Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…

Պատմաբան եւ թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի գրվածքներից մեկից (Նախարարներն ու նախարարությունները Հին Հայաստանում) տեղեկանում ենք, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել «նաեւ աղբյուրներում վկայված ու չվկայված տարբեր պաշտոններ»: Օրինակ՝ Մովսես Խորենացին վկայում է, որ Վաղարշակը կարգեց – արքունական որսերի վրա՝ Դատին, ձիերի երամակների վրա՝ Գաբաղին, սեղանատան սպասների եւ գահերի վրա՝ Աբելին։ Ձյունականներին՝ ամառանոցների պահապաններ եւ ձյունակիրներ կարգեց, իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա…

Այժմ, նոր Հայաստանում, սպանդանոցային գործի վրա մեկ նախարար չէ, որ կարգված է. այս մասով գործառույթներ ունեն թե գյուղատնտեսության, թե ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարարները եւ թե սննդի անվտանգության պետական ծառայության պետը: Նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Հայաստանը լիովին անցնի անասունների սպանդանոցային մորթին:

Հայաստանում պետք է բակային մորթին վերջ դնել եւ անցնել քաղաքակիրթ՝ սպանդանոցային տարբերակի: Այս դեպքում զարգացած երկրները քաղաքակիրթ ասելով նկատի են ունենում նախ եւ առաջ անասունի արագ եւ անցավ մորթը: Ու որպեսզի բակային մորթին վերջ դնելու գործը շուտ սկսվի, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն արվեց: Ըստ որի՝ բակային մորթ անողը կտուգանվի 100 հազար դրամով՝ եթե պաշտոնատար անձ է եւ 20 հազար դրամով՝ եթե ֆիզիկական անձ է:

Այս տարվա մարտին կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ կենդանիների մորթ պետք է կատարվի բացառապես սպանդանոցային պայմաններում: Պետական գնումների համար պահանջն ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 1-ից: Տեղական մսամթերքի եւ մսի արտադրողների ու արտահանողների համար այն կգործի նոյեմբերի 1-ից: 2018թ. մարտի 1-ից արդեն պահանջն ուժի մեջ կմտնի շուկաների համար, ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքում առկա հասարակական սննդի կետերի համար։ Իսկ 2018թ. հուլիսի 1-ից միս միայն սպանդանոցներից պետք է գնեն մարզերում գործող հասարակական սննդի կետերը։ Ի դեպ, սպանդանոցում պարտադիր մորթի պահանջը չի վերաբերում  անձնական կամ ծիսակատարությունների նպատակով օգտագործման դեպքերին: Ուստի այս նպատակով բակային մորթ անողը չի տուգանվի: Տուգանքի պահով խոսքը վերաբերում է ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակողին, իրացնողին, վաճառողին, մատակարարողին կամ ներմուծողին:  

Սպանդանոցներ ունենալը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհրաժեշտություն է համարում: Երբ գործադիրը քննարկում էր բակային մորթ անողներին տուգանելու հարցը, նախարարը նկատեց, որ մեր երկրում այժմ սպառվող թարմ պաղեցված միսը ստացվում է ոչ սպանդանոցային պայմաններում՝ բակային մորթի միջոցով: Իսկ սա նշանակում է, որ խախտվում են թե՛ մորթի եւ թե՛ մորթից ստացված մսի տեղափոխման ու իրացման սանիտարահիգիենիկ պահանջները: «Չմոռանանք, որ մորթի արդյունքում ստացված սպանդային մթերքը երկրորդային միկրոբային աղտոտվածության արդյունքում ոչ միայն որակազրկվում է, այլեւ դառնում է վտանգավոր, վտանգվում է սպառողի առողջությունը եւ սպառողը չգիտի, թե ինչ ծագման, որակի ու անվտանգության միս է սպառում»,-նկատել էր նախարարը: Ու քանի որ հանրությունը սննդի անվտանգության ոլորտում պետական խիստ վերահսկողություն ունենալու մասին է անընդհատ բարձրաձայնում, ապա պետք է հասկանա նաեւ, որ այդ վերահսկողությունն անելու համար հարկ է սահմանել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի, իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնապաստի  պետական վերահսկողության առավել արդյունավետ իրագործմանը:

Մինչ արդի սպանդանոցների թեմային գալը՝ հպանցիկ հայացք գցենք խորհրդային տարիներին մեր ունեցածին: Բնականաբար, սպանդանոցները մսի արդյունաբերության շղթայում էին դիտարկվում: Խորհրդային տարիների հանրագիտարանային գրականությունում, մասնագիտական գրքույկներում, ուղեցույցերում նշվում էր, որ մսի արդյունաբերությունը սննդի արդյունաբերության ճյուղ է, որ իրականացնում է կենդանիների, թռչունների, ճագարների մթերումն ու սպանդը, արտադրում միս, երշիկեղեն, մսի պահածոներ, կիսաֆաբրիկատներ, կենդանական չոր կեր, բժշկական պատրաստուկներ (ինսուլին, հեպարին, լիպոկաին եւ այլն), ինչպես նաեւ սոսինձ, դոնդողանյութ, փետրաաղվամազային արտադրանք։ ԽՍՀՄ-ում մսի հզոր կոմբինատներ են եղել Մոսկվայում, Լենինգրադում, Սեմիպալատինսկում, Օրսկում եւն:

1980թ. արդեն մսի, երշիկի ու մսի կիսաֆաբրիկատի արտադրանքը միլիոնավոր տոննաներով էր հաշվվում: Նախահեղափոխական Հայաստանում մսի արդյունաբերություն չի եղել:

Երեւանում ու Ալեքսանդրապոլում կային միայն փոքր սպանդանոցներ։ Սննդային, հատուկ եւ տեխնիկական նշանակության ենթամթերքների մեծ մասը չէր օգտագործվում կամ մասնակիորեն վերամշակվում էր այլ արտադրություններում: Խորհրդային կարգերի զարգացումից հետո ճյուղը սկսել է զարգանալ: 1935թ. շահագործման հանձնվեց Լենինականի մսի–պահածոների կոմբինատը, որն, ի միջի այլոց, հզորությամբ 4-րդն էր ԽՍՀՄ-ում: Մինչ այդ՝ 1932թ. Երեւանի մսի կոմբինատն էր շահագործման հանձնվել (1959թ.-ին՝ նոր համալիրը): 1953թ. արդեն մսի կոմբինատներ ունեինք Կիրովականում, Ղափանում, իսկ 1980թ.-ին՝ Կամոյում: Այդ տարիներին կառուցվեցին նաեւ թռչնաբուծական ֆաբրիկաներ (13 հավաբուծական եւ 1 հնդկահավաբուծական), խոզաբուծական համալիրներ (Սովետաշենում, Թալինում), Երեւանի սառցակոմբինատը։ Ձեռնարկություններում ներդրվեցին բարձրարտադրողական մեքենաներ ու սարքավորումներ (իհարկե, այդ տարիներին բարձր համարվող)։ Թողարկվում էր ավելի քան 200 տեսակի արտադրանք։ Օրինակ՝ 1980թ. 1940-ի համեմատ, մսի արտադրությունն ավելացվել էր  6,3 անգամ՝ կազմելով  54,6 հազար տոննա, երշիկինը՝ 23 անգամ եւ կազմել 20,8 հազար տ (նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման ու ներդրման հարցերով զբաղվում էր ՀՍՍՀ մսեղենի եւ կաթնեղենի արդյունաբերության մինիստրության նախագծային՝կոնստրուկտորական բյուրոն)։

Այս թվերը մեջբերեցի՝ պատկերացնելու համար, որ եթե կար մսի արդյունաբերական արտադրություն, ուրեմն կային նաեւ սպանդանոցներ, որոնք ունեին կենդանիների ընդունման փարախ եւ սպանդի, ենթամթերքների, ճարպի, աղիքի, մորթիների աղամշակման բաժանմունք։ Արագ փչացող մթերքների պահպանման համար սպանդանոցներում տեղադրում էին նաեւ սառնարանային խցիկներ։ Կենդանիների ընդունումը եւ սպանդը, նաեւ սննդամթերքի ու տեխնիկական հումքի մշակումն ու թողարկումը հսկում էին անասնաբուժական  ծառայության աշխատողները։

Ինչ ձեւով են գործելու մեր սպանդանոցները կամ ինչ կերպ են աշխատում արդեն գործողները եւ ինչ է հուշում միջազգային փորձը:

Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման եւ գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. հուլիսի 1-ից հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն սպանդանոցներից:

Սպանդանոցների թեմային անդրադառնալիս խոստացել էինք ներկայացնել, թե ինչ ձեւով է արվում մորթը տարբեր երկրների սպանդանոցներում, ինչ պարտադիր չափանիշներ են գործում կամ արդյոք կան հստակ չափանիշներ:

Իմ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սպանդանոցներում կենդանիների մորթի չափանիշները առավել հստակ են, երբ բաժանվում են, այսպես ասենք, աշխարհիկի եւ կրոնականի: Եվ կրոնականի պարագայում դրանք հաստատուն որոշված են: Այլ է աշխարհիկի դեպքում: Օրինակ, զարգացած երկրներում եթե ընդունված է կենդանու մորթը զավազրկումից հետո, ապա տարբերակները մի քանիսն են՝ ներարկման միջոցով անզգայացում, էլեկտրահարում կամ մորթ՝ գլխին կրակոցից հետո:

Խոսենք փաստերով: Երբ 2014թ. Դանիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ ըստ կրոնական սկզբունքների կենդանիների մորթը երկրում արգելված է այլեւս, այստեղ բնակվող հրեաներն ու մուսուլմանները մեծ աղմուկ բարձրացրեցին (այդ մասին Al Arabiya-ն հաղորդեց): Բանն այն էր, որ Դանիայում սահմանված կարգի համաձայն, կենդանիները մորթից առաջ հատուկ ներարկում են ստանում, ինչը նրանց զերծ է պահում մորթի ժամանակ տանջանքից, այլ կերպ՝ կենդանին ցավազրկվում է եւ նոր միայն մորթվում: Իսկ հրեաներն ու մուսուլմանները բողոքեցին, որովհետեւ նրանց կրոնական կանոնների համաձայն էլ կենդանին մորթվելու ժամանակ չպետք է ցավազրկվի, որպեսզի գիտակցությունից չզրկվի, եւ միայն այդ դեպքում, ըստ հրեաների, միսը կհամարվ կաշերային, իսկ ըստ մուսուլմանների՝ հալալ: Չնայած բողոքներին, Դանիայի իշխանությունները, ի դեմս գյուղատնտեսության եւ պարենի նախարարի, հայտարարեցին, որ իրենց որոշումը «կրոնից առաջ է դրված» եւ կենդանիների իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն: Կենդանիների իրավունքների բազմաթիվ պաշտպաններ, որ տարիներ շարունակ պայքարել էին այդ օրենքին հասնելու համար, որակվեցին «հակասեմականներ» եւ օրենքն էլ «հակասեմական», իսկ մուսուլմաններն էլ այն համարեցին «կրոնական ազատության ոտնահարման ցցուն օրինակ»։ Դանիայում բնակվող հրեական ու մուսուլմանական համայնքները դանիական իշխանություններին խորհուրդ են տվել որեւէ օրենք ընդունելուց առաջ հաշվի առնել կրոնական փոքրամասնությունների կարծիքը: Երբ հրեաներն ասում են միսը կոշեր է, նկատի են ունենում այն, որ հուդայականության օրենքներով թույլատրված է: Երբ մուսուլմաններն ասում են՝ միսը հալալ է, դա էլ նշանակում է, որ թույլատրված է մուսուլմանության օրենքներով:

Եվրոպական որոշ երկրներում  սպանդանոցներում կենդանիների մորթին այնքան խիստ են հետեւում, որ նույնիսկ տեսախցիկներ տեղադրելու որոշում են կայացնում: Նախորդ տարի կենդանիների պաշտպանները այնպիսի աղմուկ բարձրացրեցին Ֆրանսիայում եւ հասան այն բանին, որ Վիգանում գործող սպանդանոցը գյուղատնտեսության նախարարությունը փակեց: Եվ դա եղավ այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ հայտնվեց (2016թ. փետրվար), որտեղ երեւում էր, թե ինչպես են սպանդանոցի աշխատակիցները «գիտակացաբար երկարաձգում կենդանու սպանության ընթացքը», մինչդեռ դա պետք է արվեր շատ արագ՝ էլեկտրահարման միջոցով: Հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով ղեկավարում է վայրի կենդանիների պաշտպանության հիմնադրամը, բաց նամակ էր հղել գյուղատնտեսության նախարարին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Պարոն Լե Ֆոլ, դուք պետք է ամաչեք, ձեր անգործությամբ դուք սպանում եք Ֆրանսիայի գյուղատնտեսությունը, իսկ հիմա էլ թաքցնում եք կենդանիների նկատմամբ սադիստական վերաբերմունքը»:

Վիգանի սպանդանոցի ղեկավարությունը հավաստեց, որ երբեւէ չի իմացել կատարվածի մասին, իսկ Լե Ֆոլը որոշեց փակել սպանդանոցը՝ ուսումնասիրությունների եւ հետո միայն որոշում կայացնելու համար: Ի դեպ, տեսանյութը համացանցում անանուն էին գցել, ինչից հետո էլ կենդանիների պաշտպանները որոշեցին ամեն ինչ անել, որ բոլոր սպանդանոցներում տեսախցիկներ տեղադրվեն: Այս դեպքերը նախորդ տարվա փետրվարից ծավալվեցին, իսկ արդեն սեպտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովի Հատուկ հանձնաժողովը հորդորեց տեսախցիկներ տեղադրել երկրում գործող 263 սպանդանոցներում, որպեսզի վերահսկելի լինի կենդանիների մորթի ամբողջ ընթացքը: Ի դեպ, այդ հանձնաժողովն էլ ստեղծվել էր նշյալ աղմուկից հետո: Ստուգումների արդյունքում խախտումներ էին հայտնաբերվել 263 սպանդանոցից 259-ում: 3 սպանդանոց էլ փակվել էր: Ստուգումից հետո հանձնաժողովը 65 առաջարկով էր հանդես եկել, որոնցից մեկն էլ տեսախցիկների տեղադրումն էր բոլոր սպանդանոցների այն տարածքներում, որտեղ դեռ ողջ կենդանիների հետ են աշխատում: Հանձնաժողովն առաջարկել էր նաեւ խստացնել պատիժը կենդանու մորթի կանոնների խախտման դեպքում, ավելի արդիական տեխնոլոգիաներ կիրառել կենդանիների անցավ սպանդի համար, ավելացնել սպանդանոցների անասնաբույժների հաստիքները: Առաջարկ էր եղել նաեւ արգելել կենդանիների մորթը առանց նախապես խլացման, անզգայացման բոլոր սպանդանոցներում (առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթն անում են հուդայական կամ մուսուլմանական կանոններով):

Այս հարցը, ի տարբերություն դանիական օրինակի, դեռ վերջնական լուծում չի գտել:

Նկատենք, որ Ֆրանսիայում 263 սպանդանոցներում մորթում են խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, այծերի, խոզերի եւ ձիերի: Տարեկան արտադրվում է 3.45 մլն տոննա միս:

Ինչեւէ, ռուսական մամուլում այս փաստը այնքան տարածում գտավ, որ նույնիսկ քաղաքական շահարկումներին բանը հասավ, թե ահա սա է եվրոպական քաղաքակրթությունը՝ դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ:

Փոխարենը շատ արագ կենդանիների նկատմամբ «ռուսական քաղաքակրթության» մասին մամուլում սկսեցին խոսել «Կանաչ ճակատ» հասարակական բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները: Եվ նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես է ՌԴ Սուրգուտի շրջանի սպանդանոցի տարածքը լցված մորթված կենդանիների ներքին օրգաններով եւ վերջույթներով: Եվ որ դրան հասանելի են թափառող շներին, ագռավներին ու մարդկանց: Փաստորեն, սա արդի չափանիշներով սպանդանոց չէ, որ հագեցած է տեխնոլոգիաներով, կենդանու առաջնային մշակման համար անհրաժեշտ ամեն ինչով, սա ամենասովորական սխանդանոց է, որտեղ կենդանուն մորթում են, միսը վերցնում, իսկ գլուխը, վերջույթներըն ու փորոտիքը դուրս թափում: «Հակասանիտարական վիճակի փայլուն օրինակ»,- ասում էր «Կանաչ ճակատը»:

ԱՄՆ-ում էլ երկու տարի առաջ եւ նախորդ տարի նույնպես «Գրինփիսի» ակտիվիստները հասան նրան, որ շատ սպանդանոցներ հարկադիր փակվեցին հակասանիտարական պայմաններում աշխատելու պատճառով:

Հարկադիր փակված սպանդանոցների թիվը այնքան շատացավ, որ ավելացավ «անցանկալի ձիերի» թիվը:

Ուշագրավ է, որ նախորդ տարի աղմուկ բարձրացավ նաեւ Մեծ Բրիտանիայի սպանդանոցներից մեկի աշխատանքի հետ կապված, երբ աշխատակիցները դաժան էին վարվում կենդանիների հետ. ասենք, ոչխարներին ոչ թե հանգիստ քշում էին դեպի «գիլյոտինին» մոտեցող խցիկը, այլ՝ կենդանուն շպրտում էին այդ խցիկի մեջ ու ծիծաղում վրաները: Հետո էլ մորթը անում դանակի սխալ՝ կույր ծայրով: Ինչը բերում էր նրան, որ ոչխարները ոչ միայն տանջանքով էին մորթվում, այլ՝ մորթից հետո երկար թպրտում էին հավերի պես: Բայց թե ինչ ընթացք ստացան այս դեպքերը, մամուլում չհանդիպեցինք ֆրանսիականի օրինակով: Բայց հաստատ էր, որ ընդհանուր ստուգումների մասին խոսք չեղավ:

Ինչեւէ, այլօրինակներ էլ կան. բայց դատելով փաստերից՝ Հայաստանում, անգամ բակային մորթերի ժամանակ ամեն ինչ այնքան լավ ու ճիշտ է արվել, որ հաստատ կարող ենք ասել՝ կենդանիները չեն տանջվել:

Այլ խնդիր է, որ մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի: Ինչ չափանիշներ են գործելում եւ գործելու Հայաստանի սպանդանոցներում: Այս մասին հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։