Նախնյաց տոնն է՝ հայ արիները նշում են մեր նախնիների հիշատակի օրը…

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիները, եւ նրանց միացած համախմբված հայ ազգայնականները, ինչպես միշտ, նշել են Նախնյաց ավանդական տոնը:

Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը անցկացրել են Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ (խոշորացույցի օգնությամբ):

Կրակը գտնվել է շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ էր դրված՝ հողե բլրակներով կազմված, որ խորհրդանշում են Հայկական լեռնաշխարհի սարերըՀողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:

Շրջանաձեւ բլրակներից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով պատրաստվել են խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր է լցվել՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից…  

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, կառույցի Գերագույն Խորհրդի անդամների հետ ձոներով փառաբանել են հայ նախնյաց:

Այս օրը փառաբանվում են նաեւ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը՝ մեր նախնյաց հոգե-ոգեղեն աշխարհները պահպանելու եւ նրանց հետ հոգե-ոգեղեն կապն ամրապնդելու համար: Հատուկ ծես է կատարվել Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ հանուն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Այս օրը նաեւ աքաղաղի զոհաբերություն է մատուցվում Հայ Աստվածների, մեր սրբազան հոգի-ոգիների ու հայ մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման, վերաիմաստավորման ու վերամիավորման նպատակի համար…

Արիադավան հայերը հիշել են նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները՝ հանուն աւյդ անկախության զոհված մարտիկների ոգեկոչման:

Կարեւորվեց նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի նշանակությունն ու դերը Երեւանում եւ հայության անխախտ ու նպատակային կապը:

Նախնյաց հիշատակի օրը հայ արիների համար տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշում ու մեծարում են բոլոր նախնիներին, ուժ ստանում նրանցից, եւ այն որեւէ կապ չունի հուդա-քրիստոնեական մեռելոցների հետ: Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի տիեզերակապը Երկրային Հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից ձգվում է դեպի Երկնային Հոգե-Ոգեղեն եւ Աստվածային Հայկական Աշխարհները…»:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

23.09.2017թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։