Համահայկական հավաք. Հայաստանը՝ հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը.- Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին… Հայաստանում էին նաեւ «Ծագումով հայեր»  հաղորդաշարի տարբեր երկրներում հայտնի հայերը…

Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին: Հայաստանը հյուրընկալում էր նաեւ աշխարհահռչակ հայերի, ովքեր հրավիրվել էին մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի գործունեության 10-ամյակի միջոցառումներին: Վստահաբար՝ սա հարմար առիթ էր իրենց հայությունը վերագտածներին ծանոթանալու եւ՛ միմյանց, եւ՛ աշխարհի հայության ներկայացուցիչների հետ:

Մեր այսպես կոչված հարեւանների համար էլ նշենք, որ սփյուռքյան գործիչներին եւ իրենց ծագումը բացահայտած հայտնի հայերին չի սարսափեցրել ադրբեջանական «սեւ ցուցակը», եւ նրանք հումորով են մոտեցել այդ հարցադրմանը, իսկ նրանցից շատերն այցելել են Արցախ:

Կարեւոր համարելով Հայաստան-Սփյուռք 6-րդ Համահայկական համաժողովի բոլոր ելույթները, առաջարկները եւ քննարկումները՝ այնուամենայնիվ այստեղ կանդրադառնանք ամենագլխավորին՝ Համահայկական խորհրդի ստեղծման գործընթացին:

«Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանի հրավերով աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք են ժամանել հաղորդման բոլոր տարիների ավելի քան 110 հերոսներ, ինչպես նաեւ հաղորդաշարի անվանի բարեկամներ՝ դերասանուհի Օրնելլա Մուտտին (Իտալիա), աշխարհահռչակ խոհարար Ժերար Գեխարոն (ԱՄՆ), կինոարտադրող Քրիստիան Աղդանը  (Ֆրանսիա) եւ այլոք։ Պատվավոր հյուրերի շարքում են հանրահայտ Միշել Լեգրանը (Ֆրանսիա) եւ Գարո Փալյանը (Թուրքիա)։  

«Մեգերյան կարպետ» ընկերությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված «Մեգերյան կարպետ» ընկերության 100-ամյակին եւ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին։ Մինչ այդ՝ «Ծագումով հայեր» հաղորդաշարի հյուրերը, հաղորդման հոբելյանի շրջանակներում Հայաստան ժամանած գործարար Արթուր Ասատրյանի, Թուրքիայի Մեջլիսի պատմագավոր Գարո Փայլանի եւ Մանանա Հակոբյանի հետ այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, հարգեցին միլիոնավոր զոհերի հիշատակը, ապա այցելեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Արթուր Ասատրյանի կողմից թանգարանին նվիրաբերվեցին Վատիկանի գաղտնի արխիվների հազվագյուտ փաստաթղթեր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, որոնք վերջինս ձեռք է բերել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ եւ Վատիկանի գաղտնի արխիվների աշխատակից Վալենտինա Կարախանյանի օժանդակությամբ։

Հաղորդաշարի հերոսները «Ծագումով հայեր»-ի հաղինակի հետ մասնակցեցին լրագրողների համար կազմակերպված ասուլիսին եւ հայտնեցին իրենց տպավորությունները: Մասնակիցներից էին հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, բժիշկ ռեպրոդուկտոլոգ Վիգեն Սեփիլյանը, լիբանանահայ գեներալ Փանոս Մանջյանը, երգչուհի Ռոզի Արմենը, «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը, պատվավոր հյուր Գարո Փալյանը, Էլլադա Չախոյանը եւ այլ հայտնի հայեր, նաեւ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ։

Օրնելլա Մուտտին Երեւան է ժամանել նաեւ մասնակցելու Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգին, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը, որը նվիրված էր նաեւ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին, տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» կարգախոսով:

Ինչպես Հայաստանի նախագահը նշեց, Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարեւոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար: «Վստահ եմ, որ քննարկումների առանցքում պահելու եք մեր հայրենիքի շենացման ու զարգացած ու համերաշխ երկիր կառուցելու բոլորիս ընդհանուր տեսլականը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին:

Ըստ նախագահի անչափ կարեւոր է, որ արագ փոփոխվող աշխարհում փոխվում է նաեւ հայ ժողովուրդը, փոխվում են սփյուռքի համայնքները, եկեղեցին ու համահայկական կառույցները, հետեւաբար փոխվում է նաեւ օրակարգը: Նախորդ համաժողովներում հնչած առաջարկների մի մասն արդեն վերածվել են ընթացիկ ծրագրերի եւ, որպես օրինակ, մատնանշվեց Համահայկական խորհրդի ձեւավորման գաղափարի հավանության արժանանալը, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իրավական մի քանի թղթածրարների ի մի բերումը:

Երկրի ղեկավարը հենց սկզբից առաջարկեց, որպեսզի համաժողովը ծառայի Հայաստան-Սփյուռք ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ բազմակարծության ու միասնականության ոգով անցկացվող քննարկումների արդյունքում կծնվեն ապագային միտված նոր գործողությունների ծրագրեր՝ միտված Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համայնքների զարգացմանը:

Ըստ Սփյուռքի նախարարության, համաժողովին մասնակցել է ավելի քան 1500 մարդ 70 երկրից: Ներկա են եղել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, պետական բարձրաստիճան այրեր, հոգեւոր առաջնորդներ: Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ 3 լիագումար նիստ, ինչպես նաեւ 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստ, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին եւ ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանը եւ հայապահպանության հիմնախնդիրներին:

Համաժողովի օրերին կազմակերպվեցին նաեւ մշակութային երեկոներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու օպերային ճանաչված երգչուհի Արաքս Մանսուրյանին, մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգին, ինչպես նաեւ «Նաիրի» համահայկական փառատոնին:

Ինչպես նշվեց, այս տարվա համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու էր նաեւ Համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: «Անհրաժեշտ է ցանցային կառույց, ոչ թե բրգաձեւ ինչ-որ մի համահայկական կազմակերպություն»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը ստեղծվելիք Համահայկական խորհրդի մասին:

Երկիր ղեկավարը խոսել է նաեւ ազգային միասնության մասին՝ նշելով, որ դա շատ կարեւոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում: «Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը եւ այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ է ամեն մի ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար: Սա հատկապես կարեւոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հայերի պարագայում դրա պատճառը եղել է մեր դեմ իրականացված ցեղասպանությունը եւ բռնաճնշումները»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ապա հավելել է, որ Սփյուռքում ծնվելը, ապրելը եւ գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը: Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք:

«Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության եւ արդյունավետ համագործակցության կազմակերպման ձեւի հարցը մշտապես եղել է օրակարգում: Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության եւ ազգային-պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով: Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարեւոր հարցերից մեկը: Սակայն նաեւ պարզ է, որ աշխարհում տիրող սուր գաղափարական բաժանումը բացարձակապես չէր կարող նպաստել այդ տեսլականի իրագործմանը: Այսօր՝ Հայաստանի անկախության պայմաններում, մենք արդեն ունենք կայացած պետականություն՝ ավելի բարենպաստ վիճակում ենք այս եւ նման խնդիրներին անդրադառնալու համար»,- հայտնել է Հայաստանի ղեկավարը:

Համահայկական միասնության եւ կազմակերպական ձեւի հարցի քննարկման, դրա լուծումների փնտրտուքի շատ հարուստ եւ բազմաբնույթ փորձ կա կուտակված, որին, մանրամասն անդրադառնալու կարիքը չզգացվեց, սակայն անցած ճանապարհից կարելի է կատարել մի շարք եզրակացություններ, ինչը նշեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առաջին եզրակացությունը այն է, որ յուրաքանչյուր ժողովրդի ամենակարեւոր ու ամենակենսունակ ինքնակազմակերպման ձեւը ժամանակակից ազգային պետությունն է: Հայաստանն այսօր այդպիսին է՝ դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիվս այլ կարեւոր գործառույթների՝ այսօր հավուր պատշաճի պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգային-պետական շահերը եւ անվտանգությունը: Հայաստանի պետությունը թերեւս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու եւ ավելի լավը դարձնելու համար: Ուստի, ինչ կառույց էլ ստեղծենք, այն գալու է փոխլրացնելու, զորավիգ լինելու Հայաստանի պետականությանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները վկայեցին, որ մեր պետությունը պատրաստ է եւ կարող է ստանձնել առաջնորդողի դերը: Ավելին, այդ առաջնորդությունը սպասված էր նաեւ սփյուռքում»:

Այո, սա շատ կարեւոր հայտարարություն է, քանի որ հայկական նպատակների իրականացման հարցում այս կամ այն հարցը Հայաստանին կամ Սփյուռքին տալու նախաձեռնություններ կան դեռ, ինչը շատ վտանգավոր է: Երկրի ղեկավարը հստակ նշեց, որ հայրենի տարածքի մի փոքր հատվածի վրա զարգացող Հայաստանը պատրաստ է եւ կարող է լինել հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը միջազգային ասպարեզում:

Իհարկե, բոլոր համազգային հարցերը կլուծվեն Սփյուռքի հետ համաձայնեցված, ինչի համար էլ ձեւավորվում է Համահայկական խորհուրդը: Եվ նախագահն էլ պարզ ասել է՝ «թող ոչ ոք չմտածի, որ հնարավոր է կամ կարիք կա ստեղծելու կենտրոնաձիգ, բրգաձեւ ինչ-որ մի համահայկական կազմակերպություն, դրա կարիքը բացարձակապես չկա, նման հարցադրում կատարելը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ, կարծում եմ, վնասակար է»: Այսինքն՝ Հայաստանը չի պատրաստվում Սփյուռքի հետ խոսել կենտրոնաձիգ դիրքերից, այլ հակառակը, բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան Համահայկական խորհրդի նիստում:

«Հաջորդ եզրակացություններում պետք է հստակ իմանանք, որ ինչ կառույց էլ ստեղծենք, այն կոչված չի՛ լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին: Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձեւավորված կառույցների փոխարեն մի նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ եւ ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձեւավորելը: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենահզոր ռեսուրսը հայ մարդն է՝ իր վառ անհատականությամբ: Ավելին, այդ վառ անհատականություններն ապրում են աշխարհի ամենատարբեր պետություններում՝ հանդիսանալով դրանց լիիրավ եւ նվիրյալ քաղաքացիներ: Հաշվի առնելով հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ցանցային կառույց՝ հիմնված նորարար մոտեցումների վրա: Այդ աշխատանքային ցանցում անհրաժեշտ է ապահովել գաղափարների ազատ փոխանակման եւ ընդհանուր ծրագրերի մշակման լավագույն հնարավորությունները:

Մենք մոտենում ենք շատ կարեւոր հանգրվանի: 2018թ. մայիսին տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: Կարծում եմ՝ դա լինելու է ամենապատեհ եւ խորհրդանշական առիթը վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է նախագահը՝ հավաստելով, որ ամեն կերպ աջակցելու է Համահայկական խորհրդի եւ նպատակների իրագործմանը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։