Հայկական խոհանոց – Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ… Հայկական գորգը՝ ազգային հպարտություն – ցուցադրություն Երեւանի բնակելի շենքերի պատուհաններից… Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – 2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում… Սերժ Սարգսյանը մասնակցեց Ասիական 5-րդ խաղերի բացմանը… Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երեւան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը… Ստեփանակերտի 94-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը… Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, հեծանվասպորտի, մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ

Բաղադրությունը -  Դդմիկ – 2 կգ, հորթի միս – 0.5 գ, սոխ – 2 գլուխ, ձու – 4 հատ, կարագ – 100 գ, բուսայուղ – 50 գ, մաղադանոս – 1 կապ, սեւ պղպեղ, աղ, հալչող պանիր – 200 գ, թթվասեր – 200 գ:

Պատրաստման եղանակը – Աղացած միսը դնել թույլ կրակին, ջուրը ցամաքելուց հետո կտրտած սոխը լցնել մսին: Ավելացնել կարագ, եթե միսը յուղոտ չէ: Պղպեղով համեմել: Սպասել՝ մինչեւ սոխը տապակվի եւ վերցնել կրակի վրայից:

Ջեռոցի թավայի մեջ բուսայուղ քսել եւ շերտ -շերտ դնել կտրտած եւ ձվի մեջ թաթախված դդմիկները: Հետո լցնել միսը, կրկին դնել դդմիկները: Երեսին քսել թթվասեր, դնել ջեռոցը 20 րոպե (180 աստճան): Հենց երեսը կարմրի, հանել, վրան լցնել հալչող պանիր:

Հետո նորից դնել ջեռոցը 5 րոպե: Ասենք, որ մաղադանոսն էլ պետք է լցնել շերտ-շերտ կամ վերեւի շերտին՝ ըստ ցանկության: Բարի ախորժակ:

Հայկական գորգը՝ ազգային հպարտություն

Սեպտեմբերի 20-ին վաղ առավոտից մինչ ուշ երեկո Երեւանի տարբեր հատվածների բնակելի շենքերի պատուհաններից, տարբեր հաստատությունների պատշգամբներից երեւում էին հայկական գորգեր: Ինչպես տեղեկացնում են SPRING PR-ընկերությունից՝ տեղի է ունեցել «Հայկական գորգը ազգային հպարտությունն է»  ֆլեշմոբ։ Մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում:

Յուրաքանչյուր անձ, ով հայկական գորգ կամ ձեռագործ կարպետ ուներ, միացել է՝ իր պատուհանը կամ պատշգամբը զարդարելով հայկական գորգերով եւ կարպետներով:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» ֆլեշմոբի՝ որպես զանգվածային միջոցառման նպատակն է ազգային գորգի եւ գորգարվեստի արժեւորումը, գորգագործության ավանդույթների պահպանման հիմնախնդրի բարձրաձայնումը, լայն հանրության իրազեկումը հայկական գորրգի ինքնատիպ մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ։ Միջոցառման գաղափարի եւ իրականացման հեղինակն ու նախաձեռնողն է հայկական գորգի ազգային կենտրոնը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս կենտրոնի նպատակն է յուրօրինակ ձեւաչափով, ազգային ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, հայկական գորգը ճանաչելի դարձնել աշխարհին:

Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում

Մեկ այլ՝ «Պարենք հայերով» համահայկական ավանդական ֆլեշմոբ էլ կազմակերպվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: «Հրայրք» պարի խումբը, տարբեր մշակութային ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները համախմբվել են մեկ գաղափարի ու նպատակի շուրջ՝ պահպանել ավանդական երգն ու պարը:

Միջոցառման ընթացքում պարի խմբերը համալրվել են պատահական անցորդներով, ովքեր այդ պահին պարելու ցանկություն են ունեցել: Ֆլեշմոբը հետագայում տեղադրվելու է համացանցում եւ ի տես աշխարհի տարածելու է ազգային երգն ու պարը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում

2024թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, իսկ Լոս Անջելեսը 2028-ին է ընդունելու Խաղերը: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն Լիմայում համաժողովի ժամանակ: Փարիզն ու Լոս Անջելեսը դեռեւս հուլիսի սկզբին էին հաստատվել 2024-ի եւ 2028-ի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ, բայց այդ ժամանակ դեռ որոշված չէր, թե քաղաքներից որն առաջինը կընդունի խաղերը: Հավակնորդները պետք է իրենք որոշեին:  

2024 եւ 2028 թթ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաեւ Համբուրգը, Բուդապեշտը եւ Հռոմը, բայց վերջնական ցուցակում չէին ընդգրկվել: Փարիզն ու Լոս Անջելեսն Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ 1900 եւ 1920 թթ., իսկ ամերիկյան Լոս Անջելեսը՝ 1932 եւ 1984 թթ.: Առաջիկա ամառային Օլիմպիական խաղերը 2020թ. կկայանան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Սերժ Սարգսյանը մասնակցեց Ասիական 5-րդ խաղերի բացմանը

Հայաստանի նախագահը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբաթում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Սերժ Սարգսյանը ստացել եւ ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Մինչ խաղերի բացումը կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական խաղերը հաջողությամբ կանցկացվեն եւ համահունչ կլինեն խաղերի կարգախոսին: Թուրքմենստանի առաջնորդը կարեւորել է սպորտի եւ օլիմպիական շարժման դերը միջպետական կապերի ամրապնդման, ժողովուրդների միջեւ բարեկամության ու փոխըմբռնման հասնելու տեսանկյունից: Նախագահների համոզմամբ, դա կօգնի նաեւ ՄԱԿ-ին՝ հաջողությամբ կյանքի կոչելու կայուն զարգացմանը միտված համընդհանուր ռազմավարությունը: Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի ու տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երեւանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Երկկողմ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին, հյուրընկալվել է Թուրքմենստանի առեւտրաարդյունաբերական պալատում, որտեղ  Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից կազմակերպվել է ընդունելություն: Իսկ Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Աշգաբատի Օլիմպիական մարզադաշտում: Օլիմպիական գաղափարախոսության համաձայն անցկացվող այդ խաղերին մասնակցում են 65 երկրից 5000-ից ավելի մարզիկներ, ովքեր իրենց ուժերը չափելու են 21 մարզաձեւերում: Ասիական խաղերն անցկացվում են «Առողջություն, ներշնչանք, բարեկամություն» խորագրի ներքո:

Մեկնարկեց «Երեւան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարը

Շախմատի ակադեմիայում մեկնարկեց Երեւանում արդեն 2-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երեւան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին:: Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում՝ 20 միջազգային գրոսմայստեր եւ 25 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ:

Բացմանը ներկա Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը նշել է, որ շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում ու, հատկապես մայրաքաղաքում, ստեղծված են բոլոր նախապայմանները՝ շախմատային աշխարհի նոր անունների բացահայտման եւ կայացման համար: «Հատկապես վերջին տարիներին Երեւանում ավելի հաճախ են կազմակերպվում միջազգային փառատոներ ու մրցույթներ, ստուգատես օլիմպիադաներ ու առաջնություններ, որոնց կազմակերպումն ու իրականացումն, անշուշտ, եւ՛ հաճելի է, եւ՛ պատվաբեր: Իսկ դրանց շարքում, իհարկե, իրենց ուրույն տեղն ունեն շախմատի սպասված միջազգային մրցաշարերն ու առաջնությունները»,- ասել է քաղաքապետը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ Երեւանի համար իսկապես պատվաբեր ու սպասված է միջազգային նման մրցաշարի անցկացումը: Նշել է, որ մրցաշարի գլխավոր կազմակերպիչն է Երեւանի շախմատի ֆեդերացիան: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: «Երեւան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով:

Հ.Գ. – «Երեւան Օփենը» սկսեցին գլխավորել Կարեն Գրիգորյանն ու Արման ՄիքայելյանըՀայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երեւան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ փուլը: Մրցաշարի առաջատարների մասնակցությամբ պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Արման Միքայելյան – Ամին Տաբատաբաեի՝ 1:0, Կարեն Գրիգորյան – Արթուր Գաբրիելյան՝ 1:0, Տիգրան Լ. Պետրոսյան – Արտաշես Մինասյան՝ 1:0, Ալեքսեյ Կիսլինսկի – Ալեքսեյ Ալեքսանդրով՝ 0,5:0,5:

Այդպիսով, 4 խաղից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Հայաստանի շախմատիստներ Կարեն Գրիգորյանը եւ Արման Միքայելյանը: Նրանց հաջորդում են 11 շախմատիստներ, որոնք զիջում են կեսական միավորով:

Հաջորդ, 5-րդ փուլի կենտրոնական պարտիայում Արման Միքայելյանը սպիտակներով կմրցի Կարեն Գրիգորյանի հետ: Մարզական առումով մեծ նշանակություն ունեն նաեւ Հովհաննես Գաբուզյան – Հրանտ Մելքումյան, Չանդա Սանդիպան – Տիգրան Լ. Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան – Իվան Ռոզում, Արման Փաշիկյան – Օլեգ Կորնեեւ պարտիաները:

Հանիսյանների ընտանիքի մարզական հաջողությունները

Ալավերդի քաղաքում բնակվող Հանիսյանների տանը մի անկյուն կա, որը ընտանիքի մարզական հաջողությունների վկան է: Բազմաթիվ պատվոգրերին վերջերս ավելացավ ևս մեկը՝ Մարզական ընտանիք ամենամյա մրցույթի հանրապետական փուլում երկրորդ մրցանակային տեղ գրավելու համար:

Երեք երեխաներ ունեցող Հանիսյան ընտանիքը բազմաթիվ սպորտային մրցումների է մասնակցել, անգամ այն ժամանակ, երբ փոքր տղան ընդամենը 40 օրեկան է եղել:

Հայաստանի բանակային ըմբիշները հաղթեցին ադրբեջանցիներին եւ մտան եզրափակիչ

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի 2 հայ ըմբիշներ մտել են եզրափակիչ եւ կպայքարեն չեմպիոնի կոչման համար:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը կիսաեզրափակիչ մրցամարտում հաղթեց Ադրբեջանի բանակի ներկայացուցչին, եզրափակիչում ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսեյ Կիյանկինի հետ: 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը, որը քառորդ եզրափակիչում նույնպես հաղթել էր էր ադրբեջանի ըմբիշին, վճռորոշ մենամարտում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ադամ Կուրակի հետ: Մեր մյուս 2 ըմբիշները՝ 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը եւ 75 կգ քաշային Արմեն Բաղդասարյանը, անհաջողության մատնվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին պայքարից:

Հ.Գ. – Կարեն Ասլանյանը՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն – Կլայպեդայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբիշները նվաճեցին առաջին 2 մեդալները: Կարեն Ասլանյանը 66 կգ քաշային կարգի ըմբիշների մրցաշարում հասավ եզրափակիչ, որտեղ 3:1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսեյ Կիյանկինին եւ հռչակվեց բանակայինների աշխարհի չեմպիոն:

71 կգ քաշային Արմեն Հակոբյանը նույնպես մտել էր եզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտում նա 1:3 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ադամ Կուրակին եւ բավարարվեց արծաթե պարգեւով:

Հ.Գ. – Էդգար Խաչատրյանը՝ բանակայինների աշխարհի փոխչեմպիոնԼիտվայի Կլայպեդա քաղաքում կայացած ըմբշամարտի 2017թ բանակայինների աշխարհի առաջնության վերջին օրը մեր հունահռոմեական ոճի ըմբիշները 2 մեդալ նվաճեցին: Գերծանր քաշային ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակիչ մրցամարտում 2:9 հաշվով պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուսկասին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: 80 կգ քաշային Ռաֆայել Մանուկյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 9:0 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Դամիեն Դիտշեին եւ արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ ահա 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը բրոնզի համար մենամարտում պարտվեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին՝ 0:5:

Բանակային ըմբիշներ Էդգար Խաչատրյանն ու Ռաֆիկ Մանուկյանն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել – Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: 130 կգ քաշային կարգի եզրափակչում Էդգար Խաչատրյանին չի հաջողվել հաղթել լիտվացի ըմբիշին։ Խաչատրյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Արգիշտի Աբգարյանը (85 կգ) 3-րդ տեղի համար գոտեմարտում պարտվել է։ Այսպիսով, բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները, թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

Պրիշտինայում (Կոսովո) այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ծանրորդներից առաջինը պայքարի մեջ մտան 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) եւ Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ):

Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի է նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ), արծաթ՝ պոկումում (81 կգ): Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացել է արծաթե մեդալի, սակայն հավասարը չի ունեցել պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվել է բրոնզե մեդալով:

Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղյի Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այս զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով խաղեր): Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:

Աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ  Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը, մասնակցում են մրցաշարին:

Հ.Գ. - Լեւոն Արոնյանն ոչ-ոքի ավարտեց եզրափակիչ առաջին հանդիպումը – Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցամարտի առաջին խաղում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը հանդիպման ընթացքում չնայած որոշակի դիրքային առավելություն ստացավ, սակայն դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար: Արդյունքում, հանդիպման 35-րդ քայլից հետո նա խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ:

Մրցամարտի երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, նույն ժամին: Լեւոն Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով:

«Փյունիկ»-ն ու «Բանանց»-ը գոլեր չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դաշտում ընդունեց «Բանանց»-ին: Հանդիպման 90 րոպեներին ֆուտբոլիստների գործադրած բոլոր ջանքերն էլ զուր անցան եւ դարպասներն այդպես էլ մնացին գոլազուրկ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, «Բանանց»-ի դաշտում:

«Գանձասար-Կապան»-ը սեփական դաշտում առավելության հասավ «Փյունիկ»-ի նկատմամբ

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ փուլի առաջին հանդիպումը: Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Փյունիկ»-ին: Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց տանտերերի խաղացող Վասպուրակ Մինասյանը: 2-րդ կեսի 53-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը 2-րդ անգամ գրավեց փյունիկցիների դարպասը, իսկ 10 րոպե անց Ալեքս Ջունիորը եռապատկեց հաշիվը: Հանդիպման վերջին րոպեին փյունիկցի Նարեկ Ասլանյանը հեռահար հարվածով խփեց միակ պատասխան գնդակը՝ 3:1: «Գանձասար-Կապան»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 8 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Փյունիկ»-ը, հակառակը, չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում եւ այժմ 5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Ինչու անավարտ մնաց «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի վերջին՝ «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղն անավարտ  մնաց (սեպտեմբեր 17): Հանդիպման վերջում, երբ 2:0 հաշվով առջեւում էին կապանցի ֆուտբոլիստները, խաղի գլխավոր մրցավարը վիճաբանության բռնվեց «Արարատ»-ի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանի հետ եւ պահանջեց նրան լքել պահեստայինների նստարանը: Անվանի մասնագետը չհամաձայնելով խաղավարի հետ, չհեռացավ իր տեղից: Արդյունքում, հանդիպման գլխավոր մրցավարն որոշեց ժամանակից շուտ ավարտել խաղը:

Այս միջադեպը միանշանակ կքննարկվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեում:

Արկադի Անդրեասյանը 2 տարով որակազրկվել է` ոչ մարզական պահվածքի համար

Տ ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Կոմիտեի որոշմամբ Երեւանի «Արարատ»-ի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը 2 տարով զրկվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ ՀՀ առաջնության «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղում հեռացվելու եւ ոչ մարզական պահվածքի համար:

Այդ խաղն անավարտ մնալու համար «Արարատ» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ ակումբը տուգանվել է 250 հազար դրամով:

Առաջնության 3 խաղով որակազրկվել է նաեւ Երեւանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ «Շիրակ»-ի հետ խաղում հեռացվելու եւ ոչ սպորտային պահվածքի համար: «Ալաշկերտ» ակումբը տուգանվել է 100 հազար դրամով:

Նշենք նաեւ, որ «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղոին կարմիր քարտ ստացած 2 ֆուտբոլիստները՝ Արամ Մուրադյանը եւ Անդրանիկ Ոսկանյանը որակազրկվել են 1-ական խաղով, իսկ ակումբները տուգանվել են 25-հազարական դրամով:

Ստեփանակերտ քաղաքի 94-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը

Սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել զանգվածային լրատվամիջոցների մինի ֆուտբոլի միջազգային մրցաշար:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցել են 6 թիմեր՝ Ստեփանակերտից, Երեւանից, Ախալքալաքից, Օդեսայից, Բրյանսկից եւ Վոլգոգրադից:

Միջոցառմանը ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են եւ սպորտի մասսայականացմանը, եւ Արցախի ու տարբեր երկրների լրագրողների միջեւ գործնական եւ մարդկային կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանն ասել է, որ սա կենսական պահանջ է, եւ որ այսպիսի մրցաշարերի կազմակերպումը պետք է դարձնել ավանդական:   «Ֆուտբոլը ստեփանակերտցիների ավանդաբար սիրած մարզաձևերից է, եւ պատահական չէ, որ խորհրդային տարիներին Արցախի հավաքականը ուժեղագույններից մեկն է եղել: Այսօր, կարծում եմ, ժամանակն է վերականգնելու լավագույն ավանդույթները, հատկապես, որ ունենք ժամանակակաից չափանիշներին համապատասխանող մարզադաշտ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Իսկ ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ ԱշոտԴանիելյանը նշել է, որ մրցաշարը նվիրված է Ստեփանակերտ քաղաքի 94-րդ տարեդարձին: «Վերջին տարիներին արցախցի մարզիկները մեծ հաջողություններ են ունեցել՝ բազմաթիվ մրցանակային տեղեր զբաղեցնելով միջազգային կարգի տարբեր մրցույթներում: Արցախը համաշխարհային սպորտի լիարժեք մաս է կազմում և ոչինչ չի կարող խոչընդոտել Արցախում ևս միջազգային կարգի մրցաշարարի անցկացմանը»,- ասել է վարչության պետը:

Իսկ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Հայստանի լրագրողների հավաքականի ավագ Տիգրան Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնության հեղինակը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է: Իսկ ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հովանու ներքո, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գրանտային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի եւ կառավարության աջակցությամբ: Տիգրան Հովհաննիսյանն ավելացրել է որ լրագրողների մասնակցությունը նմանատիպ մրցաշարերի շատ կարևոր է, քանի որ սպորտը նախ եւ առաջ առողջ ապրելակերպ է, եւ լրագրողները պետք է բոլոր ոլորտներում էլ լինեն:

Ֆուտբոլային մրցաշարին թիմերը հանդես են եկել խմբային խաղերով: Մրցաշարի վերջին փուլում Արցախի հանրային հեռուստատեսության թիմը, 4-2 հաշվով հաղթելով ՀՀ թիմին, ընդհանուր միավորներով զբաղեցրել է մրցաշարային 1-ին տեղը: Միջոցառմանը ներկա էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:

ՖԻՖԱ-ն հրապարակել է լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2017թ. լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդներին՝  Կրիշտիանու Ռոնալդու, Լեոնել Մեսի եւ Նեյմար: Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 23-ին Լոնդոնում:

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում կիսապաշտպանի եւ հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը։
Արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լեոնեկ Մեսսին  իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիորը հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենում եւ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Հայաստանի հավաքականը նահանջել է 11 տեղով պարտություններից հետո

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 11 տեղով եւ այժմ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ մեր ընտրանին 2018թ աշխարհի առաջնության  ընտրական փուլի վերջին երկու խաղերում 0:1 եւ 1:4 հաշվով պարտություններ է կրել  համապատասխանաբար Ռումինիայի եւ Դանիայի  հավաքականներից:

Դասակարգման աղյուսակն այժմ գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: 2-րդը Բրազիլիան է, 3-րդը՝Պորտուգալիան:

Աղյուսակ – Առաջին տասնյակի, ԱՊՀ նախկին երկրների եւ Հայաստանի հավաքականի մրցակիցների

Գերմանիա – 1606 միավոր

Բրազիլիա – 1590

Պորտուգալիա – 1386

Արգենտինա – 1325

Բելգիա – 1265

Լեհաստան – 1250

Շվեյցարիա – 1210

Ֆրանսիա – 1208

Չիլի – 1195

Կոլումբիա – 1191

Ուկրաինա – 888

26.Դանիա – 848

Չեռնոգորիա – 749

Ռումինիա – 714

Ռուսաստան – 558

Ուզբեկստան – 511

Բելառուս – 454

ՀԱՅԱՍՏԱՆ – 414

Էստոնիա – 413

Վրաստան – 328

Լիտվա – 266

Ղրղզստան – 260

Ղազախստան – 254

Թուրքմենստան – 221

Տաջիկստան – 213

Լատվիա – 182

Մոլդովա – 148

Հենրիխ Մխիթարյանի գոլը  օգնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ջախջախել մրցակցին 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Լիվերպուլի «Էվերտոն»-ին: Հանդիպման արդեն 4-րդ րոպեին Վալենսիան բացեց հաշիվը եւ առաջ մղեց տանտերերին: Դրանից հետո, սակայն, մանչեսթերցիները երկար ժամանակ չէին կարողանում ամրապնդել հաջողությունը: «Կարմիր սատանաներին» այդ հարցում օգնեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով 83-րդ րոպեին կրկնապաըկեց հաշիվը՝ խփելով իր անդրանիկ գոլը Անգլիայի ընթացիկ առաջնությունում: 5 րոպե անց մեր ֆուտբոլիստը փոխարինվեց, սակայն նրա խաղընկերները շարունակեցին իր կողմից սկսած գործը եւ վերջին րոպեներին եւ երկու գոլ գրանցեցին «Էվերտոն»-ի դարպասը: Աչքի ընկան Լուկակուն ու Մարսյալը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր եւ հավասարվեց առաջնության 1-ին տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին:

Բասկետբոլի առաջնությանը հայտավորված է 12 թիմ

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս տարի կանցկացվի բասկետբոլի պատանիների Հայաստանի կանոնավոր առաջնություն: Սեպտեմբերի 30-ից պատանի բասկետբոլիստներն ամեն շաբաթ կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է,  որ առաջնությանը հայտավորված է 12 թիմ, որից 5-ը մարզերից ու Արցախից են, մյուսները՝ Երեւանից:

«Այս տարին շատ կարևոր է, քանի որ նման մասշտաբների առաջնություններ անցկացնելու մեր առաջին փորձն է: Մեր գլխավոր նպատակը հայկական բասկետբոլի բարձրացումն է, իսկ առանց կանոնավոր խաղերի դա անհնար է: Առաջնության շնորհիվ տղաները կայուն խաղային պրակտիկա կունենան: Առավել աչքի ընկած խաղացողները կհամալրեն Մ 16 տարեկանների հավաքականի կազմը: Դեռ շատ աշխատանքներ ունենք անելու: Ի տարբերություն մեծահասակների, պատանեկան առաջնության դեպքում մարզադահլիճների հարցն ավելի լուրջ է: Մի քանի ակումբներ չունեն մարզադահլիճներ կամ այն վարձակալելու հնարավորություն: Փորձում ենք թիմերին օգնել այդ հարցում:

Մարզերում վիճակն այնքան էլ վատ չէ: Գյումրիի հետ կապված մի քանի օրից հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որի մասին կտեղեկացնենք»,- ասել է Արթուր Նազարյանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ ֆեդերացիան թիմերից անդամավճար չի վերցնում, հակառակը՝ ինքն է ֆինանսապես օգնում: «Կանոնավոր առաջնություն անցկացնելու համար ֆինանսական միջոցներ են պահանջվում: Այժմ մեզ աջակցում է ամերիկահայ բարերար, մնացած ծախսերը հոգում է բասկետբոլի ֆեդերացիան: Մի շարք այլ երկրներում պատանեկան թիմերը տալիս են անդամավճար, որի միջոցով էլ կազմակերպում են առաջնությունը: Հաշվի առնելով մեր ակումբների եւ մարզադպրոցների ֆինանսական վիճակը՝ մենք ինքներս ենք հոգում առաջնության ծախսերը, այդ բեռից ազատելով մասնակից թիմերին:

Ցանկանում ենք նաեւ կանանց առաջնություններ անցկացնել: Հաջորդ տարվա համար նոր ծրագրեր ունենք: ՖԻԲԱ-ից աջակցություն կստանանք պատանեկան առաջնությունների անցկացման համար»,- ասել է նա: Արթուր Նազարյանը նշել է, որ այս տարի անցկացվելու է նաեւ Մ 12 տարեկան տղաների Հայաստանի առաջնություն, սակայն ոչ կանոնավոր կերպով:

Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է

Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է: Հավաքականների ձևավորումից հետո հերթը ներքին առաջնությանն է: Երկարամյա դադարից հետո, հոկտեմբերին մեկնարկելու է բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի կանոնավոր առաջնությունը: Այն կոչվելու է Ա-լիգա եւ ընթանալու է շրջանաձեւ համակարգով: Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ  չեմպիոնի կոչման համար պայքարելու է 7 թիմ՝ Երևանից, մարզերից ու Արցախից:

«Հասունացել էր կանոնավոր առաջնություն ունենալու պահը: Մեր հիմնական նպատակը բասկետբոլի մասսայականացումն է: Այսօր շատ են բասկետբոլով զբաղվողները: Կարելի է ասել, որ մեր դուռը թակում են կանոնավոր առաջնությունների կազմակերպման խնդրանքով: Այս պահին քննարկում ենք որոշ հարցեր, կապված ակումբների՝ քաղաքները ներկայացնելու հետ: Հավանական է, որ Երեւանի ակումբներից մեկը ներկայացնի Վանաձորը: Սա նշանակում է, որ թիմը մասամբ տեղափոխվելու է Վանաձոր, քանի որ լիգայի համար կարևոր է նաեւ աշխարհագրությունը:

Լիգան արել է ամեն ինչ՝ թիմերին խաղալու հնարավորություն տալու համար: Առաջնությունը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Լիգան ունի հովանավոր, որը թույլ կտա կազմակերպել հանդիպումները: Աջակիցների թվում է նաև բասկետբոլի ֆեդերացիան»,- ասել է Պողոսյանը: Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, աստիճանաբար պետք է գալ այն վիճակին, որ տեղական ակումբները հավաքականներին կադրեր տան:

«Շատ կարեւոր է, որ ակումբները կայանան ու զարգանան, ունենան մարտունակ կազմ: Նրանք կարող են նաեւ թիմում ընդգրկել սփյուռքի մեր հայրենակցիներին: Վերջին տարիներին ազգային հավաքականի մի շարք խաղացողներ դժվարություններ ունեն ակումբային կարիերայում: ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում քիչ չեն հայ ուսանող բասկետբոլիստները, ովքեր համալսարանն ավարտելուց հետո չեն կարողանում ակումբ գտնել և ժամանակի ընթացքում թողնում են սպորտը»,- նշել է նա:

Ապա ավելացրել է, որ թիմերը խաղալու են տուն-դուրս տարբերակով, իսկ մարզադահլիճների հարցը հիմնականում լուծված է: Հաջորդ շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ակումբների վերջնական անվանումները եւ խաղացանկը:

«Բավականին հետաքրքիր առաջնություն է սպասվում: Հիմնական շրջաններից հետո թիմերը խաղալու են նաեւ փլեյ-օֆֆ: Առաջնության հաղթողը կունենա Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ 2-5-րդ տեղերը գրաված թիմերը՝ Եվրոպայի գավաթի: Սակայն, ակումբները պետք է որոշեն՝ ցանկանում են հանդես գալ եվրագավաթներում, թե՝ ոչ, քանի որ իրենք են հոգալու ֆինանսական ծախսերը:

Խաղերը հիմնականում կկայանան հանգստյան օրերին: Փուլում 3 հանդիպում կանցկացվի: V-sport-ի հետ բանակցում ենք հեռարձակումներ իրականացնելու համար: Հնարավոր է նաեւ հեռուստատեսությամբ հեռարձակում՝ շաբաթական մեկ խաղ տարբերակով»,- ասել է ֆեդերացիայի փոխնախագահը: Հայտնել է, որ առաջնության մեկնարկին զուգահեռ աշխատանքներ են կատարվելու, որ մարզիչներն ու մրցավարները վերապատրաստվեն: Մասնավորապես, հոկտեմբերին եւ նոյեմբերին ֆեդերացիան ՖԻԲԱ-ի հետ համատեղ նախատեսում է անցկացնել մրցավարական եւ սեղանի աշխատակիցների սեմինար:

Հեծանվորդ Հրաչյա Շաբոյանը մասնակցում է աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 17-ից 24-ը Նորվեգիայի Բերգեր քաղաքում ընթանում է խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է ներկայումս ԱՄՆ-ում բնակվող եւ մարզվող Հրաչյա Շաբոյանը՝ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին:
Հրաչյան հանդես է գալու երիտասարդների առաջնությունում եւ սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է 135 կմ խմբային վազքում:

Արթուր եւ Վահագն Դավթյանները մտել են եզրափակիչ փուլ

Սեպտեմբեր 17, 2017 – Հայաստանի մարմնամարզիկները փոփոխակի հաջողությամբ են հանդես եկել Փարիզում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի մրցումային առաջին օրը:

Մեր երեք մարզիկներից առավել բարձր արդյունք ցույց է տվել Արթուր Դավթյանը, որը հենացատկի որակավորման փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա միաժամանակ մտել է օղակներ ձեւի եզրափակիչ փուլ, քանի որ այդ վարժությունում գրավել է 8-րդ տեղը: Այստեղ նրա մրցակիցներից մեկը կլինի Վահագն Դավթյանը, որը որակավորման փուլից հետո 5-րդն է:

Նժույգաթափերում Արթուր Դավթյանը ճանաչվել է 9-րդը, իսկ Հարություն Մերդինյանը՝ 21-րդը: Արթուր Դավթյանը, որը մասնակցում է նաեւ բազմամարտին, հանդես եկել նաեւ զուգափայտերի վրա, որտեղ բավարարվել է 11-րդ տեղով: Տեղի կունենան եզրափակիչ փուլի մրցումները:

Հ.Գ. – Մարմնամարզիկներն անմասն են մնացել մեդալից Փարիզի աշխարհի գավաթի խաղարկությունում - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հանդես են եկել Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր մարմնամարզիկները մի քանի գործիքներում անցել են եզրափակիչ փուլ, բայց չեն կարողացել զբաղեցնել մրցանակային տեղեր:

Հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ տեղը (3-րդը՝ որակավորման փուլում), օղակներում՝ 8-րդ (8):  Հավաքականի առաջատարը որակավորման փուլի նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, զուգափայտերում՝ 11-րդ՝ չկարողանալով անցնել եզրափակիչ: Վահագն Դավթյանը որակավորման փուլի օղակներ վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, բայց եզրափակչում նահանջել է մեկ տեղով:

Հարություն Մերդինյանը նժույգ թափերում թույլ տված սխալի պատճառով որակավորման փուլում 21-րդն էր: Մեր մարզիկները հանդես չեն եկել ազատ վարժություններում եւ պտտաձողում:

Այժմ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Փարիզում, իսկ սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը (հոկտեմբերի 2-ից 8-ը):

Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ-ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին

Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլ Շտոսսը հայտարարել է, որ ավստրիացի մարմնամարզիկները չեն մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղեր-2018-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում, եթե ԿԺԴՀ-ի կողմից  միջուկային-հրթիռային ծրագրի ակտիվացման պատճառով Կորեական թերակղզում լարվածությունն աճի:
«Եթե իրավիճակը վատանա եւ մեր մարմնամարզիկների անվտանգությունը այլևս չերաշխավորվի, մենք չենք գնա Հարավային Կորեա: Մենք, այնուհանդերձ, չենք կարծում, որ դա տեղի կունենա այսօր»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ ասել է Շտոսսը: Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ ջրածնային ռումբի փորձարկումն անցել է հաջող: Այդ նախագիծը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համալրման համար:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։