Միավորված ազգերի կազմակերպությունն էլ կբարեփոխեն – Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում… Դոնալդ Թրանփի ներկայացրած հռչակագիրը կազմված է 10 կետից… Վլադիմիր Պուտինը ժամանակ չի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Նախագահը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նյու Յորքում նա նաեւ այլ երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում, շարունակական կդարձնի Հայաստանի մասնակցությունը խաղաղասիրական ու մարդասիրական միջոցառումներին, կնպաստի պաշտոնական Երեւանի արտաքին փոխլրացնող քաղաքականության հետագա ծավալմանը, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների հաստատմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրների պարզաբանմամը եւ այլն (Հայաստանի նախագահի ելույթի առանցքային կետերին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի պատասխան հիստերիային «Լուսանցք»-ը դեռ կանդրադառնա):  

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում՝ համաշխարհային կազմակերպության շտաբ-բնակարանում: Նստաշրջանի առավել հագեցած աշխատանքային շրջանն անցած շաբաթ էր: Համընդհանուր քաղաքական քննարկումները սկսվել են սեպտեմբերի 19-ից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձով: Բացի այդ, առաջին անգամ Գլխավոր ասամբլեայի ամբիոն բարձրացավ ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը, ինչպես նաեւ ելույթներ ունեցան Հայաստանի, Աֆղանստանի, Իսրայելի, Բրազիլիայի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների առաջնորդներ:

Հետաքրքիր է, որ ներկա չէր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նախագահ Պուտինի ժամանակացույցը թույլ չտվեց նրան մասնակցել այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանին, դրանում որեւէ անսովոր բան չկա,- ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Իրականում, այս տարի նախագահի ժամանակացույցը թույլ չտվեց մասնակցել Ասամբլեայի նստաշրջանին, նա դա ամեն տարի չի անում, այդ պատճառով այստեղ որեւէ անսովոր բան չկա»,- հավելել է նա:

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում խոսքով Վլադիմիր Պուտինի բացակայությունը  որեւէ կերպ չի ազդի ՄԱԿ-ի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի վրա:

«Ես կարծում եմ, որ այսօրվա աշխարհն առանց ՄԱԿ-ի շատ ավելի վատը կլիներ»,- նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, դեռ մինչեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Կանցլերը մասնավորապես ընդգծել է խաղաղապահ ուժերի նշանակությունը, ինչպես նաեւ 2015թ. ընդունված մինչեւ 2030թ. կայուն զարգացման նպատակների եւ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրի կարեւորությունը, որին, ըստ նրա, հնարավոր չէր լինի հասնել առանց ՄԱԿ-ի։

Բավականին տպավորիչ է եղել ԱՄՆ-ի նախագահի ելույթը, եւ շատերը կարծում են, որ Ռուսաստանի նախագահի բացակայությունը հենց դրա հետ է կապված, քանի որ Վլադիմիր Պուտինը չուներ պատասխաններ Դոնալդ Թրամփին տալու համար:

Իսկ ԱՄՆ-ի ղեկավարն իր ելույթով ու կեցվածքով հավաստեց, որ իր երկիրն է դեռ մնում աշխարհի գլխավոր պատասխանատուն, եւ Վաշինգտոնից են հնչելու այն կոչերը, որոնք պիտի ուղղորդեն աշխարհի երկրների մեծամասնությանը:

ՄԱԿ-ի բարեփոխումների մասին ԱՄՆ կողմից առաջարկվող հռչակագիրն արդեն ստորագրել է 193 պետությունից 128-ը:

Sputnik գործակալությունը մեջբերել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքերը. «Արձագանքը, որ մենք ստացանք, ուղղակի հիանալի է»,- հայտարարել է նա կազմակերպության բարեփոխումներին նվիրված ֆորումի բացմանը:

Իր հերթին ԱՄՆ նախագահ եւ նախաձեռնության հեղինակ Դոնալդ Թրամփը նշել է, որ ՄԱԿ-ն իր ներուժը լիակատար չի բացահայտել բյուրակրատիայի եւ սխալ մենեջմենթի պատճառով: «Մենք չենք տեսնում մեր ներդրումներին համապատասախան արդյունք:

…Մեզ պետք է ՄԱԿ, որը կվերականգնի ամբողջ աշխարհում մարդկանց վստահությունը: ՄԱԿ-ը չպետք է լինի անցյալի մեթոդների գերին, որոնք չեն աշխատում»,- հավելել է նա:

Պատրաստված հռչակագիրը կազմված է 10 կետից: Դրանով ԱՄՆ-ն կոչ է անում փոխել ՄԱԿ-ի կառուցվածքը, որպեսզի տարբեր ոլորտներում բարելավի համակարգումը: ՄԱԿ-ը ստանձնել է բարեփոխումների կատարումը եւ արդեն 142 երկրներ համաձայնել է աջակցել:

ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան ու եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորել բարենորոգումը:

10 կետից բաղկացած փաստաթղթի տեքստը զետեղված Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում:

«Մենք աջակցում ենք գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի համակարգում հստակ փոփոխությունների իրականացման գործում, որոնք նպատակաուղղված են հումանիտար օգնության, զարգացման եւ խաղաղ նախաձեռնությունների օժանդակման հարցերի գծով վերջինիս աշխատանքի համակարգման բարելավմանը»,- նշված Է փաստաթղթի կետերից մեկում:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։