Ադրբեջանական առ եւ տուր. ծախու եվրոպացիների գործերը – Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի կաշառատվության գաղտնի ծրագիր է իրագործել – ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը… Նախկինում եւս եղել է – բայց «ռուսական լվացքատուն»… Նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում Իլհամ Ալիեւի ու նրա մերձավորների շուրջ…ԵԽԽՎ. Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ…

«Transparency International»  միջազգային կազմակերպությունն անդրադարձել է «The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական  հետաքննությանը, որը սկանդալային բացահայտումներ է արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ եւ ադրբեջանական «լվացքի» հետաքննության կոչ է անում:

Բացահայտումները շարունակվում են, պարզվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ ԵԽԽՎ անդամ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու եւ ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փողեր լվանալու համար («Լուսանցք»-ն անդրադարձել է այս եւ նմանատիպ այլ թեմաներին):

Այս գաղտնի ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղղվել են դեպի բրիտանական ընկերություններ եւ Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske-ը, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով:  

Ադրբեջանական վերնախավը մուտք ունի պետբյուջե, իսկ իր պետության հույսը նավթի ու գազի պաշարներներն են, ուստի զարմանալի չէ, որ իշխող վերնախավը, անկախ այն այն հանգամանքից, թե ինչն է լավ իր քաղաքացիների համար, պետբյուջեով իրականացնում է միայն իր ուզածը։ Սա, ըստ միջազգային զլմ-ների, տեղի է ունենում Ադրբեջանում ամեն օր։ Այստեղից էլ՝ մարդու իրավունքները մշտական սպառնալիքի տակ են գտնվում, ընդդիմությունը իշխանությունների կողմից ջախջախվում է ոչ քաղաքական հարվածներից, հանրային կյանքը որեւէ զարգացում չի ապրոււմ… սակայն միեւնույն ժամանակ իշխող վերնախավը բարգավաճում է։

Մամուլի ազատության վարկանիշում 180 պետությունների շարքում Ադրբեջանը հայտնվել է 160-րդ տեղում։ Հիմա պարզ է, որ ԵԽ շատ անդամների կաշառել են Ադրբեջանի մարդու իրավունքների քննադատական զեկույցների ժամանակ չքվեարկելու համար։

Danske Bank-ը նախկինում եւս եղել է ««Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի մասին» հաշվետվության նախագծի ուշադրության կենտրոնում, այն անվանել են «ռուսական լվացքատուն»»,- գրում է Transparency  միջազգային կազմակերպությունը։ Միջազգային կազմակերպությունը նշում է, որ համագործակցում է «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի մասին» հաշվետվության նախագծի հետ, որպեսզի հետաքննությունում առկա գաղտնի մանրամասները բացահայտվեն, կաշառվածները պատասխանատվության ենթարկվեն։

Ավելին, Transparency-ին կոչ է անում բոլորին նամակ ուղարկել ԵԽ անդամ պետությունների իրենց ներկայացուցիչներին՝ կոչ անելով լիարժեք հետաքննություն իրականացնել։ Միջազգային կազմակերպությունը նշում է, որ այս ապացույցները սեպտեմբերի 7-ին ներկայացրել է ԵԽԽՎ եւ կոչ արել ԵԽԽՎ-ին լիարժեք թափանցիկ հետաքննություն իրականացնել։

Transparency-ին կոչ է անում Չեխիային, Դանիային, Գերմանիային հետաքննել իրենց երկրում գտնվող ընկերությունների դերն այս հարցում՝ միաժամանակ պահանջելով խստացնել փողերի լվացման դեմ պայքարի գործընթացները։

Արման Դավթյան

http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ, քաղաքականություն…

Հ.Գ. – Նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում Իլհամ Ալիեւի ու նրա մերձավորների շուրջ  – «Ադրբեջանական լվացքատուն», այսպես են բնութագրում համաշխարհային մի շարք զլմ-ների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» (OCCCRP) հրապարակված զեկույցի հեղինակները փողերի լվացման այն մեխանիզմը, որ գործել է 2012-2014թթ. եվրոպական մի շարք երկրներում:

* * *

Սեպտեմբերի 5-ին Փարիզում կայացավ ԵԽԽՎ-ի Իրավական եւ մարդու իրավունքների հարցերով կոմիտեի նիստը։ Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը միլիարդավոր դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու եւ ոչ թափանցիկ միջոցներով փող լվալու համար:

Վեհաժողովը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին՝ այս պնդումների վերաբերյալ անհապաղ սկսել անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ լիարժեք համագործակցելով միջազգային համապատասխան իշխանությունների ու մարմինների հետ։ Սպասվում է նաեւ ԵԽԽՎ նախագահ, գլխավոր կաշառակեր Պեդրո Ագրամունտի հեռացումը։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը, որում եւս Ադրբեջանը կլինի քննարկման հիմնական թեման։

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։