Հերթական ադրբեջանական ձախողումը – Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանից կարտաքսվի՝ Իլհամ Ալիեւի «մեծահոգաբար» ներումից հետո… Զարմանալի էր, սակայն Մոսկվան այդպես էլ չկարողացավ իր քաղաքացուն «ստանալ» դեռ եղբայրական Մինսկում, որտեղ էլ կատարվեց եղբայրական Բաքվի վճարովի խնդրանքը…

Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը հնարավոր է Ադրբեջանից արտաքսվի ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան. այս մասին ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է նրան ներում շնորհելու մասին կարգադրություն: «Ալեքսանդր Լապշինի արտաքսման փաստաթղթերը պատրաստ են: Նրան ազատ են արձակում: Բայց նա ինքը դեռեւս չի ընտրել ճշգրիտ երթուղին, կարող է գնալ ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան»,- նշել է փաստաբանը: Նրա խոսքով, բլոգերն այժմ գտնվում է Կենտրոնական հոսպիտալում: «Ես ինքս դեռ չեմ տեսել նրան: Խոսել եմ բժիշկների հետ: Նրանց խոսքերով, իրեն լավ է զգում»,- հայտնել է Էդուարդ Չերնինը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին՝ իբր Ինտերպոլով հետախուզվողի, ինչը հետո հերքվեց: Պատճառն այն էր, որ Արցախ այցելելուց հետո բլոգերին արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ նա կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, չնայած Բաքվում պահանջում էին 6,5 տարվա ազատազրկում։  

Զարմանալի էր, սակայն Մոսկվան այդպես էլ չկարողացավ իր քաղաքացուն «ստանալ» դեռ Մինսկում, իսկ հետո պաշտոնական հայտարարություն հնչեց, թե «Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ»… Իսկ Իսրայելի Արդարադատության նախարարի հայտարարությամբ, իրենք «շարունակում են ամեն ջանք գործադրել, որպեսզի օգնեն բլոգեր Լապշինին»…

Սակայն, Բաքուն այդպես էլ չկարողացավ այս ձերբակալությունից ստանալ այն «պտուղները», ինչն ակնկալում էր, ավելին՝ ձախողվեց լիովին: Միջազգային զլմ-ների կարծիքով եւս՝ Բաքուն ակնհայտորեն ձախողվել է Լապշինի գործով: Ադրբեջանի նախագահը իրավիճակը հետագա ձախողումներից փրկելու համար «մեծահոգաբար» ներում է շնորհել բլոգերին: Իսկ մինչ այդ, ձերբակալման վերաբերյալ միջազգային լայն արձագանքի բացակայությունը ոգեշնչել էր Բաքվին, հույս տվել, թե կկարողանան կանխել միջազգային այցերը Արցախ նույնիսկ որպես զբոսաշրջիկ, ինչպես ներկայացրել էր իրեն բլոգերը:

«Ուրախ եմ, որ ազատությունից ապօրինի զրկված եւ դատապարտված մարդը կվերադառնա տուն» (արդեն մեկնել է Իսրայել, անցել է բուժզննում,- խմբ.),- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի՝ սեպտեմբերի 11-ին ստորագրած հրամանագրի մասին:

«Այդ ազատության գինը միայն դիրքորոշում փոխելու եւ ներողություն խնդրելու հարկադրանքն էր, թե մեկ այլ բան, այս պահին դժվար է ասել։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Բայց մի բան պարզ է. բլոգերի գործով Ադրբեջանը ակնհայտ նպատակ էր հետապնդում օտարերկրացիների դեպի Արցախ այցելությունները կրճատելու, ԼՂՀ քաղաքացիների խնդիրների միջազգային լուսաբանումները սահմանափակելու, որը նույնքան ակնհայտորեն ձախողվել է։ Ավելին, թե՛ մեր Սփյուռքը եւ թե՛ միջազգային իրավապաշտպան հանրության առավել սկզբունքային հատվածը նոր խթան են ստացել Արցախում առավել ակտիվ գործելու համար»,- նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։