Հայկական խոհանոց – Նեխուրով ապուր… «Լուսանցք»-ի հաշվապահը՝ Սոֆյա Մովսիսյանի երկրորդ գիրքը՝ «Կարոտ եւ սեր»… Աշխարհի մարզական հեւքից .- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի հավաքականի հերթական անկումները… Ուրախացրեց թերեւս ֆուտզալի մեր չեմպիոնը… Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը Երեւանում է… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Նեխուրով ապուր

Բաղադրությունը – Նեխուր – 1 կապ, գազար- 200 գ, կարտոֆիլ – 200 գ, կարմիր տաքդեղ – 1 հատ, դեղին տաքդեղ  – 1 հատ, սոխ – 2 հատ:

Պատրաստման եղանակը – Նեխուրը լվանալ աղաջրում, խաշել, լցնել սառցաջրի մեջ: Խաշած ջրի մեջ լցնել գազարն ու տաքդեղները՝ խորանարդիկներով կտրատած:

Առանձին սոխառած անել, վերջում ավելացնելով 1 պճեղ սխտոր: Սոխառածը լցնել գազարաջրի մեջ: Այս ամենը համեմել աղով ու պղպեղով:

Սառցաջրից հանել նեխուրը, կտրտել եւ լցնել ապուրի մեջ:  Ուտելիս ավելացնել թթվասեր:

Ամեն մի քայլը՝ մտածված

«Լուսանցք»-ի հաշվապահը՝ Սոֆյա Մովսիսյանը, հենց թվերից հոգնում, տառերին է կպչում: Ու ծնվում է նրա երկրորդ գիրքը՝ «Կարոտ եւ սեր»:

«Դպրոց, տեխնիկում, ինստիտուտ եւ ապա ՀԿԿ Կենտկոմի հրատարակչություն: Աշխատել եմ տարբեր խմբագրություններում, որոնց եթե թվեմ, ոմանք կկարծեն, թե գլուխ եմ գովում»,- անկեղծանում է հեղինակը:

Եվ ապա շարունակում. «Որտեղ էլ աշխատել եմ, սիրտ ու հոգի եմ դրել աշխատանքիս մեջ… Ուրախացել եմ ուրիշի հաջողություններով եւ տխրել, լաց եղել ուրիշի ցավի, վշտի պատճառով: Այդպես էլ իմ անձնական կյանքը մղվել է երկրորդ պլան, եթե իմ կարիքն ունեն, ես պետք է օգնեմ… Իսկ ինչ կթողնեմ ինձանից հետո, մարդիկ եւ հարազատներս կասեն»:

Ու թեեւ հեղինակը տխրում է, որ՝ «Այս երկրագունդը շատ է փոքրացել/ Եվ ոմանց համար խաղաքարտ դարձել, / Ինչպես ուզում են՝ այնպես ձեւում են», բայց չի խեղճանում. «Կյանքը շարունակվում է, ժամանակ չկա, ուրեմն առա՜ջ»:

Առաջ, առանց պարտության: Իսկ դրա համար հարկ է……

Արածդ ի՞նչ էր՝ թեթեւ մի խաղ էր,

Ազատ հարված էր ֆոտբոլի դաշտում,

Այնինչ քեզ պետք էր շախմատը խաղալ,

Ամեն մի քայլը՝ մտածված ձեւով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայաստանի հավաքականի հերթական անկումները

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի 7-րդ փուլի խաղում պարտվեց Ռումինիայի հավաքականին: Բուխարեստում կայացած հանդիպման 1-ին կեսն անցավ հավասար պայքարում, իսկ 2-րդ խաղակեսն անցավ ռումինացիների որոշակի տարածքային առավելությամբ: 55-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում եւ մրցավարը 11մ հարված նշանակեց, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահը ետ մղեց հարվածը: Իսկ Տարոն Ոսկանյանին ցույց տված կարմիր քարտը ազդեց խաղի վերջաբանի վրա, 10 հոգով դժվարացավ հաղթանակի համար խաղալը, չնայած մեր ֆուտբոլիստներն ամեն բան արեցին դրա համար… Բայց վերջին րոպեիին Ռումինիայի հավաքականը գոլ խփեց եւ հաղթեց 1:0 հաշվով:  

Ընտրական փուլի հաջորդ խաղում սպասելիքներն ավելի շատ էին մեր թիմից, սակայն Հայաստանի հավաքականը պարզապես հուսախաբ արեց մարզասերներին: Հանրապետական մարզադաշտում 1:4 խոշոր հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն, չնայած խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ռուսլան Կորյանը: Սակայն արդեն 1-ին խաղակեսում դանիացիները 2 գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց: Արդյունքում հյուրերը խաղավերջում եւս 2 գնդակ խփեցին Հայաստանի հավաքականի դարպասը եւ խոշոր հաշվով հաղթանակ տարան:

Երիտասարդներն էլ պարտվեցին – Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ խաղում 7-րդ ենթախմբի առաջատար Հայաստանի հավաքականը Երեւանում մրցեց Մակեդոնիայի հավաքականի հետ եւ ցավալի պարտություն կրեց՝ 0:3 հաշվով:

Ուրախացրեց թերեւս ֆուտզալի մեր չեմպիոնը

Կիպրոսում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլը: F խմբի մրցաշարի 1-ին խաղում Հայաստանի չեմպիոն «Լեո»-ն 5:1 հաշվով հաղթեց Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիս»-ին, ապա 7:0 խոշոր հաշվով՝ «Կլասիկ Քիշնեւ» թիմին: Վերջին խաղոմ՝ Ուելսի «Ռեքսեմ» թիմի հետ հանդիպումն ավարտվեց մեր հաղթնակով ավարտվեց՝ 3:1: 3 խաղում՝ 3 հաղթանակ տանելով եւ վաստակած 9 միավորով «Լեո»-ն դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի գլխավոր փուլ:

«Գանձասար-Կապան»-ը եւ «Ալաշկերտ»-ը չպարզեցին ուժեղագույնին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ փուլի առաջին խաղում «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Ալաշկերտ»-ին: Հանդիպումն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

«Գանձասար-Կապան»-ը առաջնությունում երկրորդ միավորը վաստակեց, սակայն մնաց վերջին 6-րդ տեղում: «Ալաշկերտ»-ը երկրորդ անգամ ոչ-ոքի խաղաց եւ այժմ 8 միավորով ընթանում է 2-րդ տեղում:

«Արարատ»-ը պարտվեց «Բանանց»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր տեղի ունեցավ 5-րդ փուլի երկրորդ հանդիպումը: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ընդունեց «Բանաց»-ին եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին 11մ հարվածով բացեց արարատցի Անդրանիկ Քոչարյանը: 2-րդ խաղակեսի սկզբին Ռումյան Հովսեփյանը հեռահար հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 67-րդ րոպեին Վահագն Այվազյանը օգտվելով «Արարատ»-ի պաշտպանների սխալից՝ գնդակը 2-րդ անգամ ուղարկեց տանտերերի դարպասը:

Խաղի ավարտից հետո ընդհարում տեղի ունեցավ երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ, որի արդյունքում կարմիր քարտի արժանացավ «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արամ Քոչարյանը: Այս հաղթանակից հետո «Բանանց»-ը վաստակեց 6 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Արարատ»-ը 4 միավորով այժմ զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղը:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը խնդիրներ չունեցավ հարավաֆրիկացի Դենիել Կոուդերիի հետ նաեւ 2-րդ խաղում եւ հանգիստ հաղթահարեց շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Այդպիսով, մեր շախմատիստը հաղթեց 2:0 ընդհանուր հաշվով եւ մտավ 1/32 եզրափակիչ փուլ:

Այստեղ մեր շախմատիստը առաջին խաղում միավոր կիսեց Չինաստանը ներկայացնող շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ:

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուէլ Սեւյանը սպիտակներով ոչ-ոքի է արել չինացի գրոսմայստեր Վանգ Հաոյի հետ:

Հ.Գ. – 1 – Լեւոն Արոնյանը պայքարից դուրս բերեց Հու ՅիֆանինՀայաստանի ուժեղագույ շախմատիստը աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի թայ-բրեյքում հաղթեց կանանց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Հու Յիֆանին եւ մտավ հաջորդ փուլ: Արագ շախմատի առաջին երկու խաղերում կողմերը խաղաղ դաշն կնքեցին, իսկ մյուս երկուսն ավարտվեցին մեր շախմատիստի առավելությամբ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը հաղթեց 4:2 ընդհանուր հաշվով: Հաջորդ, 1/16 եզրափակիչում, մեր շախմատիստը կհանդիպի Մաքսիմ Մատլակով – Դմիտրի Անդրեյկին զույգի հաղթողի հետ:

Հ.Գ. – 2 – Լեւոն Արոնյանը 1-ին խաղում հաղթեց Մաքսիմ Մատլակովին – Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանի առաջին խաղում Լեւոն Արոնյանը առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովի նկատմամբ: Հայ շախմատիստը զինվոր շահեց եւ նյութական առավելություն ստացավ, իսկ խաղը հավասարեցնելու համար սեւերի գործադրած բոլոր ջանքերն ապարդյուն անցան եւ 40-րդ քայլին նրանք անձնատուր եղան: Վաղը կայանալիք երկրորդ դասական խաղում Լեւոն Արոնյանը կխաղա սեւ խաղաքարերով:

Հրանտ Մելքումյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը Վրաստանում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունում ցավալի պարտություն կրեց թայ-բրեյքում եւ ավարտեց ելույթները: 1/64 եզրափակիչում մեր հայրենակիցը հանդիպեց ռուսաստանցի գրոսմայստեր Բորիս Գրաչեւի հետ: Առաջին երկու խաղերը, որոնք անցկացվեցին դասական ժամանակով, ավարտվեցին ոչ-ոքի: Կայացած թայ-բրեյքի առաջին խաղում կողմերը նույնպես խաղաղ դաշն կնքեցին, իսկ ահա երկրորդում՝ սեւերով հանդես եկող Հրանտ Մելքումյանը, միջնախաղում դիրքային առավելություն ստացավ եւ մոտ էր հաղթանակի, սակայն նա հայտնվեց ցայտնոտում եւ կոպիտ սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց մրցակիցը:

Ռոբերտ Հովհաննիսյանը եւս դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Մեր մյուս գրոսմայստերը նույնպես անհաջող հանդես եկավ Վրաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում: Կայացած թայ-բրեյքի առաջին խաղում սեւերով հանդես եկող մեր շախմատիստը տանուլ տվեց Մաքսիմ Ռոդշտեյնին, իսկ երկրորդում ստիպված խաղաղ դաշն կնքեց: Հայաստանի նախկին չեմպիոնը պարտվեց 1,5:2,5 ընհանուր հաշվով եւ ավարտեց ելույթները:

Վաչիկ Վարդանյանը միջազգային մրցաշարի հաղթող

2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվեց մարտական սամբոյի ,,Բայկալի գավաթ,, անունը կրող առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից: Հաճելի է, որ խաղարկվող 7 հավաքածու մեդալներից՝ 68 կգ քաշային կարգի ոսկին բաժին հասավ մեր պետությունը ներկայացնող սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, ում գերազանց ելույթների պատվին հնչեց հայոց օրհներգն ու ծածանվեց եռագույնը: Հիշեցնենք, որ Վարիկ Վարդանյանը մեր ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր:

Մրցաշարի հաղթողներ դարձան նաեւ 4 մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից եւ Հարավային Կորեայից:

Ըմբիշ Հայկ Ասատրյանը՝ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աթենքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալ է նվաճել։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ըմբիշը 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթել է շվեդ Նիկլաս Օեհլենին։

Նախօրեին մեկնարկած հայ ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից։ 69 կգ Սարգիս Թադևոսյանը հաղթել է որակավորման փուլում եւ 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին։ 76 կգ Դավիթ Պողոսյանը եւ 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս են մնացել որակավորման փուլից։ Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտել է մրցելույթներն աշխարհի առաջնությունում: Հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ։

9 մասնակից եւ ոչ մի մեդալ աշխարհի առաջնությունում

Աթենքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր 9-ն ըմբիշներն էլ ձախողվել են: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այսօր պայքարի մեջ մտած Առաքել Մովսեսյանը (46 կգ քաշային կարգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Գեորգի Ներսիսյանը (63 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ) տարբեր փուլերում պարտություն են կրել ու անմասն մնացել մեդալներից:

Լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը Երեւանում է

Լեգենդար հեռացատկորդ, աշխարհի բազմակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանն այսօր հյուրընկալվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Իգոր Տեր-Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ներկա է եղել Գյումրիում կայացած «Ռոբերտ Էմմիյանի գավաթի» խաղարկությանը և ուրախությամբ փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ լավ աթլետներ:

Հանդիպման ավարտին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը աշխարհահռչակ աթլետին հանձնել է խորհրդանշական հուշանվեր: Նշենք, որ Իգոր Տեր-Հովհաննիսյանին ուղեկցել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որն այս տարի նշում է իր կողմից սահմանած Եվրոպայի ռեկորդի 30-րդ ամյակը:

,,Հայկական աթլետիկայի վաղվա օրը բավականին խոստումնալից եմ տեսնում,,.- Աշխարհի բազմակի ռեկորդակիր Տեր-Հովհաննիսյան

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը դիմավորելով հյուրին՝ ողջունել է նրան եւ նշել, որ Իգոր Տեր-Հովհաննիսյանի նման մարզիկները ուղենիշ են երիտասարդ մարզիկների համար, ովքեր ոգևորվելով մարզական ձեռքբերումներով՝ կարողանում են հասնել ավելի բարձր նվաճումների:  «Իգոր Տեր-Հովհաննիսյանի սահմանած հեռացատկի Եվրոպայի ռեկորդը մոտ 30 տարի հետո, Եվրոպայի նոր ռեկորդով, կարողացել է գերազանցել մեր հայրենակից Ռոբերտ Էմմիյանը: Այդ օրվանից նույնպես անցել է 30 տարի եւ հպարտությամբ կարելի է արձանագրել, որ հեռացատկի Եվրոպայի ռեկորդը 60 տարի շարունակ գտնվում է հայ մարզիկների «տիրապետության տակ»»,- ասել է նախարարի տեղակալը:

Հյուրը, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մասնակցել է Գյումրիում կայացած «Ռոբերտ Էմմիյանի գավաթի» խաղարկությանը եւ ուրախությամբ փաստում է, որ Հայաստանում կան բազմաթիվ լավ աթլետներ:

«Հայկական աթլետիկայի վաղվա օրը ես բավականին խոստումնալից եմ տեսնում: Կարծում եմ դա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի եւ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաջող համագործակցության արդյունքն է»,- ասել է լեգենդար մարզիկը: Հանդիպման ավարտին Գ. Ղազարյանը Ի. Տեր-Հովհաննիսյանին հանձնել է խորհրդանշական հուշանվեր:

Հիմա մեզ լուրջ խնդիր է սպասվում

Իտալիայի Պեզարո քաղաքում վերջերս անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 35-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Յասմինա Աղագուլյանը եւ Էլլա Աստվածատրյանը: 2-ն էլ ծնվել են 2001թ. եւ այս տարի առաջին անգամ են իրավունք ստացել հանդես գալու մեծահասակների աշխարհի առաջնությունում: Նրանք ապրում եւ մարզվում են Ռուսաստանի Դաշնությունում: Էլլան՝ Մոսկվայում, իսկ Յասմինան՝ Նիժնի Նովգորոդում, մարզիչ Նատալյա Տիշինայի մոտ, որը մի քանի օլիմպիական չեմպիոնուհիներ է դաստիարակել:
«Աղջիկների ելույթներից շատ գոհ եմ: Օղակով մրցաձեւի առաջին վարժությունում Յասմինան 15.05 միավոր ստացավ, բայց մրցավարները սառնասրտորեն հանեցին 0.6 միավորը արտիստիզմի համար: Դա «վերևների» կարգադրությամբ է արվել, ինչ-որ մեկը վատ է զգացել մեր նվաճումից: Արդյունքում Աղագուլյանը զբաղեցրեց 21-րդ տեղը, իսկ կարող էր 14-րդը լինել, ինչն աղմկահարույց արդյունք կլիներ, հաշվի առնելով մրցակցության մակարդակը: Ընդհանուր հաշվարկով Յասմինան դարձավ 36-րդը: Աստվածատրյանը ելույթ ունեցավ ավելի համեստ, բայց հնարավորությունների սահմաններում»,-ասել է նա:
Այս տարի Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Աղագուլյանը չորս մրցաձեւերի հաշվարկով զբաղեցրել է 23-րդ տեղը: Լավագույն 24 մարզուհիների ցանկում հայտնվելը թույլ կտա Յասմինային հաջորդ տարի արդեն վարկանիշով հանդես գալ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: «Հիմա մեզ լուրջ խնդիր է սպասվում: Այս տարի Բաքվի համաժողովում կկայանան Եվրոպական մարմնամարզության միության ղեկավարի ընտրությունները: Մեծ հավանականությամբ ադրբեջանցի կընտրվի: Դա ոչ մի լավ բան չի խոստանում մեզ: Պեսկարոյում դա արդեն զգացել ենք: 2019թ. աշխարհի առաջնությունը, որը նաև 2020թ. օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, կանցկացվի Բաքվում: Մենք միջազգային մակարդակով բարձրացրել ենք այդ հարցը, խոստացել են ապահովել մեր անվտանգությունը, բայց որքանո՞վ է դա իրական: Անգամ եթե մեկնենք, կարելի է պատկերացնել, թե ինչ կանեն մրցավարները»,-ասել է մարզիչը:
Նա խոսել է նաեւ մարզվելու պայմանների մասին: «Ամենակարևոր խնդիրը կապված է մարզադահլիճի հետ: Այն բանից հետո, ինչ մեզ հանեցին հավաքական թիմերի հանրապետական կենտրոնից, հիմա ստիպված վարձակալում ենք խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատը: Այստեղ առաստաղները համապատասխան բարձրություն ունեն»,-ասել է նա:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99, 094-88-68-17; «Բլից մեդիա»՝ 52-53-01; «Հայփոստ»՝ 51-45-01;

«Լուսանցք»՝ 52-38-75 / lusantsk@list.ru    

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։