Երեւանում 2 օր առաջ մի միջոցառում եղավ, որ ստիպեց մի պահ վայելել կյանքը ու զերծ մնալ քաղաքական, կուսակցական եւ այլ թոհուբոհերից:
Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաքի Կարապի լճի հարեւանությամբ բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը: Բացմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այս խճանկարը պատրաստված է գույնզգույն եւ, որ ուշագրավ է, կիսաթանկարժեք քարերով:
Վիշապագորգի խճանկարը պատրաստվել է շուրջ 900 հազար կտոր քարերից, որոնք ներառում են մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ-ավազաքար:
«Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետին՝ ընկերության ծրագրերին մշտապես աջակցելու համար՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի այս առաջարկը յուրօրինակ քայլ, ինչպես նաեւ եւս մեկ հնարավորություն է հայկական մշակութային ժառանգությունը նաեւ այս կերպ ներկայացնելու համար:
Երեւանի քաղաքապետի խորհրդական, Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշել է, որ սա Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության եւս մեկ հաջողված օրինակ է, ինչն ունենալու է նաեւ շարունակություն:
Հարկ է նշել, որ այս խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։
Հատկանշական է, որ այն բացվեց Տուրիզմի համաշխարհային օրը՝ սեպտեմբերի 27-ին:
Գորգի չափ՝ 6×4մ.
Քարի չափ՝ 0.3-5սմ.
Քարերի քանակը մոտ 900.000 կտոր
Քարեր՝ մարմարներ, գրանիտներ, ազուրիտ, տուֆ-ավազաքար
Խճանկարը հնարավորինս մոտեցված է բնօրինակին:
Ի դեպ, վիշապագորգերը հայերիս համար ուրույն նշանակություն ունեն: Այն հաղթության խորհրդանիշ է: Մեր բառամթերքում կա վիշապաքաղ բառը: Մենք Հայոց ռազմի ու զորության Աստծուն՝ Վահագնին վիշապաքաղ ենք ասում, այսինքն՝ վիշապին՝ չարին, քաղող, սանձող, հնազանդեցնող: Հայերը հավատում էին, որ եթե տանը վիշապագորգ ունեն, ուրեմն պաշտպանված են չար ուժից, քանզի վիշապին արդեն հնազանդեցրել են, ենթարկեցրել:
Վիշապագորգերը սովորաբար ունենում են վիշապների, Կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաեւ եռանկյունաձեւ, ատամնավոր շեղանկյունով եւ հավերժության նշանով զարդանախշեր:
Վիշապագորգերը սովորաբար ներկվել են որդան կարմիրով: Մենք նույնիսկ այդ գործի հատուկ վարպետներ ենք ունեցել, որ կոչվել են որդան կարմիրի վարպետներ: Հայտնի է, որ երբ Շահ Աբասը Ջուղայից հայերին տեղահանում էր, հատուկ հրահանգ էր իջեցրել որդան կարմիրի վարպետներին տանելու…
Հայկական գորգեր եւ մասնավորապես վիշապագորգեր, այսօր աշխարհի շատ թանգարաններում են ցուցադրվում:
Երեւանյանը առանձնահատուկ ցուցադրություն է՝ բաց երկնքի տակ եւ բոլորին հասանելի:
Երեւանյան այս քարե վիշապագորգը մեզ ամեն անգամ կհիշեցնի՝ պարտավո՛ր ենք հաղթելու ու մեր պատմությունը հաղթական կերտելու:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/: