Սխալ հասցեագրու՞մ, թե՞ հայոց բթամտություն – ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը գտնում է, որ բացասական արձագանքը սխալ է հասցեագրված, սկսած Դաշնակցությունից եւ նախարարի անձից, խեղաթյուրվում է խնդիրը… Իսկ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը դեմ է ռուսաց լեզվի խորացված դասավանդման հայեցակարգին եւ ասել է. «Դա հայոց բթամտությունն է…

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին Tert.am-ի հետ զրույցում կարեւորել է այսպիսի համաժողովների իրականացումը, քանի որ այն համախմբում է բոլորին: Նրա մեկնաբանությամբ, այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել եւ ոչ էլ այնպես է, որ Սփյուռքն է կարող մեկ ձայնով բոլորի անունից խոսել:

«Շատ հիմնախնդիրներ կան, բայց չի կարելի ասել, որ բոլորն են այստեղ բարձրաձայնվում, մի շարք հիմնախնդիրներ բարձրացվում են որոշներն էլ՝ ոչ: Չեմ կարծում՝ սա այն ֆորմատն է, որ ներքին խնդիրները բարձրացվեն, բայց կարելի է այնպես անել, որ որոշ չափով դրանք եւս ներկայացվեին»,- ասել է նա եւ նշել, որ համագումարը համախոհություն ձեւավորելու նպատակ ունի:

Խոսելով իր կուսակից նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած՝ գիտության եւ կրթության ոլորտի մասին, նա անդրադարձել է ռուսերեն լեզվի հայեցակարգին եւ դիտարկմանը, որ մեղադրանքները հնչում են, որ հենց դաշնակցական նախարարի կողմից է դա իրականացվում:  

Կիրո Մանոյանը կարծում է, որ «այդ բացասական արձագանքը սխալ է հասցեագրված, սկսած Դաշնակցությունից եւ անձից, խեղաթյուրվում է խնդիրը, ոչ մեկ չի ասում, որ ռուսերենը պետական լեզու դառնա, բայց պետք է ընդունենք, որ անհրաժեշտ է, որ կրթական համակարգում բարձր մակարդակի լինեն օտար լեզուները, այդ թվում՝ ռուսերենը»: Մանրամասնել է, որ ռուսերենը մեզանում արդեն տարածված է եւ կան այլ խնդիրներ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ: Ըստ նրա՝ այս բոլորը նկատի ունենալով, անհրաժեշտ է, որ կարեւոր դեր ունենա ռուսերենը, սակայն համարել, որ այն վտանգ է ներկայացնում, ծիծաղելի է:  Նա անընդունելի համարեց, որ ՀՅԴ-ին կարող են կասկածել այլասիրության քաղաքականություն վարելու համար: Նա ճիշտ է համարում, որ ռուսերենին առավել կարեւորություն տրվի, բայց կարեւորվեն նաեւ մյուս լեզուները,  որ «չապրենք սարերի գլխին՝ մենակ»:

Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում էլ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ով դեմ է, որ Հայաստանում որեւէ լեզու հայոց լեզվին հավասար կարգավիճակ ստանա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում կառավարության՝ ռուսաց լեզվի խորացված դասավանդման նոր հայեցակարգին, որով ռուսերենն առանձնացվում է եւ որոշակի առավելություններ տրվում, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Դա հայոց բթամտությունն է… մենք էդքան հող էլ չունենք սեփական, մենք փրկել ենք մեր լեզուն, որեւէ հայ եթե ասում է՝ Հայաստանում այլ լեզու լինի,  չգիտեմ՝ ինչ ասեմ, վատ բառեր չեմ ուզում ասել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, առավել եւս մենք աշխատում ենք՝ գրաբարի, արեւմտահայերենի վրա, որ կարողանանք միավորենք։

Հայաստանում երկրորդ լեզու հնարավոր չէ.- շարունակել է պատգամավորը:- Նախ եւ առաջ երկրորդ

լեզվի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ որ այդ ազգի ներկայացուցիչների մեծ մասը քո երկրում է ապրում, մեր երկրում ռուսներ չկան:  «Այդ հարցը ինձ մի տվեք, մի ժամանակ բավականին լուրջ այդ մասին խոսակցություն եղավ, Դուք դեռ նոր-նոր սովորում էիք, երբ Վլադիմիր Պուտինը եկավ այստեղ, ես ու Շավարշ Քոչարյանը ներկայացրեցինք հայերենը եւ նա ընդունեց մեր ասածները: Ընդունեց, որ մենք ճիշտ ենք, որ Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել»։

ԱԺ նախկին նախագահը շեշտել է, որ դեռ չի ուսումնասիրել հայեցակարգը եւ լավ չի պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, բայց կարծում է, որ եթե հայոց լեզվից «ձեռք են քաշում», ուրեմն «ձեռք են քաշում» նաեւ անկախությունից:

«Մենք ազգ ենք մեր լեզվով, պատմության մեջ կարողացել ենք շարունակել մնալ միայն մեր լեզվով, Սփյուռքում էլ ենք պայքարում, որ մեր լեզուն լինի: Եթե մեր լեզուն չօգտագործվի, մենք նոր գտնելու բաներ չունենք»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ իր հանձնարարականով կրթության եւ գիտության նախարարությունում ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգ է մշակվել: Թեեւ վարչապետը սեպտեմբերի 21-ին ասել է, թե ինքը այդպիսի հանձնարարական չի տվել:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Ըստ այդմ, ռուսաց լեզուն հատուկ արտոնություններ է ստանում։ Մասնավորապես, առաջարկվում է ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն եւ այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ միատարր-հայատարր Հայաստանում չի կարող լինել երկլեզվություն, ինչին փորձում է հակադրվել Ռուսաստանը:

Անգամ նշել են, թե ռուսերենը Հայաստանում կարող է լինել ազգամիջյան լեզու, այսինքն՝ ասորին ու հայը, ուկրաինացին ու վրացին, եզդին ու քուրդը հրեան ու հայը եւ այսպես շարունակ՝ պիտի միմյանց հետ շփվեն ռուսերենով:

Իսկ ինչու՞: Հայաստա՞նն է ռուսական երկրամաս է, թե՞ Հայաստանի մայրաքաղաքը Մոսկվան է…

Մեր ազգային ու պետական լեզուն հայերենն է եւ այն անմրցակից է մեր երկրում, պարտադիր է բոլոր հայաստանաբնակների համար:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։