Քրդերի անկախացումն անհնա՞ր է, թե՞… Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է… Այս բազմատարր Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ, անգամ եթե հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին… Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապվա՞ծ է «Մոսադի» հետ…

Այսօր շատերն են մտահոգ, որ որոշ սառեցված թեժ կետերում հնարավոր են նոր առկայծումներ Իրաքի ինքնավար Քուրդիստանում անկախության հանրաքվեից հետո: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, առկա իրավիճակի գնահատմամբ այս հանրաքվեն  չի ազդելու ոչ Դոնբասի ու Լուգանսկի (Ուկրաինայի հետ), ոչ Մերձդնեստրի (Մոլդովայի հետ), ոչ էլ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի (Վրաստանի հետ) ինքնահռչակ հանրապետությունների նոր հակամարտությունների առաջացմանը: Չի ազդելու նաեւ Արցախի խնդրի վրա՝ նոր լայնածավալ բռնկումների առումով:

Բացատրությունը մեկն է՝ Իրաքյան Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ: Անգամ եթե հանրաքվեիից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին, Իրաքի իշխանությունները կասեցնելու են անկախության տանող ցանկացած գործնական քայլ: Այս համոզվածությունը  հենվում  է այն հանգամանքների վրա, որ Իրաքյան Քուրդիստանի չորս բոլորը դեմ են նման պետության առաջացմանը եւ պատրաստ են անգամ զինված ընդհարման գնալ, ինչը միայնակ անհաղթահարելի է Իրաքյան Քուրդիստանի համար, իսկ գերտերությունները դժվար թե առճակատման գնան միանգամից այսքան տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների նկատմամբ:

Իրաքը, Թուրքիան, Իրանը եւ Սիրիան արդեն դեմ են արտահայտվել եւ սկսել են շրջափակման գործընթացները: Եթե Իրաքյան Քուրդիստանին իրենց պայքարով միանային նաեւ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի քրդերը, ապա գուցե իրավիճակն այլ լիներ, եւ անգամ ազդեր Հարավային Կովկասի վրա՝ հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական բախումների մասնակի վերսկսմամբ: Բայց այդպես չէ, «Լուսանցք»-ն իր նախորդ թողարկումում հստակ նշել էր, թե ինչ լուրջ հակադրություններ կան Սիրիայի քրդերի եւ Իրաքի քրդերի միջեւ: Նույնն է նաեւ Թուրքիայի քրդերի դեպքում, որոնք ավելի համերաշխ են Սիրիայի քրդերի հետ: Միայն Իրանի քրդերի հստակ տեսակետը հայտնի չէ, բայց մի բան պարզ է՝ Թեհրանը վերահսկում է իր քրդական համայնքի քայլերը:  

Եվ այսպես. եթե Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն չի կարող իրական անկախության հանգեցնել, ապա ինչու՞ դա տեղի ունեցավ: Արդյո՞ք միայն փորձարկում էր, թե ինչ ազդեցություն կունենա առհասարակ Քուրդիստանի արհեստական առաջացումը Մերձավոր Արեւելքում: Արդյո՞ք Իսրայելին եւ ԱՄՆ-ին բավարարում է նման «հարցումը»… Թե՞ այլ հարցումներ եւս կլինեն: Այստեղ ամեն բան արդեն հստակ չէ:

Իրաքյան Քուրդիստանի անկախության համար չկան անհրաժեշտ պայմաններ.- նշել են ամերիկյան մի շարք վերլուծաբաններ՝ SETA թուրք-ամերիկյան հիմնադրամի կազմակերպած քննարկմանը: «Չեմ տեսնում, թե ինչպես նման բան կարող է տեղի ունենալ: Առանց տարածաշրջանային ուժերից գոնե մեկի աջակցության դա անհնար է»,- մեր տեսակետը հաստատել է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դենիս Նաթալին:

Ավելին՝ Իրաքի քրդերի անցկացրած հանրաքվեն ավելի շատ բացասական դեր խաղաց՝ քրդերի դեմ միավորելով Իրաքի շիա եւ սունի համայնքներին, որոնք դեմ են երկրի պառակտմանը: Նաեւ Իրաքյան Քուրդիստանի եզդիներին եւ այլ համայնքերի, որոնք դեմ են քվեարկել անկախությանը, զգաստացրեց եւ ներքին սպասման, լարման է հանգեցրել…

Այս հանրաքվեն թուլացրեց քրդական շրջանի նկատմամբ ստեղծված միջազգային բարյացակամ վերաբերմունքը. սա նշել է Դենիս Նաթալին: Իսկ Ջոնս Հոփքինզի համալսարանի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցի վերլուծաբան Դենիել Սերվերը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ քրդերն անկախություն ցանկանալու իրական պատճառներ ունեն. «Նույն Թուրքիայում քրդերի ճնշումները Իրաքի Քուրդիստանի ներսում ապրող մարդկանց առիթ է տալիս ասելու, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քրդերի հետ պատշաճ չի վարվում»: Միաժամանակ, վերլուծաբանի խոսքով, հանրաքվե անցկացնելը բավարար չէ անկախություն ստանալու համար. «Անկախություն չեն ստանում այն հռչակելով, հակառակ դեպքում, ցանկացած մեկը կարող էր դա անել»:

Անկախություն հռչակած շրջանների մեծ մասը տապալվում է, իսկ մյուս մասը պատերազմի ներգրավվում. ընդգծել են այլ վերլուծաբաններ՝ նշելով, որ Իրաքի քրդերը եթե նույնիսկ անկախանան, ծով չեն ունենալու, իսկ նրանց անհրաժեշտ է լինելու մեծ քանակության նավթ եւ գազ վաճառել: Սակայն, հարեւանները նրանց չեն ցանկանում թույլ տալ դա անել:

Այսպիսով, եթե Քուրդիստանի սահմանակից երկրներից գոնե որեւէ մեկը չփոխի իր բացասական դիրքորոշումը քրդերի անկախացման նմատմամբ, իսկ այդպիսի հեռանկար դեռ չի երեւում, քրդերի անկախությունը այդպես էլ միայն ցանկություն կմնա: Չնայած նախորդ թողարկումում, «Լուսանցք»-ը գրել էր, թե ինչ ձեւով է Թուրքիան աշխատել «Իսլամական պետության» հետ եւ գազ ու նավթ ներկրել, ինչը Իրաքյան Քուրդիստանում չեն բացառում շարունակել Թուրքիայի հետ: Իսկ Իրանը քրդերին դիտարկում է որպես իր էթնոսից անջատված հատված եւ իրանական որոշ շրջանակներ կարծում են, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացումը առիթ կդառնա՝ այն Իրանի հետ միավորելու համար…

Բայց հասկանալի է, որ Իսրայելը եւ Արեւմուտքը Քուրդիստան չեն ստեղծելու, որ այն նվիրեն քրդերին, որոնք էլ որոշեն թուրքերի կամ իրանական կողմի հետ գործընկեր դառնալ: Ռուսաստանը նույնպես նման Քուրդիստանի գոյության հետ չի համակերպվի:

Ինչեւէ, Թուրքիայի արեւելքում՝ Ագրա նահանգում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ զինված գործողություն է կիրառվել, որի ընթացքում սպանվել է 2 թուրք զինծառայող եւ ազգային անվտանգության 2 աշխատակից: Նահանգապետի խոսքով, գործողության ընթացքում ազգային անվտանգության եւս ութ աշխատակից վիրավորվել է: Հաղորդվում է, որ քրդական զինյալ կուսակցության դեմ գործղությունը սկսվել է այն բանից հետո, երբ քրդերը սպանել են 3 ներգաղթյալի ու եւս 7-ին վիրավորել:

Սա լուրջ ահազանգ է, որ Անկարան անպայման կհամագործակցի Բաղդադի հետ: Սա ահազանգ է նաեւ Թեհրանի համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ ունենալով նախագահականում, բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավարի հասցեին: «Հյուսիսային Իրաքի վերջին իրավիճակը մտահոգիչ է, բայց  դա այն հարցը չէ, որ հնարավոր չլինի հաղթահարել: Հյուսիսային Իրաքի շրջանի ղեկավարությունը անկախանալու փորձով ըստ էության ինքը իրեն նետում է կրակի մեջ: Տեղդ նստի՛ր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի: Մեզ հետ, Իրանի հետ, կամ դաշնային պետության հետ խոսե՞լ ես: Դու ինչպե՞ս ես այդպիսի քայլեր անում: Ո՞վ է քո անկախությունը ընդունելու»,- ասել է նա՝ Իրաքյան Քուրդիստանի նախագահին անվանելով «աշիրեթի՝ ցեղախմբի ղեկավար»:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Իսկ սեպտեմբերի 28-ին Անկարայում կայացել է  Էրդողան-Պուտին հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին տրվելիք ընթրիքի ընթացքում նախագահների օրակարգի գլխավոր թեմաներն էին Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագայի ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված խնդիրները:

Տարածաշրջանային խնդիրներից բացի կարեւոր թեմաների շարքում էր Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ երկրների միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանից գնելու է 4 միավոր S-400 համակարգ: Դրանցից առաջին 2-ը կմատակարարվի 2019-ին, իսկ մյուս 2-ը Թուրքիան եւ Ռուսաստանը կարտադրեն համատեղ: Նախագահների հանդիպման օրակարգում եղել է նաեւ «Թուրքական հոսք» գազամուղի եւ «Աքքույու ատոմակայանի» կառուցման հետ կապված հարցեր:

Այս հանդիպումից առաջ Անկարան մեղադրել էր Թել Ավիվին՝ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի անցկացման հարցում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անմիջապես հերքել է Թուրքիայի հայտարարությունները Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին գաղտնի աջակցելու մասին: Բայց Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Մոսադը» դերակատարում է ունեցել Քուրդիստանի հանրաքվեի մեջ, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Որպես ապացույց նա բերել էր այն փաստը, որ հանրաքվեի արդյունքները տոնելիս շատերը թափահարել են իսրայելական դրոշներ… Թուրքիայի նախագահը այս ամենից հետո նշել է, որ Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապված է «Մոսադի» հետ…

«Լուսանցք»-ը նախորդ թողարկման վերլուծության մեջ եւս խոսել է այս մասին, նշել է, որ թերեւս միայն Իսրայելն է բացահայտ կողմ այս հանրաքվեին: Բացի այդ, հիշեցում կար այն մասին, որ Մասութ Բարզանիի ծագման մասին դեռ սովետական տարիներին խոսում էին որպես «հրեական արմատներով քրդի» մասին՝ այսինքն՝ քրդացած հրեայի կամ ինչպես ընդունված է ասել՝ ծպտյալ հրեայի մասին…

«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու նրանք, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ին, ամենուր ցանկանում են «Մոսադին» տեսնել»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ կրկնելով, որ Իսրայելը ոչ մի կապ չունի քրդական հանրաքվեի հետ, բացի միայն «հրեա ժողովրդի բնական եւ բազմամյա կարեկցանքից քուրդ ժողովրդի ձգտումներին»: Ապա նշել է, որ աջակցում է «քուրդ ժողովրդի սեփական պետություն ձեռք բերելու օրինական ջանքերին»:

Սակայն Իրաքի հարեւան երկրները միայն հայտարարություններով չեն բավարարվում: Իրանի եւ Իրաքի զինված ուժերը մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել։ Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին հայտարարել է, որ զորավարժությունները կանցկացվեն իրանա-իրաքյան սահմանին եւ կսկսվեն մոտ օրերս։ Այլ մանրամասներ չի հայտնել։

Իսկ Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգ (գտնվում է Սիրիայի հետ սահմանին) են ուղարկվել երկրի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենաներ եւ ավտոբուսներ, որոնք, ըստ թուրքական որոշ զլմ-ների, դեպի սահման են տեղափոխել լրացուցիչ զինվորներ: Բացի լրացուցիչ զինվորներից եւ զինվորականներից, Սիրիայի հետ սահման են ուղարկվել զինամթերք ու բժշկական պարագաներ։ Հայտարարվել է, իբր լրացուցիչ ուժերի կուտակումը Սիրիայի հետ սահմանին նպատակ ունի ավելի ամրապնդել Թուրքիայի սահմանային գիծը։

Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության իշխանությունները միջազգային ավիահաղորդակցության դադարեցման որոշումն անվանել են «կոլեկտիվ պատիժ եւ շրջափակում»։ «Այս որոշման իրագործումը պատիժ է Քուրդիստանի ժողովրդի նկատմամբ»,- ասված է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Սեֆին Դիզաիի հայտարարության մեջ։ Նրա խոսքով, դաշնային կառավարության կողմից ձեռք առնված միջոցները կբարդացնեն ծանր հիվանդների եւ ԻՊ-ի հետ մարտերում վիրավորված անձանց՝ արտերկրում բուժվելու հնարավորությունը։

Պաշտոնական Բաղդադը միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցրել էր այն բանից հետ, երբ քրդական ինքնավարությունը հրաժարվել էր իր տարածքում գտնվող օդանավակայանների վերահսկողությունը հանձնել դաշնային կենտրոնին։ Թուրքիայից դեպի նորանկախ Քուրդիստան ավիաչվերթները եւս կդադարեցվեն: Իրանը արդեն նման որոշում կայացրել է:

Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը հասկացել է, որ հայտնվել է բարդ իրավիճակում, բայց չի ցանկանում նահանջել: Հիշեցնենք, որ Մասութ Բարզանին հայտարարել էր, թե պատրաստ են նաեւ արյուն թափելու… Այսօր էլ նա հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ Իրաքի կառավարության հետ խաղաղ բանակցություններ սկսելու ուղղությամբ, որպեսզի հարթվեն տարաձայնությունները: Մինչ հանրաքվեն հայտարարվել էր, որ այս գործընթացը բացառապես խաղաղ է։ «Մեր կողմից սպառնալիքներ չեն եղել, սպառնալիքներ եղել են իրաքի վարչապետ Աբադիի կողմից»,- ասել է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոշավի Բաբաքրը։ Նա հավելել է, որ ապագայում  կողմ են, որ բանակցային սեղանի շուրջ խաղաղ բանակցություններ վարեն, լուծեն տարածքային հավակնությունները։

Բայց ընդդեմ հանրաքվեի իրադարձություններն այլ բանի կարող են հանգեցնել:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցելել է Իրան եւ հանդիպել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին: Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում, բայց հասկանալի է, թե թուրք գեներալն ինչ հարցեր է քննարկել իրանցի  գործընկերոջ հետ: Հոկտեմբերի 4-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Իրան: Նշվում էր, որ այցը տեղի է ունենալու Իրան-Թուրքիա ռազմավարական համատեղ խորհրդի նիստին մասնակցելու շրջանակներում, որի ընթացքում Ռուհանի-Էրդողան հանդիպմանը կքննարկվի նաեւ Իրաքի Քրդստանի հարցը:

Այնտեղ տեղի ունեցած հանրաքվեն բացի սպառնալիքից՝ նաեւ Իրանի ու Թուրքիայի համար լավ հնարավորություն է ստեղծել մի կողմ դնելու տարաձայնությունները եւ աշխուժացնելու տնտեսական կապերը, որոնք երկրների համար հատկապես այս փուլում «խիստ անհրաժեշտ են» նկատվել երկու կողմից էլ:

Չնայած Թուրքիայի հետ համատեղ ծրագրվող որոշ քայլերի, Իրանը հայտարարել է, որ չի սրի քրդերի հետ հարաբերությունները: «Ավելին՝ Իրանը կշարունակի քրդերի հետ զարգացնել եղբայրական հարաբերությունները»,- հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի եւ արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա անդրադառնալով իրաքյան զարգացումներին եւ Իրաքի մասնատման մասին Իսրայելի կողմից հնչող հայտարարություններին՝ նշել է. «Իրանը երբե՛ք թույլ չի տա, որպեսզի իրականանա Իրաքի մասնատման հարցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի երազանքը»: Իրաքի անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման ու իրաքցիների ազգային միասնականության գաղափարն ընկած է այդ երկրի Սահմանադրության հիմքում: Իրաքի Քուրդիստանի՝ անկախանալու արդյունքն այն կլինի, որ մի քանի տասնամյակ Քուրդիստանը հետընթաց կգրանցի, եւ այդ մասին Իրանը բարեկամաբար զգուշացրել է Իրաքի Քուրդիստանի իշխանություններին, այս մասին եւս խոսել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, օրերս Թել Ավիվի համալսարանում տեղի ունեցած համաժողովում, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, նշել էր. «Քրդերը պայքարող ժողովուրդ են եւ քաղաքական պայքարում ապացուցել են իրենց հաստատակամությունը եւ արժանի են քաղաքական անկախություն ունենալուն: Իսրայելը պետք է քրդերի՝ անկախ պետություն ունենալու իղձերին աջակցի»:

Իրանը նաեւ անհանգստացած է, քանի որ վտանգված են սուննիներով բնակեցված Քորդեստան (ունի շուրջ 2 միլիոն բնակչություն, որի 90%-ը կազմում են քրդերը), Խուզեստան (այստեղ զգալի թիվ են կազմում արաբները), Սիստան եւ Բելուջիստան (այստեղ հիմնականում ապրում են բելուջներ եւ ֆարսեր) եւ Արեւմտյան Ատրպատական (հիմնականում բնակեցված է քրդերով ու ազարիներով) նահանգները: Այս ամենին զուգահեռ «Իրաքում եւ Շամում իսլամական պետությունը» ավելի վտանգավոր է դարձել եւ ավելի է սպառնում Իրանի սուննիաբնակ նահանգների անվտանգությանը:

Պուտին-Էրդողան հանդիպումն, անկասկած, բազմաթիվ հարցերի պատասխաններ տվեց. կարծում են մի շարք հայ վերլուծաբաններ: Panorama.am-ը զրուցել է փորձագետ Ստյոպա Սաֆարյանի, թուրքագետ Հակոբ Չաքրյանի եւ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ: Նշվել է, որ ընդհանուր առմամբ կարելի է ակնկալել, որ եւ իրաքյան, եւ սիրիական հարցերում Թուրքիան որոշակի ցանկություններ ունի Բաղդադ-Էրբիլ հակադրության համատեքստում հնարավորություն ստանալ Քրդստանի վրա ազդող ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Հիշեցնենք, որ Անկարան շարունակում է աչք տնկել Իրաքի եւ Սիրիայի որոշ տարածքների վրա, որտեղ կան նավթի եւ գազի հարուստ պաշարներ: Չնայած Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները հայտարարելցին Սիրիայի եւ Իրաքի տարածքային ամբողջականությնան պահպանման մասին, նման հարցերում շահագրգիռ երկրները միակարծիք չեն լինում:

Հիշեցնենք, որ Բաղդադի ու Անկարայի հարաբերությունները լարված էին, բայց այս պահին նրանք դաշնակիցներ են դարձել եւ Գուցե Անկարան ընդառաջի Մոսկվայի ցանկությանը եւ նահանջի նաեւ Սիրիայի նախագահ Ասադի հարցով իր կարծր դիրքորոշումից։ Այս դեպքում քրդական համընդհանուր պայքարի մասին խոսք լինել չի կարող: Գուցե սա է պատճառը, որ Ռուսաստանը Թուրքիայից արդեն իսկ ստացել է C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրով նախատեսված կանխավճարը։ Եթե վաճառքի գործընթացը վերջնականապես կայանա, ապա Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից կմեծանա։ Իսկ այս մասին Անկարան զգուշացվել է ՆԱՏՕ-ի կողմից: Վաշինգտոնն ու Բրյուսելը հարցին շատ խիստ են վերաբերում: Հայտնի է, թե Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ինչ ընթացքի մեջ են… Երկու խոշորագույն նախագծերի մասին է նաեւ խոսքը՝ «Աքքույու» ԱԷԿ-ի եւ «Թուրքական հոսքի» գործարկման, որը հաստատ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները կարող է հակադրել Արեւմուտքի հետ:

Ատոմակայան ունեցող Հայաստանն ուժեղ դիրքեր ունի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման տեսանկյունից, բայց այլ ատոմակայանների առկայությունը կարող է զգալի թուլացնել մեր դիրքերը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի առուվաճառքի տեսանկյունից։ Թուրքական արտադրանքից կարող է օգտվել նաեւ Վրաստանը, ինչը մեզ ամենեւին ձեռնտու չէ:

Այս նշյալ նախագծերի իրացումը մեծ վնաս կբերի Հայաստանին, եւ փաստորեն մեր մի թշնամուն զանգվածային ոչնչացման զենք վաճառող՝ բարեկամ ու գործընկեր համարվող Ռուսաստանը, այժմ էլ մեր թիկունքից հարվածում է արդեն թուրքական կողմից:

Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցում կա նաեւ տեսակետ, թե անկախացումից հետո պայթյունավտանգ իրավիճակը քիչ հավանական է. «Լավ թե վատ, թափանցիկ, թե ոչ այնքան թափանցիկ, Քուրդիստանի անկախությունը կայացավ, այս փաստի հետ հաշվի նստեցին գերտերությունները»,- ասել է քրդագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ առաջին արձագանքները եղան Մոսկվայից ու Վաշինգտոնից: Նա հավանական համարեց Քուրդիստանի անկախության հռչակումը եւ հավելեց՝ նշվում է, թե  հռչակագիրը հնարավոր է ընթերցվի 2018թ. մարտի 21-ին:

Քրդագետի կարծիքով (մեզ հայտնի չէ՝ արդյո՞ք նման տեսակետ ունեցողներ էլի կան,- խմբ.), հանրաքվեն անցկացվեց բավականին խաղաղ, ինչը զայրացրեց Թուրքիային, ով սպասում էր բախումների ու քաղաքացիական պատերազմների: «Հանրաքվեին մասնակցում էր դիտորդական առաքելություն, որի կազմում ընդգրկված էին նախկին պաշտոնյաներ, ովքեր հանրաքվեից հետո հայտարարեցին, որ այն անցել է խաղաղ ու թափանցիկ: Օրինակ՝ Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարարն անմիջապես հանրաքվեից հետո հայտարարեց, որ հանրաքվեն անցել է թափանցիկ, նաեւ նշեց, որ ով էլ լիներ Քրդստանի ժողովրդի փոխարեն, նույնը կաներ, եւ նրանք վաստակել են այդ անկախության հանրաքվեն: Նա նաեւ մատնանշել է Սեւրի դաշնագիրը, որով խոստացել էին այդ անկախությունը, բայց չէին կատարել: Սա կարեւոր հայտարարություն էր նաեւ հայերի համար»,- նշել է Կարեն Հովհաննիսյանը:

Իհարկե, Սեւրի դաշնագրի ամենանգամյա նշումները որոշակի հույս են տալիս, որ դա պատահական չի լինում եւ հասունանում է Արեւմտյան Հայաստանի թեման: Սակայն անգամ Սեւրի դաշնագրով քրդերին խոստացած անկախության խնդիրը մերը չէ, առավել եւս՝ այդ անկախությունը չի կարող առնչվել Արեւմտյան Հայաստանի կամ հայապատկան այլ տարածքների հետ:

Ֆրանսիան երկար տարիներ է հովանավորել է քրդական շարժումները, ունի իր նպատակներն այդ հարցում, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կինը նաեւ գլխավորում էր քրդերին աջակցող միջազգային շարժումը, այնպես որ դա մեր խնդիրը չէ: Մեզ հետ առնչվում է այնքանով, որ կարող է շոշափել մեր հայրենիքի մի հատվածի հարցը, նոր զավթումը, որի դեպքում թուրքերին կարող են փոխարինել քրդերը: Առավել եւս, որ Սեւրի դաշնագրից դուրս մենք նաեւ քրդերից պատասխան ունենք ստանալու, որ օժանդակել են թուրքերին Արեւմտյան Հայաստանը դատարկելու հարցում…

Իսկ քրդամետ յուրաքանչյուր քայլ, որը կվնասի հայկական շահերը, կդիտվի հակահայկական: Կարծում ենք՝ այսօր Փարիզը կամ Բեռլինը չեն կրկնի նախկին սխալները, ինչը թույլ չեն տա նաեւ Վաշինգտոնին ու Մոսկվային: Իսկ Ֆրանսիան եւ Գերմանիան առայժմ ընդդեմ Հայաստանի որեւէ քայլ չեն արել, իսկ ահա Թուրքիայի, նաեւ Ադրբեջանի դեմ կատարվել են: Ինչ մնում է քրդագետի այն տեսակետին, թե «անկախացումից հետո պայթյունավտանգ իրավիճակը քիչ է հավանական», արդեն չի գործում, քանի որ պայթյունավտանգ իրավիճակն արդեն կա, Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է, շուրջ բոլորն ընթանում են զորավարժություններ: Յուրօրինակ պիտի դիտարկել Թուրքիայի, Իրանի ու Իրաքի միասնական արձագանքը եւ միաժամանակ արվող քայլերը: Թուրքիան Իրաքյան Քրդստանի ամենամեծ անցակետի մոտ զորավարժություններ էր անցկացնում, նախատեսվում են նաեւ թուրք-իրաքյան եւ իրանա-իրաքյան համատեղ զորավարժություններ: Եվ, ինչպես վերը նշել ենք, Թեհրանում հանդիպել են Իրանի եւ Թուրքիայի ԶՈւ շտաբի պետերը:

Դեռ չգիտենք, թե ինչ կտրուկ քայլերի կգնա իրաքյան զինուժը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 35 (468), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։