Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 1-ին)… Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես… Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար…

Գեղեցիկ անելը կամ արա գեղեցիկը այս քաղաքակրթության արարչական համակարգի հիմնադրույթն է:

Հաճախ է խոսվում Արարչական համակարգի եւ տիեզերական օրենքների մասին, վերջինս շատ հաճախ ընկալվում է բառացիորեն՝ օրենքներ, որոնք գործում են երկիր մոլորակից դուրս:

Հանգամանքների բերումով, մեր իմաստաբանության մեջ «տիեզերական օրենքներ» եզրույթը կորցրել է իրական իմաստը եւ ստացել այլ իմաստային պարունակություն, որը բխեցվել է կոսմոսի օրենք կամ ունիվերզիում օրենք իմաստից։ Այս նոր պարունակությունը սկզբունքորեն չի համապատասխանում տիեզերական օրենքներ եզրույթի եւ բառակազմական ու իմաստաբանական բովանդակությանը: Տիեզերական օրենքներ բառակապակցության մեջ «տիեզերքը» ունի «լուսավոր եզերք» իմաստը, հետեւաբար, երբ խոսում ենք տիեզերական օրենքների մասին որպես փիլիսոփայական կատեգորիայի, ապա այն պետք է հասկանանք որպես լուսավոր եզերքի օրենք, այսինքն՝ գիտելիք օրենքի մասին։

Եթե շատ ամբողջական ներկայացնենք խնդիրը, ապա Արարչական համակարգը այն համակարգն է, որը կարգավորում է հարաբերությունները լուսավոր եզերքի օրենքներով, այն է՝ գիտելիքի օրենքով, որի գլխավոր շարժիչ ուժը Գեղեցիկ անելու գաղափարախոսությունն է:

Գեղեցիկ անելու գաղափարախոսության սկզբունքը կարիք ունի լրջագույն քննախուզության ճանաչողական իմաստաբանության միջոցով, անհրաժեշտ է տեսնել եւ անջատել գեղեցիկ անելու խնդիրը եւ ծագման վայրը, նաեւ մատնանշել նրան, ով գեղեցիկը եւ գեղեցիկ անելու սկզբունքը դարձրեց ժառանգական կենսակերպ եւ քաղաքակրթական արժեք։  

Գեղեցիկ անելու գաղափարախոսությունն ունի իր պատմական բնութագիրը, այն խիստ շաղկապված է մարդու մտավոր եւ սոցիալական դաշտի, նրա կենցաղավարության եւ կեցության հետ, գեղեցկության իդեալը նաեւ ազգային մշակույթի ցուցիչ է։ Հայոց ընկալումներում այդ ցուցիչը Արա Գեղեցիկ անձն է: Բաց թողնելով Արա Գեղեցիկի հայոց պետության մեջ գահակալ լինելու, նրա կերպարով հայոց դիցարանում մեռնող – հառնող դից ունենալու, ինչպես նաեւ գեղեցիկը անելու խնդրի ճարտարաշինական եւ թվաբանական մոդելավորումների հանգամանքը, անցնենք մեր քննախուզության բուն նյութին:

Արարչական համակարգի հիմնադրույթն  է գեղեցիկ անելու սկզբունքը՝ կազմված հինգ մասից, որը մենք ներկայացնում ենք որպես հինգի դրույթ։

Հայոց իմաստաբանության մեջ Արարչական համակարգը հինգի դրույթով ձեւավորել է հատուկ ընկալում աշխարհի, կյանքի, բնության, իրերի, մահվան փոխհարաբերությունների նկատմամբ։Հինգի դրույթը անխախտ կապող օղակ է՝ աստվածաբանության, հավատամքի, ապրելակերպի, կենցաղավարության հասարակությունների, իհարկե, ապագայի միջեւ:Հինգի դրույթի կրոնահավատամքային եւ ծիսական իմաստասիրության վերջին կենտրոնն էր Հանգմադանա քաղաքը, որի հունականացված անունն էր Էկբաթան, գտնվում է ժամանակակից Իրանի տարածքում։

Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես՝

  1. Առաքելականություն - ամեն գոյ ունի առաքելություն, աշխարհը ստեղծվել է առաքելությամբ, բայց ոչ ինքնին, այն հրաշալի է ու կատարյալ։ Կեցության կարգավորիչ ուժերին ներկայացնում են առաքյալները։
  2. Լուսավորչականություն – ընդգծում է մարդու ուժը Արարչության համաձայն, երբ Արարիչը ցանկացավ՝ լույսը եղավ եւ սփռվեց։
  3. Բանախոսություն - հաստատում է մարդու անցյալի, ներկայի, ապագայի միասնությունը։ Աշխարհը հնարավոր է համակարգել բանախոսությամբ։
  4. Արիականություն – պարտադրում է իրականացնել քաղաքակրթության զարգացման գործընթացները միայն այն դեպքում, երբ առաքյալները, լուսավորիչները եւ բանախոսները միասնաբար այլեւս չունեն հնարավորություն լուծելու առաջնթացի գերխնդիրը:
  5. Բարեպաշտություն - ամրագրում է մարդու բացառիկ իրավունքը կամ ամբողջը վերաբերվում է մասին այնպես, ինչպես մասը վերաբերվում է ամբողջին։ Այն ամենը, ինչ կատարվում է, պիտի բարություն բերի բոլորին։

Արարչական համակարգի մեջ գեղեցիկ անելը որպես հիմնադրույթ գործողություն, ունի ամենաբարձր գեղագիտական արժեքը, համապատասխանում է իդեալին, կատարյալին հարմոնիային, սիրուն եւ բարությանը։ Գեղեցիկ անելը դրական կացութաձեւ է ինքնաճանաչողության համար, այն միշտ կապված է հարմոնիային, բացարձակին։

Գեղեցիկ անելու եւ գեղեցկության չափորոշիչները գեղագիտության մեջ նույնպես հինգն են՝

  1. Իդեալիստական մոդել:
  2. Աստծո մարմնավորում, կամ բացարձակ գաղափարի մարմնավորումը առարկայի կամ երեւույթի մեջ:
  3. Սուբեկտիվ մոդել – երբ մարդը գիտակցությամբ հանդես է գալիս որպես գեղեցկության աղբյուր,
  4. Նյութական մոդել – նյութի գեղեցկության բնական դրսեւորում, որը այդպես ընկալվում է տարբեր պարբերականություններում:
  5. Ռելյատիվիստական մոդել – սա փաստականի եւ մարդու ընկալումների համադրությունն է, որպես գեղեցկության չափի միավոր:

Գեղագիտությունը, իր հերթին, նույնպես կազմված է հինգի պարբերականությամբ.

  1. Էմպիրիկ
  2. Հոգեբանական
  3. Ձեւական
  4. Նորմատիվային
  5. Սպեկուլյատիվ

Իսկ ահա գեղագիտության կատեգորիաները կազմում են հինգ զույգ.

  1. Գեղեցիկ – տգեղ
  2. Վսեմություն – խոնարհություն
  3. Ողբերգական – ծաղրական
  4. Բանաստեղծական – արձակ
  5. Խորքային – մակերեսային:

Համաձայն Հին կտակարանի՝ մարդն արարվեց վեցերորդ օրը. «Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՜ք, բազմացե՜ք, լցրե՜ք երկիրը, տիրեցե՜ք դրան, իշխեցե՜ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է: Եվ եղավ երեկո, եւ եղավ առավոտ՝ օր վեցերորդ»։

Փաստացիորեն՝ Հին կտակարանում ներկայացված պարբերության շարադրանքը եւ ոճաբանությունը հուշում են, որ արարումը կատարվել է հինգրորդ օրը, որը արարչական համակարգի հինգի դրույթի մեջ համապատասխանում է բարեպաշտությանը:

Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար, այդ են վկայում մարդուն արարելու առաջին անհաջող   փորձերը եւ արդյունքը՝ արարված մարդը տգեղ էր:

Շումերական դիցարանի բարձրագույն աստծո զավակ Էնկի Հայան ստանում է գեղեցիկ մարդ արարելու հանձնարարություն եւ իրավունք իր հորից՝ երկնքի բարձրագույն աստծուց: Ըստ շումերական ավանդազրույցների՝ գեղեցիկ մարդն արարվել է շրջանի մեջ: Էնկի Հայայի բոլոր օգնականները շրջան կազմեցին եւ նրանց օգնությամբ Էնկի Հայան արարեց գեղեցիկ մարդուն, իսկ Նիհուրսագը գեղեցիկ մարդուն տվեց հոգի։ Ըստ շումերական ավանդազրույցների՝ գեղեցիկ մարդը ստացավ Ուլում-Լուլու անունը:

Գեղեցիկ մարդ Լուլուն ստացավ նաեւ ինչ որ բան փոխանցելու իրավունք, որը մշակույթի մեջ հաստատվեց որպես հորից որդուն փոխանցելու ժառանգական իրավունք: Լուլուն իր գեղեցիկը, որպես ժառանգություն, փոխանցեց իր որդի Ադապին, Ադապը փոխանցեց նախաջրհեղեղյան վերջին թագավոր Ուբարատուտուին, Ուբարտուտուն իր որդի Արամին եւ ընտրյալ Զիհուսուդրա Նոյին, Զիհուսուդրա Նոյը՝ Հաբեթին, Հաբեթը իր  ճյուղով՝ Հայկին եւ Հայկը՝ իր ժառանգներին։

Այսպիսով նշված ժառանգական իրավունքը եւ, որպես մեկ ամբողջություն հայկական քաղաքակրթական տարածքում ներկայանում է «գեղեցիկ անել» տերմինով, որը հայոց մշակույթում ամրագրված է հրամայական երկնքից՝ «արա գեղեցիկ», ապա մարդայնացված՝ որպես կատարյալ անձ՝ «Արա Գեղեցիկ», կատարյալին հայտնի բոլոր բաղադիրչներով։Հայոց ավանդական եւ պատմական ընկալումներում գեղեցիկն ունի հատուկ ընդունված հանրային չափորոշիչներ, գեղեցիկ անելու չափորոշիչը հոգեւոր դաշտում ներկայանում է որպես հարմոնիա, սիմետրիա, չափի միջոց, ծավալ, կշիռ։ Կշռին առնչվող լրջագույն ուսումնասիրություն է կարատել Հ. Մանանդյանը:

Արարչական համակարգը, մեր ընկալումների տիեզերական օրենքները կամ լուսավոր եզերքի օրենքները՝ որպես ժառանգական իրավունքի գեղեցիկ անելու համակարգ, ըստ իմ վերականգնումի, կազմված է հետեւյալ մասերից՝

  1. արար օղ – Էնկի Հայա,
  2. ըն տրյալ – Լուլու,
  3. արք այ – Արամ,
  4. թագ ա վոր – կես ար,
  5. մարդ կայ – կատարյալ անձ:

Մեր տարածաշրջանում գեղեցիկ անելու չափորոշիչներով հայտնաբերված առաջին հուշարձանը Պորտասարի համալիրն է։

Պորտասարը հնարավոր է դիտարկել տարբեր տեսանկյուններից, սակայն առավել ամբողջական այն ընկալելի է դառնում գեղեցիկ անելու սկզբունքի մեջ։

Հաջորդ համալիրը Մեծամորի մետաղաձուլական կենտրոնն է՝ իր համակարգով, որտեղ գեղեցիկը ներկայացվում է մետաղամշակմամբ։ Այնուհետեւ գեղեցիկ անելու սկզբունքին հանդիպում ենք բաբելոնյան աշտարակաշինության ավանդապատման մեջ, եգիպտական եւ խեթական պատմագիտական նյութերում, հունական մշակույթում եւ այլն:

Այս քաղաքակրթության մեջ առաջին   անգամ Արարչական համակարգը, որպես գեղեցիկ անելու ժառանգական իրավունք, վիճարկվեց մ.թ.ա. 3500-ին, երբ Հայկը հրաժարվեց կառուցել մի բան, որը գեղեցիկ չէր, դա այն պայմանական աշտարակն էր, որին ընդունված է անվանել Բաբելոնյան:

Այս դյուցազնամարտը, որպես հակամարտություն, դիտարկված է ընդանուր սովորույթի շրջանակներում: Ես մի կողմ եմ թողնում այդ դիտարկումները եւ Հայկի ու Բելի հակամարտությանը մոտենում եմ որպես իմաստասիրական եւ աշխարհահայացքային հակադրություն գեղեցիկն անելու գաղափարախոսության շրջանակներում:

Հայկը, որպես գեղեցիկ անելու իրավունքի ժառանգորդ եւ ներկայացուցիչ, չէր կարող  մասնակից լինել մի գործընթացի, որտեղ գեղեցիկ անելու հերթականությունը, որպես արարչական համակարգի սկզբունք, դրվեր կասկածի տակ։ Ըստ համակարգի չորրորդ՝ թագավորական ռանգը ներկայացնող Բելը ըմբոստանում է առաջին՝ արարչական ռանգը ներկայացնող Հայկի դեմ, եւ հենց այդ պատճառով էլ Հայկը պատժում է Բելին։

Մ. թ. ա. 2800-2500-ն ընկած ժամանակահատվածում Արարչական համակարգը, մեր ընկալումների տիեզերական օրենքները կամ լուսավոր եզերքի օրենքները որպես գեղեցիկ անելու  եւ գործելու իրավունք, մուտք գործեց Եգիպտոս եւ ամրագրվեց բուրգաշինությամբ՝ որպես հինգի դրույթ (հայկական ամեն ինչ օտարին վերագրելու մոլուցքով տառապող եւ հայկական ամեն ինչից խրտնող ու պատմական տրամաբանությունից հեռու ակադեմիական որոշ գերեզմանափոր շրջանակների խորհուրդ ենք տալիս չնյարդայնանալ եւ խմբագրություն զանգահարելու փոխարեն խմբագրություն ներկայանալ հակընդդեմ փաստերով,- խմբ.)։ 

Սակայն գեղեցիկը, որպես արժեհամակարգ, Եգիպտական թագավորական՝ փարավոնների համակարգում պաշտոնապես կիրառվեց միայն մ.թ.ա. 2000-ին «նէֆեր» տեմինով։ «Նէֆեր» տերմինով են արժեվորվում փարավոն աստվածները, մասնավորապես Նէֆերտիտի եւ Նէֆեր-նէֆրու-Ատօն՝ «հրաշալի է Ատոնի գեղեցկությամբ», եգիպտացիները կյանքը ճանաչեցին որպես նէֆեր՝ հրաշալի եւ գեղեցիկ, այդ պատճառով է, որ Ռան ամենագեղեցիկ աստվածն է:

«Նէֆեր» բառի ծագումնաբանությունը   եւ իմաստաբանությունը հասկանալի է   դառնում Նէֆեր-նվեր բառերի իմաստային համադրությամբ, իրական իմաստը «աստծո նվեր», կամ «աստծո գեղեցիկ նվեր», որը լավագույնն է, իսկ «տի տի» նշանակում լույս, Նեֆերտիտի տերմինը վստահաբար ունի «աստծո գեղեցիկ նվեր լույս» իմաստը:

Մ.թ.ա. 1826-1756 թթ. Արամի եւ Արա Բ Կորդոսի միջամտությունները Եգիպտոսում չտվեցին ցանկալի արդյունք: Ինչպես Բաբելոնում, այնպես էլ Եգիտոսում գեղեցիկ անելու իրավունքը չընդունվեց որպես բարձրագույն կամ պետական երեւույթ, եւ Եգիպտոսը նույնպես չդարձավ գեղեցիկ անելու վայր:

Շարունակելի

Արամ Մկրտչյան

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։