Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սողանքների թեմաները թե լուսաբանելիս եւ թե վերլուծելիս մեկ անգամ չէ, որ գրել եմ, թե սողանքը բնության ճիչն է մարդու ականջին, եւ որ Հայաստանում ակտիվացած սողանքների պատճառը նաեւ մարդածին է ու որ մեծածավալ անտառհատումները նպաստել են դրանց աշխուժացմանը (հողի բնական կապակցումն է վերանում): Մեկ անգամ էլ նաեւ գրել եմ, թե այդ մեծածավալ անտառհատումները բերելու են նրան, որ մի շոգ ամռան հրդեհների ճիրանն ենք ընկնելու՝ անդառնալի կորուստներ ունենալով: Երբ ծմակը, որտեղ արեւի լույս չի ընկնում, դառնում է նոսր անտառ, բարկ արեւի համար այն ոչնչացնելը մեկից մեկ է: Երբ գրում էի, պատկան մարմիններից ասում էին բառացիորեն հետեւյալը. «Դու ճիշտ ես, բայց դա միակ պատճառը չէ»: Ի պատասխան նրանց, նորից սկսում էի գրել, որ առանց այդ էլ տեխնածին աղետներից ապահովագրված չենք, ինչու՞ ավելացնենք աղետների պատճառ մարդածին գործոնը, ի՞նչ է, չե՞նք հասկանում, որ բնության պատժիչ հակահարվածը շատ դաժան է լինելու:

Դատելով շարունակվող անտառհատումներից՝ չե՛նք հասկանում: Մանավանդ, դեռ չի տրվել այն պատասխանը, թե արդյոք այս վերջին հրդեհները մարդկային գործոնի հետեւանք չէին, չէ՞ որ տարածքում հանքեր կան հարուստ…

Հրդեհներից զատ՝ այս տարվա լրացուցիչ ջրառը Սեւանից, մեր երկրի ջրավազանային տարածքների անբավարար վիճակը, ջրամբարման չգոհացնող վիճակը եւ մեր վերաբերմունքը առ մեր երկիրը, մեր բնությունը: Այս ամենը միասին են, նույն տարածքում: Ուրեմն՝ բնապահպանական աղետի առաջին փուլն է սկսված: Եվ սա փաստ է. խախտված է բնական հավասարակշռությունը:

Չգիտեմ՝ մասնագետները կհամաձայնե՞ն այս գնահատականին, թե ոչ, կամ կհամաձայնե՞ն բարձրաձայնել այն արդյոք, բայց մի բան հստակ է՝ նրանք, ովքեր զգում են բնությունը, հասկանում նրա լեզուն, անհանգիստ են:

Տարիներ առաջ, երբ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Գագիկ Մարտիրոսյանն էր, նրա հետ մի հարցազրույց արեցի, որում այսպիսի միտք էր արտահայտում, թե ջրի խնդիը պետք է լուծել հենց բուն խնդիրը լուծելով, ոչ թե, սովետական օրինակով, գյուղը տեղափոխելով: Ասենք՝ Խաչիկ գյուղը ներքեւ իջեցնենք, այդ գյուղի տանձի ծառի տակ սիրահարված զույգը կխելագարվի, նրա աշխարհը կփոխվի կամ՝ ռազմավարական հարց է, չի կարելի տեղափոխել եւ այլն եւ այլն: Ես այն ժամանակ նոր-նոր էի քայլեր անում լրագրության ոլորտում եւ իմ ավագ գործընկերներիցս  մեկը, ով այսօր էլ հայտնի է մեր բնագավառում, իր թերթում ինձ ու զրուցակցիս ծաղրել էր, թե խնդիրը թողած՝ ինչից են խոսում: Ես վիրավորվեցի ու որոշեցի նրան գրավոր պատասխանել նրան տեսնելուց հետո՝ անպայման բացատրելով, թե ո՛րն է իրական խնդիրը: Տեսա: Սկսեցի կարդալ նրա հոդվածները, հետեւել նրա գործունեությանը: Ու չպատասխանեցի: Զուր էր. չէր հասկանա: Մեր արժեհամակարգերն էին տարբեր: Հայրենի բնության ու Խաչիկ գյուղի խնդիրն իր համար ոնց որ եվրոպական մի գյուղի հարց լիներ, ինֆորմացիայի մի տող ընդամենը: Ուրիշ ոչինչ: Այսօր ես էլ եմ նրա պես ոլորտի հնաբնակներից արդեն: Մենք շփվում ենք իբրեւ գործընկերներ: Ու շատ հաճախ: Բայց նա ինձ համար այդպես էլ մնաց որպես ինֆորմացիայի մի տող՝ անգրիչ, անշունչ ու անհոգի…

Իսկ անշունչ տողերը հանրությանը չեն կրթում, սիրել չեն տալիս, բնության բույրերը փակ աչքերով տարբերել չեն սովորեցնում…

Այնպես որ, մեղքը չբարդենք շոգ եղանակի վրա միայն: Որովհետեւ մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ վաղն էլ հրդեհներն անպակաս լինեն:

Կա՛նգ առ, մարդ կոչվող…

Արմենուհի Մելքոնյան  

Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է

«Փաստ է՝ բաց երկնքի քաղաքականությունը ինչ-որ չափով վնասեց փոքր ավիացայի զարգացմանը, եւ այդ գնահատականը իմ, որպես լրագրողի, կողմից տրվել է որոշակի ուսումնասիրություններից հետո: Իսկ փոքր ավիացիան մեր երկրի համար հույժ անհրաժեշտություն է հենց այսպիսի իրավիճակների պարագայում: Հրդեհներից հետո քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ քննարկե՞լ եք իրավիճակը շտկելու մեխանիզմներ կամ պատրաստվու՞մ եք քննարկել, որովհետեւ մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում հնարավոր է ռազմական ավիացիան, ելնելով մեր երկրի վիճակից, չկարողանա օգնության հասնել»:

«Ձեզ հետ համաձայն եմ,-ասաց Դավիթ Տոնոյանը,-բայց այսօր ռազմաքաղաքական իրավիճակը ներդրումների առումով այլ առաջնահերթություններ է առաջացնում»:

(Օգոստոսի 24-ի կառավարության նիստից հետո իմ հարցը ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին,-Ա.Մ.)

Նկատենք, որ երբ մեր պետությունը որոշեց անցնել բաց երկնքի քաղաքականության, մանրամասն անդրադարձանք դրան եւ նշեցինք, որ բաց երկնքի քաղաքականությունն ինքնին վատ բան չէ, բայց պետք է հաշվի առնել մեր երկրի որոշ առանձնահատկություններ, թեկուզ հենց ռազմաքաղաքական վիճակը: Հանկարծ եթե այդ բաց քաղաքականությունը հասարակաց տան օրինակով բաց դռների քաղաքականության վերածվի, մենք կկորցնենք փոքր քաղաքացիական ավիացիան: Ինձ նախատեցին այդ օրերին հոռետեսության համար, բայց… հրդեհները մարելուն օգնեց ռազմական ավիացիան:

Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը

Շահագործող ընկերությունը՝ «Վալեքս»-ը, ասում էր, որ կառուցելու են պոչամբար, պոչհանք տեղավորող մեկ այլ կառույց, որի հատակը մեկուսացնելու են, իսկ  պոչամբարից եւ պոչհանքից շրջակա միջավայր գնացող վտանգը զրոյացվելու է: Այդպես չէ:

Պատվարը սխալ է կառուցված:

Անտառը հատեցին, իսկ հիմա պոչհանքը լցվում է կտրած ծառերի եւ բուսականության վրա, «կուլ տալիս»…այսինքն՝ զրո մեկուսացում:

Ձորի մեջտեղում պետք է պատվար դրվեր, բայց դրել են վերջնամասում՝ Շնողից ոչ հեռու:

260 մետրից ավելի պետք է լինի պոչամբարի բարձրությունը: Սա ստախոսություն է, քանի որ միշտ ասում էին, թե Թեղուտի հանքավայրը չափանիշ է դառնալու……Պոչհանքը լցվում է Շնող գետը, որը Դեբեդի վտակն է:

Շնողում ութ տեսակի ձուկ կար, հիմա չկա, անգամ միջատներ ու գորտեր չկան, շնողցիների  այգիներն էլ այդ ջրով ոռոգելուց հետո չորացել են:

Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը մտադիր է շահագործել նաեւ հարակից որոշ հանքավայրեր, որտեղ կան պղինձ, մոլիբդեն, ուրան:

Այդ տարածքները կազմում են 14 000 հեկտար:

Դրանց հարակից բնակավայրերն ու տարածքները եւս կմեռնեն:

(«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքից՝ Թեղուտի հանքավայրում լինելուց հետո)

Ի դեպ, Թեղուտի խնդրով վերջերս նաեւ միջազգային փորձագիտական գնահատական է հնչել, ինչին դեռ կանդրադառնանք:

Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին

Սեւանա լճի մակարդակը շարունակում է իջնել: Օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ. հունիսին հասած ամենաբարձր նիշից՝ 1900,91 մ-ից իջել է 18 սմ-ով՝ կազմելով է 1900,73 մ: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակը բարձր է ընդամենը 2 սմ-ով, 2016թ. հուլիսի 11-ին այն կազմել է 1900,71 մ:

Ըստ աղբյուրի, Սեւանա լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրբացթողումներով: Արդեն իսկ Սեւանա լճից իրականացվում է լրացուցիչ 100 միլիոն խմ-ի ջրառը, որի համար կառավարության առաջարկով խորհրդարանը հուլիս 6-ին ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 197,946 միլիոն խմ ջուր, որից 0,741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սեւանից դեռ ընդունված օրենքի համաձայն 72,795 միլիոն խմ ջուր էլ պետք է բաց թողնվի:

«Էկոլուր» պարբերական

Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո

Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպությունը Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհների հետեւանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո:

Հրդեհի հետեւանքով այրվել են արգելոցի յուրահատուկ տարածքի հարյուրավոր հեկտար տարածք, որի բուսական աշխարհն ընդգրկում էր բարձրակարգ բույսերի շուրջ 1,8 հազար, որոնցից  24-ը էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազները, լուսանները, մուֆլոնները, բեզոարյան այծերն, ինչպես նաեւ գայլեր, աղվեսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ…

Այսօր, երբ Խոսրովի անտառ յուրահատուկ արգելոցի ճակատագիրը վտանգված է, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ:  Հրդեհներից հետո անտառների վերականգնումը երկարատեւ ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի ռեսուրսներ է պահանջում: Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը:

AFFA -ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյան

ԱԻՆ-ը հետեւություններ կանի

Վայոց ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են  օգոստոսի 16-ին:

Նախնական տվյալներով, Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Եվ Խոսրովում, եւ Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, Ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ եւ բնապահպաններ: Հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալիորեն կանխել հրդեհի առավել մեծ տարածումը: Իրավիճակն ամբողջովին վերահսկողության տակ է, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ 2,5 կմ պարագծով եւ 3 կմ խորությամբ: ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ եւ խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Եվ քանի որ այս հրդեհները հանրային մեծ քննարկումների առիթ են տվել, կցանկանայի եւս մեկ դիտարկում անել:

Հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել եւ հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, մյուս կողմից՝ ԱԻՆ-ի վերջին տարիների ձեռքբերումները եւ մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը հանրության շրջանում ձեւավորել էին սպասումներ, որ այս աղետը եւս հնարավոր է հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում չեզոքացնել:

Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար:

Սա բնավ արդարացման համար չէ:

Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետեւություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունների զարգացնելու եւ անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Օգոստոսի 17-ի կառավարության նիստում ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի տեղեկատվությունից

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։