չունեցան «Իսլամական պետության» հետ…

Չնայած Աֆղանստանը այսօր չի համարվում ահաբեկչական սնուցարանի առաջամարտիկը, ինչպիսին կար «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման այն ժամանակներում, երբ դեռ չէր ոչնչացվել մոլորակի թիվ 1 ահաբեկիչը՝ Ուսամա Բեն Լադենը, բայց «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը մնում է վտանգավորներից մեկը: Դրա առաջնորդ Մուլավի Հայբաթուլլա Ախունզադայի որդին Աֆղանստանի հարավում ահաբեկչություն իրականացնելու ժամանակ զոհվել է, ինչը հավաստում է, որ այս խմբավորումը պատրաստ է կռվել մինչեւ վերջին մարտիկը:

Ըստ Reuters-ի, 23-ամյա Աբդ ար-Ռահման Խալիդը պայթուցիկով բեռնված մեքենայի ղեկին է եղել։ Ավտոմեքենան շարժվելիս է եղել դեպի աֆղանական ռազմաբազա։ Զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Նշվում է, որ թալիբների առաջնորդի որդին վաղուց էր ծրագրում մահապարտ դառնալ։

Իսկ այսօր մոլորակի թիվ 1 ահաբեկչական խմբավորումը «Իսլամական պետություն»-ն է, որի գրոհայիններին հրամայել են դադարել օգտվել սոցիալական ցանցերից, ինչպես հայտնում է SITE կազմակերպությունը՝ հետեւելով ջիհադիստների համացանցային գործունեությանը: Խմբավորման ղեկավարության որոշմամբ, օգտատերերը տեղադրվող լուսանկարներից կարող են տեսնել զինված խմբերի գտնվելու վայրը եւ այլն: Ընդգծվել է, որ խոսքը մարտական ստորաբաժանումների մասին է, որոնք անմիջականորեն ներգրավված են բախումների մեջ:

Իսլամական ծայրահեղականների հսկողության տակ գտնվող տարածքներում ավելի քան 2 տարի արգելված է Apple տեխնիկան, խմբավորման փորձագետների տվյալներով, դրա օգնությամբ հակառակորդները կարող են իրենց լրտեսել:

Ինտերպոլն էլ օրերս տարածել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 173 գրոհայինի ցանկ, ովքեր կարող են Եվրոպայում ահաբեկչություն իրականացնել: Այն կազմվել է ԱՄՆ հետախուզություն կողմից՝ Սիրիայում եւ Իրաքում իրականացված գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

Ահաբեկիչների ցուցակում մարդիկ են, որոնք սպանությունների ու վնասվածքներ հասցնելու նպատակով ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու եւ տեղադրելու հմտություններ ունեն: Ինտերպոլի տվյալներով, ցուցակում ներառված հնարավոր ահաբեկիչները կարող են երկրից երկիր անցնել ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար:  

Ցուցակում, բացի ահաբեկիչների անուններից եւ նրանց լուսանկարներից, ներկայացված է նաեւ «Իսլամական պետության» անդամակցության ամսաթիվը, բնակության վերջին հնարավոր հասցեն, նաեւ այն մզկիթների հասցեները, որտեղ նրանք աղոթել են եւ մայրերի անունները:

Կովկասյան ահաբեկիչների մասին վաղուց լուր չկար, եւ ահա, Իտալիայում ձերբակալվել է չեչեն Էլի Բոմբատալիեւը, ով ահաբեկչությունների շարք էր ծրագրել, որոնց կատարման համար պատրաստվել էր ներգրավել կնոջը՝ Մարինա Կաչմազովային։ Նախկինում նրան արտահանձնել էին Ռուսաստանին՝ ազգային անվտանգությունից ելնելով։ «Վեստի. ռու»-ն գրում է, որ այս մասին պատմել են Իտալիայի դատախազության ներկայացուցիչները։

Մարինա Կաչմազովան խնդրել է ամուսնուն, որպեսզի առաջին մահապարտը ինքը չլինի։ Երկրորդ կնոջը դեռեւս չեն գտել, ըստ ունեցած տեղեկություններին՝ նա նույնպես պատրաստ է գնալ ահաբեկչության։ Այն մասին, որ խումբը մտադիր է ահաբեկչություն իրականացնել, հավաստել է չեչեն ահաբեկչի հեռախոսի տվյալների վերլուծությունը։ Ենթադրվում է, որ նրանք հարձակում են ծրագրել Բելգիայում։ Էլի Բոմբատալիեւը «Իմարատ Կովկաս» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Նշվում է նաեւ, որ նա 2014 եւ 2015 թթ. Սիրայում կռվել է ահաբեկիչների կողմից, դրանից հետո նա հայտնվել է Բելգիայում, ապա՝ Իտալիայում։

Թուրքիայի անվտանգության ուժերը այս անգամ կանխել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նախապատրաստված ահաբեկչությունը: Ծայրահեղականները նախատեսել էին հարձակում իրականացնել թուրքական գլխավոր ընդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության «Արդարության երթ»-ի մասնակիցների նկատմամբ: Նրանք ոտքով Անկարայից Ստամբուլ էին քայլում՝ ի նշան բողոքի իրենց կուսակից Էնիս Բերբերօղլու ազատազրկման: Թուրքական Կայսերի նահանգի ոստիկանության աշխատակիցները 6 գրոհային են ձերբակալել: Նրանց հետքի վրա ընկնել հաջողվել է ձեռք բերած հետախուզական տվյալների շնորհիվ:

Ստամբուլի կենտրոնում, այնուամենայնիվ հանրահավաք է տեղի ունեցել ընդդեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ մինչ այդ նրանք երթով Անկարայից հասել են Ստամբուլ: Արդարության երթը հաղթահարել է ավելի քան 400 կմ, մասնակիցները բողոքել են զանգվածային պաշտոնանկություններից ու անօրեն ձերբակալություններից, որոնք հաջորդել էին անցյալ տարվա ամռանը զինված հեղաշրջման անհաջող փորձին:

Թուրքիայի նախագահը բողոքի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ, չնայած կանխվել է նրանց դեմ ծրագրված ահաբեկչությունը, եւ հայտարարել, որ կազմակերպիչ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դուրս է եկել ընդդիմության շրջանակներից ու գործում է ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ…

Իմիջիայլոց, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» փոխնախագահ Ջեվդեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետեւանքով երկիրը 17 մլրդ դոլարի վնաս է կրել, «սակայն հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի առջեւ բացվեցին տնտեսական հնարավորություններ, որովհետեւ այս կառույցի (գյուլենական համայնք-խմբ.) թեւերը այժմ մաքրվում են պետական համակարգից»,- ասել է նա, ապա հավելել, որ եթե հանկարծ հեղաշրջման փորձը հաջողությամբ ավարտվեր, ապա երկիրը ավելի մեծ վնաս կկրեր: Անգամ հրապարակումներ եղան, թե «Թուրքիայի արեւելքում հայկական պետություն կհիմնվեր»… Ինչն իհարկե ասում են, որպեսզի ներքին ահաբեկչությունն ավելի խստացնեն:

Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են գյուլենական համայնքի ղեկավար Ֆեթթուլահ Գյուլենին, որի կողմնակիցները եւ հավատակիցները համատարած ներքին ահաբեկչության են ենթարկվում՝ զրկվելով աշխատանքից հայտնվում են բանտերում: Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն ձերբակալված են, ու ոչ միայն գյուլենականներ, նաեւ նրանք, ովքեր դեմ են Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հանրապետական Թուրքիայի սուլթանականացմանն ու իսլամականացմենը:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի համապատկերում 2017-ի առաջին կիսամյակում մեծացել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացների թիվը:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Գերմանիայի դաշնային միգրացիոն ծառայության  հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ այս տարվա առաջին կիսամյակում ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիայի իշխանություններին դիմել է Թուրքիայի ավելի քան 3 հազար քաղաքացի: Նշվում է սակայն, որ հունիս ամսվանից սկսած դիմողների թիվը որոշակի անկում է գրանցել՝ հասնելով նախորդ տարվա նույն ամսվա մակարդակին: Հրապարակված տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձին հաջորդած 1 տարվա ընթացքում գերմանական իշխանությունները Թուրքիայի քաղաքացիներից ստացել են 5.742 դիմում: Դիմողներից 4.400-ը եղել են Թուրքիայում բնակվող քրդեր, 209-ը՝ դիվանագետներ, եւս 205-ը՝ այլ պետական ծառայողներ:

«Հեղաշրջումից» հետո Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ շուրջ 71 հազար մարդ, բայց ցայսօր էլ շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել: Հիշեցնենք, որ ձերբակալվել են նաեւ տասնյակ հազարավոր զինվորականներ, ովքեր մեղադրվում են հեղաշրջման փորձի մեջ: Հազարավոր պետական ծառայողներ եւս ազատվել են աշխատանքից, որոնցից շատերը նաեւ ձերբակալվել են: Ազատվածների առաջին ցուցակում արդեն ընդգրկված էին շուրջ 2500 ոստիկան, 546 զինծառայող, 302 դասախոս, տարբեր նախարարությունների ավելի քան 3000 աշխատակից, այդ թվում նաեւ ՆԳՆ, ԱԳՆ, արդարադատության, առողջապահության, կրթության: Ընդհանուր առմամբ, «առաջին հարվածից» աշխատանքից ազատվել էր 7348 մարդ: Հիշեցնենք, որ հիմնական գործողությունները տեղի էին ունեցել երկու մեծ քաղաքում՝ Ստամբուլում եւ Անկարայում: Բախումների հետեւանքով զոհվել էր 260 մարդ: Ապստամբության տապալումից հետո երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն, որը չեն շտապում չեղարկել:

Ըստ հավելյալ տվյալների, հեղաշրջման փորձին անմիջական մասնակցություն ունենալու համար կալանավորվել է ավելի քան 60 հազար պետծառայող, շուրջ 150 հազար մարդ ազատվել է աշխատանքից՝ ապստամբների հետ կապ ունենալու կասկածանքով: Թուրքիայի իշխանություններն այս ամենի մեջ շարունակում են հիմնականում մեղադրել «հիմնական կազմակերպչին ու ոգեշնչողին», ով Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է: Անկարայում պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել նրան, ով բնակավում է այնտեղ 1999թ.: Մեղադրվող իսլամական գործիչը պնդում է, որ որեւէ կապ չունի հեղաշրջման փորձի հետ: Նա խոստանում է վերադառնալ Թուրքիա այն դեպքում, եթե նրա մեղքը ապացուցվի:

Օրերս Եգիպտոսում գրոհայինները գնդակոծել են քրիստոնյաների ավտոբուսը, որը տասնյակ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել: Հարձակումը տեղի է ունեցել Էլ-Մինյա գավառում, Հուրգադայում, որը 220 կիլոմետր է հեռու մայրաքաղաք Կահիրեից։ Ավտոբուսը քրիստոնյա ուխտագնացներին տանում էր Սբ. Սամուել վանք։ 26 մարդ է զոհվել, 26-ն էլ վիրավորվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերը ղպտիներ են:

Տեղի ունեցած միջադեպի արդյունքում, տուժել է ՀՀ 2 քաղաքացի: Մեր երկրի դեսպանը եւ Եգիպտոսի առողջապահության նախարարը այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով, հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացիներից մեկի օժանդակությամբ։

Սա այս տարվա ընթացքում երրորդ հարձակումն է Եգիպտոսում քրիստոնյա փոքրամասնության ներկայացուցիչների վրա: Անցյալ ամիս Ծաղկազարդի կիրակիի տոնակատարության օրը Եգիպտոսի երկու եկեղեցիներում ժամերգության ժամանակ պայթյուններ էին որոտացել, դրանց հետեւանքով ավելի քան 4 տասնյակ մարդ էր զոհվել:

Իմիջիայլոց, լինում են դեպքեր, երբ ահաբեկչությունը միանգամից պատժիչ գործողությունների է հանգեցնում, ինչպես եղավ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության ջոկատի կողմից, որոնք վրեժխնդիր եղան՝ հրետակոծելով ծայրահեղականների դիրքերը Սիրիայում: Հիշեցնենք, որ Թեհրանում ահաբեկչության հետեւանքով 43 քաղաքացի էր վիրավորվել, 12-ը՝ զոհվել:

Դամասկոսի «Ալ Թահրիր» հրապարակում վերջերս պայթյուն է որոտացել: Անձնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն, որի հետեւանքով չորս մարդ զոհվել է, տասնյակից ավել վիրավորվել: Երկրի իրավապահ մարմինները կարողացել են պաշարել ու ոչնչացնել երկու այլ ականապատված մեքենաներ, որոնք նույնպես ուղղություն էին վերցրել հրապարակում հավաքված մարդկանց մեջ մխրճվելու համար:

Կարող ենք հիշել նաեւ իսլամական ծայրահեղականների ահաբեկչությունները Ֆրանսիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ այլուր, ինչպես նաեւ աֆրիկյան ու ասիական մի շարք երկրներում, ինչը հավաստում է, որ չնայած ձեռնարկած միջազգային լուրջ միջոցներին, ահաբեկչությունը շարունակում է թափ առնել…

Կարծում ենք՝ պատճառներից մեկը երկակի խաղերն են, որ միջազգային հանրություն կոչվածը որոշակիորեն կիրառում է հակաահաբեկչական քաղաքականության մեջ: Ակնհայտ է, որ տարիներ շարունակ Թուրքիան համագործակցում էր «Իսլամական պետության» հետ՝ նավթ ու գազ էր ներկրում իր տարածք, ինչի դիմաց համաձայնել էր Ստամբուլում հավաքագրել աշխարհի տարբեր երկրներից Սիրիա եւ Իրաք եկող ահաբեկիչներին, որոնք միանում էին տարածաշրջանը արյան մեջ կորցրած ծայրահեղականներին: Թուրքիային այդ հարցում օժանդակում էր նաեւ Ադրբեջանը, ինչը անգամ փաստաթղթերով է ապացուցված, որը հրապարակվել է Բուլղարիայում, ապաեւ՝ համաշխարհային զլմ-ներով:

Անկարան եւ Բաքուն նաեւ իրենց հարյուրավոր ահաբեկիչներին էին գործուղում, որպեսզի հետո նրանց փորձը կիրառեն Կովկասում եւ այլ վայրերում… Թուրքերի եւ ադրբեջանցիների համար հոգեբանական որեւէ դժվարություն չկար, նրանք դարեր շարունակ կոտորել են տարածաշրջանի բնիկներին, հատկապես ցեղասպանել են հայերին, որին զոհ է գնացել ավելի քան 3,5 միլիոն մարդ:

Այս ծայրահեղականների համար էլ մեկ էր՝ իրենց թիրախում իսլամական քրդերն ու արաբներն են, թե քրիստոնյա հայերն ու ասորիները կամ արեւապաշտ եզդիներն ու այլք: Սա ահաբեկչություն էր իսկապես մարդկության բոլոր հատվածների ու քաղաքակրթությունների նկատմամբ: Ոչ միայն մարդիկ էին կոտորվում, այլեւ ավերվում էին իսլամական, քրիստոնեական, բուդդայական, հին շումերական ու աքադական հուշարձաններ եւ այլ պատմական շինություններ… Նույն թյուրքական քաղաքականության շարունակությունն է՝ այլոց հողերի վրա պետություն ստեղծել՝ բնիկներին ոչնչացնելով…

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը այսօր էլ նախազգուշացրել է մի շարք երկրներում սպասվող հարձակումների մասին: Խմբավորումն իր կողմնակիցներին կոչ է արել խուսափել մարդաշատ վայրերում հայտնվելուց, քանի որ «հազարավոր մարտիկներ» պատրաստ են ահաբեկչություններ իրականացնել: Մասնավորապես, զգուշացրել են Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում ու Ավստրալիայում իրականացվելի հարձակումների մասին: Գրոհայինները խոստանում են, որ հարձակումները գրեթե ամեն օր են լինելու: Նրանք մտադիր են պայթուցիկներ, մեքենաներ եւ սառը զենք գործածել:

Նախորդ տարեվերջին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (DEMYC) ճանաչողա-ուսուցողական այցով եղել էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Ծրագիրը կրել է «Փեշմերգա. Ազատության եւ խաղաղության բանակ» խորագիրը: Այցը հյուրընկալվել է DEMYC-ի անդամ հանդիսացող Քրդստանի ժողովրդավարական երիտասարդական միության (KDYU) կողմից: Նախաձեռնության մասնակիցների թվում է եղել նաեւ ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, DEMYC փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Ծրագրի նպատակն էր բացահայտել Մերձավոր Արեւելքում առկա մարտահրավերները, ծանոթանալ տարածաշրջանային հիմնական ուժերի միջեւ եղած հակամարտություններին եւ Իրաքյան Քրդստանի առջեւ ծառացած խնդիրներին, ինչպես նաեւ քննարկել «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դեմ պայքարի վերաբերյալ հիմնահարցերը: Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել Քրդստանի անվտանգության խորհրդի կանցլերի, Քրդստանի արտաքին գործերի նախարարի, բնակարանաշինության եւ վերակառուցման նախարարի, Քրդստանի վարչապետի եւ Քրդստանի բանակի՝ Փեշմերգայի գլխավոր հրամանատարի հետ:

Ծրագրի մասնակիցներն այցելել էին նաեւ առաջնագիծ, որը գտնվում է Մոսուլ քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա՝ տեղում ծանոթանալու համար տիոող իրավիճակին եւ քննարկել պատերազմական գործողությունների հետեւանքներն ու մարտահրավերները: Ծրագրի ընթացքում կայացել է նաեւ DEMYC-ի Գործադիր կոմիտեի 129-րդ հանդիպումը: Հանդիպման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես է եկել DEMYC-ի ՀՀԿ-ական փոխնախագահը:

Իհարկե լավ է, որ Հայաստանի իշխող կուսակցությունը մասնակցել է այդ քննարկումներին, սակայն պետք է հստակեցնել մեր վերաբերմունքը պետական ամենաբարձր մակարդակներով: Եվ ոչ թե Իրաքյան Քրդստանի կամ մեկ այլ երկրի տարածքում ստեղծված Քրդստանի ներկայացուցիչների հետ, քանի որ «Մեծ Քրդստան» ասվածը նաեւ Արեւմտյան Հայաստանն է ներառում, այլ այն երկրների, որոնք շահագրգռված են «Իսլամական պետության» ոչնչացմամբ եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների համապատկերում՝ այլ երկրների մասնատման հետ միասին տեսնում են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումը եւ հայկական գործոնի դերն ու նշանակությունը…

Վերջերս, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ «Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ահաբեկչության դեմ պայքարող երկրներին»: Դա ասվեց Եգիպտոսի Ազգային տոնի՝ Հեղափոխության 65-րդ տարեդարձի ժամանակ, Հուրգադայի ահաբեկչությունից հետո, բայց հասկանալի է, որ պաշտոնական Երեւանի հայտարարությունն ուղղված է աշխարհի առաջադեմ երկրներին ու մարդկանց: Իակ պայքարը կարելի է ավարտին հասցնել, քանի որ իսլամական պետությունը կորցնում է գլխավոր ահաբեկիչներին ու ազդեցիկ հենակետերը:

ԱՄՆ պաշտոնատար անձինք ասում են, թե ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի ժողովրդավարական ուժերը Ռաքքայում ամբողջությամբ շրջապատել են «Իսլամական պետություն» կամ ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման դիրքերը։ Նրանց համար չի մնացել փախուստի որեւէ ուղի։ Ռաքքայից դուրս տանող բոլոր ճանապարհները գտնվում են քրդական ու արաբական միացյալ ուժերի վերահսկողության ներքո։ Ռուսաստանն ու Իրանն էլ իրենց հովանավորյալ սիրիական ուժերի վերահսկվող տարածքներ ազատագրությանն են օժանդակում: Սակայն ԱՄՆ-ն ունի այն մտավախությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, ով Մոսկվայի, Թեհրանի ու Պեկինի աջակցությունն է վայելում, ուզում է հաստատել իր վերահսկողությունը նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության տակ հայտնված տարածքներում։ «Հուսով ենք՝ դա տեղի չի ունենա, քանի որ Միացյալ Նահանգներն ուզում է այստեղ հաստատել կայունություն եւ ի վերջո Սիրիայի ժողովրդին հետ բերել իրենց տները»,- ասում են Վաշինգտոնից ու Բրյուսելից:

Սակայն, դա անելը հեշտ չի լինի, եթե Ռուսաստանի ու Իրանի հետ համաձայնության չգան ԱՄՆ-ն ու եվրոպական կողմը:

Այստեղ խնդիր է առաջացնում նաեւ Թուրքիան, որը կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն աջակցի քուրդ մարտիկներին։ Անկարան ունի այն մտավախությունը, որ այստեղ կռվող քրդերը կմիանան Թուրքիայի քրդերին՝ կազմելու համար անկախ Քրդստան։ Այդ պատճառով ԱՄՆ-ն որոշ թվակազմով ուժեր է տեղակայել թուրք-սիրիական սահմանին՝ խոչընդոտելու համար քրդական դիրքերի դեմ օդային գրոհներ Թուրքիայի տարածքից։

Ահա այստեղ է, որ կարող են զրոյացվել Թուրքիայի հնարավորությունները տարածաշրջանի շահերի բախման համապատկերում, ինչին պետք է լրջորեն հետեւի ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ հայությունը: Սա հնարավոր տարբերակ է, քանի որ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից արդեն հեռանում է Գերմանիայի զինուժը, նման մտորումների մեջ է նաեւ Ֆրանսիան, նույնը կարող է լինել նաեւ ԱՄՆ-ի զինուժի հետ, որը կարող է այլեւս չհանդուրժել Անկարայի սադրանքները եւ խաղերը Ռուսաստանի հետ, հատկապես որ փորձում է ռազմական հենակետ ունենալ Սիրիայի տարածքում:

Իսկ Բահրեյնի իշխանությունները ցանկանում են ռազմական ոլորտում ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է Ռուսաստանում այդ երկրի դեսպան Ահմեդ աս-Սաիդին։ «Բահրեյնը փոքր պետություն է, սակայն տիրապետում է բավարար հնարավորություների, որպեսզի տարածաշրջանում դառնա յուրօրինակ պատուհան»,- ասել է նա։ Նաեւ ընդգծել է՝ Բահրեյնը գիտի, որ Ռուսաստանը կարող է մեծացնել ռազմական տեխնիկայի վաճառքի ծավալները՝ թույլ տալով այդ երկրին հասնել նախանշված նպատակներին։

Հետաքրքիր է նաեւ, որ այն պահից, երբ թուրքական զինուժը ռազմաբազա հիմնեց Քաթարում (այն ընկալվեց նաեւ որպես ՆԱՏՕ-ական)՝ արաբական երկրների (հատկապես Սաուդյան Արաբիայի) զայրույթը կանխելու համար, քանի որ Քաթարը չէր միացել Իրանի դեմ դաշինքնին, Ռուսաստանը փորձում էր հակակշիռ քայլ գտնել: Եվ այն ստացվեց: Բահրեյնը ցանկանում է ռազմական ոլորտում ընդլայնել Մոսկվայի հետ համագործակցությունը՝ դառնալով Պարսից ծոցում Ռուսաստանի «պատուհանը»… Իսկ Բահրեյնը եւ Քաթարը հարեւաններ են Պարսից ծոցում:

Գուցե այս եւ այլ հակակշիռները նպաստեն, որ համաշխարհային բեւեռները միմյանց դեմ պայքարը փոխարինեն ահաբեկչության դեմ իրական ու վերջնական պայքարի:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։