Աշխարհի մարզական հեւքից. Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց… Բարձրագույն խմբի եւ Հայաստանի գավաթի խաղերն ընթացքի մեջ են… ՀՖՖ-ն որակազրկել է մի շարք մրցավարների… Հայաստանը տապալվեց ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերում… Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում եւ անգլիական ակումբում… Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը… Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում… Ֆուտբոլի, շախմատի, ըմբշամարտի, սամբոյի, սպորտային մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Հայաստանի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել ֆեդերացիա՝ «Լոռի-2-04» թիմը առաջնությունից հանելու համար:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջնորդվելով կանոնակարգով, սահմանափակ պատասխանատվությամբ սույն ընկերությանը տուգանել է 50 հազար դրամով: 5000 դրամով տուգանվել է նաեւ Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցը, քանի որ կանանց մրցաշարի «Գյումրի աղջիկներ-2» -«Հրազդան ԱՀ» խաղին հրազդանցիների մարզիչ Արթուր Հարությունյանն արձանագրությունում լրացրել է 15 ֆուտբոլիստ՝ պարտադիր 18 ֆուտբոլիստի փոխարեն:

«Գանձասար-Կապան»-ը կրկին ջախջախեց «Ավան-Ակադեմիա»-ին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018թ խաղարկությունում այսօր կայացել է քառորդ եզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղը: Առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» իր հարկի տակ ընդունեց բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասար-Կապանին» եւ պարտվեց 0:4 խոշոր հաշվով:  Հյուրերի կազմում 2 գոլ է խփել Գեւորգ Նռանյանը, մեկական՝ Աշոտ Ադամյանը եւ Դմիտրի Յաշինը:

Այդպիսով, կապանյան ակումբն առաջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, քանի որ առաջին խաղում նույնպես խոշոր հաղթանակ էր տարել (3:0): «Գանձասար-Կապանի» հաջորդ մրցակիցն իհայտ կգա քառորդ եզրափակիչ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Գյումրիում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

«Գանձասար-Կապան»-ը վստահ հաղթեց «Բանանց»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլում կայացավ երկրորդ հանդիպումը: Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Բանաց»-ին եւ վստահ հաղթանակ տարավ: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց Ալեքս Ջունիորը, իսկ 82-ին այն կրկնապատկեց Գեղամ Հարությունյանը:

Կապանցիները երրորդ հաղթանակը տարան առաջնությունում, վաստակեցին 12 միավոր եւ բարձրացան 3-րդ տեղ՝ շրջանցելով հենց «Բանանց»-ին: Այս խաղափուլի վերջին խաղում «Փյունիկ»-ն իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտ»-ին:

«Շիրակ»-ը «Արարատ»-ի հետ խաղում չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլի մեկնարկային խաղում Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին: Երեւանի «Նաիրի» մարզադաշտում թեեւ հանդիպում էին հանրապետության երկու հնագույն թիմերը, բայց ֆուտբոլասերների մոտ այն հետաքրքրություն չէր առաջացրել: Սակայն մարզադաշտ եկած մի քանի տասնյակ երկրպագուները բավական համառ պայքարի ականատես դարձան:

Նախ 2 անգամ աչքի ընկան շիրակցիները: Խաղի 35-րդ րոպեին նրանք 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որն վստահ իրացրեց Իգոր Ստանոեւիչը: 4 րոպե անց հյուրերը եւս մեկ արդյունավետ գրոհ կազմակերպեցին եւ Արամ Մուրադյանը ընթացքից կատարված հարվածով 2-րդ անգամ գրավեց «Արարատ»-ի դարպասը: Սակայն 1-ին խաղավարտի վերջում տանտերերի կազմակերպված հազվադեպ գրոհներից մեկն ավարտվեց Արամ Քոչարյանի ոչ այնքան ուժեղմ սակայն դիպուկ հարվածով: 2-րդ խաղակեսում թիմերը հիմնականում պայքար էին մղում նախաձեռնությանը տիրելու համար: Երկար ժամանակ խաղադաշտում հավասար պայքար էր գնում: Սակայն հանդիպման 79-րդ րոպեին արարատցիների դարպասապահի երկար փոխանցումից հետո բավական վտանգավոր գրոհ ձեռնակեցին աջ եզրով:  Արդյունքում, եզրից կատարված փոխանցումից հետո գնդակը հայտնվեց փոխարինման մտած Գարեգին Կիրակոսյանի մոտ, որը ընթացքին կատրաված հուժկու հարվածով անակնկալի բերեց «Շիրակ»-ի դարպասապահին:  

Գոլից հետո շիրակցիների մեծ ուժերով նետվեցին առաջ եւ փորձեցին ետ բերել հաշվի առավելությունը, սակայն՝ ապարդյուն: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Մենք անտեղի միավորներ կորցրինք: 2:0 հաշվով առջեւում էինք, բայց ֆուտբոլիստները մի փոքր հանգստացան, որի արդյունքում պատժվեցինք: Երեւի նաեւ տղաները ռիթմից ընկել էին, քանի որ վերջին անգամ խաղացել էին հոկտեմբերի 1-ին»,- հանդիպումից հետո ասաց «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Իսկ ահա «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը չներկայացավ մամուլի ասուլիսին, քանի որ անձնական հարցերով չէր ժամանել խաղին: Նրան փոխարինեց թիմի մարզիչ Արայիկ Թորոսյանը: «Մենք լավ աշխատեցինք, լավ պաշտպանվեցինք, հակագրոհների ժամանակ գոլեր խփացինք եւ կարողացանք հավասարեցնել հաշիվը: «Շիրակ»-ի դեմ կարելի էր միայն այդպիսի ֆուտբոլ խաղալ»,- ասաց առաջին անգամ մամուլի ասուլիսի մասնակցող մարզիչը:

ՀՖՖ-ն որակազրկել է «Շիրակ»-«Գանձասար-Կապան» խաղի մրցավարներին

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի «Շիրակ» – «Գանձասար-Կապան» հանդիպման մրցավարական անձնակազմը որակազրկվել է։ Այդ մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն քննարկելով այդ հանդիպման 90+5 րոպեին նշանակված 11մ հարվածի դրվագը, հանգել է այն եզրակացության, որ տվյալ խաղային իրավիճակում կայացվել է սխալ որոշում, որի համար մրցավարական անձնակազմի համապատասխան անդամները որակազրկվել են:

Նշենք, որ «Շիրակ»–«Գանձասար-Կապան» խաղը սպասարկել է հետեւյալ մրցավարական կազմը.

Մրցավար` Սուրեն Բալիյան (Երեւան)

Մրց. 1-ին օգն.` Մեսրոպ Ղազարյան (Երեւան)

Մրց. 2-րդ օգն.` Ատոմ Սեւգուլյան (Երեւան)

4-րդ պ-նյա` Հարություն Համբարձումյան (Երեւան)

Մրց. 1-ին լր. օգն.` Արթուր Սաֆարյան (Մարտունի)

Մրց. 2-րդ լր. օգն.` Գեւորգ Եղոյան (Երեւան)

Հայաստան-Լեհաստան՝ 1:6

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումն ավարտվեց 1:6 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Հայաստանի ազգային հավաքականի միակ գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը 45-րդ րոպեին՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Նախավերջին՝ 9-րդ փուլում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը աամենախայտառակ պարտությունը կրեց:

Ռոբերտ Լեւանդովսկի. «Հայաստանի հավաքականում միայն Մխիթարյանը չէ վտանգավոր»

Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային թիմի հետ խաղից առաջ հանդիպել էր լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին: «Մենք պատրաստվելու քիչ ժամանակ ունենք, ուստի առաջիկա խաղում պետք է ապավինենք մեր տակտիկայի եւ մտավոր կարողությունների վրա: Հայաստանի հետ խաղն ինձ հիշեցնում է անցած ընտրական փուլի Վրաստանի հետ հանդիպումը, որում մենք 4:0 հաշվով խոշոր հաղթանակ տարանք, սակայն դա այնքան էլ հեշտ չտրվեց մեզ», – ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես գալու շնորհիվ ես լավ ծանոթ եմ, թե ինչի է ընդունակ նա: Վտանգավոր է ցանկացած մրցակցի համար: Սակայն Վարշավայում Հայաստանի հավաքականը հանդես եկավ առանց նրա, եւ վատ տպավորություն չթողեց: Մյուս ֆուտբոլիստները նույնպես կարողանում են պայքար մղել, խնդիրներ ստեղծել մրցակիցների համար: Սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, հաղթանակ տոնենք եւ վերջակետ դնենք այս ընտրական փուլում»,- ասել է Լեհաստանի հավաքականի թիվ երկրորդ ռմբարկուն, որն ազգային թիմի կազմում խփել է 47 գոլ:

Հենրիխ Մխիթարյան. «Ինձ ամենամեղավորն եմ զգում»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լեհաստանից կրած 1-6 հաշվով պարտությունից հետո խոսել է խաղի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի եւ «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը պարտությունից հետո ներողություն է խնդրել հայ երկրպագուներից. «Մեկնաբանելու ոչինի չկա, պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Մենք շատ ենք ամաչում այս արդյունքի, խաղի և այն ամենի համար, ինչ կատարվեց խաղադաշտում: Անկեղծ: Ներողություն ենք խնդրում»,- ասել է նա:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը խոշոր հաշվով պարտությունից հետո խնդրել է ըմբռնումով մոտենալ տեղի ունեցածին։ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն էլ է այս կտրվածքով խոսել հավաքականի խաղից հետո…:

«Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞»

Լեհաստանի հավաքականի հետ խաղում պարտությունը ֆուտբոլային էր դարձրել ԱԺ-ում կրքերը: Նորմալ ֆուտբոլային թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից մի միլիոն դոլար է պետք: Սա ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն միաժամանակ թվարկում ՀՖՖ նախագահի ներդրումները. «Հայրապետյանը այս տարիներին միայն ազնիվ ծառայել է հայկական սպորտին: Հայրապետյանի անձնական եւ պրոֆեսիոնալ ներդրման արդյունքում ունենք բազմաթիվ ակադեմիաներ, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում: Լավ կլիներ, երբ հաղթում էին՝ մյուս թիմերին, այդ ժամանակ ասեիք՝ կեցցե Հայրապետյանը»:

«Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, տեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները, կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում»,- կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովամսյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում 1:6 խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանի ազգային թիմին: «Ֆուտբոլ է. Բրազիլիայի պես թիմը 1:7 իր դաշտում պարտվեց Գերմանիային: Եթե բրազիլացիները կարող են 1:7 պարտվել, հայերը կարող են 1:6  էլ պարտվել: Ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է: Ասենք, Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞»,- զարմանում է Էդուարդ Շարմազանովը:

«Պիտի հուսանք, որ Եվրոպայի առաջնության նախնական փուլում մենք շատ ավելի կազմակերպված կլինենք: Մենք պետք է լուրջ մտածենք նաև մանկապատանեկան ֆուտբոլի մասին: Ինքս ունեմ տղա, որը 12 տարեկան է և ամբողջ հոգով, սրտով զբաղվում է ֆուտբոլով, եւ ես նպատակ ունեմ, որ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնա: Ես սիրում եմ ֆուտբոլը, ես ցավում եմ մեր ֆուտբոլի համար»,- ասաց Հրայր Թովմասյանը:

ԱԺ միջանցքներում քննարկվող հիմնական թեման ֆուտբոլն էր, սակայն անդրադարձ եղավ նաեւ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ԵՏՄ-ից դուրս գալու մասին քննարկմանն իրենց խմբակցության 7 անդամներով ջախջախեցին 70 հոգանոց ՀՀԿ խմբակցությանը: «Ինչ վերաբերում է ջախջախումներին, ապա  նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ նրանք որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել: Իսկ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով ջախջախիչ արդյունքի չեն հասնի»,- նկատել է Էդուարդ Շարմազանովը:

Ղազախստան-Հայաստան՝ 1:1. - ՀՖՖ նախագահի հետ հանդիպումից հետո միայն կկարողանամ որոշում կայացնել

Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կայացել է Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով։ 26-րդ րոպեին Հայաստանի հավաքականին առաջ է մղել թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Սակայն Ղազախստանի հավաքականիը հավասարեցրել է հաշիվը:

Հայաստանի հավաքականը դուրս է մնացել աշխարհի առաջնության հետագա պայքարից։  «Իմ կարծիքով, շատ հետաքրքիր խաց ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի համաձայն, նախօրեին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

«Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք 2-րդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք եւ խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց, իմ կարծիքով, այսօր Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության»,- ասել է նա։ Հարցին, թե ձեր կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո, մարզիչը պատասախնել է. «Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար»։

Պատասխանելով հարցին, թե այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղում ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը, նա ասաց. «Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխը օգնում է թիմին եւ թիմը պետք է օգնի Հենրիխին»։ Հարցին, թե՝ «Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք», Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել»:

Խոսելով ներկա կազմի հեռանկարների մասին, մասնավորապես պատասխանելով հարցին, թե սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա, նա ասել է .«Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո եւ կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ եւ գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորոթյուն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում եւ հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։

Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը 6 թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում երկրի կենսամակարդակին»։

Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյանը, բոլորս ենք մեղավոր.-Մարկոս Պիզելի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ղազախստանի հետ հանդիպումից հետո «Վիվառոնյուզ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իր դժգոհությունը թիմի խաղից ու հնչեցրել մեղավորների անունները.  «Շատ վատ է, շատ վատ: Այլեւս չենք կարող խաբել: Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյանն է մեղավոր՝ ով սկսեց այս ցիկլը: Ֆուտբոլիստն էլ է մեղավոր: Չի կարելի ասել,  որ Հենրիխ Մխիթարյանն է մեղավոր, մարզիչն է մեղավոր: Բոլորս մեղավոր ենք»…

Տարբերություն չեմ դնում՝ խաղում եմ ազգային հավաքականում, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

«Լեհաստանի եւ Ղազախստանի հետ հանդիպումներին պետք է ամենաբարձր ձեւով ներկայանանք ու կարողանանք դրական արդյունքի հասնել երկու խաղերում էլ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Շարունակելով  իր խոսքը, նա ասել է.  «Ճիշտ է՝ հնարավորություն չունենք դուրս գալ Աշխարհի առաջնություն, բայց դա ոչինչ չի նշանակում, խաղալու ենք մեր ազգի համար, թասիբի համար, ապացուցելու համար, որ որոշ մարդիկ սխալ են եւ կարող ենք լավ խաղալ ու հասնել արդյունքի»:

Պատասխանելով հարցին, թե երկրպագուների մոտ հաճախ կարծիք կա, որ որպես ֆուտբոլիստ չեք կարողանում հավաքականում նույն օգտակարությունն ունենալ,  ինչ ձեր ակումբում, Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է. «Ես տարբերություն չեմ դնում ազգային հավաքականում եւ թիմում խաղալու միջև: Երկու տեղում էլ ցանկանում եմ առավելագույնն անել: Ինչ-որ տեղ կարող է ստացվել, ինչ-որ տեղ՝ ոչ: Չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում: Եթե երկրպագուները դժգոհում են, դա իրենց կարծիքն է: Ես գիտեմ, թե ինչքանով եմ տրվում հավաքականի խաղերին, փորձում են հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ: Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հնարավոր է խաղն ավելի շատ ինքնս ինձ վրա վերցնեմ, հավաքականում ավելի շատ փորձում եմ իմ թիմակիցներին օգնել, որպեսզի թիմային խաղ ստացվի»:

Eurosport-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է խորհդանշական հավաքականում

Eurosport հեռուստաընկերությունը ֆուտբոլասերների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ընդգրկվել են ֆուտբոլի ներկայիս այն աստղերը, որոնք իրենց երկրի հավաքականների հետ չեն կարողացել մտնել աշխարհի 2018թ առաջնության եզրափակիչ փուլ եւ ստիպված բաց են թողնելու եկող տարվա գլխավոր ստուգատեսը: Այդ հավաքականում տեղ է զբաղեցրել նաեւ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ահա այդ թիմի ամբողջ կազմը.- Դարպասապահ՝ Յան Օբլակ (Սլովենիա): / Պաշտպաններ՝ Դավիդ Ալաբա (Ավստրիա), Դեյլի Բլինդ (Հոլանդիա), Վիրջիլ Վան Դիյկ (Հոլանդիա), Անտոնիո Վալենսիա (Էկվադոր): / Հենակետային կիսապաշտպաններ՝ Նաբի Կեյտա (Գվինեա), Արտուրո Վիդալ (Չիլի): / Ենթահարձակվողներ՝ Ալեքսիս Սանչես (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան), Գարեթ Բեյլ (Ուելս): / Հարձակվող՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն):

Պահեստայինների մեջ ընդգրկվել են Յասպեր Սիլեսենը (Հոլանդիա), Միրալեմ Պյանիչը, Էդին Ջեկոն (2-ն էլ Բոսնիա եւ Հերցեգովինա), Մարեկ Համշիկը (Սլովակիա), Արյեն Ռոբենը (Հոլանդիա), Արոն Ռամզին (Ուելս):

Հենրիխ Մխիթարյանն առայժմ չկա թեկնածուների ցուցակում

Ֆրանսիական «Ֆրանս ֆուտբոլ» շաբաթահանդեսը, որը հիմնադրել է  ամենաթանկարժեք անհատական մրցանակը ֆուտբոլում՝ «Ոսկե գնդակը», արդեն հրապարակել է 2017թ. թեկնածուների անունները: Դրանք, ինչպես միշտ, 30 ֆուտբոլիստ կլինեն: Սակայն «Ֆրանս Ֆուտբոլն» այս տարի բոլոր թեկնածուներին ներկայացնելու է առանձին խմբերով: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների առաջին խմբում ընդգրկվել են բրազիլացիներ Նեյմարը եւ Մարսելոն, խորվաթ Լուկա Մոդրիչը, արգենտինացի Պաուլո Դիբալան եւ ֆրանսիացի Նգոլո Կանտեն:

Երկրորդ հնգյակը լրատվամիջոցը հրապարակել է ժամը 14:00-ին: Դրանում տեղ են գտել Ֆիլիպ Կոուտինյոն, Դրիս Մերտենսը, Յան Օբլակը, Սերխիո Ռամոսը, Լուիս Սուարեսը: Երրորդ հնգյակը հայտնի կդառնա ժամը 16:00-ին, 4-6-րդը՝ համապատասխանաբար 19:50-ին, 20:35-ին եւ 21:15-ին:

Այն, թե ինչո՞ւ է «Ֆրանս Ֆուտբոլն» խումբ-խումբ ներկայացնում «Ոսկե գնդակի» թեկնածուներին, հայտնի է միայն իրենց: Հուսանք, որ լրատվամիջոցը չի անտեսի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչ խաղում խփելով վճռորոշ գոլը:

«Ոսկե գնդակի» հավակնորդները

«France Football» հեղինակավոր պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» բոլոր՝ 30 հավակնորդների անունները: Հավակնորդների թվում են նաև Լիոնել Մեսսին («Բարսելոն», Արգենտինայի հավաքական), Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական), ովքեր ամբողջ պատմության ընթացքում ամենաշատն են արժանացել «Ոսկե գնդակի»՝ Մսսին 5 անգամ, Ռոնալդուն՝4:

Մյուս հավակնորդներն են՝ Նեյմար («Բարսելոն»/ՊՍԺ, Բրազիլիայի հավաքական), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիայի հավաքական), Պաուլո Դիբալա («Յուվենթուս», Արգենտինայի հավաքական), Մարսելո («Ռեալ», Բրազիլիայի հավաքական), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիայի հավաքական), Լուիս Սուարես («Բարսելոն», Ուրուգվայի հավաքական), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Յան Օբլակ («Ատլետիկո», Սլովենիայի հավաքական), Ֆելիպե Կոուտինյո («Լիվերպուլ», Բրազիլիայի հավաքական), Դրիս Մերթենս («Նապոլի», Բելգիայի հավաքական), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստանի հավաքական), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիայի հավաքական), Հարրի Քեյն («Տոտենհեմ», Անգլիայի հավաքական), Էդին Ջեկո («Ռոմա», Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքական), Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալի հավաքական), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», Իտալիայի հավաքական), Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիայի հավաքական), Անտուան Գրիզման («Ատլետիկո», Ֆրանսիայի հավաքական), Ռադամել Ֆալկաո («Մոնակո», Կոլումբիայի հավաքական), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դ., Գաբոնի հավաքական), Էդինսոն Կավանի (ՊՍԺ, Ուրուգվայի հավաքական), Մաթս Հյումելս («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական), Էդեն Ազար («Չելսի», Բելգիայի հավաքական), Լեոնարդո Բոնուչի (Յուվենթուս»/«Միլան», Իտալիայի հավաքական), Իսկո («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական):

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին զրկել են լիազորությունից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ֆեդերացիայի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովին թույլ չտալ իր թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը: Որոշումը կայացվել է հոկտեմբերի 13-ին Անթալիայում տեղի ունեցած ֆեդերացիայի համաժողովում: Մասնակիցներից 37-ը այդ որոշմանը կողմ են քվեարկել, իսկ 20-ը՝ դեմ:

Գործադիր կոմիտեն միաժամանակ Կիրսան Իլյումժինովին զրկել է իր լիազորություններից: Նրա պարտականությունները ժամանակավոր կատարելու է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իորգոս Մակրոպուլոսը: Նշենք, որ ՖԻԴԵ-ի հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2018թ. սեպտեմբերին:

Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Հոկտեմբեր 4,2017 – Շախմատի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցների վերջնական կազմը:

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 39 ազգային թիմ: Հայաստանի հավաքականն իր վարկանիշով զբաղեց­­նում է 6-րդ տեղը: Մեր ընտրանին հանդես կգա այսպիսի կազմով՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մով­սե­սյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան):

Կանանց առաջնությունում հայտ են ներկայացրել 32 հավաքական: Հայաստանի ընտրանին, որը հանդես կգա Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան (մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան) կազմով, նախնական վարկանիշով 11-րդն է մասնակիցների մեջ:

Այս տարվա Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 6-ը, հունական Կրե­տե կղզու Հերսոնիսոս քաղաքում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:

Առաջնության հաղթող թիմը կպարգեւատրվի ոսկե մեդալներով, իսկ երկրի ֆեդերացիան՝ 5000 եվրոյով: 2-3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան համապատասխանաբար արծաթե ու բրոնզե պարգեւներ, իսկ ֆեդերացիաները՝ 3000 ու 2000 եվրո:

Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում

Անգլիական British Chess Magazine շախմատային ամսագիրը, որը լույս է տեսնում 1881 թվականից, այս տարվա հոկտեմբերի համարում հիմնականում անդրադարձել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին:

Տպագիր հանդեսը մանրամասը պատմում է Թբիլիսիում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասին, որտեղ հաղթանակ է տարել մեր գրոսմայստերը: Ըստ լրատվամիջոցի, 2017 թվականի ամենահաջողակ շախմատիստը հենց Լեւոն Արոնյանն է, քանի որ նա հաղթող է դարձել չորս խոշոր մրցաշարերում (Grenke Classic, Norway Chess, Saint Louis Rapid & Blitz, Աշխարհի գավաթ): Այն միաժամանակ նշում է, որ հայ շախմատիստը միակն է, որը երկու անգամ դարձել է աշխարհի գավաթակիր:

Ամսագիրը նաեւ անդրադարձել է Լեւոն Արոնյանի պսակադրությանը Ավստրալիայի նախկին շախմատիստուհի Արիանա Կաոիլի հետ՝ նշելով, որ պատվավոր հյուրերից մեկը եղել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հետեւել է պատանի շախմատիստների խաղին

Սերժ Սարգսյանն այսօր հետեւել է Ջերմուկում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի պարտիաների ընթացքին: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ:

Հոկտեմբերի 3-16-ն անցկացվող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչեւ 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից եւ Հայաստանից: Պարտիաներն ընթանում են հոկտեմբերի 4-15-ը, Ջերմուկի «Ջերմուկ Աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։

3 փուլից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն:  Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանն ունեն 2.5-ական միավոր եւ կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Հ.Գ. – Ջերմուկի եվրոպական «Գրան Պրին» առայժմ գլխավորում է Կիրիլ Շևչենկոն – Ջերմուկում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրիում» արդեն խաղարկվել է 6 փուլ: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է 15-ամյա ուկրաինացի շախմատիստ Կիրիլ Շևչենկոն: Միանձնյա առաջատարից կես միավոր քիչ ունեն մեր շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը, ովքեր այս փուլում պարտության մատնեցին համապատասխանաբար նորվեգացի Թոր Ֆրեդերիկ Կաասենին եւ Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզի Կաչարավային:

7-րդ փուլում Կիրիլ Շևչենկոն սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Արսենի Նեստերովի հետ, ով 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Շանթ Սարգսյանը կմրցի բելառուսցի Վյաչեսլավ Զարուբիցկու հետ, իսկ Արամ Հակոբյանն ուժերը կչափի ընդամենը 1 միավոր վաստակած Թոր Ֆրեդերիկ Կաասենի հետ:

Հ.Գ. – Եվրոպայի «Գրան Պրի». Արամ Հակոբյանը չդիմաց առաջատարի գրոհներինՋերմուկում տեղի ունեցան շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  մրցաշարի նախավերջին 10-րդ փուլի խաղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շեւչենկոն սեւ խաղաքարերով հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանին եւ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Ուկրաինացի 15-ամյա շախմատիստն այժմ ունի 9 միավոր եւ շարունակում է մեկով գերազանցել մեր մյուս շախմատիստ Շանթ Սարգսյանին, ով այս փուլում սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Արսենի Նեստերովի նկատմամբ:

Վաղը տեղի կունենան վերջին՝ 11-րդ փուլի հանդիպումները: Կիրիլ Շեւչենկոն սպիտակներով քննության կենթարկի մեր ամենակրտսեր շախմատիստին, 13-ամյա Մամիկոն Ղարիբյանին: Շանթ Սարգսյանը սեւերով կմրցի 8-րդ հորիզոնականում ընթացող Սերգեյ Լոբանովի հետ, իսկ Արամ Հակոբյանի մրցակիցը կլինի 5-րդ տեղը զբաղեցնող Արսենի Նեստերովը:

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 5-րդն է

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում կայացել են առանձին գործիքների եզրափակիչները։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Նա վաստակել է 14,700 միավոր։ Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մաքս Ուիթլոքը՝ 15,441 միավոր։

- Արթուր Դավթյանը 13-րդն է մարմնամարզության աշխարհի առաջնությունում – Կայացել է բազմամարտի եզրափակիչը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Արթուր Դավթյանը 83.332 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Նա որակավորման փուլի հետ համեմատած բարելավել է իր միավորների ցուցանիշը։ Բազմամարտում աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Սիաո Ռոուտենգը։

Հայաստանի 3 ըմբիշ վաստակավոր վարպետի կոչում ստացան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը եւ սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։

Մարզիկներին այդ բարձր կոչումը շնորհեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Նա եւս մեկ անգամ շնորհավորեց մարզիկներին բարձր արդյունքներ ցույց տալու համար։

Սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը՝ 3 մեդալ

Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների ու աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը: Ուրախալի է, որ մերոնք նվաճեցին 3 մեդալ: Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը (48կգ) եւ Վահագն Չալյանը (82կգ): Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը: Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի:

Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝ 81 կգ, Արման Մանուկյանը՝ +87 կգ, երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ եւ Անի Տեր-Հարությունյանն (44 կգ) ու Աննա Մկրտչյանը (+80 կգ):

Հ.Գ. – Գրիգոր Սահակյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոնՀայաստանի սամբիստ Գրիգոր Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող սամբոյի պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում: Մեր մարզիկը ավագ 90 կգ քաշային կարգի ավագ տարիքային խմբի մրցումներում հաղթահարելով նախնական բոլոր փուլերը, մտել է եզրափակիչ, որտեղ լարված պայքարում պարտության է մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Մախմատովին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Սամբոյի ավանդական «արքայական» մրցաշար

2013թ. հոկտեմբերի 8-ին «Աշխատանք» մարզական միության սրահում անցկացվեց 385թ. 291-րդ օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան ավանդական բաց մրցաշարը, որին երկու տարիքային խմբերում մասնակցեցին մայրաքաղաքի եւ մարզերի շուրջ 300 պատանի սամբիստներ, ինչը եւս մեկ անգամ փաստում է մարզաձևի մասսայականության ու սիրված, տարածված լինելու մասին:

Ստորեւ ներկայացնում ենք հաղթողներին եւ մաղթում հետագա հաղթանակներ ու հաջողություններ:

Տղաների՝ 2002-2004թթ ծնված տարիքային խումբ

Բաբկեն Բագրատյան-38 կգ քաշային կարգ /Աբովյան/

Ժիրայր Ալեքսանյան-40 կգ ք/կ /Նոր Հաճըն/

Ռոբերտ Նազարյան-42 կգ ք/կ /Սպիտակ/

Լևոն Խաչատրյան-45 կգ ք/կ /Գյումրի/

Լայերտ Մկրտումյան-48 կգ ք/կ /Նոր Հաճըն/

Տիգրան Վանեսյան-51 կգ ք/կ /Նոր Հաճըն/

Գեւորգ Մանուկյան-55 կգ ք/կ /Վանաձոր/

Մարկ Մարկոսյան-59 կգ ք/կ /Աբովյան/

Նարեկ Ամիրյան-63 կգ ք/կ /Իջեւան/

Սարգիս Սարգսյան-68 կգ ք/կ /Գյումրի/

Նարեկ Մխիթարյան-73 կգ ք/կ /Երեւան, Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ/

Համլետ Վարդանյան-78 կգ ք/կ /Նոր Հաճըն/

Արթուր Հարությունյան-+78 կգ ք/կ /Սպիտակ/

Տղաների՝ 2005թ ծնված եւ փոքր տարիքային խումբ

Նարեկ Սիմոնյան-26 կգ ք/կ /Գյումրի/

Ռոբերտ Սիմոնյան-28 կգ ք/կ /Գյումրի/

Արծրուն Հարությունյան-31 կգ ք/կ /Վանաձոր/

Հայկ Ավետիսյան-34 կգ ք/կ /Գյումրի/

Վահե Խաչատրյան-38 կգ ք/կ /Գյումրի/

Հայկ Առաքելյան-42 կգ ք/կ /Իջեւան/

Կառլեն Աղումյան-46 կգ ք/կ /Սպիտակ/

Գագիկ Մարտիրոսյան-50 կգ ք/կ /Եղվարդ/

Արման Ներսիսյան-55 կգ ք/կ /Գյումրի/

Մինաս Սարգսյան-65 կգ ք/կ /Աբովյան/

Էրիկ Սաղաթելյան-+65 կգ ք/կ /Վանաձոր/

Աղջիկների՝ 2000թ ծնված եւ փոքր տարիքային խումբ

Էլեն Մարտիրոսյան-30 կգ ք/կ /Եղվարդ/

Քնարիկ Կարապետյան-42 կգ ք/կ /Արտաշատ/

Մելինե Մամիկոնյան-48 կգ ք/կ /Բյուրեղավան/

Նանե Նազարյան-51 կգ ք/կ /Երեւան, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/

Վարսիկ Գրիգորյան-55 կգ ք/կ /Երեւան, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/

Մոնիկա Մքոյան-+59 կգ ք/կ /Վանաձոր/

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։