Չկա նման հարց՝ ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ.- Սադրանք Հայաստանի նկատմամբ. ո՞վ փորձեց համատեղել անհամատեղելին… Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Ավելի պարզ՝ երբ Ադրբեջանին եւս հրավիրում են, Հայաստանը հրաժարվում է մասնակցել: Սա է մեր տեսակետը… Իսկ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը՝ ստորագրման շեմին…

Մեր հասարակության մի հատվածում մի անհասկանալի երեւույթ կա, երբ շատ արագ ու առանց պարզ վերլուծության անգամ կարող են համաշխարհային դատողություններ հնչեցնել, որտեղ Հայաստանը կա՛մ սխալ է կա՛մ ճիշտ: Այս մտածողությամբ առաջնորդվողների համար չկա հնարավոր այլ տարբերակ, որ ասենք, մեր երկիրը շարժվել է այս կամ այն հանգամանքը հաշվի առնելով, թե այդ հանգամանքը ի՞նչ դրական կամ բացասական ազդեցություն կունենա մեր պետության վարկանիշի կամ արտաքին քաղաքականության վրա: Կամ՝ արդյո՞ք նպատակահարմար է զինվորական մի միջոցառման մասնակցել, որին նաեւ թշնամի երկիրն է մասնակցում, որի հետ այսօր դեռ պատերազմական վիճակում ենք…

Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Մենք չենք կարող մեր թշնամիների հետ նույն ուղղությամբ ու նպատակի համար գործել… Ադրբեջանի հետ զորավարժության մասնակցելը կամ հայ-թուրքական արձանագրություններ պարտադրելը չեն կարող լռեցնել հայոց պահանջատիրությունը: Եվ հարցն այստեղ ՀԱՊԿ-ին կամ ՆԱՏՕ-ին չի վերաբերում, այն շոշափում է հայի հայրենիքի ամբողջականացման ու ապագայի տեսլականները:

Վերոնշյալ մտայնությունը հասարակական նշյալ շերտում առաջ էր եկել այն պատճառով, որ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժությանը, իսկ ՆԱՏՕ-ի զորավարժությունից հրաժարվել է: Ուրեմն Հայաստանն էլի ռուսամետ է, եւ Մոսկվան է արգելել…

Այսինքն, որ Հայաստանը մնում է ՆԱՏՕ-ի գործընկերն ու մասնակիցը խաղաղարար առաքելություններին, դա նշանակություն չունի: Հայաստանն արեւմտամետ չէ այս դեպքում…  

Մի բան էլ կա, իհարկե, ՀԱՊԿ անդամ երկրները եւս Հայաստանի համար միանշանակ պատրաստ կանգնած չեն, ավելին՝ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղզստանը համաթուրքական դաշինքի անդամ են եւ հաճախ ոչ ՀԱՊԿ-ական Ադրբեջանի շահերն են պաշտպանում: Որոշակի խաղեր նաեւ Ռուսաստանն ու Բելառուսն են տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, սակայն այստեղ շատ հստակ Ադրբեջան չկա, ինչպես ՆԱՏՕ-ի զորավարժությունում, չկան նաեւ Ուկրաինա եւ Վրաստան, որ Ադրբեջանի հետ ունեն ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշինքի պայմանագրեր եւ ցայսօր գործել են ընդդեմ Հայաստանի…

Իրականում մեր երկրի արտաքին քաղաքականությունը վաղուց փոխլրացնող ուղղությունն է վերցրել եւ այս կամ այն «մետ»-ությունը անցել է համադրող ձեւաչափի, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց ՆԱՏՕ-ի գործընկերն է, ու դա հստա՛կ է:

Ինչեւէ, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը՝ ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը: Այստեղ ընդգրկված են նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների եւ զինված ընդհարումների ժամանակ ավիացիայի եւ ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը»: Զորավարժության նպատակներից են համատեղ խմբավորման կազմում հրամանատարներին եւ շտաբերին զորքերի կառավարման գործնական հմտությունների փոխանցումը, մարտական գործողությունների ժամանակ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ զորքերի փոխգործակցելիության կատարելագործումը:

Իսկ «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության հիմնական փուլը մեկնարկել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 4-ին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: ԱՄՆ-ի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել, ավելին նախապես որեւէ համաձայնություն չի եղել, որից էլ իբր հրաժարվել է…

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ, երբ տեղեկատվություն տարածվեց զորավարժությունների մասին, չէր նշված Ադրբեջանի անունը, այլ նշվում էր, որ կմասնակցեն ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Վրաստանից, Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից եւ Ուկրաինայից:

Մի՞ թե մեր երկիրը վերջին պահին է հրաժարվել:

Չէ՞ որ Վրաստանի ՊՆ հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան հայտնել է, թե՝ «Հայաստանի ՊՆ-ն նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարեւան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»:

Սա նշանակում է հենց վերջին պահին էլ տեղի է ունեցել Հայաստանի նկատմամբ դավադրությունը, այն է՝ առանց զգուշացնելու հրավիրվել է նաեւ Ադրբեջանը: Այլապես, Հայաստանը երբեւէ որեւէ պատճառով չի չեղարկել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործընկերային միջոցառումներում: Իսկ վրացի պաշտոնյան նշել է, թե զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան եւ Ադրբեջանը:

Այսինքն՝ մեկ օր առաջ այլ իրավիճակ էր, Հայաստանն էր նշված, հաջորդ օրը մեր փոխարեն հայտնվում է Ադրբեջանը… Ավելի պարզ՝ երբ Ադրբեջանին եւս հրավիրում են, Հայաստանը հրաժարվում է մասնակցել: Սա է մեր տեսակետը: ՀՀ ՊՆ-ն սեփական տեսակետը չի հայտնել, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը եւս չի խոսել, չի ցանկացել մեկնաբանել ՊՆ-ի որոշումը, ինչն ավելի է հաստատում մեր տեսակետի իսկությունը… Իսկ սա մտորելու առիթ է տալիս:

Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային եւ այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է, որին Հայաստանը կմասնակցեր, եթե… Բայց Հայաստանի ու Ադրբեջանի «համատեղ մասնակցություն»՝ ու՞մ դեմ…

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Ի վերջո հնչեց պետական տեսակետ, որն այսպիսին է. «Այս իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու Հայաստանը մասնակցել է, չի մասնակցել…»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Նրա խոսքով, նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է, այս անգամ զորավարժություններին  մասնակցել է ընդամենը 5-6 պետություն:

Այն դիտարկմանը, թե խոսվում է այն մասին, որ Մոսկվայի կողմից ճնշումներ են եղել, փոխնախարարն ասել է, որ բամբասանքներին չի պատասխանում. «Պարտադիր չէ, որ Հայաստանը բոլորի միջոցառումներին մասնակցի, բայց ՆԱՏՕ-ի հետ, ի տարբերություն մնացած ՀԱՊԿ անդամների, բավականաչափ  լուրջ համագործակցում է, եւ դա բոլորի համար ակնհայտ է»:

Նոր համաձայնագրի ստորագրման շեմին

Մեր երկրում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ է վերադարձել Բրյուսելից եւ հավաստիացնում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: «Իմ ունեցած բոլոր զրույցներից դատելով՝ ամեն ինչ իր հետագծով է շարժվում: Մարդիկ ջանասիրաբար աշխատանքներ են իրականացնում, որպեսզի համաձայնագիրը նոյեմբերին ստորագրվի: Մենք ամեն ինչ պատրաստում ենք, որպեսզի Բրյուսելում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում փաստաթուղթը ստորագրվի»,- ասել է եվրոպացի պաշտոնյան, ապա հավելել՝ «ԵՄ-ի կողմից մենք ամեն ինչ անում ենք՝ ստորագրելու նոր համաձայնագիրը, ԵՄ-ն ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը պատրաստում է ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ նոյեմբերին նախատեսված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար»:

Այն հարցին՝ ինչու են կրթական փոխանակման ծրագրով Եվրոպա մեկնող երիտասարդները վիզայի հետ կապված դժվարություններ ունենում՝ դեսպանը հավաստիացրեց, որ որեւէ չարակամություն չկա: Խոսքը զուտ ընթացակարգերի մասին է:

Նա հույս հայտնեց, որ կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը հնարավոր նվազագույնի կհասցվեն. «Կոռոպցիայի դեմ պայքարի մասին օրենքը կօգնի այդ գործում: Հայաստանն այս առումով միակ չէ: Բազմաթիվ երկրներ կան, կրթությունն այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի: Մենք կարող ենք անել դա, «ընդհանուր միջավայրը Հայաստանում լավն է»։

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։