Ինչու՞ է շահարկվում Մինսկի խմբի հարցը – Բաքուն վաղուց է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը՝ Թուրքիայի ներգրավվմանը որոշիչ մակարդակում… Ինչու՞ է շահարկվում՝ թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել, կամ՝ ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են… Իսկ Արցախի հարցը ազգային ինքնորոշման եւ մարդկային իրավունքների տիրույթներում է եւ խնդրի միջազգային ճանաչումն անշրջելի՛ գործընթաց է…

Բաքուն երկար ժամանակ է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը: Քանիցս հայտարարել է, որ Մինսկի խումբը կամ պիտի վերանայել կամ պետք է նոր ձեւաչափ մտածել: Իհարկե, նախեւառաջ չմոռանալով շեշտել, որ այդ ձեւաչափում անհրաժեշտ է ընդգրկել նաեւ Թուրքիային… Ադրբեջանի մեծ եղբայրն ընդգրկված է Մինսկի խմբում, սակայն համանախագահների կարգավիճակում չէ, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Ըստ Բաքվի, «ադրբեջանական օկուպացված տարածքների» հարցը կարող է կարգավորվել միայն այնպիսի կառույցում, որտեղ Թուրքիային եւս որոշիչ դեր կտրվի: Իհարկե, այդպես կցանկական Բաքվում, քանզի հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տապալման հարցերից մեկն այն էր, որ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները վերածվել էին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմի, քանի որ Անկարան մի քանի նախապայման էր առաջ քաշել, որից մեկը Արցախի հետ միասին ազատագրված տարածքները կրկին զավթիչին զիջելու հարցերն էին… Բաքուն անգամ փակեց ԵԱՀԿ գրասենյակը Ադրբեջանում, ապա դեմ քվեարկեց ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը Երեւանում մնալու հարցին՝ այսպես հետզհետե վտարելով ԵԱՀԿ-ին տարածաշրջանից:

Այսինքն, ըստ Բաքվի, Հայաստանի հետ բանակցային սեղանի շուրջ պիտի երկու Ադրբեջան նստեն՝ մեծ եւ փոքր եղբայրներով: Մինչդեռ Հայաստանը չի կարողանում բանակցային սեղանի շուրջ վերադարձնել հիմնախնդրի տիրոջը՝ Արցախին, որի հարցը քննարկվում է տարիներ շարունակ:  

Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան կատարած այցելությունից հետո արված այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել, ինչպես նաեւ ԱՄՆ-ի վերջերս արած այն հայտարարությունը, ըստ որի ՄԽ-ում ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են, նշել է. «Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Այն կճշտեմ փորձագետներից ու կներկայացնեմ ավելի մանրամասն»։

Սա ավելի քան զարմանալի է: Հատկապես ամերիկյան կողմից պարբերաբար նորարարություններ են կատարվում, հարցեր են առաջ քաշվում, որոնք անընդունելի են մեզ համար, սակայն կարող են առժամանակ կիրառվելու փորձաշրջան մտնել… Պետք է նշենք, որ սիրիական եւ իրաքյան հակամարտությունների եւ հատկապես Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի պայմաններում այս նորարարությունները կարող են շատ վտանգավոր հետեւանքների հանգեցնել:

Սա նման է երկրորդ ճակատ բացելու լրացուցիչ տարբերակի, եթե դրա կարիքը զգացվի՝ կախված Իրաքյան Քուրդիստանի հետ կապված ծավալվող իրադարձություններից…

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը, ապա ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշման հիմքերը փոփոխության չեն ենթարկվել»:

Այս պահին Թուրքիան ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում պահպանի իր կարեւորված դերը, խաղացնում է նաեւ Ադրբեջանին, երբեմն նաեւ Վրաստանին: Թուրքիան արդեն վտանգավոր է դիտարկվում նախկին դաշնակիցների շրջանում եւ վստահությունը կորցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական նկրտումների եւ համաթուրքական ձգտումների պատճառով: Անկարան այսօր անկառավարելի մի նավ է, որը կարող է աջ ու ձախ վնասելով խորտակվել… Իսկ սա նախապայման կարող է լինել՝ աշխարհի վերաձեւման ճանապարհին Թուրքիայի մասնատմանն ուղղված:

«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում»,- հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը: «Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, եւ հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական ու ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»,- նշել է ԱԳ փոխնախարարը:

Պաշտոնական այցով Ադրբեջան այցելած Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում կրկին անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին: Նա Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հողերը պաշտպանելու, ինչպես նաեւ Արցախը «Հայաստանի օկուպացիայից ազատելու» համար պիտի անհրաժեշտ բոլոր զենքերի արտադրությունն ունենան: Ապա ասել է. «Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել օկուպացված Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, եւ վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի օկուպացիան: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»:

«Թուրքիայի պաշտպանության նախարարը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում»,- սա արդեն Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքն է, որն ասվել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Սա պաշտոնական անդրադարձ էր Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի այն հայտարարությանը, թե «Արցախն ադրբեջանական հող է, եւ այն պետք է ազատագրել Հայաստանի օկուպացիայից»։ ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ Թուրքիան հստակ ադրբեջանամետ ուղղվածություն ու կարծիք ունի. թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, եւ դա այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Այս հայտարարությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան  երկրորդ թուրքական պետություն, որն առաջացել է քարտեզի վրա 1918թ. մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի զինվորական ինտերվենցիայի արդյունքում: Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, Ադրբեջանն է օկուպացրել Արցախի տարածքները, իսկ Թուրքիան բոլորի աչքի առաջ օրը ցերեկով օկուպացրեց ԵՄ անդամ երկրի՝ Կիպրոսի 38%-ը: Ով ով, բայց գոնե Թուրքիան չպիտի խոսի օկուպացիայից»,- հավելել է Էդուարդ Շարմազանովը:

Իսկ Արցախի միջազգային ճանաչումն անշրջելի գործընթաց է: Օրերս նաեւ Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն է մեկնաբանությամբ հանդես եկել:

Արցախի ճանաչման շարունակվող գործընթացին անդրադառնալով՝ նա եւս հավաստել է, որ «միջազգային ճանաչումն անշրջելի գործընթաց է ու հետայսու եւս կմնա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»։ Նա վստահություն է հայտնել, որ Արցախի ճանաչումը եւ ներգրավումը միջազգային գործընթացներին՝ կապահովի հանրապետության քաղաքացիների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների լիարժեք իրացումը, ինչպես նաեւ թույլ կտա կայունություն ու անվտանգություն պահպանել տարածաշրջանում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ պետք  է հաշվի առնել, որ Անկարայի հայտարարությունները միակողմանի եւ հակամարտության կարգավորմանն իսկապես վնաս բերող են։ Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իսկապես հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, պետք է օգտագործեն բոլոր մեխանիզմները Թուրքիային հետ պահելու եւ նրա ակտիվությունը Հարավային Կովկասում կասեցնելու նպատակով։ «Հակառակ պարագայում Թուրքիայի աջակցությունը կարող է ոգեւորություն առաջացնել Ադրբեջանում, եւ նրանք փորձեն կրկին լարել առաջնագծում տիրող վիճակը։ Ինչպես հիշում ենք, անցած տարի ապրիլյան պատերազմին նույնպես նախորդել է Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում»,- ընդգծել է քաղաքագետը։

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ըստ Հայաստանի նախագահի՝ խորհրդարանականները պետք է հնարավորինս զգույշ լինեն այդ առաքելության իրականացման գործում եւ ջանքերը կենտրոնացնեն երկխոսության հարթակներն օգտագործելու ոչ թե փոխադարձ կշտամբանքներ բարձրաձայնելու, այլ հաշտության եզրեր գտնելու համար՝ նկատելով, որ, ցավոք, այնպես է ստացվում, որ ամենալավ հարթակներն անգամ, որոշ դեպքերում օգտագործվում են այլատյացության խորացման նպատակով, ինչն անթույլատրելի է:

Մտքեր են փոխանակվել ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ: Նախագահը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ

կարգավորման գործընթացում Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերը։

«Չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է քաղաքական կամք ու երկխոսելու ցանկություն, եւ ամենաբարդ հարցերն անգամ լուծումներ կստանան»,- հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամների հետ հանդիպմանը: Նրանք Հայաստանում էին՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին: ԱԺ նախագահը կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար, կարեւորել է նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված քայլերը, կառուցողական մոտեցումներն ու միջազգային հարթակներում համագործակցելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. չէ՞ որ ամեն ինչի կենտրոնում մարդն է՝ անկախ ազգությունից եւ կրոնից»: Սա նշանակում է, որ Արցախի խնդրում բացի ազգերի ինքնորոշման իրավունքից, տարածքային անձեռնմխելիության իրավունքին կհակադրվի նաեւ մարդու իրավունքների պաշտպանության գործառույթը, որը եվրոպական արժեհամակարգում առաջնային է դիտարկվում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 35 (468), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։