Նախնյաց տոնն է՝ մեր նախնիների հիշատակի օրը – Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ… Կհիշվեն նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները – կկարեւորվեն նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը Երեւանում եւ հայության շարունակական անխախտ ու նպատակային կապը…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիներն ինչպես միշտ նշելու են Նախնյաց ավանդական տոնը:

Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:

«Կրակը կգտնվի շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ կլինի դրված՝ հողե բլրասարերով կազմված… Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:

Շրջանաձեւ բլրասարերից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով կպատրաստվեն խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր կլցվի՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից…  

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, կառույցի Գերագույն Խորհրդի անդամների հետ ձոներով կփառաբանեն հայ նախնյաց:

Այդ օրը կփառաբանվեն նաեւ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը՝ մեր նախնյաց հոգե-ոգեղեն աշխարհները պահպանելու եւ նրանց հետ հոգե-ոգեղեն կապն ամրապնդելու համար: Հատուկ ծես կկատարվի Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ հանուն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Զոհաբերություններ կմատուցվեն Հայ Աստվածների, մեր սրբազան հոգի-ոգիների ու հայ մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման, վերաիմաստավորման ու վերամիավորման նպատակի համար:

Արիադավան հայերը կհիշեն նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները: Կկարեւորեն նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը Երեւանում եւ հայության անխախտ ու նպատակային կապը:

Իսկ Նախնյաց հիշատակի օրը տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշում ու մեծարում են բոլոր նախնիներին, եւ այն որեւէ կապ չունի հուդա-քրիստոնեական մեռելոցների հետ:

Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի տիեզերակապը Երկրային Հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից ձգվում է դեպի Երկնային Հոգե-Ոգեղեն եւ Աստվածային Հայկական Աշխարհները…»:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։