Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Մոտ 1,5 տարի առաջ անդրադառնալով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի անկման փաստին՝ ահազանգեցինք, որ այդ մակարդակի՝ մետրերով անկումը մոտ ապագայում մեզ ազգային լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնի: Հաշվի առնելով խնդրի ռազմավարական նշանակությունը՝ ահազանգին միանում էին մասնավոր, հանրային, մասնագիտական ու պետական հատվածները: Հետո մանրամասն ներկայացրեցինք խնդրի լուծման գործադիր իշխանության տարբերակը, երբ մշակվեց Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը՝ շեշտելով, որ այդ կարգի պլանի ու դրա իրագործման անհրաժեշտությունը միայն Արարատյան դաշտը չէ որ ունի: Ախուրյանի ջրավազանային տարածքը եւս պետք չէ անտեսել: Եվ ահա ընթացիկ տարվա գարնան սկզբին ունեցանք այս տարածքի կառավարման պլանը՝ հուսալով, որ տնտեսական զարգացման ոչ մի սցենար չի խախտի ջրառաջարկի եւ պահանջարկի այն շեմը, որն անցնելու դեպքում մեկը մյուսի հետեւից խնդիրներ են թափվում՝ բացասական հետեւանքներով հանդերձ:

Հասկանալու համար, թե Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքը (ՋԿՏ), որի պլանը մինչեւ 2022թ.-ն է, ինչքան կարեւոր է մեզ համար, ասենք, որ այն սահմանակից է Թուրքիային եւ Վրաստանին: Թուրքիայի հետ նաեւ անդրսահմանային բնույթ ունի:

Այս ՋԿՏ-ն, որ ներառում է Ախուրյանի եւ Մեծամորի գետավազանները եւ զբաղեցնում է 5029 քառ.կմ մակերես, բառիս ուղիղ իմաստով տիրություն է անում 6 քաղաքային եւ 235 գյուղական բնակավայրի, որից  65-ը Արարատյան դաշտում են, մնացյալը՝ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Պաշտոնական տվյալների համաձայն, ինչպես ներկայացնում է բնապահպանության նախարարությունը, Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային պաշարը ընդամենը կազմում է 3752,7 մլն խմ, այդ թվում՝ բազմամյա բնական գետային հոսքը՝ 2593,4 մլն խմ, ստորերկրյա ջրային պաշարները՝ 1130,1 մլն խմ, բնական լճերը՝ 0,023 մլն խմ, ջրամբարների մեռյալ ծավալը՝ 28,09 մլն խմ, ձնաբծերը՝ 1,07 մլն խմ: Այս բազմամյա բնական գետային հոսքը ներառում է նաեւ Մեծամորի գետավազանում Արաքս եւ Ախուրյան գետերի միախառնումից ներքեւ ընկած հատվածից վերցվող Հայաստանի հասանելի ջրի քանակը՝ 1114,9 մլն խմ: Ախուրյանի ՋԿՏ-ի մակերեւութային ջրերը մենք օգտագործում ենք տարբեր նպատակներով՝ էլէներգիայի արտադրության, ոռոգման, արդյունաբերական: Իսկ ստորերկրյա ջրային պաշարները խմելու հիմնական աղբյուր են Շիրակի եւ Արմավիրի մարզերի, մասնավորապես՝ Գյումրի եւ Արմավիր քաղաքների համար: Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար:  

Ընթերցողին չծանրաբեռնելու համար այս ՋԿՏ-ի գետերի, լճերի, ջրամբարների հետ կապված թվեր չենք ներկայացնի, բայց այ, ելնելով Արարատյան դաշտի օրինակից, ստորերկրյա ջրերի պաշարներին, նաեւ որակական առումով, առնչվող որոշ անդրադարձ կանենք՝ ցույց տալու վիճակը եւ համեմատություններ անելու Արարատյան պատկերի հետ՝ հասկանալու համար, թե Ախուրյանի ջրավազանային տարածքը պահպանելու համար կառավարման ինչ քայլեր եւ ինչու են արվելու:

Եվ այսպես՝ որակի մասով: Ամփոփելով Ախուրյանի գետավազանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի քիմիական կազմի վերլուծությունը՝ մասնագետները եզրահանգել են, որ ավազանում տարածված են տարբեր հանքայնության ստորերկրյա ջրեր: Ցածր հանքայնությամբ (մինչեւ 0,6 գ/լ) եւ բարձր որակական ցուցանիշներով են բնորոշվում միջլեռնային գոգավորությունների լճագետային նստվածքների ճնշումային հորիզոնների ստորերկրյա ջրերը: Ի դեպ, բարձր որակական ցուցանիշ ասվածը նշանակում է աղտոտող քիմիական տարրերի բացակայություն կամ աննշան քանակի պարունակություն: Իսկ միջլեռնային գոգավորությունների գրունտային հորիզոնների ջրերին եւ լեռնային մարզերի արմատական ապարների՝ հողմահարման կեղեւի հետ կապված ստորերկրյա ջրերին բնորոշ է քիմիական կազմի նշանակալի փոփոխություններ բնական եւ արտածին (տեխնածին) գործոնների ազդեցությամբ: Մեծամորի գետավազանում էլ հիմնականում տարածված են մինչեւ 1 գ/լ հանքայնացման ստորերկրյա ջրերը: Մեծամոր գետի կենտրոնական մասի ստորերկրյա ջրերի սպառման պատճառով շրջակա հանքային ջրերի համար ստեղծվում է թույլ դիմադրության գոտի, որի պատճառով նրանք շարժվում են դեպի այդ գոտի, խառնվում քաղցրահամ ջրերի հետ եւ բարձրացնում նրանց հանքայնացումը:

Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրերի պահպանությանը, պաշտպանվածությանը: Մասնագետները դա հասկանալու համար բալային ձեւ են կիրառել, որը հաշվարկվել է տարբեր ցուցանիշներ հաշվի առնելով՝ ասենք՝ գրունտային ջրերի մակարդակի խորությունը: Մինչեւ 4.5 բալը համարվել է առավել չպաշտպանված, 4,5-9 բալը՝  չպաշտպանված,  9-13,5 բալը՝  թույլ պաշտպանված, 13,5-18 բալը՝ պաշտպանված, 18 բալից բարձրը՝ լավ պաշտպանված: Հետազոտությունների համաձայն՝ առավել չպաշտպանված եւ չպաշտպանված  գրունտային ջրերը տարածված են Գյումրիի եւ Վերին Ախուրյանի գոգավորությունների կենտրոնական մասերում: Կախված գրունտային ջրերի տեղադրման խորությունից՝ նրանց պաշտպանվածությունը մեծանում է դեպի նախալեռնային գոտիներ հասնելով 18 բալի եւ ավելի: Հրաբխային լավաների տարածման շրջաններում հրաբխային խարամների տեղամասերի համար անջատվել է նոր կարգ՝ պայմանական պաշտպանված:

Ճիշտ կառավարման համար պետք է հասկանալ նաեւ, թե այս ջրերն ինչ ռեժիմում, ինչ վիճակում են հիմա՝ բնակա՞ն, թե՞ խախտված են որոշակիորեն: Ռեժիմի բնական տիպերը բնորոշ են լեռնային շրջանների աղբյուրներին (Զույգաղբյուրի, Աշոցքի, Ղազանչիի, Արփի լիճ ջրամբարի հարակից տարածքների, Շիրակի եւ Փամբակի լեռնաշղթաների), որտեղ բացակայում են էական նշանակության տեխնածին գործոնները: Սա նշանակում է, որ այս տարածքներում ստորերկրյա ջրերի մակարդակի, ջերմաստիճանի եւ քիմիական կազմի փոփոխությունները գտնվում են խիստ փոխկապվածության մեջ բնական գործոնների հետ: Տեխնածին խախտված ռեժիմի «տակ» էլ Գյումրիի եւ Աշոցքի գոգավորությունների ստորերկրյա ջրերն են: Գյումրիի գոգավորության հարավ-արեւմտյան մասի տեխնածին խախտված ռեժիմը պայմանավորված է ստորերկրյա ջրերի ջրառով եւ ոռոգմամբ: Դրա հետեւանքով բարձրացել է ստորերկրյա ջրերի հանքայնացումը: Ներկայումս Գյումրիի գոգավորության կենտրոնական մասում գործում է շաքարի գործարանը, որի կոնկրետ ազդեցությունը հայտնի չէ ստորերկրյա ջրերի մոնիտորինգի տվյալների բացակայության պարագայում: Կան նաեւ բնական խախտված ջրեր: Սա էլ բնորոշ է Գյումրիի

գոգավորության արեւմտյան մասին, որտեղ հատկապես հանքային ջրերի տարածման շրջանում նկատվում է ստորերկրյա ջրերում քիմիական հարուստ կազմի առկայություն:

Սակայն, սկսած 1990-ական թթ.՝ Ախուրյանի գետավազանում չեն կատարվել հիդրոերկրաբանական մշտադիտարկումներ, որի պատճառով դժվար է գնահատել գետավազանի ստորերկրյա ջրերի մակարդակի ներկա վիճակը: Վերջինս հնարավոր է միայն բնորոշ դիտակետերի վրա կատարված դիտարկումների արդյունքներով:

Չմոռանանք, որ որեւէ ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարման համար մի հարց էլ է շատ կարեւոր. ինչքանով են ստորերկրյա եւ մակերեւութային ջրերը փոխադարձ հիդրավլիկ կապի մեջ:

Միանգամից ասենք, որ Ախուրյանի գետավազանում ստորերկրյա եւ մակերեւութային ջրերը անմիջական փոխկապվածության մեջ են: Ընդ որում, տարվա բոլոր եղանակներին ստորերկրյա ջրերի բեռնաթափումը կատարվում է Ախուրյան գետում եւ նրա վտակներում: Լեռնային շրջաններում (Շիրակի, Փամբակի, Խոնավ լեռներում եւ նրանց լեռնաշղթաներում) ստորերկրյա ջրերի բեռնաթափումը կատարվում է լեռնալանջերում, գետի հունից բարձր աղբյուրների կամ դրենաժային հոսքի տեսքով: Տարվա ջրասակավ եղանակներին տեղումների բացակայության պայմաններում գետերի ծախսը ամբողջությամբ ձեւավորվում է ստորերկրյա հոսքով:

Ախուրյանի գետավազանի միջլեռնային գոգավորությունների կենտրոնական մասերում (Գյումրիի, Վերին Ախուրյանի) գետերի գրունտային հորիզոնի սնումը կատարվում է ճնշումային հորիզոնների ջրերի ուղղաձիգ բեռնաթափման հաշվին: Նշված գոգավորությունների կենտրոնական մասերում ճնշումային ջրերի մակարդակը վերականգնվում է գրունտային ջրերի եւ երկրի մակարդակից բարձր: Ճնշումների տարբերությունների շնորհիվ որոշ տարածքներում ստորերկրյա ջրերի բեռնաթափումը կատարվում է ճահճացումների, երբեմն վերընթաց աղբյուրների տեսքով: Վերին Ախուրյանի գոգավորությունում Աշոցք գետի ծախսը Աշոցք բնակավայրի մոտ ճնշումային ջրերի վերընթաց շարժման հաշվին ավելանում է շուրջ 500լ/վ: Նման երեւույթներ են նկատվում նաեւ Վարդաղբյուր-Զույգաղբյուրի, Ղազանչիի գոգավորություններում: Մեծամոր գետը Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի բեռնաթափման արդյունք է: Նրա ավազանում բացակայում է մակերեւութային հոսքը: Մինչեւ 1990-ական թթ. ոռոգման ժամանակաշրջանում Մեծամորի գետավազան էր մտնում տարեկան ավելի քան 1576,8 մլն խմ ջրաքանակ:

Համաձայն որոշ գնահատականների՝ ոռոգման ջրերի շուրջ 28-30%-ը ներծծվում է խորք եւ լրացնում ստորերկրյա ջրերի պաշարները (տվյալները ըստ բնապահպանության նախարարության են): Հետեւաբար, ստորերկրյա ջրերի արհեստական ռեսուրսները Մեծամորի ավազանում ժամանակին կազմել են տարեկան շուրջ 441,5 մլն խմ: Ներկայումս ոռոգումը հիմնականում կատարվում է ստորերկրյա ջրերով: Եթե մինչեւ 1990-ական թվականները ավազանի ոռոգումը կատարվում էր այլ ավազանների մակերեւութային հոսքով, որոնց հաշվին ձեւավորվում էին նաեւ ստորերկրյա ջրերի արհեստական ռեսուրսներ, ապա ներկայումս կատարվում է ավազանի ստորերկրյա ջրերով, եւ չեն ձեւավորվում ստորերկրյա ջրերի արհեստական ռեսուրսներ:

Բնապահպանության նախարարությունը գործադիրին այլ տվյալներ էլ է ներկայացրել. «եթե նախկինում խստիվ արգելվում էր II ճնշումային ջրատար հորիզոնի ջրերի օգտագործումը այլ նպատակներով, բացի խմելու ջրամատակարարումից, ապա ներկայումս այն լայնորեն օգտագործվում է ձկնաբուծության նպատակներով շուրջ 410 մլն խմ եւ ավելի ընդհանուր ջրաքանակով: Նշված պայմաներում, երբ ստորերկրյա ջրային հաշվեկշռում պակասել է ջրատար հորիզոնների մուտքային մասը կամ սնումը, եւ ավելացել է նրա ծախսը (գոլորշացում, ջրառ), ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները չեն կարող մնալ հաստատուն»:

Ուստի՝ այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար: Զուգահեռ պետք է դիտարկել, թե, ասենք այս տարածքում քանի ձկնաբուծարան կա, քանի ՀԷԿ է կառուցված եւ կառուցվելու՝ հնարավոր ծավալումները ջրերի մակարդակի վրա թույլ տալու կամ արգելելու նպատակով:

Թե ինչ քայլեր է ձեռնարկելու գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, այս իրավիճակը շտկելու համար, կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։