Մեկամսյա ամփոփում՝ մարզաշխարհի խաչմերուկներից.- 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերից 6 մեդալ… Հայ ըմբիշների փարիզյան մեդալները… Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը… Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին… Աշխարհի առաջնությանը՝ 2 հայ բռնցքամարտիկ… 5-ական մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարերից… ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլում… Ֆուտբոլ. Հայաստանը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային… Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն – 2017/2018… Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 2017/2018… Հայաստանում բասկետբոլի վերականգնման հաջողված քայլերը… Շախմատային սուպերմրցաշարի հաղթողը… Լեւոն Արոնյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը… Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը… Հայտնի են  հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները… Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում… Հայ տանկիստները՝ «Տանկային բիաթլոն»-ում… Հենրիկ Մխիթարյանի խաղերը, լրատվություն՝ ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզաձեւերից ու մարզական կյանքից…

«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում  օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…

Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոնը՝ Արթուր Թովմասյան

Հայ ուսանողները նվաճեցին 6 մեդալ

Հայ մարզիկները Չինաստանի (Թայվան) Թայփեյ քաղաքում մասնակցեցին 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին եւ ներկայացան 7 մարզաձեւերում, 16 մարզիկներով՝ ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ եւ մարմնամարզություն: Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ): Թաեքվոնդո՝ Արսեն Գրիգորյան (87 կգ), Սերգեյ Վարդազարյան (68 կգ): Ուշու՝ Կարապետ Թեւոսյան (սանդա ուշու, 70 կգ), Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ): Ձյուդո՝ Շահեն Աբաղյան (60 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ): Ջրացատկ՝ Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան: Սուսերամարտ՝ Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր): Մարմնամարզություն՝ Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան, Արթուր Դավթյան: Հայաստանը 29 ներկայացուցիչ ուներ եւ բացի մարզիկներից, մասնակցում էին նաեւ 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ: 131 երկրի 7639 մարզիկ 21 մարզաձեւերում վիճարկեցին  275 մեդալ:

Մեր երկրի բազմակի չեմպիոն, թիվ 1 բազմամարտիկ Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվել է խաղերի չեմպիոն: Նա նման հաջողության է հասնում արդեն 2-րդ անգամ. Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում 2015թ. 28-րդ ունիվերսիադայում եւս նա ոսկե մեդալ էր նվաճել: Այսպիսով՝ հայ մարմնամարզիկը դարձել է ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, մի ցուցանիշ, որին մեր ուսանող մարզիկներից ոչ ոք դեռեւս ունիվերսիադաների պատմության մեջ չի հասել: Մինչ այդ՝ ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ թաեքվոնդոյի եւ սանդա ուշուի մարզաձեւերում Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Կարապետ Թեւոսյանը (70 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ապա, մեր 2 ծանրորդները՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (105+ կգ) ոսկե մեդալներով ավելացրեցին հայ ուսանողների ավարը՝ 3 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Հայ ըմբիշների փարիզյան մեդալները

Փարիզում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ ոսկե մեդալակիր եւ աշխարհի եռակի չեմպիոն: Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) եւս պայքարեց ոսկե մեդալի համար եւ նվաճեց այն: Հայաստանի համար բրոնզե մեդալներ նվաճեցին Լեւան Բերիանիձեն (125 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Կարապետ Չալյանը (75 կգ) մոտ էին բրոնզին, բայց զրկվեցին մեդալակրի կոչում ունենալուց:

Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ֆինլանդական Տամպերե քաղաքում մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է. «Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեեւ ավելի շատ սպասելիքներ ունեինք եւ ավելին կարող էինք անել: Մալխաս Ամոյանը (66 կգ) պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին: Այդպես ասում եմ, որովհետեւ իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի»: Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից եւ Հրաչյա Պողոսյանից (60 կգ), որոնք, սակայն պարտվել են հավասար պայքարում՝ հավասար միավորներով:

Հ.Գ. - Մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի հորեղբայրն է: Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր եւ Մալխասին ու հավաքականի մարզիչներին օգնում էր ինչով հնարավոր էր: Ըստ հռչակավոր հայ ըմբիշի՝ Մալխասը գերազանցելու է իրեն:

Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ազատ ոճի ըմշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ, չնայած այստեղ եւս կարող էինք ոսկե մեդալ ունենալ:

«Ընդհանուր առմամբ մեր թիմը լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Կարեն Զուրաբյանը (50 կգ) կարող էր ոսկե մեդալ նվաճել: Վերջին վայրկյաններին նա 3:6 հաշվով պարտվում էր, 2 անգամ 2 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները հաշվեցին միայն մեկը եւ Կարենը 5:6 հաշվով զիջեց: Արսեն Հարությունյանը (55 կգ) քառորդ եզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 9:0 հաշվով, սակայն, նա էլ չի կարողանում բացատրել պատճառը, թե ինչու գոտեմարտի վերջում անհասկանալի միավորներ տվեց մրցակցին եւ 9:10 հաշվով պարտվեց: Նա զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից, բայց կարողացավ 3-րդ տեղը գրավել:  

Աշխարհի առաջնությանը՝ 2 հայ բռնցքամարտիկ

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կավարտվի աշխարհի առաջնությունը: Համբուրգում 2 մասնակից ունենք՝ 2017թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք էին բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:  Հովհաննես Բաչկովը Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալին ավելացրեց նաեւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը:

Մինչ աշխարհի առաջնությունը հավաքներ են եղել, որոնք ընդլայնված կազմով են մասնակցել, ներգրավված էին մոտ 25 բռնցքամարտիկներ, նաեւ 2 աղջիկներ՝ Անուշ Գրիգորյանն ու Անժելիկա Ստեփանյանը, ովքեր հանդես են գալիս 52 կգ քաշային կարգում:

5-ական մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարերից

- Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում կայացել է Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել: Ոսկե մեդալ նվաճել է Արթուր Բազեյանը (52 կգ): Ժիրայր Սարգսյանն (56 կգ) ու Տոնի Գալստյանը (69 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Թոխյանն (49 կգ) ու Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) 3-րդ մրցանակակիր են: Մեր հավաքականը մրցաշարին մասնակցում էր 6 բռնցքամարտիկով՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ:

- Ռուսաստանի Մախաչկալա քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 12 երկիր, Հայաստանի 5 ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Բոլոր մրցակիցներին պարտության մատնել եւ պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացել է Նարեկ Աբգարյանը (52 կգ): 2-րդ տեղն զբաղեցրել է Հովհաննես Բաչկովը (64 կգ): ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հովհաննեսը եզրափակչում նկատելի առավելություն է ունեցել, սակայն կողմնակալ մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին: Մեր թիմից 3-րդ մրցանակ նվաճել են 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաեւ գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

Մախաչկալայում մեր մարզիկները հանդես եկան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ մեր առաջատար բռնցքամարտիկների մեկ այլ խումբ մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Լեշեկ Դրոգոշի անվան միջազգային մրցաշարին: Թիմի կազմում են Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արամ Ավագյանը՝ 60 կգ, Գոռ Երիցյանը՝ 64 կգ, Արման Դարչինյանը՝ 69 կգ, Արման Հովհիկյանը՝ 75 կգ եւ Հենրիկ Մարգարյանը՝ 91 կգ:

Բռնցքամարտ՝ Սեւանի հանրային լողափում

Մարտունիի հանրային լողափում տեղի է ունեցել «Սեւանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական կարգի  առաջնություն, որին մասնակցել են 200-ից ավել մարզիկներ Մարտունիի, Երեւանի Դինամո, Երեւանի Էրեբունի,Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջեւանի, Վայքի եւԼիճքի մարզադպրոցններից։ 2-օրյա մրցումների արդյունքում Մարտունիի մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 1-ին հորիզոնակը: Մրցաշարը, որը կազմակերպվել էր Մարտունու մարզադպրոցի մարզիչներ Գեւորգ եւ Գագիկ Սարգսյանների կողմից, անցկացվում էր 2-րդ անգամ:

«Սեւանա լիճ 2017» մրցաշարի ավարտին լավագույն բռնցքամարտիկները Մարտունիի մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգեւատրվել են հուշանվերներով, իսկ համայնքի ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը եւ Մարտունի համայնքի բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգեւատրվել են շնորհակալագրերով եւ հուշանվերներով: Մրցաշարի բացման խոսքում Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը կարեւորել է նմանատիպ մրցաշարերի անցկացումը համայնքային կյանքն ավելի ակտիվ դարձնելու եւ աճող սերնդի կոփման ու սպորտային դաստիարակության գործում:

Սեւանում անցկացվեց «Մարտարվեստների փառատոն»

Օգոստոսի 25-ին Սեւան քաղաքի թիվ 1 հանրային լողափը առավոտից հյուրընկալում էր ոչ միայն հանգստացողներին այլ նաեւ շուրջ 400 մարզիկների: Առաջին անգամ Սեւանում անցկացվեց «Մարտարվեստների փառատոն», որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարտարվեստներ ներկայացնող 3‘կիոկուշին,այկիկենդո եւ ռազմական թեկվանդոյի ֆեդերացիաները:

Մեկ վերջույթով սպան ռեկորդ սահմանեց

ՀՀ զինված ուժերի սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը ռեկորդ է սահմանել‘ 13 անգամ բարձրացում-սեղմում կատարելով 32 կգ կշռաքարով։ Սարգիս Ստեփանյանը 2014է. ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջն ականապատված տարածքից դուրս հանելու ժամանակ վիրավորում է ստացել ու կորցրել 3 վերջույթը։ Սպային վայել տոկունությամբ Ստեփանյանն ուժն ու հույսը չի կորցրել, շարունակել է զբաղվել սպորտով, ավելին, տարեցտարի ուժն ամրապնդում է ու հաջողություններ գրանցում։

«Ես մարզվում եմ բազկամարտով, շեշտը դնում եմ դրա վրա։ Միջազգային ասպարեզներում հանդես եմ գալիս, պատրաստվում եմ Լեհաստանում նոյեմբերին կայանալիք աշխարհի խաղերին։ Ֆիզիկականս ուժեղանում է օր օրի»,–պատմեց Սարգիսը։ Հիմա ուժերը փորձում է մեկ այլ մարզաձեւում‘ կշռաքարի բարձրացում։ Եթե 2015թ. կշռաքարը նա բարձրացրել է 9 անգամ, ապա այսօր այդ թիվը 4-ով ավելացել է, ընդ որում‘ կանգնած դիրքով ու պրոթեզներով։ Ստեփանյանը շեշտում է‘ 3 վերջույթ կորցրած նման մարդ չկա, որ կարողանա 13 անգամ 32 կգ-ոց կշռաքար բարձրացնի։ Այս պահին ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում, իսկ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար որոշակի փաստաթղթեր պետք է լրացնել։

Նոյեմբերի 5-ը հետախույզի օրն է։ Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջոցառմանը։ Չի բացառվում, որ մինչ այդ նա նոր ռեկորդների հեղինակ դառնա։

Հայ ձյուդոյիստներն աշխարհի առաջնությունում դուրս են մնացել պայքարի կեսից

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել տարվա գլխավոր ստուգատեսում եւ դուրս են մնացել հետագա պայքարից: Այսօր 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաղթանակով է մեկնարկել: Նա 1/64-րդ եզրափակչում առավելության է հասել Գանայի ներկայացուցիչ Էմանուել Նարթեյի նկատմամբ, սակայն 1/32-րդ եզրափակչում զիջել է իսրայելցի Թոհար Բուտբոլին: Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ճապոնիան ներկայացնող Սոյչի Հաշիմիտոյին: Կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանին բարդ մրցակից էր բաժին հասել:

Հայ մարզուհին 1/32-րդ եզրափակչում պարտվել է ճապոնացի Նացումի Ցունոդային, որը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Ֆուտզալ. 3 խաղում՝ 3 հաղթանակ

Կիպրոսում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլը: F խմբի մրցաշարի 1-ին խաղում Հայաստանի չեմպիոն «Լեո»-ն 5:1 հաշվով հաղթեց Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիս»-ին: «Լեո»-ի եւ մոլդովական «Կլասիկ Քիշնեւ» թիմի միջեւ խաղն ավարտվեց մեր թիմի խոշոր հաղթանակով՝ 7:0: «Լեո»-ի եւ Ուելսի «Ռեքսեմ» թիմի միջեւ խաղը եւս մեր հաղթնակով ավարտվեց՝ 3:1 հաշվով: Վաստակած 9 միավորով՝ցույց տալով 100-տոկոսանոց արդյունք, մեր թիմը դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի գլխավոր փուլ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն – 2017/2018

……………………………….. Խ     Հ      Ո     Պ     ԽԳ     ԲԳ     Մ

  1. Շիրակ                            4      4      0      0       6        2      12
  2. Ալաշկերտ                      4      2      1      1       11       5       7
  3. Փյունիկ                          4      1      2      1        5        8       5
  4. Արարատ                        4      1      1      2        4        6       4
  5. Բանանց                         4      0      3      1        4        5       3
  6. Գանձասար-Կապան       4      0      1      3        2        6       1

Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 2017/2018

………………………………… Խ      Հ     Ո     Պ     ԽԳ     ԲԳ      Մ

  1. Արարատ-2                      3      2      1      0       5        0        7
  2. Արցախ                            3      2      1      0       5        1        7
  3. Լոռի                                2      2      0      0       7        1        6
  4. Ալաշկերտ-2                     3      1      2      0       6        4       5
  5. Բանանց-2                        3      1      1      1       4        2       4
  6. Փյունիկ-2                         3      1      0      2       2         5       3
  7. Գանձասար-Կապան-2      3      1      0      2       4         7       3
  8. Ավան Ակադեմիա             2      0      2      0       3         3       2
  9. Շիրակ-2                           3      0      1      2       2         5       1
  10. Էրեբունի                          3      0      0      3       1        11       0

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հանդիպումների հետ կապված՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 1-ին փուլի «Ավան Ակադեմիա»-«Լոռի» հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը շուտով 8 թիմ կունենա

Հիշեցնենք, որ 2017-2018թթ. մրցաշրջանից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կրկին 8 թիմ կունենա: Մարտի 10-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի հերթական նիստի ընթացքում, բացի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 6 թիմից, արտոնագրեր են ստացել նաեւ ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբուն»-ին եւ նորաստեղծ «Լոռի»-ն: Այս որոշումից հետո ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մասնակիցները եւս մեկ փուլ պետք է անցնեն:

«Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին եւ կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցում են միայն ՀՀ Բարձրագույն խմբի 2016-2017թթ. առաջնության մասնակից 6 ակումբները»,- նշված է ՀՖՖ պաշտոնական կայքում: Այսպիսով 2017-2018թթ. մրցաշրջանում «Ալաշկերտ»-ին, «Շիրակ»-ին, «Փյունիկ»-ին, «Գանձասար-Կապան»-ին, «Բանանց»-ին եւ «Արարատ»-ին կմիանան «Լոռի»-ն եւ «Էրեբունի»-ն:

«Փյունիկ»-ը նոր մարզիչ ունի

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի հետ: Մասնագետի օգնականն է լինելու է Ումար Մարխիեւը: Ալեքսեյ Յերյոմենկոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» (1986-1987թթ.) եւ «Դինամո» (1988-1990թթ.) թիմերում: Եղել է ֆիննական «Յարո»-ի (2009-2016թթ.) եւ Կարագանդայի «Շախտյոր»-ի (2016-2017թթ) գլխավոր մարզիչը: Ումար Մարխիեւը երկար տարիներ աշխատել է ֆիննական «Յարո»-ում՝ գլխավոր մարզչի օգնական: Վերջին տարին մարզում էր ռուսական «Անգուշտ» ֆուտբոլային ակումբը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ «ցավոք սրտի, Հայաստանում  ակումբներն այն վիճակում են, որ ավելի շատ ծախսեր են պահանջում, այս պահին դժվար է խոսել եկամուտների մասին: Բաց ես հույս ունեմ, կամաց-կամաց իրավիճակը կփոխվի»:

«Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Ռաֆայել Հայրապետյանը, ով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին է, ակումբին ու նոր սեփականատիրոջը մաղթել է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Արկադի Անդրեասյանը որակազրկվել է, իսկ «Արարատ»ը‘ տուգանվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում, որը կայացել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, քննարկբվել է «Ալաշկերտ»-«Արարատ» խաղի ընթացքում հյուրերի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը մրցավարի գործողություններին միջամտելու հարցը: Մարզիչը որակազրկվել է 1 խաղով: Բացի այդ, «Արարատ» ակումբը տուգանվել է 50.000 դրամով

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը մեկնարկել է օգոստոսի 21-ին եւ կավարտվի սեպտեմբերի 7-ին: Վերջնական եռյակը կհրապարակվի սեպտեմբերի կեսին: Մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 23-ին:

Հավակնորդների ցուցակում են՝ Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»), Կառլո Անչելոտի («Բավարիա»), Անտոնիո Կոնտե («Չելսի»), Լուիս Էնրիկե («Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի), Լեոնարդու Ժարդիմ («Մոնակո»), Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյու («Մանչեսթեր Յունայթեդ»), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»), Տիտե (Բրազիլիայի հավաքական), Զինեդին Զիդան («Ռեալ»):

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է

Օգոստոսի 10-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 տեղով և զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորող եռակնն այսպիսին է՝ Բրազիլիա, Գերմանիա եւ Արգենտինա։

  1. Բրազիլիա – 1604, 2. Գերմանիա – 1549, 3. Արգենտինա – 1399, 4. Շվեյցարիա – 1329, 5. Լեհաստան – 1319, 6. Պորտուգալիա – 1267, 7. Չիլի – 1250, 8. Կոլումբիա – 1208, 9. Բելգիա – 1194, 10. Ֆրանսիա – 1157, 27. Ուկրաինա – 843, 42. Ռումինիա – 713, 46. Դանիա – 683, 52. Չեռնոգորիա – 643, 62. Ռուսաստան – 590, 65. Ուզբեկստան – 579, 71. Բելառուս – 503, 72. ՀԱՅԱՍՏԱՆ – 480, 98. Էստոնիա – 334, 99. Լիտվա – 333, 105. Ղազախստան – 308, 112. Վրաստան – 290, 128. Ղրղզստան – 248, 131. Լատվիա – 242, 141. Թուրքմենստան – 200, 151. Տաջիկստան – 180, 159. Մոլդովա – 154 միավոր…

Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները՝ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ», Անատոլի Այվազով «Շիրակ», Գոռ Մանուկյան, «Փյունիկ», Լևոն Հայրապետյան «Փյունիկ», Արմեն Մանուչարյան, «Փյունիկ», Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան եւ Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին:

Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունը

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Այսօր՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունն այդ հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ Ֆուտբալի ակադեմիայում: Այս պահին հավաքականի ճամբարում են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ», Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան», Գոռ Մանուկյան, «Փյունիկ»:

Պաշտպաններ՝ Լևոն Հայրապետյան «Փյունիկ», Արմեն Մանուչարյան, «Փյունիկ», Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս), Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան), Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս), Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա):

Կիսապաշտպաններ՝ Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ», Դավիթ Մանոյան  «Նեա Սալամիս» (Կիպրոս), Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա), Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա), Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան):

Հարձակվողներ՝ Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան), Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա), Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա):

Ռուսլան Կորյանը հավաքականին կմիանա այսօր ուշ երեկոյան: Օգոստոսի 29-ին եւ 30-ին հավաքականը կանցկացնի մարզումներ, իսկ օգոստոսի 31-ի առավոտյան կմեկնի Բուխարեստ:

Հայաստանի հավաքականը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի 7-րդ փուլի խաղում պարտվեց Ռումինիայի հավաքականին: Բուխարեստում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում, ընդ որում գոլ խփելու ռեալ պահ ունեցան մեր ֆուտբոլիստները, սակայն Տիգրան Բարսեղյանը չիրացրեց հարմար պահը: 2-րդ խաղակեսն անցավ ռումինացիների տարածքային առավելությամբ: 55-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում եւ մրցավարը 11մ հարված նշանակեց: Սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահ Մելիքսեթյանը ետ մղեց Ստանչուի հարվածը:

Մեր թիմը չնայած մնացել էր 10 հոգով, սակայն շարունակում էր կազմակերպված պաշտպանվել: Ավաղ, մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին տանտերերը արդյունավետ գրոհ կազմակերպեցին եւ Մաքսիմը մոտ տարածությունից գրավեց դարպասը: Այդպիսով, Ռումինիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 9 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով մնաց 5-րդ տեղում:

Հենրիխ Մխիթարյան. Հուսանք, որ Դանիայի դեմ ավելի լավ կխաղանք

«Շնորհակալ եմ տղաներին ամեն ինչի համար:  Մինչեւ վերջ պայքարեցինք, մինչեւ վերջ մտածում էինք դրական արդյունքի հասնել, նույնիսկ չէինք մտածում հաշվիը 0:0 պահելու մասին»,-Ռումինիայի հավաքականի հետ խաղից հետո Հայաստանից Բուխարեստ մեկնած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  Հայաստանի ֆոիտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ֆուտբոլ +»-ի փոխանցմամբ,  նա նշել է, որ ունեցել են բազում հնարավորություններ, բայց օգտագործել չեն կարողացել:
«Վերջում երևի թե ուշադրությունը չհերիքեց, այդ պատճառով երևի գոլ բաց թողեցինք»,-ասել է նա:
Տարոն Ոսկանյանին ցույց տված կարմիր քարտը, ըստ նրա, ազդել է խաղի վրա: «Չէինք պլանավորել տասը հոգով խաղալ, բայց ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Նույնսիկ 10 հոգով փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի խաղանք, հաղթենք: Չնայած բացասական արդյունքին, Արթուր Պետրոսյանի կողմից շատ դրական խոսքեր լսեցինք »,- ասաց նա: Ապա հույս է հայտնել, որ հավաքականի ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն ուժերը վերականգնելու  ու Երեւանում Դանիայի հավաքականի դեմ պատվով խաղալու համար: «Հուսանք, որ Դանիայի դեմ ավելի լավ կխաղանք: Ֆուտբոլում պետք է պատրաստ լինել ցանկացած դասավորության ու ցանկացած թիմի դեմ խաղալուն»,-ասաց նա:

Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները. Արթուր Պետրոսյան

Սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացել է Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան խաղը: Հանդիպումն ավարտվել է Ռումինիայի հավաքականի հաղթանակով 1:0 հաշվով։ Միակ գոլի հեղինակը դարձել է Ալեքսանդրու Մաքսիմը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսին ասել է. «Մինչեւ կարմիր քարտն այն, ինչ պլանավորել էինք, ստացվեց։ Գնդակի կորուստը մի քիչ շատ էր մեր կիսադաշտում, ինչի պատճառով մրցակցին հնարավորություններ տվեցինք հակագրոհելու, բայց, ամեն դեպքում, մինչեւ հեռացումը մեր նախատեսված մարտավարությունը գործում էր»։

Հարցին, թե թիմն արժանի խաղ ցուցադրեց անկախ արդյունքից, կարո՞ղ եք համարել, որ դուք գտաք այն կազմը, որը երկար ընտրում էիք, Ա. Պետրոսյանն ասել է. «Մենք խաղում ենք միավորներ վաստակելու համար, ինչն այսօր չստացվեց անել։ Ինչ վերաբերվում է մարտունակ կազմին, ապա թիմի հիմնական կորիզը կա, բայց դեռ փնտրտուքների մեջ ենք»։  Պատասխանելով հարցին, թե գոլը բաց թողեցինք խաղի վերջնամասում, կենտրոնացվածության պատճառո՞վ էր, թե՞ այլ խնդիր կար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Կարծում եմ հոգնածության հետևանք էր։ Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները, նույնիսկ գոլից հետո փորձեցին խաղը փրկել։ Կրկնում եմ, որ այսօր մենք արժանի էինք Բուխարեստից մեկ միավոր տանեինք։ Եթե օգտագործեինք մեր հնարավորություններն, ապա ուրիշ խաղ կստացվեր։

Ոչ մեկի խաղից հիասթափված չեմ, սա թիմային խաղ է եւ մեր թիմը արեց ամեն ինչ լավ խաղալու համար։ Իսկ եթե ինչ-որ բան եմ տեսել, ինչը դուր չի եկել ինձ, ապա ես խոսելու եմ իմ ֆուտբոլիստների հետ անհատապես»։ Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ փոխարինման դուրս եկան 2 հարձակվող, նա նշել է. «Առաջինը` պաշտպաններ չունեինք, որ մտնեին դաշտ, իսկ երկրորդը` հոգեբանական առումով շատ կարևոր էր ցույց տալ թիմին, որ մենք կարող ենք նույնիսկ հաղթել։ Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ եւ ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց»։

Խոսելով Դանիայի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին՝ պատասխախենոլվ հարցին, թե ի՞նչ անել, որ թիմը ամբողջությամբ վերակագնվի և պատրաստ լինի այդ խաղին, Ա. Պետրոսյանն ասել է. «Չհիասթափվել, պետք է հասցնենք վերականգվել, այն ինչ ցույց տվեցինք Ռումինիայի հետ առաջին խաղակեսում, պետք է անենք նույնը Դանիայի հետ 90 րոպեների ընթացքում, տանը, մեր երկրպագուների առջեւ»։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 4-ին Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մխիթարյանն «Ինստագրամ»-ում 2 միլիոն հետևորդ ունի

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ինստագրամ»-ում արդեն 2 միլիոն մարդ է հետեւում։ «Իմ 2 միլիոն հետեւորդներին պարզապես ուզում եմ ասել շնորհակալություն»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Կալիֆորնիայի Սենատը դիպլոմ է շնորհել Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կալիֆորնիայի Սենատի կողմից պարգևատրվել է դիպլոմով։ «Կալիֆորնիա նահանգի Սենատի եւ Լոս Անջելեսի հայ-ամերիկյան համայնքի անունից մենք ողջունում ենք Ձեզ մեր հիանալի նահանգում: Մենք գովերգում ենք Ձեզ ձեր ուժի, կարգապահության, և տոկունության համար, քանի որ ինքներդ Ձեզ ու «Մանչեսթեր Յունայթեդին» հասցրել եք անզուգական հաջողությունների»,- ասված է դիպլոմում:

«Մխիթարյանը պատրաստվում է իրացնել ողջ ներուժը»

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Այս մասին գրել է անգլիական Stretford-end պարբերականը՝ իր կայքում ծավալուն հոդված հրապարակելով հայազգի ֆուտբոլիստի մասին։ «Միկի մականունով ֆուտբոլիստը սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Հայազգի ֆուտբոլիստի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձրակարգ, եւ 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է։

Մխիթարյանը նաեւ բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպես հարձակվող, բայց կարող է խաղալ նաեւ որպես «10 համար»՝ առանցքային խաղացող: Մխիթարյանը ստեղծագործ էեւև բավական խելացի։ Նա պատրաստվում է իրացնել իր ողջ ներուժը»,- գրել է պարբերականը։

Մխիթարյանը հավակնում է Եվրոպա Լիգայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2016/201 թթ. մրցաշրջանում Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի 3 հավակնորդների անունները: Նրանք բոլորն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ են՝ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան եւ հարձակվող Զլատան Իբրաիմովիչը: Այս մասին կարդում ենք ՀԱՕԿ-ում։

Մխիթարյանը խաղաց ընդդեմ «Ռեալ Մադրիդ»-ի

Օգոստոսի 8-ին կայացավ Եվրոպայի սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը։ Հենրիխ Մխիթարյանը պայքարեց եւս մեկ գավաթի համար՝ այս անգամ մրցելով աշխարհի ուժեղագույն թիմերից մեկլի՝ «Ռեալ Մադրիդ»-ի դեմ:

Մակեդոնական Սկոպյեում, որտեղ կայացավ խաղը, ջերմաստիճանը +32 աստիճանից բարձր թր եւ որոշվել է, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կարող է 2 անգամ դադարեցվել ջուր ըմպելու համար: Ջերմաստիճանը տատանվել  նաեւէ +40-ի սահմաններում։ Դադարները եղել են 30-րդ եւ 75-րդ րոպեներին: Ընկերությունը 20 կգ սառույց է տրամադրել ակումբներին:

Այդ խաղում «Ռեալ»-ը հաղթեց 2:1 հաշվով՝ նվաճելով հերթական տիտղոսը: Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը::

Մխիթարյանի դերն ավելի է մեծանում

«Մանչեսթեր Յունայթեդի»-ից  Զլատան Իբրահիմովիչի եւ Ուեյն  Ռունիի հեռանալուց հետո Մխիթարյանը ստանձնել գլխավոր դերը թիմում»,- այս մասին գրել է The National-ը։

«28-ամյա ֆուտբոլիստն ամենափորձառուն չէ, բայց անփորձ էլ չէ: Հնարավոր է, որ Մխիթարյանից շատ ժամանակ պահանջվեց իր տեղը գտնելու համար, բայց հիմա նա գլուխը բարձր է կանգնած «Օլդ Թրաֆորդում»:Ակնհայտ է, որ միջմրցաշրջանային փուլը նա շատ ավելի լավ անցկացրեց, քան ԱՊԼ-ի նախորդ առաջնության մեկնարկը: Հայազգի ֆուտբոլիստը փայլում է և հնարավորություն ունի դրսևորվելու ինչպես Լուկակուն, Պոգբան եւ Ռեշֆորդը»,- գրել է թերթը։

Պետք է ամեն ինչ անենք ավելի քիչ ոչ-ոքիներ ունենալու համար

«Կարծում եմ‘ այս տարի մենք ավելի շատ հաղթանակներ կտոնենք»,- «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ United Review-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Անցած տարի մենք շատ խաղեր ավարտեցինք ոչ-ոքի հաշվով եւ դա էր մեր խնդիրը: Կարող էինք ավելի շատ գոլային պահեր ստեղծել, բայց գուցե բախտը մեզ չէր ժպտում, կամ գուցե‘ հաջողությունն ավելի շատ Եվրոպա լիգայում մեզ ուղեկցեց։ Այս տարի մենք կենտրոնացած ենք այդ կողմը շտկելու վրա: Պետք է ամեն ինչ անենք ավելի քիչ ոչ-ոքիներ ունենալու համար»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։

«Նոր սկզբի հրաշալի ավարտ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դուբլինի «Ավիվա» ստադիոնում ընկերական խաղ է անցկացրել իտալական «Սամպդորիա»-ի հետ եւ հաղթանակ տարել 2:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձած ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոր սկզբի ինչպիսի հրաշալի ավարտ»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց «Վեսթ Հեմ»-ին։ Հենրիխ Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3 խաղից հետո ունի 9 միավոր, առաջատարն է, խփել է 10 գնդակ՝ իր դարպասը անառիկ պահելով: Հենրիխն արդեն 5-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել:

Հայաստանում բասկետբոլի վերականգնման հաջողված քայլերը

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Երեւանում (ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ)) մեկնարկած 2019թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում, անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես եկավ աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ հյուրընկալելով  Սլովակիայի հավաքականին: Այս իրավունքը մեր հավաքականը նվաճել է անցած տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ: Մեր խմբում հզոր թիմեր էին՝ Բոսնիա եւ Հերցեգովինա, Շվեդիա, Սլովակիա, մեր հավաքականն էլ համալրված էր բավականին ուժեղ եւ փորձառու բասկետբոլիստներով, որոնց մարզում է Եվրոպայի 20 լավագույն մարզիչներից մեկը՝ Նիկշա Բավցեւիչը, մասնագետ, ում ղեկավարած հավաքականներն ու ակումբային թիմերը մշտապես լուրջ ձեռքբերումներ են արձանագրել:

Մեր ազգային հավաքականը ճակատամարտ տվեց հեղինակավոր մրցակիցների հետ, որին մեծապես է նպաստեց նաեւ հայ հանդիսատեսը: Սլովակիայի ընտրանուն համոզիչ հաղթեցինք՝ 75:61: Հաջորդ խաղում հյուրընկալելով Շվեդիայի ընտրանուն, մեր հավաքականը հաղթեց: 82:69 հաշվով: Աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց Սարաեւոյում՝ 85:98 հաշվով զիջելով Բոսնիա եւ Հերցեգովինայի ուժեղ հավաքականին:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփեց խաղի արդյունքները։ «Խաղի մասին պետք է նշել 2 կարեւոր հանգամանք: Նախ, մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաեւ այն, որ Թավաքալյանը եւ Մկրտիչյանը բավական արագ 3-ական խախտում կատարեցին: Կվերլուծենք մեր սխալները, հետեւություններ կանենք: Այժմ կարեւոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, երբ հյուրընկալվենք Սլովակիային»:

Բրատիսլավայում հայ մարզիկները մրցեցին սլովակների հետ եւ առավելության հասան 92:78 հաշվով: Սակայն 5-րդ փուլում հյուրընկալվելով Շվեդիայի հավաքականին՝ պարտվեցին 70:93, ինչը գուցե հոգեբանական վատ ազդեցություն թողեց մեր թիմի վրա, քանի որ սեփական հարկի տակ մերոնք պարտվեցին Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն՝ 83:66 հաշվով: Չնայած մարզազերները միայն հաղթնակ էին սպասում: Ինչեւէ, բասկետբոլի 2019թ. աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած մասնակիցները հանդես կգան Եվրոպայի 2021թ. նախընտրական փուլում: Մյունխենում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց Բ ենթախմբում: Մեր ընտրանին կմրցի Դանիայի ու Ալբանիայի հավաքականների հետ: Հանդիպումները կսկսվեն այս տարվա նոյեմբերից: Նախընտրական փուլի 9 մասնակիցներ կպայքարեն հաջորդ փուլի 4 ուղեգրերի համար:

Սուպերմրցաշարի հաղթողը

Grand Chess Tour-ի 4-րդ եւ վերջին փուլի ավարտից հետո ընդհանուր հաղթողի կոչումը նվաճեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ Նա հաղթել էր նաեւ արագ շախմատի մրցաշարում։ Կայծակնայինում հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը 13,5 միավորով, իսկ Լեւոն Արոնյանը 12,5-ով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Բայց, քանի որ հաղթողը որոշվում է 2 մրցաշարի ընդհանուր հաշվարկով, Լեւոն Արոնյանը 24,5 միավորով նվաճեց ոսկին՝ 3 միավորով ետ թողնելով 2-3-րդ տեղերը զբաղեցրած Սերգեյ Կարյակինին եւ Հիկարու Նակամուրային (21,5 միավոր)։

Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարի ավարտից 2 փուլ առաջ Լեւոն Արոնյանը, վաստակելով 22,5 միավոր, անհասանելի դարձավ, իսկ ավարտին նա վաստակել էր 23,5 միավոր: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեին համապատասխանաբար՝ 21 եւ 20,5 միավոր:

Մասնակիցների կազմը. Գարրի Կասպարով (Ռուսաստան), Լեւոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):

Լեւոն Արոնյանը վաստակեց 30.000 դոլար Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 300.000 դոլար,

Լեւոն Արոնյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը

Սինգֆիլդի գավաթի խաղարկության վերջին 2 փուլերում 2 հաղթանակ տանելուց հետո Լեւոն Արոնյանը շուրջ 10 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը եւ ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2823,5 գործակցով:

- Նոր աղյուսակ. Ուժեղագույն շախմատիստների թվում Լեւոն Արոնյանը 4-րդն է – Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է լավագույն շախմատիստների նոր վարկանշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը բարելավել է դիրքերը՝ 5-րդ հորիզոնականից դառնալով 4-րդ: Աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, նրան հաջորդում են  ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավ ը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Աշխարհի ուժեղագույն 100 շախմատիստների թվում եւս 2 հայ կա՝ Սերգեյ Մովսիսյանը աղյուսակի 72-րդ հորիզոնականում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 79-րդ: Գաբրիել Սարգսյանը 102-րդ հորիզոնականում է: Եվս մեկ հայազգի շախմատիստ՝ Վարուժան Հակոբյանը 87-րդ հորիզոնականում է, նա ներկայացնում է ԱՄՆ-ն:

Լեւոն Արոնյանն ամուսնանում է

Հայ գրոսմայստերը իր ֆեյսբուքյան էջում ապագա կնոջ՝ ավստրալուհի Արիանա Կաոիլիի հետ ֆոտոշարք է հրապարակել։ Ֆոտոշարքով շախմատիստը հայտնում է, որ սեպտեմբերի 30-ին՝ Երեւանում տեղի կունենա իրենց հարսանիքը։ Լեւոն Արոնյանը ֆոտոշարքը մակագրել է Կորնթացիների 13-ից մեջբերումով։

«Ես հաղթեցի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում, սակայն նաեւ հաղթեցի այստեղ։ Եթե խոսեմ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ ձայն ձայն հանող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։ Եվ եթե մարգարեանալու պարգև ունենամ եւ հասկանամ բոլոր սրբազան խորհուրդներն ու ձեռք բերեմ ամբողջ գիտելիքները, եւ անգամ լեռներ տեղափոխելու մեծ հավատ ունենամ եւ սեր չունենամ, ես ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքն  աղքատներին տամ ու իմ մարմինը կրակի մատնեմ եւ սեր չունենամ՝ոչ մի օգուտ չեմ ունենա»։

Հաջողություններիս մեջ ներդրում է ունեցել մայրս

Սինքֆիլդի գավաթի խաղարկություն 7-րդ փուլում Հիկարու Նակամուրայի նկատմամբ հաղթանակ տանելու օրը Լեւոն Արոնյանի համար նշանավոր է եղել եւս 2 իրադարձություններով. այդ օրը լրացել է նրա մոր՝ Սեդա Սարկիսովնայի 70-ամյակը, ինչպես նաեւ ուղիղ 23 տարի առաջ Լևոն հաղթել է առաջին մեծ մրցաշարում՝ մինչեւ 12 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Այս մասին գրոսմայստերը ասել է Chess-news.ru-ի հետ զրույցում։ «Մայրս նույնպես այնտեղ էր, Սեգեդում։ Մենք հյուրանոցի համար փող չունեինք, նա ամբողջ մրցաշարի ընթացքում ապրել է ավտոբուսում։ Այսօր երկակի հաճելի է, որ իմ խաղով ես կարող եմ ուրախացնել մորս եւ նշել նրա ներդրումն իմ հաջողությունների մեջ»,- ասել է շախմատիստը։

Լեւոն Արոնյանը նաեւ պատմել է, որ մրցաշարերի ընթացքում ինչի է ինքը պատրաստ եղել եւ ինչի պատրաստ չեն եղել իր մրցակիցները։

Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը

Երեւանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղի է ունեցել Հայաստանի 78-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը: 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Տիգրան Հարությունյանը, ով մրցաշարի 3-րդ փուլից սկսած միանձնյա գլխավորել է աղյուսակը: Խաղարկվում էր բարձրագույն խմբի 3 ուղեգիր:

Ուղեգրերը նվաճել է հաղթող եռյակը՝ 1. Տիգրան Հարությունյան, 2. Մանուէլ Պետրոսյան  եւ 3. Շանթ Սարգսյան: Տիգրան Հարությունյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը 7 կետով:

Տիգրան Ղարամյանը՝ Ֆրանսիայի տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր

Ֆրանսիայում ավարտվել է երկրի տղամարդկանց 92-րդ առաջնությունը: Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով:

Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին 10 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր: Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է հանրահայտ գրոսմայստեր Էթիեն Բաքրոն, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նույնքան միավոր վաստակած Լորան Ֆրեսինեն արժանացել է արծաթե պարգևի: Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը վաստակել է 5,5 միավոր եւ դարձել առաջնության բրոնզե մեդալակիր:

Կարեն Գրիգորյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը կիսեցին Օփենի 1-2 տեղերը

Իսպանիայում կայացավ Բադալոնա Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 23 երկրների 143 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր եւ 19 միջազգային վարպետ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարում հիանալի հաջողության հասան գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը: 2 շախմատիստներն էլ մրցաշարն անցան առանց պարտության. տոնեցին 6-ական հաղթանակ եւ 3-ական պարտիա ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Արդյունքում Գրիգորյանը եւ Պետրոսյանը վաստակեցին 7.5-ական միավոր եւ կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Կարենը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Տիգրանը գրավեց 2-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստները բարձրացրեցին նաեւ իրենց անհատական վարկանիշները. Տիգրան Ս.Պետրոսյանը՝ 25, իսկ Կարեն Գրիգորյանը՝ 8 կետով:

7 միավորով Բադալոնա Օփենի 3-րդ մրցանակակիր է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչ Ինյանը:

Շվեցարիայում անցկացվեց Բիլի շախմատային փառատոնը

Հաղթեց միակ կին մասնակից չինուհին՝ Հոու Յիֆանը՝ 6,5 միավորով։ 6 միավորով 2-րդը ֆրանսիացի Էթիեն Բաքրոնն էր, իսկ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան 5,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մեր վետերան շախմատիստ Ռաֆայել Վահանյանը, ով տարիներ առաջ հաղթել էր այս մրցաշարում, 2 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

* * *

Լավագույն տասնյակը (Տղամարդիկ) - 1. Արոնյան Լեւոն-2799, 2. Մովսեսյան Սերգեյ-2677, 3. Հակոբյան Վլադիմիր-2667, 4. Սարգսյան Գաբրիել-2652, 5. Մելքումյան Հրանտ-2642, 6. Պետրոսյան Տիգրան Լ.-2615, 7. Հովհաննիսյան Ռոբերտ-2606, 8. Անդրիասյան Զավեն-2599, 9. Փաշիկյան Արման-2592, 10. Տեր-Սահակյան Սամվել-2577:

Լավագույն տասնյակը (Կանայք) - 1. Դանիելյան Էլինա-2432, 2. Մկրտչյան Լիլիթ-2401, 3. Գալոյան Լիլիթ-2296, 4. Անդրիասյան Սիրանուշ-2281, 5. Կուրսովա Մարիա-2280, 6. Գևորգյան Մարիա-2258, 7. Ղուկասյան Սիրանուշ-2218, 8. Աղաբեկյան Լիանա-2171, 9. Բաբայան Արմինե-2168, 10. Գաբոյան Սուսաննա-2166:

* * *

Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցավ Աբու Դաբի Մասթերս մրցաշարը: Մասնակցեցին նաեւ հայ գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ Արթուր Դավթյանն ուԷդուարդ Հակոբյանը:

Թբիլիսիում մեկնարկեց շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը

Սեպտեմբերի 3-27-ը Թբիլիսիում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 128 շախմատիստներ: Միջազգային վարկանիշ ունեցող լավագույն 30 գրոսմայստերներից մրցաշարին չեն մասնակցի միայն 2-ը:

ՀԱՕԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 1/64 եզրափակչում Լեւոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին շրջանում կհանդիպի Անտոն Կովալյովին (Կանադա): Բոլոր փուլերում, բացի եզրափակչից, մրցակիցները կխաղան 2 պարտիա: Ոչ-ոքիի դեպքում կանցկացվեն կարճեցված ժամանակով պարտիներ: Եզրափակչում կխաղացվի 4 պարտիա: Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կստանան:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց աշխարհի գավաթը – Թբիլիսիում մեկնարկեց շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունը: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին խաղում սպիտակներով հաղթեց հարավաֆրիկացի գրոսմայստեր Դենիել Կոուդերիին: Հրանտ Մելքումյանը սեւրով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Բորիս Գրաչովի հետ: Մեր երրորդ մասնակիցը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, սպիտակ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Մեկնարկում հաղթանակ չկարողացան տանել նաեւ մեր երկու հայրենակիցները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը: Վարուժան Հակոբյանը սպիտակներով պարտվեց կանադացի Անտոն Կովալյովին, իսկ 16-ամյա Սամուել Սեւյանը ոչ-ոքի արեց գերմանացի Դիտեր-Լիվիու Նիսիպեանուի հետ:

1/64 եզրափակիչ փուլի 2-րդ խաղերը կկայանան սեպտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, 2-ական խաղերով: Ոչ-ոքի դեպքում հաղթողը որոշվում է հաջորդ օրը նշանակված թայ-բրեյքում:

Աթլետիկայի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացրեց 1 մարզիկ

Լոնդոնում կայացավ աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Տարվա գլխավոր ստուգատեսում Հայաստանն ուներ մեկ նարկայացուցիչ` Նարեկ Ղուկասյանը: Հայ աթելտը հանդես եկավ 400 մ վազք մրցաձևում:

Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի լողի պատանեկան հավաքականի 3 լողորդներ օգոստոսի 23-28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մասնակցեց պատանիների աշխարհի առաջնությանը: Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ մրցավայր մեկնելու են լավագույն պատանի լողորդները՝ Արթուր Բարսեղյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ), Վարսենիկ Մանուչարյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ) եւ Անի Պողոսյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. թիկնալող):

Արթուր Բարսեղյանը 50 մ բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.25.70 ժամանակում եւ 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 39-րդը: Այս ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է, որը 2009թ. Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում սահմանել էր Միքայել Քոլոյանը:

Անի Պողոսյանը 50 մ թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):  «Հուլիսին, աշխարհի մեծահասակների առաջնությունում Անի Պողոսյանը 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության «B» կարգի վարկանիշ ձեռք բերեց: Նույնպիսի հաջողության հասավ նաև Արթուր Բարսեղյանը: Նա «B» կարգի ուղեգիր նվաճեց Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Ընդ որում, Արթուրի արդյունքը շատ մոտ է «A» կարգի վարկանիշին: Հավատում ենք, որ մեր լողորդները կարող են հաջող հանդես գալ նաև աշխարհի պատանեկան առաջնությունում»,- ասել է Հովսեփ Մեսրոպյանը:

Լողի հայկական դաշնությունում չեն բացառում նաեւ, որ Հայաստանը կարող է 2020թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից ունենալ: «Մենք փոքրիկ քայլերով, բայց նպատակասլաց շարժվում ենք առաջ ու այս 3 պատանի լողորդների ցուցանիշների կայուն աճը մեզ հույս է ներշնչում, որ հնարավոր է՝ Տոկիոյի օլիմպիական լողուղյակում Հայաստանը ներկայացուցիչ ունենա»,- ասել է նա։

Հայաստանից 2 նետաձիգ կմասնակցի աշխարհի պատանիների ու երիտասարդների առաջնությանը

Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի 2 անդամներ՝ Արման Բալդիյանը եւ Լեւոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությանը, որը 2018թ. պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է: Նրանք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ղեկավարությամբ արդեն մեկ ամիս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մարտունիում գտնվող ԵԿՄ ճամբարում:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բորիս Վասիլյանն ասել է. «Այստեղ պայմանները շատ լավ են: Գրեթե մեկ ամիս էլ մնալու ենք: Արմանն ու Լեւոնը վերջին շրջանում բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս, ինչը Արգենտինայում բարձր տեղեր զբաղեցնելու հույսեր է ներշնչում: Սեպտեմբերի սկզբին 2 թիմով մեկնելու ենք Բաթում՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, այնտեղից կգնանք Թբիլիսի, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է լինելու: Այնուհետեւ, կվերադառնանք ու այստեղ, ամենայն հավանականությամբ, Սեւանի ավազանում սեպտեմբերի 14-ին կտանք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Վրաստանից՝ Բաթումի եւ Թբիլիսիի, Ղազախստանի, Ղրղզստանի ու ՌԴ Յակուտիայի թիմեր:

Այս մրցումները մրցափորձի ձեռք բերման կարեւոր դերակատարություն կունենան մեր տղաների համար: Աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլը կանցկացնենք Էջմիածնում: Մարզումները կկազմակերպենք գիշերվա ժամերին, որպեսզի Արգենտինայում տղաները հեշտ հարմարվեն ժամային մեծ տարբերությանը»:

Թենիսի պարային ֆիտնես ծրագիր՝ Գյումրիում

Գյումրու թենիսի մարզադպրոցի սաներն փորձում են յուրացնել մարզումային նոր ծրագիրը, որը տարբերվում է ավանդական եղանակից: Մասնավորապես խոսքը վերաբերում է նախավարժանքներին, որոնք ուղեկցվում են երաժշտությամբ: Նոր ծրագիրը կոչվում է ֆիտ-թեն: Հեղինակը Աննա Սրտաշյանն է:

Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանն աղջիկ են ունեցել

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը երեխա է ունեցել։ «Լենտա.ռու»-ն՝ Daily News-ին հղում անելով գրում է, որ երեխան ծնվել է սեպտեմբերի 1-ին։ 35-ամյա թենիսիստուհին 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Երեխայի հայրը հայազգի ինտերնետ-ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանն է, Reddit-ի հիմնադիրներից մեկը։
2018-ին թենիսիստուհին ծրագրում է վերադառնալ կորտ։

 «Տանկային բիաթլոն». Հայ տանկիստները մրցուղին անցել են 3-րդը

«Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսի շրջանակում Մոսկվայի մոտ՝ «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի 1-ին փուլում  ՀՀ ԶՈՒ տանկային  անձնակազմը մրցուղին անցել է 32 րոպե 12 վայրկյանում եւ զբաղեցրել մրցափուլի 3-րդ հորիզոնականը: Տանկի հրամանատարն է կրտսեր սերժանտ Հարություն Դավթյանը, նշանառու-օպերատորը` շարքային Արթուր Գրիգորյան, մեխանիկ-վարորդը` շարքային Հայկ Գրիգորյան:

Մրցափուլի առաջատարը Հնդկաստանի տանկային անձնակազմ էր` 21 րոպե 43 վայրկյան ցուցանիշով, 2-րդ տեղում Վենեսուելայի անձնակազմը՝ 29 րոպե 2 վայրկյան ցուցանիշով: Նիկարագուայի անձնակազմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ 45 րոպե 39 վայրկյան ցուցանիշով:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում եւ Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական եւ ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար: Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

- Նշենք, որ «Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում 1-ին տեղն են գրավել: Հայ տանկիստները մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:

«Տանկային բիաթլոնում» Հայաստանի տանկիստներն առաջին անհատական մրցույթում 1-ին տեղն են գրավել: «Տանկային բիաթլոնին» մասնակցել է 17 երկիր՝ Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ղրղզստան, Չինաստան, Վենեսուելա, Անգոլա, Բելառուս, Իրան, Ադրբեջան, Զիմբաբվե, Մոնղոլիա, Հնդկաստան, Սերբիա, Թուվեյթ, Նիկարագուա, Տաջիկստան:

Հայաստանի տանկային անձնակազմերը հանդես եկան նաեւ օգոստոսի 1-ին և 5-ին: Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին 2-րդ տեղը:

- Հայ տանկիստները կորցրեցին եզրափակչի ուղեգիրը: Հայաստանը անսպասելի դուրս մնաց «Տանկային բիաթլոնի» եզրափակչի համար պայքարից։ Հայ 19-ամյա տանկիստները խնդիրներ են ունեցել տանկի հետ եւ ստիպված են եղել փոխել տանկը՝ այդպիսով կորցնելով ժամանակ։

Կիսաեզրափակիչի 1-ին մրցավազքում հանդես են եկել Ղրղըզստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Սերբիայի տանկիստները. Ռուսաստանը զբաղեցրել է 1-ին տեղը: Հաջորդել են Չինաստանի, Վենեսուելայի, Իրանի եւ Հնդկաստանի տանկիստները:

Հայտնի են  հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները

Օգոստոսի 30-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները եւ տեղի է ունեցել հաղթողների ու մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ եւ բասկետբոլ մարզաձեւերում:

Հաղթողներ են դարձել. սեղանի թենիս – աղջիկներ՝ Էլեն Սարգսյանը (Գեղարքունիքի մարզ), սեղանի թենիս – տղաներ՝Գեւորգ Բեգլարյանը (ք. Երեւան), շախմատ – աղջիկներ՝ Անահիտ Խալաթյանը (Արագածոտնի մարզ), շախմատ – տղաներ՝ Հակոբ Մարտիրոսյանը (Գեղարքունիքի մարզ), շաշկի – աղջիկներ՝ Անուշ Ասլանյանը (Լոռու մարզ), շաշկի – տղաներ՝ Ռազմիկ Դանիելյանը (ք. Երեւան), դարթս – աղջիկներ՝ Մարիաննա Դավթյանը (Սյունիքի մարզ), դարթս – տղաներ՝ Գեղամ Ստեփանյանը (Վայոց Ձորի մարզ), բազկամարտ (70 կգ)՝ Հարություն Մխիթարյանը (Լոռու մարզ), բազկամարտ (+70 կգ)՝ Ռոնիկ Ղալայանը (Լոռու մարզ):

Եռամարտի տարբեր մրցաշարերում ուժերն են չափել լսողական խնդիրներ ունեցող անձինք եւ մտավոր սահմանափակումներ ունեցող անձինք: Եռամարտում լսողական խնդիրներ ունեցող աղջիկներից լավագույնն է ճանաչվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արշալույս Կարապետյանը, իսկ տղաներից՝ նույն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը: Մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց միջեւ անցկացված եռամարտի մրցումներում աղջիկներից հաղթել է Դիանա Դավթյանը, իսկ տղաներից՝ Ալեքսանդր Բայդերելովը, 2-ն էլ «Փրկություն» հասարակական կազմակերպությունից:

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց միջեւ անցկացված շախմատի մրցումներում հաղթել է Յուրի Ալավերդյանը, իսկՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմը լավագույնն է ճանաչվել բասկետբոլի մրցումներում:

Մրցանակների ընդհանուր հաշվարկով լավագույնը ճանաչվել է Լոռու մարզը, 2-րդը Երեւան քաղաքն է, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզը:

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ նախագահի վկայագրերով եւ դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ եւ շնորհակալագրեր: Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգևատրել են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Ապորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը, եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գեւորգյանը:

Նշենք, որ մրցմանը մասնակցել են ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սպորտի նախարարը զեկուցել է ՀՀ նախագահին

Սերժ Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաեւ մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի եւ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների եւ դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:

Նախարարը հավաստիացրել է, որ նոր ծրագրերի իրականացման շնորհիվ մինչեւ տարեվերջ հանրապետության մարզերից եւ մայրաքաղաքից մարզական մասսայական միջոցառումների մասնակիցների թիվը կգերազանցի 85 հազարը, եւ այդ ուղղությամբ, հանձնարարականի համաձայն, աշխատանքները կլինեն շարունակական: Զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել են «Հաշմանդամային սպորտի զարգացման», «Բակային սպորտի զարգացման» հայեցակարգերը եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրի» նախագիծը: Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաեւ մեր երկրում սպորտային տուրիզմի զարգացման հարցը՝ արագացնել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ»-ի մշակման աշխատանքները եւ քննարկել այդ նպատակով լեռնադահուկային, ջրային եւ համապատասխան այլ մարզաձևերի զարգացման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաեւ արդեն իսկ առկա պայմանների կատարելագործման հնարավորությունները:

Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է, որ նախարարության կողմից, ի թիվս ընթացիկ ծրագրերի, մշակվել եւ իրականացվում են ևս 7 նոր մարզական մասսայական ծրագրեր, որոնցում ընդգրկված են տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ եւ բոլոր տարիքային խմբերը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչեւ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ:

Հանրապետության նախագահի հանձնարարականներից մեկը վերաբերել է հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների ներկայացվածությունը միջազգային մրցաշարերում մեծացնելու ուղղությամբ աշխատանքին: Նախագահը նաեւ հանձնարարել է աշխատանքներ իրականացնել ավելացնելու մասնակիցների ներգրավվածությունը ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթին եւ մարզական մասսայական այլ միջոցառումներին:

Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 2017թ. մայիսի 18-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից՝ Կոլյա Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ  վատանալով շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց եւ ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում:

Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաեւ երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը: Ճիշտ է, Մինսկի քաղաքային շտապ օգնության, հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի կյանքը հաջողվեց փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատեւ բուժման կարիք ունի եւ դեռեւս հնարավոր չէ տեղափոխել Երեւան:

Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել նրա՝ Բելոռուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը: Մինչդեռ մեր երկրների միջեւ գործում է դեռեւս 1997թ. մարտի 27-ին ստորագրված՝ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին բուժօգնության ցուցաբերելու մասին Համաձայնագիրը», որի 2-րդ հոդվածում հստակ նշված է, որ նման իրավիճակներում բուժօգնությունը տրամադրվում է անվճար՝ մինչեւ այն պահը, երբ հնարավոր է դառնում հիվանդին տեղափոխել երկրից: Հիվանդանոցից Կոլյայի հորը, ով խնամում է որդուն, տեղեկացրել են նաեւ, որ վճարումներ չլինելու դեպքում, հիվանդին չեն կարող պահել ու շարունակել բուժումը: Նման սպառնալիքներ նախկինում էլի են եղել:

Խնդրին տեղյակ են թե Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, թե՛ Ոստիկանությունում /նա կրտսեր օպեր լիազոր է/, թե՛ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, թե՛ Առողջապահության նախարարությունում, թե՛ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, թե՛ Արտաքին գործերի նախարարությունում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, բնական է, ֆինանսական միջոցներ չունի եւ չի կարող հոգալ հիվանդանոցի ծախսը, պարզապես ժամանակ շահելու համար է նախկինում երաշխավորական գրություն ուղարկել՝ համոզված, որ մեր կառավարությունը լուծում տալու է խնդրին, եւ հայ մարզիկին, ով ներկայացրել է մեր պետությունը պաշտոնական մրցումների ժամանակ, ում մրցելույթների պատվին Եվրոպայի առաջնությունում բարձրացվել է հայոց եռագույնը, իսկ հիմա մեր բոլորի, առաջին հերթին՝ պետության աջակցության կարիքն ունի, չի թողնելու բախտի քմահաճույքին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։