Հայոց Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են – Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են… Խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը – Ջավախքահայության դիմումն առ համայն հայության (դիմումի որոշումն  ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)…

Վրաստանում հոկտեմբերի 21-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների՝ Շրջանային ժողովի պատգամավորների եւ քաղաքապետերի ընտրություններ:

Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են: Ախալցիխեում, Ախալքալաքում եւ Ադիգենում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 6-ական թեկնածու, Նինոծմինդայում եւ Ասպինձայում՝ 5-ական, իսկ Բորժոմիում՝ 7 թեկնածու:

Տարածաշրջանի 6 քաղաքներից 5-ում «Գիորգի Վաշաձե – Նոր Վրաստանի միասնություն» նախընտրական բլոկը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է ազգությամբ հայերի: Իսկ մնացած կուսակցությունները ազգությամբ հայեր են առաջադրել միայն Ախալքալաքում եւ Նինոծմինդայում:

Ադիգենում առաջադրվել են Արկադի Սահակյանի, Ասպինձայում՝ Գալուստ Մկրտչյանի, Բորժոմիում՝ Արտակ Հովսեփյանի, Ախալցխայում՝ Արզուման Զորողլյանի, Ախալքալաքում՝ Ռուբեն Մկրտչյանի թեկնածությունները:

6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 35 թեկնածուներից միայն երկուսն են առաջադրվել նախաձեռնող խմբի կողմից, իսկ մնացած 33-ը ներկայացնում են քաղաքական տարբեր կուսակցություններ ու դաշինքներ:

Նինոծմինդա քաղաքում նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է Անդրանիկ Ղարսլյանը, իսկ Ասպինձայում՝ Լեւան Ցաբաձեն:

6 քաղաքների քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 34 թեկնածուներից միայն մեկն է կին, մնացածն արական սեռի ներկայացուցիչներ են: «Վրացական երազանք-դեմոկրտական Վրաստան» իշխող կուսակցությունը Նինոծմինդայում առաջադրել է Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

http://norkhosq.net/2017/09/%D5%BB%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AD%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A1%D5%BC-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%B0/  – ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ (Posted by norkhosq.net on September 27th, 2017)  

Դիմում

Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, ինչ խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը։ Մեր պատմական հայրենիքի այս հատվածի տարեգրությունը հնագույն ժամանակներից մինչև այսօր լի է դառնություններով։ Այստեղ «հյուրընկալվել» են պետություն նվաճողներ, ռազմատենչ ցեղեր,  պատմիչների տեղեկություններով՝ կազմակերպվել սպանդներ, գերեվարվել ու տեղահանվել բնիկ բնակչության ամբողջական հատվածներ և այլն։ Տարածաշրջանը վերջնականապես ազատագրվել է նախավերջին նվաճող պետությունից՝ Թուրքիայից, 1829թվականին։ Ադրիանուպոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով դարձել է Ռուսական կայսրության մաս։ 1918թ-ին եղել է վիճելի տարածք Հայաստանի և Վրաստանի միջև։ Հայտնի իրադարձություններից հետո ջավախքահայերի կամքին հակառակ՝ բռնակցվել է Վրաստանին։ 1991թ-ի  մարտի 31-ին տեղի է ունեցել Վրաստանի անկախության հանրաքվեն, որին ՀՀ-ի այն ժամանավա իշխանությանների հորդորներով մասնակցել է նաև Ջավախքը և դարձել է նորանկախ Վրաստանի մաս։ Անկախության հռչակագրի   հենքը  Վրաստանի 1921թ-ի սահմանադրությունն էր, որը իրապես ապահովելու էր Ջավախքի բնականոն զարգացումը։ Սակայն,ինչպես ցույց տվեց ժամանակը, Վրաստանի իրար հաջորդող իշխանությունները և հատկապես Ջավախքում էթնոցիդի քաղաքականություն իրականացնող Սահակաշվիլիի թիմը, խախտելով նշյալ սահմանադրության հիմնարար սկզբունքները, երկրի այս մասում հաստատելով հատուկ ծարայությունների հեգեմոնիա՝ հակասահմանադրական գործողություններով (ինչպես ինքն էր խոստովանում, ի լուր աշխարհի տարածելով, որ իրենք այս ռեգիոնում «աշխատել» են ամեն մի ընտանիքի հետ) կասեցնում են մեր պատմության բնականոն ընթացքը։ Նրանք կարողացել  են խթանել արտագաղթը՝ առաջին հերթին  խփելով մեր ինքնության հենասյանը՝ մեր մայրենիին՝ ընդունելով օրենքներ, որոնք դե-յուրե գործածությունից  դուրս են մղել այն (Հանրային ծառայողի մասին օրենքի 12-րդ հոդվածն ասում է, որ աշխատանքի են ընդունվում նրանք, ովքեր տիրապետում են վրաց լեզվին, Տեղական ինքնակառավարման  օրենքի 9-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նիստորը վարվում են բացառապես վրացերենով։Կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածով Վրաստանի հանրային դպրոցների դասավանդման լեզուն վրացերենը հայտարարելով է ևայլն)։ Եվ, ցավոք, այս օրոնքները ընդունվել են հայ պատգամավորների մասնակցությամբ, ովքեր խորհրդարանում ընդունել են ջայլամի կեցվածք՝ առանց բացառության։ Սահակաշվիլիի օրոք կատարելագործվեց տեղական ինքնակառավարման մարմինների՝ հատոկ ծառայությունների միջոցով ձևավորման արատավոր պրակտիկան։ Սաստկացան բռնությունները հասարակական-քաղաքական կազմակերպությունների չծախվող գործիչների նկատմամբ։ Ոմանք արտագաղթեցին, ոմանք չենթարկվելով, արժանացան դաժան տնտեսական ու նյութական զրկանքների։ Տարբեր պատրվակներով աշխատանքից ազատվեցին մի շարք նվիրյալ, հմուտ և արհեստավարժ մասնագետներ հատկապես հոմանիտար-հայագիտագան բնագավառներից։  Անգամ անհիմն բանտարկվեցին երիդասարտ գործիչներ՝ նպատակ ունենալով կասեցնել նրանց ակտիվ մուտքը քաղաքականություն և փոխարենը խթանելով կառավարելի ջահելների սև գործունեությունը։ Պետական պարգևների էին արժանացնում հատկապես ուժային կառույցների ներկայացուցիչների, որոնք նպաստում և գլխավորում էին ընտրությունների կեղծման գործընթացները։Պետության առաջին դեմքերը առանց ամոթի հայտարարում էին, որ իրենք այս կամ այն հայ գործչին չեն թողել դառնալ պատգամավոր միայն այն բանի համար, որ նրանց պահանջը եղել է հայերենի կարգավիճակը հստակեցնելը, ցինիկաբար հայտարարելով, որ այդ հարցը Վրաստանի անվտանգության խնդիր է։ Արի տես, որ պետական այս քաղքենի պահվածքի մեջ քողարկվում է ջավախքահայությանը Կախեթիի, Գորիի, Թիֆլիսի և հայաշատ այլ վայրերի ճակատագրին արժանացնելու մոլուցքը։ Իմիջայլոց այն ժամանակ էլ մեզ մեղադրում էին վրացերենի չիմացության մեջ, հետո սովորեցրին իրենց ձևով, և արդյունքում, ձուլվելով, փոշիացանք։ Ի՞նչ Է տառապանքը փորձ չունի՞։ Փորձեր են արվում տիրանալու հայ ժողովրդի ստեղծած պատմա-մշակութային արժեքներին արդեն Ջավախքում։ Ձեզ օրինակ՝ Գումբուրդոյի Ս.․Համբարձում տաճարը։ Արհեստականորեն, տարբեր պատրվակներով  փոփոխվում է երկրամասի ժողովրդագրությունը՝ որպես զենք օգտագործելով պետական լեզուն և մեր վրացերենի չիմացությունը,որը, իհարկե, ընդամենը պատրվակ է։

Դեպի Եվրոպա գնացող Վրաստանի այս գործողությունները «չեն ուզում տեսնել» ժողովրդավար տերությունները։ Կոպտորեն խախտվում են երկրի միջազգային պարտավորությունները։ Առկա են էթնոցիդի  դրսևորումներ։ Մի խոսքով այստեղ  ցայսօր գործում է Սահակաշվիլիի «ՄՈՒԹ» սահմանադրությունը, որը բազմազգ Վրաստանի ընդունելի սահմանադրության բացահայտ մերժումն է։

Ցավոք, Սահակաշվիլու իշխանությունը բացառած Վրաստանի նոր իշխանությունները չեն շտապում կամ, գուցե, մտադիր չեն ուղղել նրա սխալները։

Բազմազգ, բազմալեզու, բազմակոնֆեսիոնալ, բազմասեգմենտ հասարակություն ունեցող երկիրը գնում է ունիտար պետություն կառուցելու ճանապարհով։ Կարծում ենք, դա մեծ վտանգ է պարունակում իր մեջ։ Իհարկե, մեր տարածաշրջանում հայ-վրացական հարաբերությունների կայունությունը երաշխիք է մեր երկու քրիստոնյա ժողովուրդների հետագա բարեկեցության համար, բայց դա պետք է գիտակցվի երկուստեք։ Այս իմաստով թուրք-ադրբեջանական տանդեմը, իրոք, սպառնալիք է այնպիսի ռեգիոնում ինչպիսին մերն է։ Ցավոք, վրաց իշխանությունները (հատկապես Սահակաշվիլու), մատնացույց անելով նշյալ սպառնալիքը, խորամանկորեն մերոնց մղելով այդ ուղղությամբ դիմակայելու, իրենք շարունակում են իրենց հայաջինջ քաղաքականությունը։

Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ Ջավախքի կարևորությունը Հայաստանի Հանրապետության և ողջ հայության շահի տեսակետից՝ առաջարկում ենք մեր խնդիրը անհապաղ մտցնել համայն հայության հիմնախնդիրների օրակարգ։

Անհապաղ ակտիվացնել վրաց իշխանությունների հետ շփումները ՝ անկեղծորեն հասկացնելով նրանց վիճակի լրջությունը և քայլ առ քայլ վերացնել վերևում  նշված վրաց իշխանություների անբարյացակամ քաղաքականության հետևանքները։

Օգտվելով այն բանից, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ունի սահմանադրական մեծամասնություն, պետք է հասնել որոշ օրենքների բացառմանը կամ վերաձևակերպմանը։

Այս հավաքի շրջանակներում Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ռեգիոնում ստեղծված վիճակը։

Հարկ է նկատի ունենալ, որ Ջավախքի ռեաբիլիտացիան առաջին հերթին անհրաժեշտ է Արցախի համար, որի կողքին, որպես ընդհանուր հայրենիքի և օրգանիզմի մաս, միշտ եղել ենք նաև մենք՝ ջավախքցիներս։ Եթե մարմնի մի մասը ցավերի մեջ է, խաթարվում է նաև օրգանիզմի կենսունակությունը։

Քանի դեռ ուշ չէ՝ լրատվամիջոցները պետք է հրաժարվեն մեր խնդրի դիսկրետ լուսաբանումներից և անցնեն խնդրի օբյեկտիվ և անընդհատ լուսաբանմանը։

Հ․Գ - Դիմումի որոշումն  ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին։

* * *

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… /  http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից

http://www.hayary.org/wph/?p=2683Հայոց պատմություն եւ գաղափարներ

http://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ

http://www.hayary.org/wph/?p=2682Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր

* * *

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ http://pressa.ru/ru/ -ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։