Հայկական դիրքերը կբարելավվե՞ն – Բաքուն սովորել է, որ միակողմանի խախտումներն ու սադրանքներն անպատժելի են եւ միջազգային քաղաքականության երկակի չափորոշիչների առկայությամբ անգամ շահեկան են դառնում… Երեւանն ու Ստեփանակերտը միայն զարմանքն ու զայրույթն է ապրում ԵԱՀԿ ՄԽ միօրինակ ու անդեմ հայտարարություններից…

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մութոնենը (Ավստրիա) մի շարք հրատապ հարցեր է քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ, այդ թվում՝‘նախագահ Իլհամ Ալիեւի, Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հակամարտությունների կարգավորումը, ընտրությունները, մարդու իրավունքներն ու ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը եղել են երկկողմ  քննարկումների օրակարգում:

Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք շփման գծում հանգեցնում են զոհերի, Քրիստին Մութոնենը ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հրատապությունը: Նա նշել է, որ ձախողումը կշարունակի պատճառել անընդունելի մարդկային կորուստներ, ինչպես նաեւ կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման խաթարմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթ լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տեղական իշխանությունների համար»,- ասել է Քրիստին Մութոնենը՝ նշելով, որ առաջիկա ամիսներին նա նույն ուղերձով հանդես կգա նաեւ Երեւանում, քանի որ «այս հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ադրբեջանում հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Կարեւորել է միջմշակութային եւ միջկրոնական փոխանակումները՝ որպես  վստահության ամրապնդման միջոցառումներ հակամարտությունների կարգավորման ժամանակ: «Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջեւ աճող շփումները կարող են հանդիսանալ լարվածության նվազեցման եւ համագործակցության խթանման հզոր միջոց»,- ասել է նա՝ կրկնելով մյուս եվրագործիչների անգիր արած տողերը՝ այդպես էլ չանսալով իրականության ձայնին:  

Իսկ իրականության ձայնը վաղուց է ասել, որ հայն ու թուրքն անհամատեղելի են, հատկապես այն դեպքում, երբ թյուրքական կիսամարդ-կիսագազան ցեղախմբերն իրենց քոչվորական կյանքին վերջ են տվել հայերի հայրենիքի ավելի քան 90%-ը զավթելուց ու այնտեղ արհեստական պետություններ (Թուրքիա եւ Ադրբեջան) հիմնելուց հետո (իհարկե, ոչ առանց համաշխարհային ուժերի նպատակային ցանկության)…

Ինչ կտան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկկողմանի հանդիպումները, երբ անգամ պետությունների ԱԳ նախարարների եւ 1-ին դեմքերի՝ նախագահների հանդիպումներն են անարդյունք ավարտվում: Բաքուն սովորել է, որ միակողմանի խախտումներն ու սադրանքներն անպատժելի են եւ միջազգային քաղաքականության երկակի չափորոշիչների առկայությամբ անգամ շահեկան են դառնում, քանի որ քննադատող գնահատականները երկու կողմերին են հնչում հավասարապես, ինչը որոշակի բարոյա-հոգեբանական առավելություն է տալիս պարտվողական հոգեբանությամբ ապրող ադրբեջանցիներին: Հաղթած եւ նոր հաղթանակների պատրաստ հայկական կողմը միայն իր զարմանքն ու զայրույթն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունների առիթով, կոչ անում լինել ազնիվ եւ արդարամիտ, որոնք այս աշխարհի միջազգային հանրություն կոչվածի համար անհասկանալի ձեւակերպումներ են…

Այս ամենն ավելի պարզորոշ երեւակվեց, երբ բացահայտվեցին Բաքվի կաշառատվության ու եվրո-ամերիկյան կամ ռուսական կաշառակերության հետքերը…

Ինչեւէ, Քրիստին Մութոնենը նաեւ ընդգծել է, թե ԵԱՀԿ ԽՎ-ն  աջակցություն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ միաժամանակ նշելով, որ բոլոր կողմերից պահանջվում է ավելի մեծ քաղաքական կամք եւ պարտավորություն (բոլոր կողմերը՝ նախահարձակ եւ սահմանախախտ Ադրբեջանն ու սահմանապահ եւ հակահարված տվող Հայաստանն են,- խմբ.):

Հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաեւ քննարկել է ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների արդյունավետ դիտարկման կարեւորությունը: Ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն այլեւս չի կարողացել լրիվ ապահովել իր ներկայությունը այդ երկրում սակայն վերահաստատել է կազմակերպության շահագրգռվածությունը շարունակական համագործակցության հարցում (ավելի պարզ՝ ԵԱՀԿ-ն վռնդվել է Բաքվից, որը հետագայում նպաստեց երեւանյան տարածաշրջանային գրասենյակի փակմանը… ու այս ամենն առանց պատասխան հարվածի է մնացել եվրոպական համագործակցության կողմից,- խմբ.):

Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին Քրիստին Մութոնենը կայցելի նաեւ Հայաստան, ինչը ոչինչ չի փոխի այս հարցում, քանի դեռ Ադրբեջանի սադրիչ եւ խախտումներով տարվող քաղաքականությունը չի արժանանում համարժեք պատիժների: Իսկ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին կայցելի տարածաշրջան այս ամսվա վերջին:

Օրերս տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկով ԱԺ խորհրդի 2017թ.հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում խորհրդարանի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 5-րդ հավելվածում կատարվել է փոփոխություն. ՀՀ ԱԺ խորհրդի քվեարկությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Եվ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել 2017թ. հուլիսի 11-ին ընդունված «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մի շարք հավելվածներում: ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի եւ նույն նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ինչպես նաեւ ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են խորհրդարանի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ մի շարք հարցերի քննարկման տեւողությունը:

«Լուսանցք»-ը պարբերաբար ներկայացնում է ինչպես ԵԽ եւ ԵՄ հետ մեր հարաբերությունները, այնպես էլ՝ մեր ռազմավարական բարեկամ երկիր համարվող Ռուսաստանի, նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ մեր գործընկերների վերաբերմունքը Արցախի եւ հայկական այլ հարցերի նկատմամբ, ինչը գրեթե ոչ մի բանով չի տարբերվում եվրա-ամերիկյան ուղղության վերաբերմունքից՝ երկակի չափորոշիչներով առաջնորդվող տեսակետից: Ավելին, եթե Եվրամիության անդամ երկրները ոչ մի փաստացի պարտավորություն չունեն Հայաստանի նկատմամբ, ապա Եվրասիամիության անդամ երկրներն ունեն պայմանագրերով, սակայն չեն կատարում, երբեմն նաեւ հակառակը՝ ընդդեմ Հայաստանի են կատարում իրենց «պարտականությունները»…

Այդ «պարտականությունները» հատկապես տեսանելի են Արցախի հարցում: Դառնալով ԵԱՀԿ ԽՎ-ին՝ նշենք, որ հերթական նստաշրջաններում այստեղ եւս կարող է քննարկվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Բաքվում ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը՝ հավելելով, որ «ԵԱՀԿ ԽՎ-ն լավ հարթակ է՝ կազմակերպության տարածքում առկա խնդիրների քննարկման համար։ Տարբեր անդամ երկրների խորհրդարանականները պարբերաբար բարձրացնում են այնտեղ հարցեր, որոնք վերաբերում են իրենց պետություններին։ Անշուշտ, մենք սպասում ենք նաեւ ԽՎ օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի ներառում»։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենենն ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգման ուղղությամբ։ «Մենք, ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ, աշխատում ենք տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ եւ ի բարօրություն մարդկանց»,- ասել է նա՝ հերթական անգամ հայերիս համար որպես ծաղր հնչեցնելով ադրբեջանական ձգտումները՝ «տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ եւ ի բարօրություն մարդկանց»…

Բայց մի բան կա, որ գոնե դեռ հուսադրում է: Վերջերս Փարիզում ավարտվեց ԵԽԽՎ Բյուրոյի նիստը, որի ժամանակ Բյուրոն կարեւոր որոշում կայացրեց ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով (այս իտալացի պաշտոնյան ադրբեջանական կաշառքի ամենագլխավոր եվրադեմքն է):

Բյուրոն հաստատել է հոկտեմբերի 9-ին մեկնարկող՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգը, եւ հենց առաջին օրը նիստի բացումից հետո նախատեսվում է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձեւի քվեարկություն: Նախորդ անգամ քվեարկություն չկազմակերպվեց, քանի որ ԵԽԽՎ-ի պատվիրակները, որոնք նախաձեռնել էին եւ ովքեր շահագրգիռ էին գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել, այն ժամանակ ներկայացրին քարտուղարություն, որ քվեարկությունը նախատեսվի հենց հոկտեմբերյան նստաշրջանի առաջին օրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է որակյալ մեծամասնությամբ տեղի ունենա այդ քվեարկությունը:

Ըստ մեր պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի, սա նշանակում է, որ ընթացակարգը հաստատվել է. «Առաջինը խոսքը տրվելու է անվստահության բանաձեւն առաջինը ստորագրած նորվեգացի պատվիրակին, որը կներկայացնի հիմքերը եւ կխոսի անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Դրանից հետո քաղաքական խմբի ղեկավարներն իրենց տեսակետները կհայտնեն: Չի լինելու դեբատ, որ այլ պատվիրակների հնարավորություն ընձեռվի տեսակետներ հայտնելու: Հետո խոսքը կտրվի Պեդրո Ագրամունտին, որից անմիջապես հետո տեղի կունենա քվեարկությունը: Պահանջվում է, որ քվեարկությանը մասնակցի նվազագույնը 102 հոգի, եւ 2/3-ը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն, պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին»:

Ըստ դիտարկումների, հավանական է, որ նիստում կապահովվի որակյալ մեծամասնությունը եւ քվեարկությունը լիարժեք կլինի, քանի որ անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցել էր մոտ 200 պատվիրակ: Քվեարկությունը կկայանա ամեն դեպքում, եթե նույնիսկ Պեդրո Ագրամունտն նիստին չմասնակցի:

Սա հույս կտա, որ ադրբեջանական բանանային կամ խավիարային քաղաքականությունը իր վերջը կգտնի Եվրոպայում, ինչը թույլ կտա հայկական խնդիրները լիարժեք ներկայացնել եվրոպական ամենաբարձր ատյաններում: Իսկ սա չի կարող իր դրական ազդեցությունը չթողնել նաեւ ռուսական ուղղության վրա, քանի որ Ռուսաստանն ինքը որոշակի քայլեր է անում հենց եվրաուղղությամբ:

Ի նպաստ մեր երկրի կգործի նաեւ նոյեմբերին նախատեսվող ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրումը: Ի դեպ, այս դեպքում Հայաստանը կլինի միակ ԵԱՏՄ երկիրը, որ պայմանագիր կունենա ԵՄ հետ…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։