Արիական ազգային լեզուները՝ հայոց լեզվի բարբառներ

Լեզվի, մասնավորապես՝ հայոց լեզվի, խորհուրդ ( կարդալով Էդվարդ Աթայանին, ու… խորհելով )

«Քո (Արարչիդ-Ս.Մ.) ստեղծած լեզուս…» (Նարեկացի)

Հայոց լեզվի լեզու բառը կազմված է լ, ու հունչարմատներով եւ ազ բառ-արմատով՝ լ-էզ(ազ)-ու: Էզ (ազ)-ը նշանակում է սերում, ծագում, ծագումնային որակ (այդ իմաստն է արտահայտված, տարբեր շեշտադրումներով, ազ-ով կազմված բոլոր բառերում՝ ազգ, ազատ, ազնիվ…): Լ-ն եւ ու-ն, ըստ երեւույթին, ընդգծում են ծագումնային որակի բացարձակությունը, ոգեղենությունը, որպիսին լինում է ազգային (մարդկանց՝ արյունակցական ամբողջականության) ծագումնային որակը:

Հետեւաբար, հայերենի լեզու բառն ասում է այն մասին, որ լեզուն ազգային ներքին ծագումնային (գենետիկական) որակ է, գալիս է ազգի արարումից եւ միշտ նրա կյանքում առկա է (նույն իմաստն է արտահայտում նաեւ ռուսերենի համապատասխան յազիկ բառը): Ըստ այդմ, լեզուն, եթե այն բնական լեզու է, ինչ-որ իմաստով նույնանում է ազգին, ներկայացնում է ազգը: Անընդունելի է, ուստի եւ, լեզվաբանական այն տեսակետն, ըստ որի լեզուն հաղորդակցման միջոց է (դա ճիշտ է օտար լեզուների համար միայն):

Ազգը ծնվելով, ի սկզբանե հարաբերվել է իր ծագումի (ինչպես երեխան՝ իր հոր եւ մոր հետ), ինքն իր, բնօրրանի, բնական բազմազան երեւույթների, էությունների, այլ բնական օրգանիզմների, բնական զորությունների հետ: Եվ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգեկերտվածքի, իր բնավորության, իր որակական զանազան դրսեւորումների միջոցով, արդյունքում՝ յուրովի ընկալելով դրանց խորհուրդները եւ համապատասխան անուններ տալով դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների (իմաստների) համակարգն է ազգային լեզուն: Նրանում ամեն խորհուրդ իր անունն ունի, եւ ամեն անուն իր խորհուրդն ունի: Ազգը, եթե նա ա՜զգ է, աշխարհի, աշխարհի այլ լեզուների հետ նախ եւ առաջ հարաբերվում է իր ազգային, մայրենի՜ լեզվի հիմունքով: Ուրացա՞վ ազգն իր լեզուն, իր լեզվի նախարար խորհուրդները, – նշանակում է նա էլ ազգ չէ, ժողովուրդ է: Լեզուն ազգի հոգու պահապան տունը, Աստվածաշունչը, հավատքն է: Ազգային լեզուն իր ազգի մեջ հանդես գալով որպես ներքին գենետիկական որակ, այլ ազգերի մեջ արտահայտվում է որպես արտաքին հաղորդակցման միջոց:

Որպես ազգային խորհուրդների համակարգ, ազգային լեզուն սովորաբար չի ընդունում օտար փոխառություններ: Եվ եթե որոշ օտար բառեր պարտադրվում են, ապա ազգային լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չունեն: Դրանք ժամանակի ընթացքում ազգայնացվում են:

Ինչպես չկա վերացական ազգ, այնպես էլ չկա վերացական՝ անտոհմիկ ազգային լեզու: Եթե ազգը ցեղի (ռասայի), մարդու այս կամ այն տեսակի օրգանական մաս է, ուրեմն ազգային լեզուն էլ պարտադիր ցեղի լեզվի օրգանական մասն է: Դրանով է պայմանավորված այն, որ աշխարհի լեզուները խմբավորվում են ըստ իրենց ցեղային ընտանեկան ծագումնաբանության՝ արիական (հնդեվրոպական), չինական, սեմական, թուրքական եւ այլն: Փաստորեն, ազգային լեզուները ընդհանուր ցեղային (մայր) լեզվի մասնավոր արտահայտություններն են՝ բարբառները, ինչպես ամեն ազգային լեզվի մասնավոր դրսեւորումներն են նրա բարբառները: Ազգային լեզուն ունենալով ցեղային ծագում՝ հետագայում զարգանում է ինքնուրույնաբար՝ իրենում կրելով ցեղից ճյուղավորված ազգի կյանքի ընթացքի առանձնահատկությունները:

Ընդհանուր ցեղային լեզվի բաղադրիչներից՝ ազգային լեզուներից որեւէ մեկը, պարտադիր, մայր լեզվի կարգավիճակ է ունենում, որից հետագայում ծնվում են ցեղային լեզվի մյուս ազգային դուստր լեզուները: Փաստորեն, այդ լեզվի պարագայում ցեղային լեզուն ու ազգային լեզուն նույնանում են: Առավել բնական է լինում այն, որ ցեղային լեզվի առաքելությունն ունենում է ցեղի այն ազգի լեզուն, ով շարունակում է ապրել ցեղի բնօրրանում (չէ՞ որ լեզուն նաեւ բնօրրան է): Ցեղի մայր լեզուն, պարզ է, լինում է ցեղալեզվի մյուս ազգային լեզուներից ամենահիմնայինը, ամենամաքուրն ու ամենահարուստը: Ցեղալեզվի բնականոն զարգացման դեպքում՝ այդ լեզուն մյուս ցեղալեզուների գլխավոր սնուցողը, դրանց խորհուրդների պարզաբանման
ամենավստահելի պատվարը, դրանց՝ միմյանց հասկանալի դարձնելու «ամենահասկացող» միջնորդն է լինում:

Արիական (հնդեվրոպական) ցեղալեզուն ձեւավորվել է Հայկական լեռնաշխարհում եւ հենց այստեղից է տարածվել աշխարհով մեկ: Փաստորեն, բոլոր արիական ազգային լեզուները արիական ցեղալեզվի, այսինքն՝ հայոց լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար եւ տարբեր պայմաններում (սրանց մեջ, ինչ խոսք, ամենաազդուն այն՝ բնիկների ստեղծած լեզվական պայմաններն են, որոնց մեջ հայտնվել են արիալեզու արիները): Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ արիական այլ լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են հայերեն (ոչ պակաս կարեւոր փաստարկ է նաեւ այն, որ հայը, ինչպես նկատել են շատերը, դյուրությամբ է սովորում հնդեվրոպական լեզուները, եւ այդ լեզուներին լավագույնս տիրապետելու դեպքում, դրանց լավագույնս կրողներից բոլորովին չի տարբերվում): Օրինակ. յազիկ՝ ազ/ծագում-իկ/ – լեզու. յազիցա՝ /ազ-իցա/ – ազգ. կնյազ՝ /կըն-ազ/ -ազնվական. բարին, բարոն՝ /բարի/ – արիական ծագում ունեցող. ագնի, ագոն՝ /ագն/ – հուր, կրակ. Աննա՝ /Ան-ահ/ – Աստվածամայր՝ ծնող Զորություն. ատրուշան՝ /ատր-ուշ-ան / – ոգեղեն, կամ սուրբ, կրակի պահպանում. ուռա՝ /Ար-ահ/ – հայ դիցաբանության Արա-ն Արարչի անվանումն է. միռ, մեռա – Միհր բառ-խորհրդից է առաջացել. դը/դզը (անգլերենի նախդիրը) – հայերեն զ հունչարմատից է առաջացել. լոգոս՝ /լ-ագն-աս/ – աստվածային հուր/ հրեղենություն. իստինա՝ /աստ-ին-ա/ – աստվածային հիմունք ունեցող:

Ս. Լ. Մանուկյան

ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։