Սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ պետական վերաբերմունք է լինելու… ՀՀ զինված ուժերը շարունակում են մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջեւ ընթացող բոլոր ստուգատեսներին ու պաշտոնական հավաքներին… Հայկական բանակի թիմը ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով – հայ տանկիստները գրավել են 2-րդ տեղը տանկային երկամարտում… Ռազմականի շրջանավարտները դեռ ցույց կտան ուժը, կհամալրեն հրամկազմի շարքերը… Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն…

Սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մակրոտնտեսական ցուցանիշները՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0%:

2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն դրամ: Մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը: Մարզպետի խոսքով՝ վերջին տարիներին տեղական ու միջազգային կազմակերպությունների եւ անհատ ներդրողների կողմից իրականացվում են ջերմոցային, չրանոցային եւ սառնարանային տնտեսությունների, այգիների եւ վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր:

Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 400 աշխատատեղով: Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 400 մլն դրամ արժեքով, որից հավանության է արժանացել 12-ը: Ընթացքի մեջ են «Բերք» ՍՊԸ-ի կողմից բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման աշխատանքները, իսկ մնացած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:

Մարզպետը զեկուցել է, որ մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն դրամ: Մինչեւ տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման եւ Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձեւավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին կազմակերպվել է համամարզային շաբաթօրյակ, նմանատիպ շաբաթօրյակ նախատեսվում է անցկացնել նաեւ հուլիսի 29-ին: Վարչապետը նախ եւ առաջ ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների եւ աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա.  

«Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետեւաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո՛չ բեռ եք վերցնում, ո՛չ սակագին եք դնում, ո՛չ կանոնակարգում եք եւ անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձեւակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետեւյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»,- նշել է վարչապետը: Նա հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների եւ աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է մարզում գյուղատնտեսության, առողջապահության, բնապահպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում իրավիճակի եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական եւ առողջապահական համակարգերի գործունեության եւ օպտիմալացման աշխատանքների մասին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն էլ նախաձեռնել է «Մասնագիտական կրթությունը եւ ուսուցումը՝ հեռավոր եւ սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովների շարք, որի 2-րդ հանդիպումը կայացել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Սեփ. լրատվություն

Մոսկվայում մեկնարկում է «Միջազգային բանակային խաղեր-2017»-ը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնել  է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

«Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատես.-

11 հայ դիպուկահար կմասնակցի «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին

Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաեւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում ու Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական եւ ինժեներական ստորաբաժանումները:

Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:

Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

Մերոնք՝ 2-րդ համաբանակայինում

ՀՀ զինված ուժերը շարունակում են մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջեւ ընթացող բոլոր ստուգատեսներին ու պաշտոնական հավաքներին: Այդ շրջագծում Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղզստանում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին, որոնք կավարտվեն օգոստոսի 1-ին, ինչպես նաեւ հուլիսի 24-ից 28-ը Բորովիչիում (Ռուսաստանի Դաշնություն) ընթացող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների լավագույն մասնագետի «Հուսալի կողմնորոշիչ» մրցույթին:

Տանկային բիաթլոն. միջազգային բանակային խաղերը

Մեկնարկել է «Միջազգային բանակային խաղեր 2017»-ը՝ 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Չինաստանի 21 զորավարժարաններում։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով։

Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձեւում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը եւ Մարոկոն։ Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչեւ օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաեւ Հայստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը: Հայկական կողմը հանդես է գալիս դեղին տարբերանշանի ներքո: Միաժամանակ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետը հուլիսի 30-ին Ղրղզստանում կմասնակցի խորհրդի սպորտային կոմիտեի հերթական նիստին:

Հայ տանկիստները գրավել են 2-րդ տեղը Ալաբինոյի տանկային երկամարտում

Տանկային երկամարտի 4-րդ մրցաշրջանում մրցում էին Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի ու Նիկարագուայի ներկայացուցիչները։ 1-ինը վերջնագծին հասան հնդիկ տանկիստները, 2-րդը՝ հայերը, իսկ 3-րդը՝ Վենեսուելայի ներկայացուցիչները։ Նիկարագուայի տանկը վերջինն էր։ Սա մրցաշրջանի նախնական արդյունքներն են․վերջում դատավորները կհաշվեն ժամանակը՝ հաշվի առնելով տուգանային պատժամիջոցները, լրացուցիչ շրջաններն ու կանգառները։

Հայաստանի զինված ուժերն այսօր ներկայացավ մի անձնակազմով, որի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը։ Հայկական թիմի բոլոր անդամները ժամկետային ծառայող զինվորներ ու սերժանտներ են։ Մրցումները 3 փուլով են անցնում։ Առաջին փուլում՝ անհատական մրցարշավում, մասնակցում են բոլոր թիմերը։ Կիսաեզրափփակիչ կանցնի 12 թիմ, իսկ երզափակչում կհանդիպեն 4 լավագույն հավաքականները։ Բոլոր փուլերում տանկիստերը պետք է կրակեն թիրախներին՝ տեղից եւ ընթացքի մեջ, եւ հաղթահարեն տարբեր խոչընդոտներ։

Հայկական բանակի թիմը ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով 

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել «Միջազգային բանակային  խաղեր 2017»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Մերձմոսկվայում հուլիսի 29-ին հանդիսավորությամբ մեկնարկել են 3-րդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։ «Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անց է կացվում 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Չինաստանի 21 զորավարժարաններում։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով։

Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձեւում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը եւ Մարոկկոն։ Միջազգային բանակային խաղերը կտեւեն մինչեւ օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաեւ Հայստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։

Հայաստանցի զինվորականները մասնակցում են Ղազախստանում մեկնարկած Բանակային միջազգային խաղերին

18 երկրների 400-ից ավելի զինվորականներ են մասնակցում Ղազախստանի հարավում մեկնարկած Բանակային միջազգային խաղերին: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «18 երկրների ավելի քան 400 զինծառայողներ են մասնակցում այսօր Ղազախստանի հարավի Ժամբիլի մարզում մեկնարկած Բանակային միջազգային խաղերին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բանակային միջազգային խաղերը Ղազախստանում կանցկացվեն օգոստոսի 1-9-ը: Դրանց մասնակցում են 18 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Վենեսուելայի, Հունաստանի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերը:

Ռազմականի շրջանավարտները դեռ ցույց կտան ուժը

Հուլիսի 24-ին եւ 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է հիշյալ ռազմաուսումնական հաստատությունների ու մեկամյա սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

Շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ձեռք են բերել մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, ուր կանցկացնեն սպայական ծառայության առաջիկա տարիները: Նրանցից շատերը խնդրել են իրենց ուղարկել մարտական հերթապահությունում ընդգրկված զորամասեր:

Կարճատեւ արձակուրդից հետո նորընծա սպաները կմեկնեն զինվորական ծառայության՝ համալրելու զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Հաշմանդամ զինծառայողների համար սեպտեմբերին կբացվի վերականգնողական կենտրոն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2017թ. ուսումնական տարվա ձմեռային փուլում ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության, զորքերի ղեկավարման, համալրման, կադրային քաղաքականության, զինվորական կարգապահության վիճակի ու դրա բարելավման ուղիներին վերաբերող հարցեր: Ամփոփելով նիստի արդյունքները` նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասն անդրադարձել է պաշտպանության բնագավառում իրականացված ու ընթացիկ բարեփոխումներին, զորակոչի շրջանակներում կատարված աշխատանքներին եւ զորակոչի ընթացքին, ներդրվող ծրագրերին, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների ու շրջանավարտների վիճակագրությանը, զորամասերում նորակոչիկների ընդունման եւ ուսուցման կազմակերպման գործընթացին:

Անդրադառնալով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ բնակավորման խնդրի լուծումները գտնվում են ակտիվ փուլում, իսկ հաշմանդամ զինծառայողների  համար սեպտեմբերին կբացվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով եւ անհրաժեշտ մասնագետներով համալրված վերականգնողական կենտրոն:
Ավարտվել է նաեւ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան դիմումների ընդունումը եւ հաստատության սան դարձած պատանիները սեպտեմբերին կհաճախեն Դիլիջանում գտնվող ու բարձրակարգ պայմաններով ապահովված վարժարան: Նախարարի համոզմամբ այդ հաստատությունը լինելու է Հայաստանի լավագույն ավագ դպրոցը: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ «Դիտակետ» ծրագրերի հանրային քննարկումների արդյունքները, նշելով, որ այս նախաձեռնությունների վերաբերյալ հասարակության ամենատարբեր շերտերի արձագանքն ու գնահատականը եղել է առավել քան դրական:
Ելույթի ավարտին դիմելով հրամանատարական կազմին` պաշտպանության նախարարը նշել է, որ Հայկական բանակի սպայի հեղինակությունը հասարակության շրջանում առավել բարձրացնելու նպատակով կարեւոր է յուրաքանչյուր սպայի անձնական օրինակը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։