Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողն առանց թագի մնաց… Մշակութային տեղեկատվություն – լուրեր հայկական կինոաշխարհից…

Հայ գեղեցկուհին՝ առանց թագի՞

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից, ով մասնագիտությամբ դիզայներ է։ Հաղթողի թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։ Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որեւէ անուն, եւ պատրաստողները զայրացած այդ վերաբերմունքից, գիշերն այցելել են  հաղթողին ու հետ վերցրել թագը։

Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ թագը պատրաստած «Արտյոմս» ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պատճառով: Ընկերությունը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն անել:

Զարմանալի է, բայց տարիներ անց վերականգնելով այս մրցույթը (դեռ ինչ որ դատական գործընթացներ կան հակառակ կողմի հետ, որը վիճարկում է մրցույթի անցկացման իրավունքը), այսպիսի տխուր իրավիճակի ենք հանդիպում, երբ հաղթողից ետ են վերցնում ստացած թագը…

Պետք է նշենք նաեւ, որ կազմակերպիչներն ամեն բան արել էին, որ մրցոյթը պատշաճ կերպով անցնի, բայց անգամ հաղորդավարները, որ հանրությանը հայտնի հայեր էին ՀՀ-ից եւ ԱՄՆ-ից, շատ կաշկանդված էին անցկացնում միջոցառումը, որն անհարկի ձգձգվում էր նաեւ այս կամ այն թղթածրարի ուշացման պատճառով:

Իսկ այն հանգամանքը, որ մեր հաղորդավարները կամ համերգավարները (սա արդեն անցել է հարսանյաց հանդեսները վարողներին) յուրաքանչյույ 5 րոպեն մեկ ծափահարություններ են կորզում արհեստականորեն, արդեն լավ չի դիտվում: Այստեղ եւս այդպես էր: Ծափահարությունները ինքնաբուխ են լինում, ոչ թե պահանջով կամ խնդրանքով, որ լցնում են միջոցառումների ժամանակի գրեթե կեսը…

«Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը նշել է հետեւյալը. «Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջեւ: Միայն թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Եթե այս տարվա պես մյուս տարի էլ ունենանք հովանավոր, կաշխատենք, որ թագը մնա գեղեցկուհուն: Առհասարակ, կարծում եմ՝ ճիշտ է, երբ թագը մնում է հաղթողի մոտ»: Թագի ետ վերցնելու կապակցությամբ նա նշեց, որ հնարավոր է բանակցությունները լավ ընթանան եւ խնդիրը կարգավորվի։ Միաժամանակ հավելեց, թե մեր գեղեցկուհին այնքան համեստ, բարի, հասկացող աղջիկ է, որ այդ թագն իրեն չի հետաքրքրում, ինքը շատ ուրախ է իր հաղթանակի համար, բայց, միեւնույն է, մենք կփորձենք հարցը լուծել: BRAVO.am-ին տված հարցազրույցում Լիլի Սարգսյանը պատմել է, թե ինչ է զգացել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում.«Պահն ինձ համար շատ ինտրիգային չէր: Ես հետ տվեցի, չեմ հուզվել, որովհետեւ կարեւորն ինձ համար հաղթանակն էր։ Թագի խնդիրը լուծվում է, Գոհար Հարությունյանը բանակցել է, շուտով այն կրկին կլինի ինձ մոտ»։

Ժյուրիի անդամները կարծում են, որ չնայած հաղթանակին, 17-ամյա Լիլի Սարգսյանի հետ աշխատելու անհրաժեշտություն կա, ինչպես քայլելու, այնպես էլ ազատ խոսելու եւ այլ առումներով: Հուսանք, մինչեւ «Միսս Աշխարհ 2017»-ը ամեն բան կարգավորված կլինի, իսկ հաջորդիվ մրցույթները կանցնեն աավելի բարձր մակարդակով:  

«Միսս Արմենիա»-ն արդեն նախապատրաստվում է «Միսս աշխարհ» միջազգային մրցույթին, կազմակերպիչները նրա տվյալներն արդեն ուղարկել են Չինաստան։ Երեւանում նկարահանում են նրա տեսաուղերձը, որը դեռեւս պարզ չէ՝ համացանցում երբ հասանելի կլինի.«Հոլովակում անգլերենով պատմում եմ, թե ինչ հետաքրքրություններ ունեմ, ինչով եմ զբաղվում։ Անգլերեն գիտեմ, նաեւ ֆրանսերեն ու ռուսերեն գիտեմ։ Ինձ հետ աշխատում են մասնագետները»,- ասել է Լիլի Սարգսյանը

Նա շուրջ 3 տարի զբաղվել է սիրողական բռնցքամարտով. «Ուղղակի սիրում եմ: Ցանկություն ունեի տիրապետել այդ մարզաձեւին, մտավախություն չունեի, որ կոպիտ մկաններ կունենամ։ Մոտ մեկ տարի է՝ չեմ հաճախում պարապմունքների։ Այս պահին զբաղվածությունս շատ է, հետագայում չեմ որոշել, թե ինչ մարզաձեւով կզբաղվեմ»,- ասել է հայ գեղեցկուհին:

Գոհար Վանեսյան

Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարել է Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի  Մովսիսյանը: Հայկական ազգային կինոակադեմիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, օրակարգում ներկայացված է եղել 2 հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն եւ Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ. փետրվար ամսից նախագահում էր  ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ոv համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը եւ գլխավոր քարտուղար է վերընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

- Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը, որի ընթացքում ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հայտնել է, որ հրաժարվում է ակադեմիայի նախագահությունից:

«Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջը այս նասին տեղեկացնելով՝ նաեւ նշել էր, որ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ կնտրվի նոր նիստում: Հիշեցնենք, որ Հարություն Խաչատրյանը իր դիմումի համաձայն օրեր առաջ ազատվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությանը մասնակցելու համար, որը կայանալու է հոկտեմբերի 7-ին:

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Հայ-իրանական ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի

Հայկական ազգային կինոակադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման: Հայալեզու ֆիլմը  Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրություն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալն ամենուր հետապնդում է նրան…

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։

«Վերջին բնակիչը» Սկանդինավյան երկրների փառատոնում ճանաչվել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»

Ֆինլանդիայի Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում (Scandinavian International Film Festival) «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը։ Կինոփառատոնի մեկնարկը կազդարարվի հոկտեմբերի 25-ին, իսկ «Վերջին բնակիչը» կցուցադրվի հոկտեմբերի 28-ին՝ որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։ Փառատոնի հաղթող ֆիլմերը ներկայացված են նաեւ փառատոնի պաշտոնական կայքում:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ., միջազգային համագործակցության արդյունքում:  Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, բացի հայ դերասաններից, հանդես են գալիս նաև նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը եւ հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում եւ բերում է աղջկան՝ Յուրգային:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։