Կանք մենք՝ ազգակիցներս – Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել 40 հազար 1-ին դասարանցի – Սոցիալական ոչ մի խնդիր անուսում մնալը չի արդարացնի… Առաջնայինը ազգային անվտանգությունն է – Ազգային անվտանգության խորհրդի նիստ – ՊՆ օրինագծերը կնպաստեն ազգ-բանակ գաղափարախոսության ամբողջական իրացմանը…

Կանք մենք՝ ազգակիցներս

Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախելու 40 հազար առաջին դասարանցի:  Այս մասին տեղեկացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են դասագրքերով: Այս տարի եւս 1-4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ՝ այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցաջակցություն, 1-12 դասարանի աշակերտները նույնպես դասագրքերը կստանան անվճար:

Մեր երկրում բոլո՛ր երեխաները պետք է ուսում ստանան: Իմաստնության ու դպրության Տիր Աստված ունեցող, հետո հայտնի պատճառներով գրերը կորցրած, հետո Մաշտոցի ձեռամբ ու մտոք վերագտած, գաղթի ճամփեքին երեխաներին տառերը սովորեցրած ազգի համար կարո՞ղ է պատճառ լինել, որ թեկուզ մեկ երեխա չհաճախի դպրոց: Հաստատ՝ ո՛չ:  

Սոցիալական ոչ մի խնդիր անուսում մնալը չի արդարացնի: Այդ խնդիրը լուծելու համար կա պետություն, ՏԻՄ, համայնք, հարեւանություն, բարեկամություն, ընկերություն, մենք՝ ազգակիցներս:

Եվ վերջ:

Ուրեմն՝ ոտնամուտներդ դպրոց շողո՜վ լինի:

Առաջնայինը ազգային անվտանգությունն է…

ՀՀ նախագահ, ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի սկզբում ընդգծելով, որ մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարեւորագույն օրինագծերի քննարկումների շարքը, նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռեւս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման ու հստակեցման կարիք ունեն: Ապա հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունն այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որեւէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում:

Նշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ օրինագծերի կարգավորման նպատակը: Նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձեւից, զինված ուժերի ու այլ զորքերի գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները, ինչպեսեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում է ՀՀ քաղաքացիների կողմից երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման ու իրականացման, ինչպեսեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Պաշտպանության նախարարի՝ խորհրդի նիստում ներկայացրած օրինագծերը երեկ քննարկվեցին նաեւ կառավարության նիստում: Պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց դրանք՝ նկատելով, որ օրինագծերը կնպաստեն ազգ-բանակ գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։