Հայ-չինական պարիսպ՝ ընդդեմ թուրքականության – Հնագույն երկու երկրների շահերը՝ համաշխարհային խաչմերուկի բաժանարար գծում… Գործակցություն, որ կփոխի տարածաշրջանի դեմքը… Արարողակարգայինից՝ գործնական ընդլայնում… Դինամիկ փոխգործակցությունը՝ առաջնային… Առաջնային՝ նաեւ պաշտպանական գործակցությունը… Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցությունը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում…

Հնագույն երկու երկրների շահերը՝ համաշխարհային խաչմերուկի բաժանարար գծում…

«Լուսանցք»-ը շատ է անդրադարձել համաշխարհային բեւեռների բազմաբնույթ քաղաքականությանը եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ սեփական դերն ու նշանակությունը կարեւորելու Հայաստանի այս կամ այն քայլին, նաեւ բացթողնված: Աշխարհաքաղաքական հորձանուտում Հայաստանն ի վերջո ընտրեց փոխլրացնող քաղաքականությունը, որն ավելի շահավետ եղավ, քան մինչ այդ միակողմանի ռուսամետ քաղաքական ուղին էր:

Ռուսամետ ուղին հարյուրամյակներ շարունակ առավելապես մեր գլխին դարձավ բացառապես ռուսահաճ ուղի եւ ամեն բան կյանքի էր կոչվում հիմնականում Ռուսաստանի շահերն հաշվի առնելով… Մոսկվան անգամ հայերի կարծիքը դադարեց հարցնել, քանի որ ռուսահաճությունը Հայաստանը դարձրել էր ռուսական մի «գուբեռնյա», որի ճակատագիրը Ռուսաստանը որոշում էր արդեն Թուրքիայի հետ, բայց ոչ երբեք Հայաստանի…

Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին պաշտոնական Երեւանը փորձեց Անտանտի՝ Արեւմուտքի երկրների հետ պաշտպանել հայ դատը, սակայն Արեւմուտքը եւս երկակի խաղ խաղաց եւ գրեթե չգոյ (Անտանտի երկրների եւ դաշնակիցների բանակնեևից բզկտված) Թուրքիային հնարավորություն տվեց վերակազմակերպվել ու կրկին վերատիրել իր զավթած հայկական տարածքներին… Եվ առանց պետական կառույցների, բանակի ու դիմադրողական ոգու մնացած, միլիոններով ցեղասպանված հայությունը կրկին դիմեց ռուսական կողմին, որն արդեն թուրքի հետ եղբայրացած մեջ-մեջ արեցին երբեմնի հզոր Հայաստանի վերջին բեկորները:

Խորհրդային Հայաստանը արդեն ոչ թե ձեւական, այլ իրական ու շոշափելի «գուբեռբնյա» դարձավ ԽՍՀՄ-ացված Ռուսաստանի համար: Այստեղ եւս չփոխվեց վերաբերմունքը «եղբայր ու բարեկամ» Հայաստանի նկատմամբ եւ ռուսական մի այլ բնույթի կայսրության մեջ հայերը նոր կորուստներ կրեցին՝ Ադրբեջանին «նվիրելով» Արցախն ու Նախիջեւանը հարակից հայկական տարածքներով, իսկ Վրաստանին՝ Ջավախքը……

ԱՊՀ-ական եւ ՀԱՊԿ-ական Ռուսաստանը եւս չարաշահեց Կովկասում իր միակ գործընկերն ու դաշնակիցը մնացած Հայաստանի շահերը, ինչը ժառանգաբար անցավ ԵԱՏՄ համակարգ… Հայկական շահերը ցայսօր Ռուսաստանի կողմից դիտարկվում են որպես թուրք-ադրբեջանական շահերի հետ առուծախի առարկա:

Բայց արդեն քանի տարիներ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ կիրառում է փոխլրացնող, երկբեւեռ աշխարհի շահերը համադրող քաղաքական ուղի, ինչը տալիս է իր պտուղները: Արեւմուտքը այլեւս Հայաստանին չի դիտարկում ռուսական «գուբեռնյա», օգնում է, որ Հայաստանի ռուսազերծումն անցավ ընթանա, Ռուսաստանն էլ հասկացել է, որ պաշտոնական Երեւանի մի կտրուկ քայլից հետո Ռուսաստանը բոլորովին դուրս կմնա Կովկասյան տարածաշրջանից, որտեղ խաչվում են բոլոր ճանապարհները՝ Եվրոպա-Ասիա կապերի…

Փոխլրացնող քաղաքականությունը Հայաստանին հնարավորություն տվեց նաեւ զարգացնել կապերը համաշխարհային երրորդ բեւեռին գնացող Չինաստանի հետ: Իսկ Չինաստանի հետ հարաբերությունները կարեւորում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արեւմուտքում:

Պեկինը շատ պարզ հայտարարեց, որ ցանկանում է վերականգնել հին «Մետաքսի ճանապարհը»՝ Չինաստան-Եվրոպա, որը Կովկասում անցել է Հայաստանով (արհեստական Թուրքիա եւ Ադրբեջան չկային այդ ժամանակ): Չինական կողմն այսօր էլ պնդում է, որ այդ ճանապարհը պիտի անցնի Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա ուղղությամբ: Պաշտոնական Պեկինը հենց այնպես չի շրջանցում ներկայիս Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք կլանում են Եվրոպա-Ասիա խաչմերուկի բոլոր ուղիները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, թե տնտեսական… Չինաստանը լավ գիտի թյուրքական բաշիբոզուկների արնախում ծագումը: Դարեր շարունակ չինացիները, կորեացիները, ճապոնացիները եւ այլք դա գիտեն սեփական փորձից, երբ ալթայներից տարածվում էին քոչվոր թյուրքերը եւ ամեն բան խեղդում արյան մեջ: Այսօր էլ Չինաստանը ունի թյուրք-ույղուրական խնդիր, ինչպես նաեւ գտնվում է Անկարայի ծրագրած «Մեծ Թուրանի» ճանապարհին, Միջինասիական թյուրքական երկրների կողքին:

Չինաստանում նաեւ լավ են հասկանում, որ համաթուրանական ճանապարհի առաջին պատնեշը Հայաստանն է եւ հայերին սատարելով՝ պաշտպանում են իրենց սահմանները: Թուրքիայում Հայաստանը «անիծյալ սեպ» են համարում համաթուրանականության ճանապարհին: Թյուրքական վտանգն արդեն գիտակցում են նաեւ Արեւմուտքում եւ Ռուսաստանում: Իհարկե, նախկինում էլ էին գիտակցում, սակայն դրա իրականացման վտանգն այսօր ավելի մեծ է… Եթե համաշխարհային երկու բեւեռներում քննարկվում է նաեւ Թուրքիայի փոխարեն երբեւէ չգոյ մեկ այլ երկրի՝ Քուրդիստանի ստեղծումը, ապա Չինաստանը հստակ հասկանում է, որ Հայաստանն է թյուրքական առաջխաղացման պարիսպը: Քուրդիստանը մի նոր իսլամական թնջուկ է դառնալու հետզհետե: Թուրքիան էլ սկզբում կամակատար երկիր էր աշխարհի ուժեղների համար, սակայն… Նույնը լինելու է Քուրդիստանի դեպքում: Միայն մի բան է փոխվելու՝ թյուրքականությունը փոխարինվելու է իսլամականությամբ: Իմիջիայլոց, սա գիտակցելով, Անկարան արդեն Թուրքիան հանրապետությունից վերածում է իսլամական պետության, որպեսզի ստանա տարածքի իսլամական երկրների աջակցությունը եւս:

 Իսկ Հայաստանն ու հայությունը Հայկական լեռնաշխարհի հետ նույնականացվում են առանց կեղծիքի եւ ստապատմագիտության, ինչը առկա է թուրք-ադրբեջանական եւ քրդական առումներով: Հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է տարածաշրջանի բնիկության երաշխավորը եւ անխափան խաչմերուկը՝ Եվրոպա-Ասիա ճանապարհին:

Եվ միայն Հայաստանի վերականգնումը Հայկական լեռնաշխարհում կբերի նույն դրական իրողությունը տարածաշրջանում եւ համաշխարհային քաղաքականության մեջ:

Այսօր Արեւմուտքի եւ Ռուսաստանի վերաբերմունքների մեջ եւս կան փոփոխություններ ի նպաստ Հայաստանի, սակայն Չինաստանն արդեն իսկ քայլեր է անում:

Այդպիսի քայլեր է անում նաեւ Իսրայելը, ինչը հավաստում է, որ տարածաշրջանում տեղի են ունենալու աշխարհի վերաձեւման գործընթացներ, որին մենք՝ հայերս, պիտի նորովի մասնակցենք եւ մեծ խաղի մեջ խաղալիքի փոխարեն այլեւս որպես խաղացող ներկայանանք……

Չինաստանը կարծես առաջինն է նման քայլի գնում եւ բոլոր ոլորտներում առաջարկում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Վերջին տարիներին եւ տակավին վերջերս մենք դրա ականատեսն ենք:  

* * *

Գործակցություն, որ կփոխի տարածաշրջանի դեմքը

Հայաստանն ու Չինաստանը իրապես կարող են նոր ռազմա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական ուղղություն բացել Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք եռաձույլ տարածաշրջանում, ինչն այսօր գործում է Կովկաս – Մերձավոր Արեւելք ձեւակերպմամբ: «Լուսանցք»-ը շատ է անդրադարձել, թե ինչպես եւ ինչու է հանվել Հայկական Լեռնաշխարհ ձեւակերպումը եւ ինչու ցայսօր Թուրքիան չկարողացավ իր Անատոլիական ձեւակերպումը դարձնել եռաձույլ տարածաշրջանի երրորդ մասը:

Իսկ իրականում Հայկական Լեռնաշխարհը եղել ու մնում է եռաձույլ տարածաշրջանների կենտրոնը եւ միջազգային բոլոր անցումները հենց Հայաստան աշխարհի տարածքով են անցել: Ահա, հենց սա էլ փորձելու են վերականգնել Հայաստանն ու Չինաստանը: Ներկայիս Հայաստանը իր բնական սահմաններից շատ փոքր է այսօր, բայց «Մետաքսի ճամապարհը» կարող է նաեւ այս փոքր տարածքով դառնալ իրականալի՝ Իրան-Հայաստան-Վրաստան  ուղին առաջնային դարձնելով: Այս ուղուն կողմ են ոչ միայն Չինաստանում, այլեւ Եվրոպայում, ինչը կարող է վճռական լինել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությունը չեզոքացնելու համար: Այստեղ խնդիրը Վրաստանն է, որն էլ կատարելու է այն պայմանը, ինչը կհնչի Եվրոպայից: Ցայսօր այն հնչել է թուրք-ադրբեջանական դաշինքի համար, սակայն իրավիճակը լուրջ փոփոխության է ենթակվում: Հատկապես Եվրամիությունը բացասական խնդիրների է առնչվում Թուրքիայի հետ հարաբերություններում: Այն փոխանցվում է նաեւ Ադրբեջանին, որը փորձում է սատարել ավագ եղբորը:

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է այս թեմային: Իսկ այսօր մեր կառավարությունը պատրաստ է տնտեսական լայն համագործակցություն սկսել չինական կողմի հետ, որը նույնպես շահագրգռված է այդ հարցում: Արդեն քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առեւտրատնտեսական, մշակութային ու կրթական կապերի, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի համալրման, հյուպատոսական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Կողմերը գոհունակությունն են հայտնել վերջին տարիներին երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունների եւ նկատելի ձեռքբերումների կապակցությամբ: Երեւանում շատ են կարեւորել Չինաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկատնտեսական աջակցությունը:

Հայ-չինական հարաբերություններում չէր կարող չքննարկվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը եւ հայկական կողմից ներկայացվել են այն մոտեցումները, որոնք կարող են նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա նաեւ Պեկինի տեսակետն է, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:

Արցախի ազատագրական պայքարը եւ անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու խնդիրը հայ-չինական հարաբերություններում կարող է դիտարկվել համաթուրանականության տեսլականին հասցված առաջին հուժկու հարվածը վերջին 50-ամյակում: Եվ այս խնդրի հայանպաստ լուծումը ոչ միայն կխորացնի «Մեծ Թուրանի» ճաքերը, այլեւ կվերականգնի արդարությունը տարածաշրջանի բնիկ ազգերից մեկի՝ հայերի նկատմամբ, ինչը Հայկական Լեռնաշխարհի միակ տիրոջը թույլ կտա համաշխարհային խաչմերուկն իսկապես հյուրընկալ դարձնել մարդկության համար:

Արարողակարգայինից՝ գործնական ընդլայնում

Մեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ Հայաստանն ու Չինաստանն արել եւ անում են հնարավորը, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան ու ընդլայնվեն: Հայաստանը Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 25 տարի առաջ։ Այս տարիներին եւս արվել է հնարավոր ամեն բան, որպեսզի երկկողմ հարաբերությունները ջերմանան, չնայած դրան խոչընդոտող շատ հարցեր կան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի կողմից առաջադրվող։

Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան հիմնարկեքի հանդիսավոր արարողության ժամանակ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Սա եւ քաղաքական ամենաբարձր մակարդակով հարաբերություններն են, եւ երկու երկրների ղեկավարների ջերմ հարաբերութւնները, եւ կառավարությունների միջեւ համագործակցությունը՝ համագործակցությունը մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում, եւ երկու երկրների արտգործնախարարությունների սերտ փոխգործակցությունը»։ Ապա շարունակել է, որ մենք անում ենք խորհրդանշական առաջին քայլը՝ դնելով Չինաստանի դեսպանատան նոր շենքի առաջին հիմնաքարը։ Չինաստանի ղեկավարությունը որոշել է, որ Հայաստանում պետք է կառուցել նոր մեծ դեսպանություն՝ հույս ունենալով, որ այն կծառայի նոր եւ մեծ նախագծերի իրագործմանը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ դեսպան Թիան Էրլունն իր հերթին նկատել է, որ դեսպանատան նոր շենք կառուցելն իսկապես ուրախալի իրադարձություն է։ «Չինաստանն ավելի լավ ներկայացված կլինի այս երկրում եւ դա իհարկե, օրինաչափ է։ Մեր համագործակցության մասշտաբները, մեր փոխհարաբերությունները արագ զարգանուրմ են, եւ դա ավելի շատ մարդկանց աշխատանք եւ ավելի մեծ շենք է ենթադրում։ Սա արտացոլում է Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունների իրական ծավալները եւ հեռանկարները»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Չինաստանի դեսպանատունը իր մեծությամբ կզիջի միայն ԱՄՆ-ի դեսպանատանը, որն ամենամեծն է տարածաշրջանում, 2 տարի հետո 40 հազար քառակուսի մետր տարածքում՝ Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում կլինի Հայաստանում Չինաստանի դեսպանատունը:

Ըստ չինական կողմի՝ Հայաստանի հետ Չիանաստանի հարաբերությունները զարգանում են ըստ ծրագրված քայլերի։ Կարեւորվեց հատկապես Մետաքսի ճանապարհի երկաթուղու համատեղ շինարարության նախաձեռնությունը, որն ուղղված է Չինաստանի ու Եվրասիայի համագործակցության ընդլայնմանը։ «Հայաստանը երկիր է, որով հին ժամանակներում անցել է  Մետաքսի ճանապարհը»,- հիշեցրել է դիվանագետը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը: Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ ճանապարհաշինության եւ ավիացիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, եւ արդեն առկա նախագծերը:

Չինաստանի Ցինդաո քաղաքի պատվիրակությունը եւս մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: «Չնայած Չինաստանի հետ ունենք առեւտրաշրջանառության շուրջ 35% աճ, սակայն այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում, եւ մենք կցանկանայինք տեսնել չինական ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»- նշել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը Ցինդաո քաղաքի մունիցիպալ ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լյու Շենգժենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Մասնավորապես քննարկվել են կենցաղային տեխնիկայի, շինանյութերի արտադրության, դեղագործության, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Չինական «Hisense» ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխանակվել տեղեկատվությամբ՝ հայկական կողմի հետ հետագա համագործակցության հնարավորությունները ճշգրտելու նպատակով: Գործարարների մոտ  մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ։ Երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման համար չինական պատվիրակությունը առանձնակի կարեւորել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը։

Չինաստանում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ Չինաստանի Շանդոնգ նահանգի Ցինդաո քաղաքում կառուցվող Belt&Road համագործակցության նորարարական կենտրոնի հետ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսին նախաստորագրվել է 2 համաձայնագիր, որոնց համաձայն՝ նշված կենտրոնում հայկական կողմին անհատույց կտրամադրվի ընդհանուր 500 քառակուսի մետր կահավորված ցուցահանդեսային տաղավար եւ աշխատանքային տարածք: Վերջինիս պաշտոնական բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը:

Դինամիկ փոխգործակցությունը՝ առաջնային

Այս մասին վերջերս խոսել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Չինաստանի ԱԳ նախարարի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հաուիլան: Չինաստանի բաձրաստիճան դիվանագետը հայտնել է իր երկրի տեսակետը՝ էլ ավելի խորացնել Հայաստանի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը, ամրապնդել բարեկամական կապերը, որ հիմնված կլինեն « անկեղծության եւ փոխադարձ հարգանքի վրա»:

Հայկական կողմն էլ ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ ակտիվորեն մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին։ Քննարկվել է նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում առավել սերտ համագործակցությաբ հարցը: Կարեւորվել է Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտական կենտրոնի, ինչպես նաեւ Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը։

Այս հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ Իհարկե կարեւորվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, որտեղ բարձր գնահատեց հիմնախնդրի կարգավորման հարցում բարեկամ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «Հուավեյ Արմենիա» չինական ընկերության տնօրեն Լի Բոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Լի Բոն մեր նախարարին ներկայացրեց Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, նաեւ այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Անդրադառնալով մինչ այժմ ծավալած աշխատանքներին՝ նա  ընդգծել է, որ ներկայում դրանք սահմանափակվում են միայն կապի ոլորտում, բայց կան որոշակի հեռանկարներ  նաեւ այլ ուղղություններով գործակցության համար։

Ըստ հայ նախարարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման տեսանկյունից կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակներում ցանկություն կա համագործակցելու «Հուավեյի»  հետ: Առաջարկվել է մշակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր ու քննարկել դրանց իրականացման հնարավոր շրջանակները: Նշենք, որ «Հուավեյ» ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտներում աշխարհում առաջատարներից է։  Այն մասնագիտացած է սարքավորումների արտադրության, էլեկտրոնային կառավարման, հեռահաղորդակցական համակարգերի եւ  ՏՏ ոլորտի մի շարք այլ ճյուղերում:

Հայաստանն ու Չինաստանը միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման համաձայնագիր կստորագրեն: Համաձայն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀն օրենքի 10-րդ հոդվածի՝ մեր երկրի կառավարությունը որոշում կայացրեց համաձայնություն տալ «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ տեղեկանք-հիմնավորման, երկու երկրների միջեւ առկա կապերի դիտարկման եւ հարաբերությունների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ աշխատանքներ տանել ՉԺՀ հետ վերը նշված համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա երկու երկրներին համագործակցել ատոմային էներգիայի բնագավառում: Այն կծառայի ատոմային էներգիայի բացառապես խաղաղ նպատակներով օգտագործմանը ու չի օգտագործվի միջուկային զենքի եւ այլ միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծման կամ որեւէ այլ ռազմավարական նպատակի հասնելու համար: Համագործակցության ընթացքում երկու երկրներն առաջնորդվելու են ՄԱԿ-ի 1968թ. հուլիսի 1-ի «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի սկզբունքներով և պարտավորվելու են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը, երկակի նշանակության տեխնոլոգիաները կամ նրանցից վերարտադրված ցանկացած կրկնօրինակը միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված ցանկացած գործունեությունում եւ չվերաարտահանել այդ առարկաները երրորդ երկրներ առանց մյուս կողմի գրավոր համաձայնության: Համաձայնագրով կարգավորվում են ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության ընթացքում առեւտրային կապերի եւ երկկողմ օգնության ծրագրերի շրջանակում իրականացվող ներմուծումների պայմանները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության եւ բաշխման, իրենց պետությունների տարածքով միջուկային նյութերի տարանցիկ տեղափոխումներին առնչվող հարցերը:

Առաջնային՝ նաեւ պաշտպանական գործակցությունը

Աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությունը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության  Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Չինական պատվիրակությունը հանդիպել է մեր նախարարության այլ պատասխանատուների հետ, նրանց ընդունել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ՉիԺՀ պաշտպանության նախարարի հրավերով, պաշտոնական այցով մեկնել է Պեկին: Հանդիպումներ են եղել ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի, ՉԺՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Չինական կողմը պատրաստ է օժանդակել Հայաստանին ռազմական տեսանկյունից, պատրաստակամություն է հայտնել տրամադրել 10 միլիոն յուանի (1.5 մլն դոլարին համարժեք) աջակցություն:

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։ Սյույ Ցիլյանն համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Չինաստան նոր խթան կդառնա հայ-չինական հարաբերությունների խորացման գործում։

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այցի ընթացքում կայացած բանակցությունների մանրամասները՝ նախանշելով պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։ Հայաստանն ու Չինաստանը վաղուց եւ արդյունավետ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում նաեւ՝ պաշտպանական հարցերում։ Մասնավորապես՝ ակտիվ փոխգործակցություն է ծավալված ռազմական կրթության եւ հումանիտար ոլորտներում։ Բայց ժամանակակից մարտահրավերները պարտադրում են առավել խորացնել համագործակցությունը՝ միասնական ուժերով դրանց դիմակայելու համար։ Հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի վկայություններից մեկը փոխադարձ հավասարակշռված դիրքորոշումն է երկու երկրների համար կարեւոր ու զգայուն հարցերում։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության հարցում Չինաստանի հետեւողական եւ կառուցողական դիրքորոշման համար։

Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Դրան մեծապես կնպաստի նաեւ Հայաստանի ու Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը խարսխված է փոխադարձ եւ լիարժեք վստահության վրա։ ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ բարեկամ ու գործընկեր է։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝  բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունն առավել խորացնելու հարցում։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։ Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։ Երկրում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների ԶՈւ-երի համար։ Ազգային պաշտպանության ակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ մեր երկիրը համագործակցության մեծ փորձ ունի։ Ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը գոհունակությամբ է խոսել տարիների կուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստ ակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսեւորում են բացառապես դրական կողմերով եւ փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ։

Մեր նախարարը ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է հայ-չինական պատմական ընդհանրություններին, հայկական բանակի ձեւավորման փուլերին, ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ խոսել տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։ Ապա պատասխանել է նաեւ ակադեմիայի սաների հարցերին։ Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին եւ կրթական հնարավորություններին, ինչը թույլ կտա փախշահավետ համագործակցություն ծավալել ռազմական ոլորտում, ապագա հմուտ եւ հնարամիտ զինվորներ կրթելու հարցում:

Նախարարը հյուրընկալվել է նաեւ Շանսի նահանգում։ Շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է հանդիպում ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կերպով կզարգանա պաշտպանական ոլորտում եւս։

Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցությունը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Այստեղ չի բացառվում նաեւ Իրանի եւ արաբական որոշ երկրների համագործակցությունը հայ-չինական դաշինքի հետ: Իհարկե սա չի նշանակում, որ մեր երկիրը կդադարեցնի իր անդամությունը ՀԱՊԿ-ում կամ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Բայց սա աննախադեպ դաշինքի կարող է վերածվել, որն իսկապես կպայթեցնի Անկարայի եւ Բաքվի նորօսմանականության եւ նորհամաթուրանականության ռազմա-քաղաքական փուչիկները:…

Այս համագործակցությունը նաեւ օգտակար կլինի, երբ տարածաշրջանում սկսվի իրականացվել աշխարհի վերաձեւման նոր ծրագիրը: Հայաստանը որպես դերակատար կարող է հանդես գալ մի շարք բեւեռներում, ինչն ավելի կմեծացնի մեր հնարավորությունները մեր հայրենիքին վերատիրելու եւ համաշխարհային քաղաքականության մեջ մեր խոսքն ասելու համար:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։