Երբ սրբությունը դարձրել ենք ապրանք.- («Քաղաքացու մտահոգություններ» շարքից «Ջուրը» վերնագրված այս խոհը Էդուարդ Իսաբեկյանինն է՝ գրված 2002թ.: Անտիպ էջերից է, եւ այն մեզ է տրամադրել Իսաբեկյան ցուցասրահը)… «Սեւանը արդեն ճահիճ դառնալու ճամփին է… Անհնարին բան է ապրել առանց ջրի, կարելի է ապրել առանց հացի անգամ, առանց մերսեդեսների, բայց առանց ջրի»…

Քաղաքացու մտահոգություններ» շարքից «Ջուրը» վերնագրված այս խոհը Էդուարդ Իսաբեկյանինն է՝ գրված 2002թ.: Անտիպ էջերից է, եւ այն մեզ է տրամադրել Իսաբեկյան ցուցասրահը:

* * *

Ջուրը աստվածային պարգեւն է մարդկությանը, եւ Հայաստան երկրում սրբագործվելով դարձել է պաշտամունքի արժեք, «առարկա»: Եվ դա խոսքեր չեն: Այս դժբախտ երկիրը առանց ջրի, հեռու չգնանք, կնմանվեր այն մոլորակներին, որոնց մեջ գիտնականները «կյանք» են փնտրում եւ որն էլ չկա: Ոմն կյանք կոչեցյալի միակ նախապայմանը ջուրն է, որ ինքը բնությունը մեզ նվիրել է «անշահախնդիր» վայելելու եւ ապրելու համար:

Ես մանուկ հասակում լսել եմ զարմանալի եւ անպատմելի հեքիաթներ վիշապների, հրեշների մասին, որոնք նստելով ջրի ակունքին, իրենք են վայելել, թողնելով մյուսներին՝ ժողովրդին, ծարավ, տոչոր, պահանջելով զոհ՝ ջուր տալու դիմաց: Եվ տվել է ժողովուրդը մանկահասակ աղջիկների այդ հրեշներին՝ ջրի դիմաց եւ ամեն անգամ նույնը, մինչեւ եկել է մի պատանի, երեւի Վահագնի կերպարանքով, որ սատկացրել է, կտրել հրեշի գլուխը եւ ազատել ջուրը վիշապից եւ նորից նվիրել մեզ՝ հայերիս:

Ախր հեքիաթը, որ շատ ավելի լավն էր, քան իմ նկարածը, այսօր վաղուց չեն պատմում երեխաներին… իսկ ինչու՝ չգիտեմ…  

Բայց կարծեմ, որ այսօր ճիշտ այն օրին ենք հասել ազգովին, երբ ջրին «նստած» ինչ-որ մարդիկ հայտարարել են, որ ջուրը, ոչ ավել, ոչ պակաս, ապրանք է: Մեղա, հազար մեղա, այսինքն՝ սոխի, կարտոֆիլի կամ գուլպայի, կոշիկի նման բան, որը ունենալու համար պիտի վճարել ջրին տեր կանգնածին… բայց երեխան էլ գիտի, որ «գին» կարող է ունենալ այն իրը, ապրանքը, որի համար վճարվել է եւ վերավաճառվում է, իսկ ջուրը չէ որ բնությունը, Աստված ինքն է ստեղծել բոլորի համար եւ ձրի: Միակ պատճառը վարձի համար մնում են այն ծախսերը, որը արվում է ջուրը հասցնելու համար խմողին: Եվ այդ ծախսերն էլ ամեն օր չեն արվում կարծեմ եւ մի անգամվա արածը կարող է ծառայել երկար-երկար ժամանակ: Եվ այդ «ծախսերը», որ ամեն օր են մտնում ջրի մեջ, նմանում են այն վիշապին, որ ամեն դույլ ջրի համար «զոհ» է պահանջում…

Եվ այդ սրամիտ վիշապին՝ «պետական այրին», որը ջրի սրբությունը դարձրել է ապրանք (կոշիկ, գուլպա), պետք է որ ինչպես հեքիաթի մեջ, մի վահագնանման երիտասարդ գլխատի, որ ջուրը դառնա ջուր եւ ոչ ապրանք: Մեզ կարելի է նաեւ հիշեցնել, որ հեքիաթների ժամանակները անցել են, իսկ այսօր… իսկ այսօր ինչու՞ նաեւ օդը, որ մենք շնչում ենք, չհամարել «ապրանք», չէ որ ջրից հետո օդն է, որ մարդուն գոյատեւություն է տալիս եւ ինչո՞վ ապրանք չի. ջրի նման անգույն, անձեւ, «աղբյուրից» դուրս է հորդում: Իսկ օդն էլ… փորձիր չգործածել… շնչահեղձ կլինես, ինչպես ջրի դեպքում կտոչորվես: Ուրեմն արժեք է նաեւ օդը: Իհարկե, ինձ վրա դպրոցականները իրավունք ունեն ծիծաղելու, բայց ոչ այն … «մարդիկ», որոնք ջուրը ապրանք դարձրին:

Բայց նույն այդ դպրոցականները կհարցնեն նաեւ Սեւանը ճահիճ դարձնողներին, միլիարդավոր կուբամետրերով Սեւանի ջուրը ամեն տարի ծծողներին ու գողացողներին եւ ձրի… ինչու՞ եք գյուղացուն ծախում, որ ձերը չի, ձեր սեփականը, ձեր ապրանքը … ինչու՞ չեք վճարում Սեւանա լճի շուրջը ապրողներին, որոնք իսկական տերերն են այդ լճի, ինչու՞ չեք վճարում սեւանցիներին, չէ որ իրենց տարածքում է այդ ջուրը, որը, եթե նավթ լիներ, իրենք կծախեին եւ ոչ միայն մեզ:

Սեւանը արդեն ճահիճ դառնալու ճամփին է: Արդեն երրորդ տարին է ջուրը «ծաղկում» է, այսինքն՝ ջրի շերտը այնքան է բարակել, որ արեւը տաքացնում է հատակին եղած մամուռները, կանաչը, եւ նրանք էլ աճում են եւ բազմանալու միտք ունեն, ծաղկում են:

Գնացե՛ք, պարոնա՛յք, հեռու չի եւ ժամը 10-ից հետո կտեսնեք, որ ողջ տարածքով մեկ Սեւանի ջուրը այդ մանր ծաղիկներով է պատված: Գնացե՛ք, կույր չեք, կտեսնեք, որ Սեւանը «ծաղկում» է եւ դա արդեն այն է, ինչին հասանք… Սեւանից կմնա ընդամենը նախկին կղզու շուրջ եղած փոքր եւ համեմատաբար խորը մասը: Եվ ամեն տարի եւ այս տարի էլ ջուր «վերցնողները» պիտի իմանան, որ Սեւանից ցած եղած բոլոր աղբյուրների սնունդը, ստնտուն Սեւանն է… եւ այդ աղբյուրներն էլ կցամաքեն:

Իսկ ահա մարդկությունը ողջ աշխարհի գտնում է՝ ջրի ապօրինի վաճառքը այսօր արդեն 21-րդ դարի գերխնդիրն է: Իսկ մենք… Աստված տվել էր մեզ քաղցր ջրի մի սքանչելի ջրավազան՝ Սեւան անունով, որի ջուրը այսօր արդեն չի խմվում…պակասելու հետ փոխվել է ջրի որակը: Հիմա, իհարկե, հեքիաթների ժամանակը չէ: Շատ ենք խելոքացել, որ հեքիաթներով մտածենք, բայց ինչքան կարելի է Սեւանի մասին օրենք ու որոշում հանել, որոնք հեքիաթներից չենք էլ տարբերում: Եվ երբ պիտի խելքը տեղին գործածելու ժամանակը գա:

Հին Էրեւանը փոքր քաղաք էր եւ ավելի քիչ բնակչություն ուներ, քան Ալեքսանդրապոլը՝ Գյումրին անգամ, 20.000 ապրողներ, եւ այդ ժամանակ էրեւանցիք խմում էին ինչ պատահեր՝ Կոնդի ջրանցքի «մամուռի» ջուրը, Գետառի ջուրը, որը դեռ մաքուր էր: Կային շատ տներում ջրհորներ, բնական աղբյուրներ՝ գեղեցիկ ձեւավորված, նաեւ տակառներով բերում էին Քանաքեռից եւ այլն… Ջուրը ձրի էր, եւ երբ քաղաքի հարուստներից Առաքելովը՝ Աբովյանի շրջանից աղբյուրի ջուր բերեց իր ծախսով 1918 թվին, ծախսերը հանելու դիմաց բացեց «բուդկաներ» կենտրոնական փողոցներում՝ Նազարովսկի, Ցարսկի, Բեհբութովսկի, եւ այդ բուդկաներում ջուրը վաճառեց մի 6-7 ամիս եւ ծախսը հանելուց հետո ջուրը նորից դարձավ ձրի: Չնչին գնով էր ծախվում եւ բոլոր խավերն ի վիճակի էին վճարելու: Այդ շրջանի ջուրը այսօր էլ մնում է ամենաընտիրը բոլոր աղբյուրների շարքում եւ էրեւանցիք իզուր չէին ասում, որ «մեր ջուրը աշխարհի առաջին ջուրն է»:

Հետագայում, երբ քաղաքը մեծացավ գաղթականների հաշվին, ջուր բերեցին ուրիշ գյուղերից, եւ բոլոր փողոցներում համարյա կային մեկական «կռան»… հերթերն էին շատ, իսկ ջուրը ձրի էր, այսինքն՝ այդ բարիքը բնության կողմից մեզ՝ ապրողներիս, ի վերուստ վերապահված էր:

Անհնարին բան է ապրել առանց ջրի, կարելի է ապրել առանց հացի անգամ, առանց մերսեդեսների, բայց առանց ջրի փորձեք, պարոնայք ջուր ծախողներ, ապրել գեթ մի օր: Եվ եթե խորհրդարանը մի օրենքով կարող է վերջ դնել «բիզնեսին», որը բնությունն է պարգեւել մարդուն ստեղծված օրից, դա կլինի այն օրենքը, որ վերջապես կգործի… եւ չպիտի մոռանալ նույն օդի մասին հիշատակելուց, քանի որ հետո կճարվեն «գործարարներ», որոնք պատրաստ են ամեն ինչից «փող» շինել: Եվ դեռ զարմանում ենք, որ մարդիկ թողնում են հայրենիքը՝ մի ինչ-որ օր վերադառնալու պայմանով: Իսկ այդ օրը երբ կգա, Աստված էլ չգիտի: Եվ սակայն այդպիսի օր, ինչքան ես եմ հիշում, եղել էր, կար… Լավից լավ օր փնտրողի «օրն» էլ այս կլինի:

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։