Հետահայաց երեւանյան մի գույնի – Փառատոնը՝ հայկականի ներկայացման արդի ձեւ… Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է եղել… «Երեւան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար…

«Այնտեղ կար նաեւ ցորեն ու գարի եւ ընդեղեն ու կրատերների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ, կրատերների մեջ կային նաեւ եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:

Հույն նշանավոր պատմիչ ու զորավար Քսենոփոնը, տպավորվելով Հայաստան կատարած ճամփորդություններից, հիշատակարանում սա է գրում: Նկատենք, որ «կրատեր» ասելով նկատի ուներ կարասները, սովոր մարդ ասելով՝ հայերին: Շատ աղբյուրներից է հայտնի, որ հույները գարեջուրը չէին կարողանում անխառն խմել:

Դեռ 2005թ. Երեւանյան գարեջրի փառատոնի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ասաց, թե «որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։ Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է եւ ճանաչվածության խթանումը»:  

Այն ժամանակ ասացինք, որ գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաքի մասին խոսելով քաղաքապետարանը ազգայինի շեշտը դրեց եւ ճիշտ արեց: Հայկական գարեջրի ավանդույթները ճանաչողական դարձնելու անհրաժեշտությունը այսօր էլ կա. ընդ որում նկատենք՝ եւ՛ արտաքին աշխարհի համար եւ՛ ներքին: Երբեմն երկուսի համար էլ պետք է հավասարապես աշխատել. հատկապես ներքին լսարանի տգետ մի հատված (լինի շարքային քաղաքացի, մանկավարժ, գիտնական, թե լրագրող կոչվող) միտումնավոր պղծում է հայկական ամեն մի բան: Ու հերթական անգամ երբ խոսք լինի հայկական գարեջրի ավանդույթներից, մինչ արտաքին ու ներքին լսարանները իրար հերթ չտալով գարեջրի հայրենիքը կանվանեն Բավարիան, Չեխիան, ֆլան-ֆստանը, հիշեն, որ Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է եղել: Հնագիտական ու բուսաբանական շատ հետազոտություններ են վկայում, որ գարուց ստացված ըմպելիքը հայկական ծագում ունի: Ավելին՝ այդ ըմպելիքը չի կարող այլ հայրենիք ունենալ այն պարզ տրամաբանությամբ, որ գարու հայրենիքն էլ Հայկական լեռնաշխարհն է: 1958թ. երբ Կարմիր բլուրում պեղումներ էին արել, հայտնաբերվել էր գարեջուր պատրաստելու շինություն: Այնտեղ գտնվել է տուֆից պատրաստված խոշոր տաշտ, որի մեջ թրջվում էին գարին կամ կորեկը, օգտագործված ջուրն ամրոցից դուրս բերելու խողովակներ եւ ավելի քան 40 անոթ՝ գարեջուր պատրաստելու համար:

Հերոդոտոսն, օրինակ, վկայել է, որ Հայաստանն է գինու եւ գարեջրի հայրենիքը: Ք.Ծ.ա 400թ. երբ հունական զորքերն անցել են մեր երկրով (ընդգծում եմ՝ անցել են), հյուրասիրվել են գինով ու գարեջրով: Մենք նաեւ առաջինն ենք զբաղվել այս ոգելից խմիչքների արտահանմամբ: Այդ մասին էլ տեղեկություններ կան:

Ինչեւէ, գուցե այս հանգամանքն է պատճառը, որ ես երեւանյան փառատոններից ամենաշատը հենց գարեջրի փառատոնին եմ ուշադրություն դարձնում ու սիրում եմ այն նաեւ այն պատճառով, որ գարեջուր եմ սիրում: Այնպես որ, հորինելու ոչինչ չկա, մենք ունենք այն, ինչ աշխարհը փորփրում, պեղում, ահռելի գումարներ ծախսում ու չի կարողանում ունենալ կամ ունենում է հորինվածքի շնորհիվ: Մենք հորինելու կարիք չունենք: Ասում ենք փաստը: Հիմա գարեջրի փառատոնն էլ արդեն ավանդական է դառնում: Պարբերականությունը ժամանակիի ընթացքում նաեւ լայնածավալ ճանաչելիության հարց կլուծի:

Մայրաքաղաքում այս տարի էլ է եղել Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենասպասված եւ սիրելի միջոցառումը՝ Երեւանի գարեջրի 4-րդ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը: Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվել է Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ողջույնի խոսքով: Ըստ փառատոնի կանոնակարգի՝ «Փառատոնը հայտարարվում է բացված» խոսքերից հետո տաղավարները նոր միայն սկսել են իրենց աշխատանքը: «Երեւանի գարեջրի փառատոնը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել հայկական գարեջրի ավանդույթներին, ինչպես նաեւ գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբել մեկ հարթակում՝ հույս ունենալով, որ տարիներ անց Երեւանի գարեջրի փառատոնը կդառնա տարածաշրջանում եւ ոչ միայն, լավագույն զբոսաշրջային փառատոնը, որի համար շատերը կայցելեն Երեւան»,- նշել է Մարիա Բարաղամյանը:

Փառատոնի սկզբում լարախաղաց (լարախաղացությունը նույնպես ավանդական արվեստ է, որ մոռացությունից կփրկվի թեկուզ հենց այդ կարգի միջոցառումներին մասնակցությամբ) Հովսեփ Բեգլարյանը գարեջրի բաժակներով հետաքրքիր ծրագիր է ներկայացրել, իսկ այդ ամենը նկարահանվել է գերմանական ընկերության կողմից, որը զուգահեռաբար ֆիլմ է պատրաստում հայկական ազգային ավադույթների մասին:

Այս տարի, ավանդույթի համաձայն, փառատոնին առանձին տաղավարներով իրենց գարեջրի տեսականիները եւ խորտիկները ներկայացրել են «Երեւանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» եւ «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երեւանի գարեջրի 4-րդ փառատոնում առաջին անգամ առանձին տաղավարներով մասնակցել են նաեւ «Ալավերդի» եւ «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» եւ «Barel» փաբ-գարեջրատները:

Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել էր հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառել են ոչ ապակյա տարաներով եւ շուկայական արժեքից ցածր, ինչպես նաեւ տարածքում արգելվել է գարեջրի վաճառքը անչափահասներին: Միջոցառման շրջանակում ուրաքանչյուր տաղավարում անցկացվել է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին):

Ի դեպ, գարեջրի փառատոնից առաջ կայացել էր «Երեւան ՏԱՐԱԶֆեստ»-ը:

Այն Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի 3 խոշորագույն փառատոններից մեկն է: Սա հարթակ է, որտեղ ներգրավում են ժողովրդական վարպետներին, տարազային բաղադրիչ ունեցող ընկերություններին: Այս տարի առաջին անգամ փսառատոնին երեք տարբեր ազգերի մշակութային համայնքներ են մասնակցել՝ «Ուկրաինա» մշակութային միությունը, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային միությունը: Նրանք ներկայացրել են իրենց ազգային տարազները: ՀՀ-ում Բելառուսի, Ղազախստանի եւ Քուվեյթի դեսպանատների տաղավարներում ներկայացվել են իրենց էթնիկ հագուստները: «Երեւան ՏԱՐԱԶֆեստը», ինչպես ասացինք, «Երեւանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մեր մայրաքաղաքում:

«Երեւան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար՝ թանգարաններ, ժողվարպետներ, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերություններ: Երեւան քաղաքի պատմության թանգարանը, «Տերյան մշակութային կենտրոնը», «Տիկնիկների պատկերասրահը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Պռեգոմեշ» ընկերությունը, «Հայկական ապրանքանիշեր» հարթակը, «Անահիտ Սիմոնյան» նորաձեւության տունը, «Կենաց տուն» մշակութային հկ-ն, «Մեգերյան կարպետ» ընկերությունը, «Մարաշլեան» ֆոտո-ատելիեն եւ մի շարք ժողվարպետներ հանրությանն են ներկայացրել ինչպես հայկական ավանդական տարազներ, այնպես էլ զարդեր, տիկնիկներ, նկարներ եւ այլն:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։