Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական շախմատի առաջատարը՝ աշխարհի գավաթակիր… Լեւոն Արոնյանը եւ՛ երջանիկ է եւ՛ ամուսնանում է… Հայաստանի բանակային ըմբիշների հաջողությունը… Ամբողջ Հայաստանը Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի փառավոր հաջողության կրկնությանը… Կարեն Գրիգորյանը՝ «Երեւան Օփենի» միանձնյա առաջատար… Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում… Ֆուտբոլի Սուպերգավաթ՝ առանց հրավառության… Ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, մուայթայի, գեղասահքի եւ այլ մարզաձեւերի մասին լրատվություն…

Հայկական շախմատի առաջատարը՝ աշխարհի գավաթակիր

Թբիլիսում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 խաղից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր եւ որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատում մեր շախմատիստը գերազանցեց մրցակցին՝ հավաքելով 4 միավոր՝ Լեւոն Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը 2-րդ անգամ:

Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Մեր առաջատարը իրավունք է ստացել մասնակցելու 2018թ. մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռեւս 2005թ.: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Լեւոն Արոնյանը եւ՛ երջանիկ է եւ՛ ամուսնանում է

«Ես պարզպես երջանիկ եմ, որ հայտնվել եմ հավակնորդների մրցաշարում»,- chess-news.ru-ի հաղորդմամբ Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հաղթելուց եւ եզրափակիչ անցնելուց հետո ասել էր Լեւոն Արոնյանը:

Նա խոստովանել է, որ ինչքան երկար մնա Թբիլիսում, այնքան քիչ է հնարավորությունը, որ կզբաղվի հարսանիքի կազմակերպչական հարցերով: Ավելի վաղ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Երեւանում տեղի կունենա իր հարսանիքը: Նրա հարսնացու Արիանա Կաոլին ավստրալուհի շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարպետ, կրում է «շախմատային Աննա Կուրնիկովա» տիտղոսը, միաժամանակ, կրթությամբ տնտեսագետ է եւ վերջերս Երեւանում հրատարակում է «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթը: Այստեղ տպագրված հոդվածում նա նշել է, որ առաջին որդուն կանվանակոչի Մոնթե։ Նա նման ցանկություն է հայտնել, երբ այցելել է Արցախ ու ծանոթացել այսօր առաջնագծում կանգնած տղաների հետ՝ միաժամանակ զգալով լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ներկայությունը։

Լեւոն Արոնյանի հարսանիքի քավորը նախագահ Սերժ Սարգսյանն է

Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է, ով ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգեւեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։

Նորապսակների քավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, հարսանիքին հրավիրված են բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի անձինք։ Ի դեպ, Լեւոնի կինը հարսանիքից առաջ նախաամուսնական խնջույք է կազմակերպել, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։

* * *

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընթացիկ մրցաշրջանում հերթական փառահեղ նվաճմանը հասավ՝ 2-րդ անգամ դառնալով աշխարհի գավաթակիր: Թբիլիսիում անցկացված շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում կայացած արագ շախմատի մրցախաղում նա իրեն գերազանց դրսեւորեց՝ 2 խաղերում էլ պարտության մատնելով չինացի Դին Լիժենին եւ վճռելով մրցակցության ելքը: Հիշեցնենք, որ մինչ այդ կայացած դասական շախմատի 4 խաղերն էլ խաղաղ ելք էին ունեցել:

Աշխարհի գավաթը նվաճելու համար Արոնյանն արժանացավ 96 հազար դոլար պարգեւավճարի: Դին Լիժենի պարգեւավճարը 64 հազար դոլար է:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն առաջին անգամ աշխարհի գավաթակիր էր դարձել 2005թ. Խանտի Մանսիյսկում՝ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին:  

Աշխարհի գավաթը նվաճելու համար մեր առաջատարին հարկ եղավ ընդհանուր առմամբ 35 խաղ անցկացնել, որից 16-ը՝ դասական, 14-ը՝ արագ, 5-ը՝ կայծակնային շախմատի կանոններով: Հայ գրոսմայստերը տոնեց 13 հաղթանակ, 19 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց ընդամենը 3 պարտություն (2-ը՝ Մաքսիմ Մատլակովից, 1-ը՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավից), որից 1-ը՝ դասական, 2-ը՝ արագ շախմատի պարտիայում:

Հիշեցնենք անցած դժվարին ուղին աշխարհի գավաթի խաղարկությունում: 1/64 եզրափակչում ԼեւոնԱրոնյանը դասական շախմատի 2 խաղերում էլ հաղթեց հարավաֆրիկացի միջազգային վարպետ Դանիել Կաուդերիին: Հաջորդ փուլում նա պայքարից դուրս թողեց շախմատի աշխարհի քառակի չեմպիոնուհի Հոու Յիֆանին (4-2)՝ հաղթելով արագ շախմատի 2 խաղերում էլ:

Բավական երկարատև ստացվեց 1/16 եզրափակչում ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ մրցավեճը, որում հաղթողը որոշվեց միայն կայծակնային մրցախաղում: Հայ գրոսնայստերը հաղթեց ընդհանուր 4,5-3,5 հաշվով: Հաջորդ փուլերում նա միեւնույն 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովին եւ Վասիլի Իվանչուկին:

Ամենածանրն ու դրամատիկը կիսաեզրափակիչ մրցախաղն էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, որում հաղթողը որոշվեց արմագեդոնում: Այդ մրցավեճն Լեւոն Արոնյանը շահեց 5-4 հաշվով:

Ամբողջ Հայաստանը Լեւոն Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի փառավոր հաջողության կրկնությանը

«Լեւոն Արոնյանն ամբողջ ընթացքում գտնվում է շախմատային թագի կողքին»,- նախօրեին Р-Спорт-ի հետ հեռախոսազրույցում ասել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը՝ շնորհավորելով Լեւոն Արոնյանին: «Ես գիտեմ, որ ամբողջ Հայաստանը սպասում է Տիգրան Պետրոսյանի տրիումֆի կրկնությանը: Նա փորձառու շախմատիստ է եւ որպես մրցաշարային մարտիկ ուժեղ է խաղային պատրաստության մեջ: Կարծում եմ, որ վերջին տարիներին նա հասունացել է տիտղոսի խաղի համար եւ համարվում է շախմատային աշխարհի առաջատարներից մեկը»,- ասել է Կիրսան Իլյումժինովը:

Р-Спорт  հաղորդմամբ, ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը նույնպես շնորհավորել է Լեւոն Արոնյանին հաղթանակի առիթով: Նա մասնավորապես ասել է. «Իհարկե, Թբիլիսի էի մեկնել տիտղոսս պաշտպանելու համար, բայց չստացվեք: Դուք ինքներդ տեսաք, թե ինչքան բարդ  մրցաշար էր, եւ պայքարից դուրս մնացին շատ աստղային մասնակիցներ, այդ թվում նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հենց վաղ փուլում: Լեւոնը հրաշալի է անցկացնում այս տարին, տանում է մի շարք վառ հաղթանակներ: Եվ աշխարհի գավաթի խաղարկությունում հաջողությունը նման տարվա արժանի ավարտն է»:

Սերգեյ Կարյակինը նաեւ նշել է, որ Լեւքոն Արոնյանն իր կարիերայում ունեցել է բարդ ժամանակաշրջաններ, եւ Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա սուպերգրոսմայստեր է ու ի վիճակի է հաղթահարել կյանքի ամենաբարդ փուլերը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Լեւոն Արոնյանին

Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լեւոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը 2-րդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն եւ նորանոր փառահեղ հաղթանակներ: «Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ եւ ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար:

Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ եւ արդյունավետ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձեւի հանրահռչակման եւ զարգացման գործում»,- ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասված է երկրի նախագահի շնորհավորական ուղերձում:

Վարչապետը շնորհավորել է մեր առաջատար շախմատիստին

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին՝ աշխարհի գավաթակիր դառնալու առթիվ:

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «12 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր… Լեւո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ եւ ոգեշնչման աղբյուր են երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու եւս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս»։

«Երեւան օփեն»-ի հաղթողը Հայաստանից է

2015թ. Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճեց «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր:

13 երկրի 154 շախմատիստներ պայքարեցին «Երեւան օփենի» հաղթողի կոչման համար, որի մրցանակային հիմնադրամը կազմում էր 18 հազար դոլար: 154 շախմատիստների 120-ը Հայաստանից էին: Մրցաշարում մասնակցում էին 26 գրոսմայստեր, որոնցից 17-ը՝ միջազգային, 12-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ:

Մագնուս Կառլսենը պահպանում է 1-ին տեղը

Մեն կղզում շարունակվող շախմատի խոշոր մրցաշարում արդեն կայացել է 5-րդ փուլ: Մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով շարունակում են գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը: Նրանց հաջորդում են 11 շախմատիստներ, ովքեր ընդամենը կես միավորով են զիջում առաջատարներին:

Ցավոք, նրանց թվում չկան Հայաստանի ներկայացուցիչներ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը չնայած դեռ պարտություն չունի իր անվան դիմաց, սակայն վերջին 2 փուլերում ոչ-ոքի է խաղացել եւ 8 տեղով նահանջել է աղյուսակում: Այժմ նա 3,5 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, պարտվեց ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային եւ իր վաստակած 3 միավորով նահանջեց 47-րդ տեղ: Նույնպիսի արդյունք ունի նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը, սակայն նա 5-րդ փուլում հաղթել է իր մրցակցին եւ բարձրացել 46-րդ հորիզոնական: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը իր վերջին խաղը տանուլ է տվել եւ այժմ 2,5 միավորով ընթանում է 70-րդ տեղում:

Հ.Գ. - Հայ-գերմանական շախմատային հակամարտություններ Մեն կղզում

Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում մնացել է անցկացնել2 փուլ: 7 փուլից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով վաստակել է 6 միավոր: Նրանից կես բալով ետ են մնում 5 շախմատիստ՝ ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, ուկրաինացի Պավել Էլյանովը, իսրայելցի Էմիլ Սուտովսկին եւ հնդիկ Սանտոշ Վիդիտը: Սույն հնգյակին կարող էր միանալ նաեւ մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը, սակայն նա այս փուլում ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի հետ եւ վաստակեց 5 միավոր: Նունպիսի արդյունք ունի նաեւ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը, որը հաղթանակ տարավ իր վերջին պարտիայում: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Գաբրիել Սարգսյանն իր 7-րդ պարտիայում միավորը կիսեց հնդիկ միջազգային վարպետ Հարշա Բհարաթակոտիի հետ: Նա այժմ 4,5 միավորով զբաղեցնում է համեստ 30-րդ տեղը:

8-րդ փուլի հանդիպումներում Սերգեյ Մովսեսյանը սեւերով կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Ֆալկո Բինֆրիխի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը նույն խաղաքարերով կհանդիպի այդ երկրի մեկ այլ շախմատիստ՝ գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի հետ:

Հայաստանի բանակային ըմբիշների հաջողությունը

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Կարեն Ասլանյանը (66 կգ), ով կիսաեզրափակիչ մրցամարտում հաղթեց Ադրբեջանի բանակի ներկայացուցչին, եզրափակիչում ուժերը չափեց ռուսաստանցի Ալեքսեյ Կիյանկինի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով: Արմեն Հակոբյանը (71 կգ), ով քառորդ եզրափակիչում նույնպես հաղթել էր էր ադրբեջանի ըմբիշին, վճռորոշ մենամարտում 1:3 հաշվով զիջեց ռուսաստանցի Ադամ Կուրակիին եւ բավարարվեց արծաթե պարգեւով: Էդգար Խաչատրյանին (130 կգ) եւս չհաջողվեց եզրափակիչում հաղթել՝ 2:9 հաշվով պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուսկասին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Իսկ Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) 3-րդ տեղի համար մրցամարտում 9:0 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Դամիեն Դիտշեին եւ արժանացավ բրոնզե մեդալի, ինչը չկարողացավ կրկնել Արգիշտի Աբգարյանը (85 կգ), ով 3-րդ տեղի համար գոտեմարտում պարտվեց:

Զինծառայող-մարզիկներն արժանիորեն ներկայացրին հայրենիքը – ՀՀ Պն ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արման Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է հայաստանցի ըմբիշների մասնակցությունը բանակայինների աշխարհի առաջնությունում: «Կցանկանայի երախտագիտություն հայտնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, մասնավորապես հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին եւ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին՝ մարզիկների լավ պատրաստվածության համար: Բոլոր տղաները պայքարեցին մինչեւ վերջ՝ ձգտելով հանդես գալ հնարավորինս հաջող: Բանակն իր հերթին ԲԿՄԱ-ի մարզիկներին մարզվելու եւ մրցաշարերի մասնակցելու հնարավորություն է տալիս: Իսկ այս դեպքում մենք հանդես եկանք մեր թիմով եւ արժանիորեն ներկայացրինք հայրենիքն ու Հայաստանի զինված ուժերը միջազգային ասպարեզում»,- նշել է Արման Դավթյանը:

Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում

2017թ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը: Այն մեկնարկել է 2017թ. օգոստոսին Հայաստանի գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-4-ը Վանաձորում:

Նշենք, որ ծրագրին մասնակցում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 16 տարեկանից բարձր կանանց Հայաստանի մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով:

Պրիշտինայում (Կոսովո) ընթանում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունը

Հայաստանի ծանրորդներից առաջինը պայքարի մեջ մտան 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) եւ Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ): Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի է նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ), արծաթ՝ պոկումում (81 կգ): Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացել է արծաթե մեդալի, սակայն հավասարը չի ունեցել պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվել է բրոնզե մեդալով:

Մինչեւ 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց է տվել 251 կգ արդյունք եւ արծաթե մեդալ նվաճել: Հայաստանցի ծանրորդը նաեւ փոքր բրոնզե ու  արծաթե մեդալի է արժանացել, համապատասխանաբար, պոկում (111 կգ) եւ հրում (140) կգ վարժություններում:

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչեւ 15 տարեկաններ) Գեւորգ Ղահրամանյանը չեմպիոնական 2-րդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին: Նա արժանացել է փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ է տարել՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաեւ երկամարտում (238 կգ):

Լիանա Գյուրջյանը 3 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում – ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, 15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից: Նա մեկ օրում 3 ոսկե մեդալ է նվաճել, երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժությունում՝ 78 կգ եւ հրումում՝ 105 կգ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Արմեն Գրիգորյանը դարձավ ոսկե, իսկ Կարեն Մարգարյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր: Իսկ Յաշա Մինասյանը եզրափակեց տասնյակը:

Կոսովոյի մարյաքաղաք Պրիշտինայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր պայքարի բռնվեցին 75 կգ քաշ ունեցող մինչեւ 17 տարեկան աղջիկներ: Հայաստանը ներկայացնող Աիդա Մանուկյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Սակայն մեր մարզուհին փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 82 կգ ծանրաձողը: Բայց հրում վարժությունում նա ցույց տվեց 7-րդ արդյունքը՝ 93 կգ:

+75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացել է փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերեւում պահելով 84 կգ։ Պոկումում նա 4-րդն էր՝ 69 կգ։ Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չի բավականացրել մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հայտնվել է «սեւ ցուցակում»

Հայաստանի հավաքականի մասնակցությունը դեռ հարցականի տակ է – Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Բուդապեշտում արտահերթ նիստ կանցկացնի, որի ժամանակ կքննարկվի մի քանի երկրների հավաքականների աշխարհի առաջիկա առաջնությունից զրկելու հարցը: Ինչպես տեղեկացնում է Inside the Games կայքը, նման սանկցիայի տակ կհայտնվեն այն երկրները, որոնց ծանրորդները 3 կամ ավելի անգամ ձախոխել են 2008 եւ 2012թթ օլիմպիական խաղերի դոպինգ ստուգումները: Միջազգային ֆեդերացիայի «սեւ ցուցակում» հայտնվել է 9 երկիր՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան, Չինաստան, Ուկրաինա, Մոլդովա, Թուրքիա: Վերը նշված օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերաստուգումներից հետո ընդհանուր առմամբ դրական արդյունք են հայտաբերել 49 նմուշներում, որոնցից 30-ը պատկանում են մեդալակիրներին:

– Չնայած սպասմանը, գյումրեցի ծանրորդները նախապատրաստվում են առաջիկայում կայանալիք մրցումներին: Մարզումներն ընթանում են բնականոն հունով, մարզիչները մեծ հույսեր են կապում սաների հետ: Փորձառու մասնագետ Վահան Բիչախչյանը բացի սաների մարզավիճակից, նրանցից սպասելիքների մասին խոսելիս անդրադարձել է նաեւ ծանրամարտում առկա խնդիրներին, մասնավորապես, դոպինգային սկանդալներին ու հնարավոր որակազրկումներին:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով

Ծանարամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն 1 տարով կասեցրել է 9 երկրների ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությունը: Դա նշանակում է, որ այդ երկրների ծանրորդներն իրավունք չունեն մասնակցելու առաջիկայում ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ավաղ, պատժված երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը: Ծանարամարտի միջազգային ֆեդերացիան դեռեւս չի հայտնել, թե որ օրից է սկսվում որակազրկումը եւ երբ է այն ավարտվելու: Սակայն փաստն այն է, որ նախկինում առանձին մարզիկների կողմից փախողած դոպինգ ստուգման պատճառով այսօր պատժվում է ամբողջ հավաքականը, որը, ինքնին, տրամաբանական չէ:

Հայաստանից բացի 1 տարով որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Չինաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆեդերացիաները:

Գոռ Նազարյանը հաղթել է հեղինակավոր մրցաշարում

Եվրոպայի 2015թ. չեմպիոն, աշխարհի առաջնությունում 4-րդ տեղ զբաղեցրած եւ միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցել է «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին:
Հայ մարզիկը մրցել է Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովի հետ ու միավորներով հաղթանակ տոնել: Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում արդեն նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը: Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչեց որպես մարզաձեւ ու որոշեց, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձեւ:

Արկադի Անդրեասյանը կշարունակի մարզել «Արարատը»

«Արարատ» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես եկել հայտարարությամբ՝ կապված թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանի որակազրկման հետ: «Ի պատասխան տարածում գտած լուրերի, թե Արկադի Անդրեասյանի որակազրկումը փաստացի թույլ չի տա նրան աշխատել «Արարատ»-ում, տեղեկացնում ենք, որ թիմի ավագ մարզիչը որակազրկվել է կարգապահական կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ըստ որի պատժամիջոցը կիրառված ակումբի ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ արգելում է նրանց մուտքը հանդերձարաններ, խաղադաշտ եւ բոլոր շփումներն ակումբի անդամների հետ՝ սկսած խաղասկզբից 90 րոպե առաջ, մինչեւ խաղավարտից 45 րոպե հետո ժամանակահատվածում:

Սա նշանակում է, որ մարզիչը կարող է խաղին հետեւել տրիբունայից: Եվ քանի որ այս արգելքը ուժի մեջ է մտնում միայն խաղասկզբից մեկ եւ կես ժամ առաջ, այն չի կարող ազդել մարզիչի՝ թիմը մարզելու վրա: Նման որոշումներ կայացնողը միմիայն ակումբի ղեկավարությունն է», – գրում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն սեպտեմբերի 20-ին կայացրած որոշմամբ Երեւանի «Արարատ»-ի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին 2 տարով զրկել էր իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝  Հայաստանի առաջնության «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղում հեռացվելու եւ ոչ մարզական պահվածքի համար:

Սուպերգավաթ՝ առանց հրավառության

Սեպտեմբեր 24 – Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի 2017թ. սուպերգավաթի եզրափակիչ խաղում հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակ»-ը 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ին: 5-րդ անգամ պատվավոր այդ մրցանակը նվաճելու գործում շիրակցիներին օգնեցին Մուսա Փոլ Բակայոկոն եւ Մարտուն Մխիթարյանը, որոնք համապատասխանաբար 79-րդ եւ 90-րդ րոպեներին գրավեցին ալաշկերտցիների դարպասը:

Այս անգամ հանդիպումից հետո հաղթողների պատվին ոչ հրավառություն տրվեց, ոչ էլ փայլաթղթերով անձրեւ կազմակերպվեց: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ Հակոբ Տոնոյանի որդին շատ արագ հանձնեցին գավաթն ու պատվոգրերը եւ նույնքան արագ ավարտեցին իրենց առաքելությունը:

«Ալաշկերտ»-ը գավաթային առաջին խաղում հաղթեց «Արցախ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունում կայացավ քառորդ եզրափակիչ փուլի հերթական հանդիպումը: Երեւանի «Արցախ»-ը սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտ»-ին: Դաշտի տերերի նորաստեղծ թիմը հանրապետության չեմպիոնին դիմակայեց մինչեւ 1-ին խաղակեսի ավարտը՝ 1:1, իսկ ահա 2-րդում ալաշկերտցիները 2 անպատասխան գնդակ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 3:1: Հյուրերի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ հարձակվող Միհրան Մանասյանը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, «Ալաշկերտ»-ի հարկի տակ:

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Բանանց»-ին եւ գլխավորեց աղյուսակը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 8-րդ փուլի բացման խաղում Երեւանի «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ընդունեց «Բանանց»-ին: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին 11մ հարվածով բացեց Արտակ Եդիգարյանը, իսկ 2-րդ կեսի 63-րդ րոպեին տանտերերի տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը կրկնապատկեց այն: «Ալաշկերտ»-ը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 17 միավոր եւ առաջին անգամ այս մրցաշրջանում բարձրացավ 1-ին հորիզոնական:

«Բանանց»-ն ունի 12 միավոր եւ շարունակում է եզրափակել առաջին եռյակը:

Փոփոխություններ ՀՀ առաջնության եւ գավաթի խաղարկության խաղացանկերում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը, Հայաստանի 1-ին խմբի առաջնության եւ Գավաթի խաղարկության խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: «Էրեբունի»-«Ավան Ակադեմիա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզադաշտում: Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Ավան Ակադեմիա»-«Գանձասար-Կապան» պատասխան խաղը տեղափոխվել է եւ կայանալու է հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին:

Արթուր Պետրոսյանը հրապարակել է վերջնական հայտացուցակը

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա արդեն Ղազախստան-Հայաստան ընտրական մրցախաղը:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքականի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին:

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան՝ «Գանձասար-Կապան»

Արսեն Բեգլարյան՝ «Ալաշկերտ»

Գոռ Մանուկյան՝ «Փյունիկ»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան՝ «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան՝ «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան՝ «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան՝ «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Գագիկ Դաղբաշյան՝ «Ալաշկերտ»

Արտյոմ Միքայելյան՝ «Շիրակ»

Ռոբերտ Դարբինյան՝ «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան՝ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Դավիթ Մանոյան՝ «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի՝ «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)

Գեղամ Կադիմյան՝ «Վորսկլա» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան)

Արտակ Եդիգարյան՝ «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան՝ «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Ռուսլան Կորյան՝ «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան՝ «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Նախնական հայտացուցակում ընդգրկված էր նաև ռուսական «Ֆակելի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը, սակայն հաշվի առնելով, որ նրա Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավական հարցերը դեռեւս չեն հաստատվել ՖԻՖԱ-ի կողմից, հավաքականի մարզչական շտաբը հարմար գտավ նրան չհրավիրել այս անգամ:

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի հետ հանդիպմանը որակազրկման պատճառով չեն կարողանա մասնակցել Վարազդատ Հարոյանը ու Գաել Անդոնյանը: Լեւոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը եւ Արթուր Սարկիսովը չեն մասնակցի առաջիկա հավաքին վնասվածքի պատճառով:

Հայաստան Մ-19-Իրան Մ-19՝ 2:2

Սեպտեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Հայաստանի եւ Իրանի մինչեւ 19 տարեկանների հավաքականների միջեւ ընկերական 2-րդ հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։

0-1` Ամիր Մահդի Ջանմալեկի, 12
1-1` Արմեն Նահապետյան, 26
2-1` Կարեն Մելքոնյան, 64
2-2` Մեհդի Բայաթ, 85

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝1. Գրիգորի Մաթևոսյան 2. Հրաչյա Գեղամյան 3. Էրիկ Ղարիբյան 4. Ալբերտ Խաչումյան 6. Էրիկ Վարդանյան 7. Կարեն Մելքոնյան (8. Միհրան Պետրոսյան, 72)  10. Արմեն Նահապետյան (5. Միխաիլ Մուրադյան, 84) 11. Հովհաննես Հարությունյան (23. Դավիթ Նալբանդյան, 85) 15. Արթուր Խաչատրյան 21. Արմեն Հովհաննիսյան (9. Աբրահամ Պորտուգալյան, 72) 22. Դերենիկ Սարգսյան:

Հաճելի է 50-րդ խաղը ՄՅՈւ-ում տոնել գոլով. Հենրիխ Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ խաղում ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը (4:1) խփած գոլի համար։ Այս հանդիպումը հայազգի ֆուտբոլիստի համար 50-րդն էր անգլիական ակումբի կազմում։ «Հաճելի է 50-րդ խաղը ՄՅՈւ-ում տոնել գոլով»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ԲԿՄԱ-ի ջախջախմանը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ փուլի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մոսկվայում 4:1 հաշվով ջախջախեց տեղի ԲԿՄԱ-ին: Արդեն առաջին խաղակեսում հյուրերը3 անպատասխան գոլ խփեցին: 2 անգամ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն, իսկ մեկում՝ Անտոնի Մարսյալը, ով իրացրեց Հենրիխ Մխիթարյանի կողմից վաստակած 11մ հարվածը: 2-րդ խաղակեսի 57-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը 4-րդ գոլը խփեց ԲԿՄԱ-ի դարպասը:  Դաշտի տերերը խաղավերջում միայն կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 1:4:

«Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում եւ գլխավորեց Ա խմբի աղյուսակը: ԲԿՄԱ-ն եւ «Բազել»-ն ունեն 3-ական միավոր, իսկ «Սպորտինգ»-ը՝ 0:

Հայ գեղասահորդները պայքարում են օլիմպիական վարկանիշի համար

Սեպտեմբերի 28-30-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որը գեղասահորդների համար վերջին հնարավորությունն է 2018թ. Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար:
Սեպտեմբերի 29-ին ավարտվել է մենասահորդների մրցապայքարը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը: Հայ մարզիկը կարճ (60.25) եւ կամավոր (119.73) ծրագրերի արդյունքում վաստակել է 179.98 միավոր եւ 26 մասնակիցների շարքում զբաղեցրել 12-րդ տեղը: Տղամարդկանց մրցապայքարում խաղարկվել է 6 ուղեգիր: «Սլավիկն այնքան էլ հաջող չկատարեց կարճ ծրագիրը, իսկ ահա կամավորում հրաշալի ելույթ ունեցավ, սակայն մրցավարներն անամոթաբար ցածրացրին տղայի գնահատականները: Մենք շատ հուսահատված ենք: Հերթական անգամ մրցավարներն օգտվում են այն հանգամանքից, որ մրցավարական կազմում մենք չունենք մեր ներկայացուցիչը»,- Օբերսդորֆից ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Մենասահորդուհիների եւ պարային զույգերի պայքարում մասնակցիները հանդես են եկել կարճ ծրագրում: Անաստասիա Գալուստյանը 34 մարզուհիների մեջ դեռ 15-րդն է: Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը 8-րդն է 18 զույգերի մեջ:
Գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։