Երբ «հաղթում» է հարյուրավոր զոհերին պարտակելով… Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված – նախորդ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմի ադրբեջանական իրականությունը եւս բացահայտվեց… Խոսում է նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի նախկին տեղակալ Իսա Սադիգովը… Պայթյուն՝ Ադրբեջանի զինպահեստներից մեկում…

Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված: Եվ նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի մասին իրականությունը եւս բացահայտվեց: Հայկական կողմը պարզ խոսել էր իր կորուստների եւ հաջողությունների մասին, իսկ ադրբեջանական կողմը՝ կրկին կեղծել:

Այն մեծ կորուստները, որ Ադրբեջանը կրել է զինական տեսանկյունից, ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի առումով, երկար թաքցնել չհաջողվեց:

Ադրբեջանի իշխանությունները, որ վաղուց կորցրել են իրենց վստահությունը ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտաքին աշխարհում, այսօր մեծ դժվարությամբ են պահում իրական տվյալները հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ:

Մշտապես զինադադարը խախտող ադրբեջանական կողմը միշտ էլ տանուլ տված է դուրս գալիս եւ ավելի շատ վնասներով: Եվ ամեն անգամ պաշտոնական Բաքուն իր ժողովրդին ներկայացնում է, թե ադրբեջանական զինուժը կասեցրել է հայկական սադրանքները՝ մեծ վնաս հասցնելով հայկական կողմին… Բայց այս ամենին արդեն Ադրբեջանում շատ քչերն են հավատում, ինչը ոչ միայն խորացնում է անվստահությունը այդ երկրում, այլեւ չի բացառվում, որ հնչեն իշխանափոխության կոչեր, ինչքան էլ Իլհամ Ալիեւը իր կնոջը՝ Մեհրիբանին է նշանակել Ադրբեջանի նախագահի տեղակալ՝ ապագայում իշխանության ղեկը  հենց նրան հանձնելու նպատակով (ում վաղուց երկրի ստվերային ղեկավար են դիտարկում)…

Բայց ապրիլյան պատերազմի դուրս սպրդած թվաբանությունն այլեւս կարող է սասանել ալիեւյան կլանի հանդեպ հավատի վերջին քարը:  

voskanapat.info-ն վերջերս հրապարակել էր ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին մի փաստաթուղթ, որտեղ սարսափելի թվեր են ներկայացվել ադրբեջանցիների համար: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշյալ կայքում հրապարակել է այդ փաստաթուղթը, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ: Այդ փաստաթուղթը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռեւս անցյալ տարվա ապրիլի 28-ին։

Կարեւորելով սույն փաստաթուղթը, հետագայում դրան եւ գուցե այլ փաստաթղթերի եւս անդրադառնալու անհրաժեշտությունը, ներկայացնում ենք մեր ընթերցողներին ամբողջությամբ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին / Հարգելի պարոն նախարար.

Զեկուցում եմ Ձեզ, որ 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված եւ 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել:

Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ Հատուկ Նշանակության ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը՝ Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը՝ կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ:

Ադրբեջանի բնակչության շրջանում Զինված ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, Բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը եւ անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

  1. ԱՀ ԶՈւ-ի զոհված զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60):
  2. Զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին՝ վերահսկողության ներքո:
  3. Զոհվածների ընտանիքներին ՊՆ-ի հիմնադրամից հատկացնել 5000 մանաթ:

Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի Առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկով»,- նշված է փաստաթղթում:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այս զեկուցագիրը, ադրբեջանական մամուլում եւ հատկապես սոցիալական ցանցերում մշտապես հանդիպող բազում գնահատականները, խոսում են այն մասին, որ Ադրբեջանում իրենց քաղաքականության արդյունավետությունը ռեալ գնահատելու լուրջ խնդիր կա։ Միմյանց չխաբելու, հարգելու, սուտը պետական քաղաքականության մակարդակ չհասցնելու, փաստերին իրատեսական գնահատական տալու խնդիր կա։ Մի բան, որից այդքան հետեւողականորեն խուսափել է Իլհամ Ալիեւի վարչակազմը եւ որպես արդյունք ստացել պարտվողական տրամադրություններով հասարակություն։

Ադրբեջանում ժողովուրդն արդեն պահանջում է երկրի նախագահից՝ ընդունել պարտությունը։ Եվ այդ պահանջն օր օրի ավելի լսելի է դառնում։ Հենց սրա մասին էլ խոսեցինք վերեւում, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության եւ քաղաքացիական կռիվների:

Այս համապատկերին տեղին է հնչում որոշ քաղաքագետների այն կոչը, որ Հայաստանը պետք է կազմակերպի միջազգային ճնշում Ադրբեջանի վրա, ինչը կարող է նպաստել ներքին պայթյունի ուժգնացմանը:

«Սեպտեմբերի 2-րդ կեսին Նյու Յորք քաղաքում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի եւ էլմար Մամեդյարովի հանդիպումը, եւ այստեղ պետք է նշել 3 գործոն, որոնք ուղղակի աննախադեպ են հանդիպմանն ընդառաջ»,- ասել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա՝ 1-ին գործոնը Հայաստանի ու միջազգային հանրության մոտեցումներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որոնք աննախադեպ չափով համընկնում են: Հաջորդ գործոնն այն է, որ այս բանակցությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ի, Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման պայմանում: Իսկ 3-րդ իրողությունը Ռուսաստանի վրա տարածված պատժամիջոցներն են, որ էապես նվազեցնում են Մոսկվայի քաղաքական հնարավորությունները:

Իհարկե կան այլ նպաստավոր գործոններ եւս, որոնք նույնպես կնպաստեն մեր շահերի ու նպատակների միջազգային ասպարեզում առաջխաղացմանը, ինչը նոր ճնշումներ կբերի Ադրբեջանի վրա:

Այս մասին խոսում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալը, ով իր բլոգում այնպիսի լուրեր է տարածում եւ վերլուծություններ անում, որ Իլհամ Ալիեւի «թաքցնելու արվեստը» այլեւս անօգուտ է դառնում: Նա եւս նշել է, որ «Ադրբեջանի հանրությունը պահանջում է նախագահից ընդունել պարտությունը»:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպեսեւ հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության եւ քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլեւս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ ու ռիսկեր է առաջացնում Ալիեւի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են պատմել հասարակությանը իրենց երկրի ձեռքբերումների, բանակի ուժեղացման, հայերի հանդեպ մոտալուտ հաղթանակի եւ այլնի մասին։ Բայց ու՞մ են պատմում։ Մի ժողովրդի, որը սոցիալական ծանր վիճակում է գտնվում, ամեն օր պայքարում է տնտեսական, ֆինանսական, անգամ պարենային ճգնաժամի գրեթե անհաղթահարելի հետեւանքների դեմ եւ որն ընդամենը մեկ տարի առաջ իր համար անհասկանալի սկիզբ առած պատերազմում հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ է ունեցել, բայց որեւէ հաջողություն չի տեսել»,- ասել է Իսա Սադիգովը։ Ըստ նրա՝ ժողովրդական իմաստնությունն ասում է, որ կախված մարդու տանը պարանից չեն խոսում եւ դարերից եկած այս ճշմարտությունն ամբողջությամբ արհամարհվում է այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը օր օրի ավելի է խորացնում հասարակության եւ իշխանության հարաբերություններում առկա անվստահությունը։

Ադրբեջանում Իսա Սադիգովի հաղորդումները ավելի լայն լսարաններ են ընդգրկում, եւ դա հարվածում է աիեւյան վարչախմբի հետագա պաշտոնավարությանը: Մյուս կողմից բացահայտվող խնդիրները խմորումներ են առաջացրել հենց իշխանության ներսում, որի արմատները հասել են անգամ Ադրբեջանի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հիմքերին։ Վերջին ամիսներին ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղված է բանակի ներքին տարաձայնությունները բացահայտող լուրերով, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջեւ ընթացող հակամարտության մասին հրապարակումներով, հատուկ ծառայությունների ներսում ընթացող խմորումների մասին տեղեկություններով եւ այլն։ Այս ամենին գումարվում են նաեւ Ադրբեջանի քաղաքական վերնախավի երկու ամենաազդեցիկ կենտրոնների՝ Փաշաեւների կլանի եւ նախիջեւանյան թեւի (իմա՝ փաշաների ու խաների), միջեւ սկիզբ առած մրցակցությունը, որի պատճառով Իլհամ Ալիեւը ստիպված եղավ գնալ քաղաքական վերադասավորումների ու ազդեցության գոտիները վերաբաշխելու անհեռանկար եւ ընդամենը այսօրեական խնդիրները լուծելու ճանապարհով։

Այս ամենը Ադրբեջանի ներկայիս իրականությունն է, որը, ի հակառակ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հռետորաբանության, միանգամայն այլ իրավիճակ է պատկերում, որտեղ բոլորովին այլ լուծումներ են պահանջվում: Իսկ այդ պետության ղեկավարը թերեւս չունի այդ լուծումների հնարավորությունը: Ընդ որում, խոսքը ոչ միայն ղարաբաղյան հակամարտության լուծման մասին է, այլեւ Ադրբեջանի առջեւ ծառացած բազում ներքին ու արտաքին խնդիրների։ Իհարկե, առաջին հերթին ղարաբաղյան հարցի մասին է խոսքը:

Եվ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետի, հենց այստեղ է, որ Ադրբեջանի հասարակական ընկալումներում շեշտակի փոփոխություններ են նկատվում։ Ակնհայտ է, որ հետեւելով ներադրբեջանական իրադարձություններին, կարելի է նկատել, որ դրա հիմքում սեփական ձախողումները ճանաչելու եւ պարտությունն ընդունելու լավ քողարկված պահանջ կա։ Ադրբեջանցիներն այլեւս չեն ուզում լսել նախագահ Ալիեւի եւ նրա թիմակիցների խրոխտ ճառերը։ Գոնե այն պահերին, երբ հողին են հանձնվում իրենց տասնյակ զինվորների աճյուններ։ Եվ դա լավ երեւում է թե՛ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, թե՛ մամուլի անկումային տրամադրություններից եւ թե՛ այն մարդկանց խոսքերից, ովքեր ապրում են Ադրբեջանից դուրս ու որեւէ կերպ սահմանափակված չեն իրենց խոսքում։

Այդպիսի մի գործիչ էլ Իսա Սադիգովն է, ով վերջին շրջանում հետաքրքիր վիդեոբլոգ է վարում, որը շատ հեւեորդներ ունի ադրբեջանցիների շրջանում։ Վերջերս նա նորից է անդրադարձել ապրիլյան պատերազմի հետեւանքներին եւ այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարաի կողմից։ Իսկ voskanapat.info-ի հրապարակումը եկավ ամբողջացնելու այն բացը, որը մինչեւ վերջերս կար ապրիլյան պատերազմի եւ ադրբեջանական պարտվողականության հետ կապված…

Հայկ Թորգոմյան

Պայթյուն՝ Ադրբեջանի զինպահեստներից մեկում

Օրերս Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է եղել: Այդ մասին հայտնել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությաունը:

Երկրի առողջապահության նախարարությունն էլ հայտնել էր, որ արտակարգ դեպքի հետեւանքով վիրավորվել է մի քանի մարդ, սակայն բժշկական ծառայությունները չեն կարողանում նրանց մոտենալ:

Դեպքի վայր էին ժամանել հրշեջ ծառայությունները: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վնասվել է մի քանի տուն: Հաղորդվում է նաեւ, որ փակվել է «Բաքու-Ռուսաստանի սահման» ավտոճանապարհը: Ականատեսները հայտնել են, որ մոտակա տարածքներից տարհանել են մարդկանց:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հրդեհի արդյունքում զորամասում գրանցվել են մի շարք խոշոր պայթյուններ: Հրդեհի պատճառները պարզելու եւ անվտանգությանն ուղղված աշխատաքերի կամզակերպման համար դեպքի վայր են ժամանել համապատասխան կառույցների մասնագետները: Զոհերի եւ վիրավորների մասին, ինչպես միշտ, պաշտոնական տեղեկություններ չկան:

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։