Հայկական խոհանոց – Կանաչ սոխով ճլմբուր… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին – Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում… Հռոմի Պապը ողջունել է հոկեյիստների ընդունած հռչակագիրը… Բանակային ձեռնամարտ ու թայլանդական բռնցքամարտ՝ մեկ հարկի տակ… Հունաստանում պարգեւատրել են Ռոման Ամոյանին… Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը մտավ 1/4 եզրափակիչ… Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունը մեկնարկեց… Բարձրագույն խմբի խաղերը… Մարզական եւ մշակութային այլ լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Կանաչ սոխով ճլմբուր

Բաղադրությունը – Կանաչ սոխ – 1 կապ, կարագ – 50 գրամ, հավկիթ – 2 հատ, սեւ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը - Ջուրը եռացնել նախապես: Կարագը լցնել մեջը: Սոխը լվանալ, կտրատել բարակ-բարակ՝ 1 սմ չափով:

Ջրի եռալու ընթացքում սոխը լցնել մեջը եւ հենց նույն պահին հավկիթը սեւ պղպեղով համեմել ու հարելով լցնել եռացող զանգվածի մեջ: Անմիջապես կրակի վրայից վերցնել եւ մատուցել լավաշով:

* * *

«Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը հնչել են Արամ Խաչատրյանի գործերից

Հայ երաժիշտները օրերս մասնակցել են դասական երաժշտության ամենանշանակալի իրադարձությանը՝ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրված էր ելույթ ունենալու «Գրամոֆոնի» 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը, որն ամեն տարի տարբեր անվանակարգերում առանձնացնում է դասական երաժշտության ոլորտում աշխարհի լավագույն երաժիշտներին։
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Սմբատյանը մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում տված հարցազրույցում ընդգծել է, որ իր եւ նվագախմբի համար մեծ պատիվ է գտնվել Լոնդոնում եւ ելույթ ունենալ այս հեղինակավոր միջոցառմանը։
Նա, ներկայացնելով Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, նկատել է, որ այն ստեղծվել է այս տարի. անդրանիկ բեմելը կայացել է ապրիլի 24-ին Երեւանում՝ հանդես գալով իր գործընկեր դիրիժորների հետ։
«Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության մեծ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:
Ամբողջ մրցանակաբաշխությունն ուղեկցվել է դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումներով։ «Գրամոֆոնում» նույնպես Սերգեյ Սմբատյանը հնչեցրել է հայկական երաժշտություն։ Դասական երաժշտության ճանաչված ներկայացուցիչներն ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի բալետներից։ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել է. «Երիտասարդ նվագախումբ է, երաժիշտները նվագում են վարակիչ կենսունակությամբ: Մենք ուրախ ենք ողջունելու Սերգեյ Սմբատյանին Լոնդոնում, քաղաք, որտեղ նա սովորել է»։

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում ներկա կլինի Ասիական 5-րդ խաղերի բացմանը

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշղաբաթում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Հայաստանի նախագահը ստացել եւ ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին

Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի քարոզչության եւ տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017թ. մասնավոր միջոցներով կկառուցվեն ու կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլրդ. դրամը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում:

Մասնավոր միջոցներով 2017թ. հիմնանորոգվելու են Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գտնվող լողավազանը եւ հարակից շինությունները: Ներդրվելու է163,934.00 դրամ: Լողավազանը կնպաստի Իջեւանում ջրային մարզաձեւերի զարգացմանն ու մասսայականացմանը:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017թ. մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 դրամ: Նշենք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 դրամի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային եւ մենապայքարային մարզաձեւերի զարգացմանը եւ մասսայականացմանը:  

Ընթացիկ տարում սկսվելու են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Մեկնարկային 2017թ. մարզադպրոցի կառուցման համար կներդրվի 412,371.12 դրամ, հաջորդ տարիներին՝ 824,742.27 դրամ:

Մասնավոր ներդրողի միջոցներով 2017թ. Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Կներդրվի 2,400,000.00 դրամ:

4,123,711.34 դրամի ներդրում կատարվելու է Օլիմպավանի լողավազանի եւ խաղային մարզաձեւերի դահլիճի կառուցման նպատակով, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային ու ջրային մարզաձեւերի Հայաստանի հավաքական թիմերը:

Սպորտի մասսայականացումը եւ հաջողությունները կնպաստեն նաեւ պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը, ինչը կարեւոր նշանակություն կունենա, երբ հանրահայտ մարզիկներ եւ ազգային հավաքականի անդամներ ունենանք ոչ միայն մայրաքաղաքից ու մեծ քաղաքներից, այլեւ՝ մարզային բնակավայրերից:

Հիշեցնենք, որ շարունակական հետեւողականույունը սպորտին տալիս է նկատելի արդյունքներ, եւ նախորդ տարում հայ մարզիկները կարողացան նվաճել բազմաթիվ մեդալներ: 2016թ. մարզական տարում հայ մարզիկները՝ մեծահասակների, երիտասարդների ու պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: Սրանք կարեւոր նվաճումներ են, որ նպատակայնորեն առաջ են տանում նաեւ հաջորդ սերնդին:

2016թ. մեծահասակների, երիտասարդների ու պատանիների ազգային հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:

Հռոմի Պապը ողջունել է հոկեյիստների ընդունած հռչակագիրը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավանություն է տվել Հոկեյի ազգային լիգայի եւ հոկեյի մյուս կազմակերպությունների ընդունած սկզբունքների հռչակագրին:

Ինչպես նշել է հռչակագրի նախաձեռնող Պետ Լաֆոնտենը, հոկեյի կազմակերպություններն ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք քննարկվել էին «Սպորտը մարդկության համար» միջազգային կոնֆերանսում: «Նորին Սրբությունը վստահ է, որ այս որոշումը կնպաստի ավելի լավ հասկանալու սպորտի առանցքային դերը սերունդների կրթության եւ դաստիարակության հարցում, կնպաստի թիմային աշխատանքի խթանմանը, աշխարհում համերաշխության եւ փոխադարձ հարգանքի ձեւավորմանը»,- ասել է ամերիկացի նախկին հոկեյիստը:

Անցյալ տարի Պետ Լաֆոնտենը մասնակցել էր Վատիկանի խորհրդաժողովին եւ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Տարեցների հանրապետական խաղերում հաղթել է Երեւանի թիմը

Ծաղկաձորում ավարտվել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած Տարեցների հանրապետական խաղերը: Թիմային հաշվարկով խաղերի հաղթող է ճանաչվել Երեւան քաղաքի թիմը (73 միավոր), 2-րդը Լոռու մարզի թիմն է (69,5 միավոր), իսկ 3-րդը՝ Արագածոտնի մարզի թիմը (64,5 միավոր):

Խաղերին մասնակցել է Հայաստանի 221 տարեց քաղաքացի՝ մարզերից եւ մայրաքաղաքից: Կանանցից ամենատարեց մասնակիցը՝ 82-ամյա Ռիմա Մկրտչյանը, ներկայացրել է Լոռու մարզը, իսկ տղամարդկանցից ամենատարեց 79-ամյա Էդուարդ Գասպարյանը՝ Գեղարքունիքի մարզը: Նշենք, որ մասնակիցներն ուժերն են չափել շախմատ, շաշկի, նարդի եւ դարթս մրցաձեւերում: Կանանցից հաղթողներ են դարձել Շուշանիկ Տեր-Հարությունյանը (նարդի), Մերի Մանգրյան (շախմատ), Ռիտա Դալլաքյան (շաշկի) եւ Հռիփսիմե Պոլոյան (դարթս): Տղամարդկանց պայքարում լավագույններն են ճանաչվել Սերոբ Թահմիզյանը (նարդի), Աշոտ Ավետիսյանը (շախմատ), Ստանիսլավ Հակոբյանը (շաշկի) եւ Ռաֆիկ Հակոբյանը (դարթս): Անհատական հաշվարկով հաղթողներին ու մրցանակակիրներին հանձնվել են նախարարի հավաստագրեր ու դրամական պարգեւներ, իսկ թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են գավաթների եւ պատվոգրերի:

Բանակային ձեռնամարտ ու թայլանդական բռնցքամարտ՝ մեկ հարկի տակ

Հարմար պայմաններ են ստեղծվում մարզումները լիարժեք անցկացնելու համար: Բանակային ձեռնամարտի ու մարտարվեստների ֆեդերացիայի մարզադահլիճը արդեն համալրված է անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով: Երիտասարդների ու փորձառու մարզիկ-զինվորականների համար ստեղծված է ամեն ինչ, որպեսզի վերջիններս կատարելագործեն իրենց վարպետությունն ու լինեն լավ մարզավիճակում:

Բանակային ձեռնամարտն ունի առանձնահատկություններ, ինչով տարբերվում է մնացած մարզաձեւերից: Պատասխանատուների կարծիքով, այն այսօր անհրաժեշտություն է պատանիների եւ երիտասարդների համար եւ՛ որպես ինքնապաշտպանության միջոց եւ՛ որպես զինվորի բարոյա-հոգեբանական ու մարմնա-կրթական պատրաստվածություն:

ՀԱՕԿ-ը աջակցում է ճապոնական «Բուդո» մարտարվեստին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) 2-րդ անգամ կկայանա ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը՝ նվիրված Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, փառատոնին մասնակցելու համար Ճապոնիայից Երեւան են ժամանել կարատեի վարպետ Մասարու Կուսանոն եւ ձյուդոյի մասնագետներ Յուշիհարու Մակիշին եւ Հիրոշի Իզումին, որոնք հայ մասնագետների համար ճապոնական մարտարվեստների սեմինարներ են անցկացնելու Օլիմպավանում, իսկ փառատոնի ժամանակ հանդես են գալու ցուցադրական ելույթներով:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էիջի Տագուչին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, հույս հայտնելով, որ «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի նաեւ առաջիկա տարիներին, առնվազը մինչեւ 2020թ. Տոկիոյի օլիմպիական խաղերը: Նա նշել է, որ բոլոր ծախսերը, կապված ճապոնացի մասնագետների Հայաստան այցի հետ, իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ը:

Հունաստանում պարգեւատրել են Ռոման Ամոյանին

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը արժանացել է հատուկ մրցանակի:

Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայ մարզիկին պարգեւատրել է սպորտում ունեցած ավանդի եւ մարզական բարձր նվաճումների համար: Անվանի մարզիկը պատվավոր հյուր էր Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում:

Լեւոն Արոնյանը մտավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Թբիլիսիում շարունակում է շախմատի աշխարհի գավաթի համար պայքարը:

Հաջողությամբ հաղթահարելով 1/64 եւ 1/32 եզրափակիչ փուլերը, հաղթելով համապատասխանաբար Հարավաֆրիկյան հանրապետության եւ Չինաստանի ներկայացուցիչներին, հայ շախմատիստը 1/16 եզրափակիչ փուլի թայ-բրեյքում նախ 2 ոչ-ոքի արեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ, ապա չկարողացավ պահպանել սպիտակներով ստացած առավելությունը: 5-րդ խաղում մեր շախմատիստը սեւերով գեղեցիկ հաղթանակ տարավ, իսկ 6-ում լարված պայքարում ոչ-ոքի արեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը հաղթեց 4,5:3,5 հաշվով եւ մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ավելի ցածր վարկանիշ ունեցող մեկ այլ ռուսաստանի գրոսմայստեր Դանիլ Դուբովի հետ:

Հ.Գ. – Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն անցել է քառորդ եզրափակիչ – Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացել են Զ եզրափակչի երկրորդ պարտիաները: ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Լեւոն Արոնյանը ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ երկարատեւ պայքարում (97 քայլ) 1,5:0,5 հաշվով հաղթանակ է տարել եւ անցել քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը հաջորդ հանդիպումն ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ է:

* Տեղեկանք – Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը եւ 22-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Բացի եզրափակչից (խաղարկվելու է 4 խաղ), բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2 խաղից եւ անցնում են հետեւյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետեւ 30 րոպե հավելում, առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:

Մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է թայ-բրեյք՝ 2 խաղ 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով, կրկին ոչ-ոքիի դեպքում՝ 2 խաղ 10 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, կրկին հավասար արդյունքի դեպքում ևս 2 խաղ՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Այս մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է որոշիչ խաղ (արմագեդոն), որտեղ սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին 4 րոպե՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով: Որոշիչ խաղում ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սեւերով խաղացող շախմատիստը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 դոլար:

Լեւոն Արոնյանը «նոկաուտի» ենթարկեց Վասիլի Իվանչուկին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանից պահանջվեց ընդամենը 2 ժամ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակը տանելու համար: Անցկացվում են մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղերը: Լեւոն Արոնյանը ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ մրցամարտը սկսեց սպիտակ խաղաքարերով: Մեր շախմատիստը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների եւ շուտով դիրքային մեծ առավելություն ստացավ: Փորձառու Վասիլի Իվանչուկը դիմացավ մինչեւ 24-րդ քայլը, որից հետո կանգնեցրեց ժամացույցը, որի վրա մնացել էր ընդամենը 11 րոպե ժամանակ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց կիսաեզրափակիչ փուլ մտնելու համար:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը մտավ աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ – Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն հաղթահարեց Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի արգելքը եւ կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար: Ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ դասական շախմատի 2-րդ հանդիպմանը մեր շախմատիստը հանդես եկավ սեւ խաղաքարերով: Սկզբում կողմերը համարյա կրկնեցին նախորդ պարտիայի առաջին քայլերը, սակայն Լեւոն Արոնյանը այլ տարբերակ ընտրեց եւ սպիտակներին թույլ չտվեց դիրքային առավելություն ստանալ: Ուկրաինացի գրոսմայստերը անցավ երկարատեւ դիրքային պայքարի, որն այդպես էլ արդյունք չտվեց նրան, քանի որ մեր շախմատիստը շատ ճիշտ կազմակերպեց պաշտպանությունը: Խաղյի 71-րդ քայլից հետո Վասիլի Իվանչուկը ստիպված խաղաղ դաշն կնքեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը հաղթեց 1.5:0,5 հաշվով եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Պյոտր Սվիդլեր – Մաքսիմ Վաշյե-Լագրավ զույգի հաղթողի հետ: Դասական պարտիաներից հետո այստեղ հաշիվը հավասար է՝ 1:1:

Հայաստանի պատանի շախմատիստները պայքարեցին Եվրոպայի մեդալների համար

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակային տեղերին հավակնող շախմատիստներից էին նաեւ Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Տղաների առաջնությունում մեդալների համար պայքարեցին Հայկ Մարտիրոսյանը, Կոնստանտին Յայլոյանը (մինչեւ 18 տարեկաններ), Շանթ Սարգսյանը (Մ-16), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-10) եւ Բենիկ Աղասարովը 5 (Մ-8): Աղջիկներից՝ Սոնյա Ասատրյանը եւ Աննա Սարգսյանը՝ մինչեւ 16 տարեկանների մեջ:

Հ.Գ. - Սոնա Ասատրյանը՝ շախմատի Եվրոպայի չեմպիոնՌումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվեց տարիքային 6 խմբերով՝ մինչեւ 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկաններ:

Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանը: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրավեց 1-ին տեղը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Մինչեւ 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 7 միավորով բաժանեց 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնաց առաջին եռյակից:

Նույնպիսի ճակատագրի արժանացավ նաեւ մինչեւ 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, որը միայն լրացուցիչ հաշվարկով 3-րդ տեղը զիջեց մրցակցիներին:

Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեին նաեւ մինչև 18 տարեկան շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը եւ մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Ավաղ, մեր երկու շախմատիստները պարտվեցին վերջին տուրում եւ զիջեցին իրենց դիրքերը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 7-րդ եւ 6-րդ տեղերը:

Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է

Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է: Հավաքականների ձեւավորումից հետո հերթը ներքին առաջնությանն է: Երկարամյա դադարից հետո, հոկտեմբերին մեկնարկելու է բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի կանոնավոր առաջնությունը: Այն կոչվելու է Ա-լիգա եւ ընթանալու է շրջանաձեւ համակարգով:
Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ  չեմպիոնի կոչման համար պայքարելու է 7 թիմ՝ Երեւանից, մարզերից ու Արցախից: «Հասունացել էր կանոնավոր առաջնություն ունենալու պահը: Մեր հիմնական նպատակը բասկետբոլի մասսայականացումն է: Այսօր շատ են բասկետբոլով զբաղվողները: Կարելի է ասել, որ մեր դուռը թակում են կանոնավոր առաջնությունների կազմակերպման խնդրանքով: Այս պահին քննարկում ենք որոշ հարցեր, կապված ակումբների՝ քաղաքները ներկայացնելու հետ: Հավանական է, որ Երեւանի ակումբներից մեկը ներկայացնի Վանաձորը: Սա նշանակում է, որ թիմը մասամբ տեղափոխվելու է Վանաձոր, քանի որ լիգայի համար կարեւոր է նաեւ աշխարհագրությունը:
Լիգան արել է ամեն ինչ՝ թիմերին խաղալու հնարավորություն տալու համար: Առաջնությունը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Լիգան ունի հովանավոր, որը թույլ կտա կազմակերպել հանդիպումները: Աջակիցների թվում է նաեւ բասկետբոլի ֆեդերացիան»,- ասել է Արա Պողոսյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, աստիճանաբար պետք է գալ այն վիճակին, որ տեղական ակումբները հավաքականներին կադրեր տան: «Շատ կարեւոր է, որ ակումբները կայանան ու զարգանան, ունենան մարտունակ կազմ: Նրանք կարող են նաեւ թիմում ընդգրկել սփյուռքի մեր հայրենակցիներին: Վերջին տարիներին ազգային հավաքականի մի շարք խաղացողներ դժվարություններ ունեն ակումբային կարիերայում: ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում քիչ չեն հայ ուսանող բասկետբոլիստները, ովքեր համալսարանն ավարտելուց հետո չեն կարողանում ակումբ գտնել եւ ժամանակի ընթացքում թողնում են սպորտը»,- նշել է նա:
Արա Պողոսյանն ավելացրել է, որ թիմերը խաղալու են տուն-դուրս տարբերակով, իսկ մարզադահլիճների հարցը հիմնականում լուծված է: Հաջորդ շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ակումբների վերջնական անվանումները եւ խաղացանկը: «Բավականին հետաքրքիր առաջնություն է սպասվում: Հիմնական շրջաններից հետո թիմերը խաղալու են նաեւ փլեյ-օֆֆ: Առաջնության հաղթողը կունենա Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ 2-5-րդ տեղերը գրաված թիմերը՝ Եվրոպայի գավաթի: Սակայն, ակումբները պետք է որոշեն՝ ցանկանում են հանդես գալ եվրագավաթներում, թե՝ ոչ, քանի որ իրենք են հոգալու ֆինանսական ծախսերը:
Խաղերը հիմնականում կկայանան հանգստյան օրերին: Տուրում 3 հանդիպում կանցկացվի: V-sport-ի հետ բանակցում ենք հեռարձակումներ իրականացնելու համար: Հնարավոր է նաեւ հեռուստատեսությամբ հեռարձակում՝ շաբաթական մեկ խաղ տարբերակով»,- ասել է Պողոսյանը: Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնել է, որ առաջնության մեկնարկին զուգահեռ աշխատանքներ են կատարվելու, որ մարզիչներն ու մրցավարները վերապատրաստվեն: Մասնավորապես, հոկտեմբերին եւ նոյեմբերին ֆեդերացիան ՖԻԲԱ-ի հետ համատեղ նախատեսում է անցկացնել մրցավարական եւ սեղանի աշխատակիցների սեմինար:

«Գանձասար-Կապան»-ը վստահ հաղթեց նորաստեղծ «Ավան Ակադեմիա»-ին

Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունը մեկնարկեց 1/4 եզրափակիչի 2 հանդիպումով: Նախ Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում հյուրընկալեց Երեւանի «Արարատ»-ին: Հանրապետության երկու հնագույն ակումբների հերթական մրցավեճում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ: Պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին, Երեւանում:

Հայաստանի անցած առաջնության փոխչեմպիոն «Գանձասար-Կապան»-ը Երեւանում ուժերը չափեց նորաստեղծ «Ավան Ակադեմիա» թիմի հետ: Ավելի փորձառու կապանցիները 3:0 հաշվով խոշոր հաղթանակ տարան եւ հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրին: Այս թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

«Բանանց»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Փյունիկ»-ին

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ խաղաշրջանը մեկնարկեց նշանակված 6-րդ փուլի «Փյունիկ» – «Բանանց» հանդիպումով: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում «Բանանց»-ի ֆուտբոլիստ Նորայր Գյոզալյանը ընդամենը 3 րոպեում դուբլի գրանցեց եւ առաջ մղեց իր թիմին: Տանտերերը մնացած ժամանակում չնայած անընդհատ գրոհում էին, սակայն կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման 70-րդ րոպեին աչքի ընկավ փյունիկցի Ռոբերտ Մինասյանը: Այդպիսով, «Բանաց»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 9 միավոր եւ բարձրացավ 2-րդ տեղ՝ շրջանցելով «Ալաշկերտ»-ին: «Փյունիկը» 4 միավորով զբաղեցնում է նույն 4-րդ հորիզոնականը:

Փուլի կենտրոնական հանդիպումը՝ Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտ»-ի հարկի տակ կկայանա՝ Գյումրիի «Շիրակ»-ի հետ, որը 5 փուլից հետո վաստակել է 15 միավոր եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Ալաշկերտ»-ն առաջին պարտությունը հասցրեց «Շիրակ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 6-րդ փուլի կենտրոնական խաղում աղյուսակի 3-րդ հորիզոնականում գտնվող Երեւանի «Ալաշկերտ»-ը իր հարկի տակ ընդունեց մրցաշարի ընդգծված առաջատար «Շիրակ»-ին: Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, չնայած տանտերերը խաղային առավելություն ունեին եւ մի քանի գոլային պահեր ստեղծեցին: Մասնավորապես, 27-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» շարունակեց ակտիվ գրոհները, որի արդյունքում 54-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը բացեց հանդիպման հաշիվը:

70-րդ րոպեին «Շիրակ»-ը մնաց 10 հոգով, քանի որ հարձակվող Արամ Մուրադյանը 2-րդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: Հանդիպման 86-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը 11մ հարվածի իրավունք ստացավ, սակայն Միհրան Մանասյանի հարվածը ետ մղեց շիրակցիների դարպասապահ Անատոլի Այվազովը: Խաղավարտից 2 րոպե առաջ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց արդեն «Ալաշկերտ»-ի պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը: «Շիրակ»-ը մնացած ժամանակում չկարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ արդյունքում առաջին պարտությունը կրեց առաջնությունում՝ 0:1: Չնայած անհաջողությանը, շիրակցիները 15 միավորով շարունակում են վստահ գլխավորել աղյուսակը: «Ալաշկերտ»-ը այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր եւ կրկին բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով մայրաքաղաքի «Բանանց»-ին:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական Match of the Day ֆուտբոլային հանդեսը Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Մեր ֆուտբոլիստին նվիրված էջում լրատվամիջոցը նշել է, որ հենց հայազգի կիսապաշտպանի արդյունավետ փոխանցումների հաշվին է մանչեսթերյան ակումբը վստահ հաղթանակներ տարել առաջնության մեկնարկային խաղերում: Լրագրողը նաեւ ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վերջին 5 մրցաշրջանների արդյունավետ փոխանցումների վիճակագրությունը:

Հայաստանի հավաքականը նահանջել է 11 տեղով պարտություններից հետո

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 11 տեղով եւ այժմ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ մեր ընտրանին 2018թ աշխարհի առաջնության  ընտրական փուլի վերջին երկու խաղերում 0:1 եւ 1:4 հաշվով պարտություններ է կրել  համապատասխանաբար Ռումինիայի եւ Դանիայի  հավաքականներից:

Դասակարգման աղյուսակն այժմ գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: 2-րդը Բրազիլիան է, 3-րդը՝Պորտուգալիան:

Աղյուսակ

Առաջին տասնյակի, ԱՊՀ նախկին երկրների եւ Հայաստանի հավաքականի մրցակիցների

Գերմանիա – 1606 միավոր

Բրազիլիա – 1590

Պորտուգալիա – 1386

Արգենտինա – 1325

Բելգիա – 1265

Լեհաստան – 1250

Շվեյցարիա – 1210

Ֆրանսիա – 1208

Չիլի – 1195

Կոլումբիա – 1191

Ուկրաինա – 888

26.Դանիա – 848

Չեռնոգորիա – 749

Ռումինիա – 714

Ռուսաստան – 558

Ուզբեկստան – 511

Բելառուս – 454

ՀԱՅԱՍՏԱՆ – 414

Էստոնիա – 413

Վրաստան – 328

Լիտվա – 266

Ղրղզստան – 260

Ղազախստան – 254

Թուրքմենստան – 221

Տաջիկստան – 213

Լատվիա – 182

Մոլդովա – 148

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն փարիզյան խաղարկությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է երեք մարզիկ՝ Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) եւ Արթուր Դավթյանին (բազմամարտ)։

Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Փարիզում մինչեւ սեպտեմբերի 27-ը, որից հետո մեր թիմը կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին՝ աշխարհի առաջնությանը: Այն կկայանա հոկտեմբերի 2-8-ը։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։