Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛է եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»-… Տոնավաճառ՝ Արցախի բերքի տոնիին… Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են… Հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծության նպատակով… Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երեւանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը… Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին… ԱՄՆ-ի Պետդեպը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը… Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդը սպասում է… Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ…

Արցախի բերքի տոնին մասնակցության 900 հայտ է ներկայացվել – Տոնավաճառ Ստեփանակերտում՝ գյուղաշխատողի օրվա առթիվ

Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվելիք Բերքի տոնին այս տարի 900 հայտ է ներկայացվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանը: Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցելու են Արցախի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ մասնակցության ցանկություն են հայտնել 30 տնտեսվարող սուբյեկտներ: «Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Բերքի տոնին համաժողովրդական բնույթ տալու նպատակով անց են կացվելու մի շարք մշակութային եւ տոնական միջոցառումներ: Իսկ ցուցահանդես-տոնավաճառին, արտադրողների հետ մեր ունեցած պայմանավորվածության համաձայն, գյուղատնտեսական մթերքներն ու արտադրատեսակները կվաճառվեն շուկայականից 15-20% ցածր գներով»,- ասել է Աշոտ Դանիելյանը:

Արցախի բոլոր տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆերմերներին հնարավորություն է տրվել այդ օրը ներկայացնել իրենց արտադրանքը եւ վաճառել: Նշվել է նաեւ, որ Բերքի տոնին մասնակցելու նպատակով հանրապետության շրջաններից եկած բոլոր անհատներին ու տնտեսավարող սուբյեկտներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն, ապահովելու է վառելիքով:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նա շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ անելիքների վերաբերյալ:

Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստը: Օրակարգի հարցրեը վերաբերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհված տարածքների ուսումնասիրություններին: ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը ներկայացրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակի վերլուծությունը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքների բույսերի բազմազանության վիճակի եւ ինքնավերականգնման հնարավորության մասին տվյալներ է ներկայացրել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը: Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Արսեն Գասպարյանը ներկայացրել է իրենց կողմից իրականացված արգելոցի կենսաբազմազանության վրա հրդեհների ազդեցության ուսումնասիրությունը: Հրդեհների հետեւանքների վերացման ուղղությամբ ամերիկյան գիտնականների կողմից տրված նախնական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը:  

Ըստ ներկայացված զեկույցների, նախնական հաշվարկներով հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա:

Ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայում արդեն հրդեհված տարածքներում ակնհայտ է բուսականության աճը, թեեւ, վերջնական պատկերացում կարելի է կազմել գարնանը: Միամյա խոտաբույսերի վիճակն արգելոցի բոլոր տեղամասերում կբացահայտվի աշնանային անձրեւներից հետո, ինչպես նաեւ գարնանը՝ թափված կենսունակ սերմերի ծլելուց հետո: Բազմամյա եւ ծառաթփային բույսերի վերականգնումը եւս մեծ չափով կախված է ծլունակ սերմերի առկայությունից: Լայնատերև ծառատեսակների ամբողջությամբ այրված առանձնյակների վիճակը կբացահայտվի գարնանային վեգետացիայի ընթացքում:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում կկատարվի այրված տեղամասերից հավաքված պտուղների եւ սերմերի ցանքս, հրդեհից հետո դրանց ծլունակությունը ստուգելու նպատակով: Երկամյա եւ բազմամյա խոտաբույսերի մոտ նշված տեղամասերում արդեն սկսվել են վերականգնման պրոցեսներ: Դրանց մոտ նոր ընձյուղներ են դուրս եկել արմատամերձ վարդակներից, որոշ տեսակների մոտ հասնելով մինչեւ 20 սմ բարձրության: Ինչպես բազմիցս նշվել է, վերականգնման տեսանկյունից բարդությունը գիհու ծառատեսակն է ներկայացնում, որն ինքնին դժվար աճող տեսակ է:

Բուսականության վերականգնման վերջնական վիճակը կբացահայտվի լրացուցիչ մոնիտորինգից հետո՝ աշնանը (անձրևներից հետո՝ հիմնականում խոտաբույսերինը) եւ գարնանը (հիմնականում՝ ծառերինը եւ թփերինը): Արամ Աղասյանը հատկանշական է համարել, որ կենդանական աշխարհից խոշոր կաթնասունների կորուստներ չեն եղել, հրդեհն ընդգրկած տարածքում կրակից զերծ մնացած կղզյակներում անգամ միջատներն ու սողունները կարողացել են պատսպարվել: Դիտարկումները ցույց են տալիս, որ հրդեհված տարածքներում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի:

Ժիրայր Վարդանյանը նշել է, որ հրդեհի հետևանքով կարմիգրքային բուսերի տեսակի ոչնչացման խնդիր չկա: Արսեն Գասպարյանն անդրադարձել է նաև WWF-ի կողմից տրամադրված աջակցությանը՝ 15 հատ հրդեհմարման սարքեր եւ այլ տեխնիկա, 2 հատ 7 տոննա ծավալով ավազան եւ այլն: Արեգ Ղարաբեգյանը ներկայացրել է ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների դիտարկումները: Սեպտեմբերի 9-ին ուսումնասիրություններ կատարելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, խումբն արձանագրել է, որ հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն:

Տերևակալումներ են նկատվել նաեւ հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ: Իրականացվել են համապատասխան փաստագրումներ եւ գնահատումներ: Դիտարկվել են նաեւ արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/: Գնահատվել են անտառային եւ խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը: Խորհրդի անդամներին են ներկայացվել նաև ԱՄՆ անտառային ծառայության կողմից ստացված արբանյակային պատկերները: Խմբի կողմից տրամադրվելիք եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ նաեւ տեխնիկական աջակցության համար: Մտքերի փոխանակության ընթացքում կարեւորվել է ռիսկերի գնահատման, տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման եւ մասնագիտական կարողությունների հզորացման, արգելոցում դիտարկումների շարունակականության եւ մի շարք այլ հարցերի անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել նաեւ «ԱՐՄԱԿ» ջրամատակարարման ինքնաշխատ համակարգեր» ընկերության՝ անտառներում հրդեհների կանխարգելման ու հրդեհաշիջման նախնական աշխատանքների իրականացման շրջանակներում հիդրոհարվածային պոմպի կիրառման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելել ընկերություն՝ «Բունակն» ինքնաշխատ ջրամատակարարման համակարգի աշխատանքի եւ դրա կիրառման հնարավորությունների մանրամսներին տեղում ծանոթանալու համար: Նիստի ավարտին քաղաքացի ԱԱմիրջանյանը խորհրդին ցուցադրել է հրդեհաշիջման իր հայտնագործած մեթոդը:

Ստեղծվել է հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով

Ի կատարումն վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի հարակից անտառային տարածքում, «Խոսրովի անտառ պետական արգելոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում, «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում եւ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառային տարածքում ծագած հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերլուծության իրականացման նպատակն է՝ ստուգել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, հրդեհաշիջման ժամանակ նրանց գործողությունների ընթացքը, քննարկել հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման կազմակերպման հարցերը, ստուգել հրդեհաշիջման օպերատիվ պլանների եւ հրդեհաշիջման քարտերի համապատասխանությունը իրական հրդեհների պայմաններին, ինչպես նաեւ՝ պարզել վերոնշյալ կազմակերպությունների հակահրդեհային վիճակը, օպերատիվ մարտավարական առանձնահատկությունները, հրդեհի առաջացման եւ զարգացման հանգամանքները:

Սեպտեմբերի 23-ին ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է հանձնաժողովի անդամների hերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ներկայացվել են ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ: Խորհրդակցության մասնակիցներին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների մարման ընթացքում  հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ՝ միջոցառումների պլան-ժամանակացույցում ընդգրկելու նպատակով:

Նախարարը՝ միտումնավոր հրդեհման վարկածի մասին

««Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի եւ դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը ոչ միայն բոլորի համար լուրջ դաս էր, այլ նաեւ ոլորտում ի հայտ բերեց հիմնարար բացեր»: Բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ժամանակ այս մասին նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի խոսքով՝ հիմնական բացերից մեկը կապի միջոցների բացակայությունն էր եւ այդ մասին զեկուցվել է ՀՀ նախագահի ու վարչապետի մոտ կայացած քննարկումների ընթացքում: «ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի կապի օպերատորների հետ քննարկել եւ հարցին լուծում տալ, ինչին արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ ներկայում այնպիսի կապի համակարգ է դիտարկվում, որով արգելոցում նվազագույն միջամտությամբ կապահովվի օդային կապ, ինչն իր հերթին կօգտագործվի ոչ միայն հրդեհների կանխարգելման, այլ նաեւ մոնիթորինգ իրականացնելու համար»,- նշել է Ա. Մինասյանը եւ տեղեկացրել, որ նախատեսվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացնել նաեւ կադրային եւ կառուցվածքային հիմնարար փոփոխություններ` լուծելու օպերատիվ արձագանքման, արագ գործողություններ իրականացնելու եւ պահպանության /24 ժամյա/ մակարդակը բարձրացնելու հարցերը:

Նախարարն առաջնային է համարել նաեւ տեխնիկական զինվածության հարցերի լուծումը, ինչի ուղղությամբ բանակցություններ են տարվում գործընկեր պետությունների եւ դոնոր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով երկրում ունենալ հրդեհներին հակազդող տեխնիկապես հագեցած համակարգեր: Տեղեկացվել է նաեւ, որ սեպտեմբերի 19-ին բնապահպանական անդրսահմանային նախագծի մեկնարկը տալու նպատակով Վրաստան կատարած աշխատանքային այցի ժանմանակ դիտարկվել է նաեւ նման տարածաշրջանային կենտրոնի ձեւավորման հեռանկարը:

Հայտնելով իր մտահոգությունը հրդեհի պատճառների հարցով` ՀՀ բնապահպանության նախարարը  հայտնել է, որ ստացված արբանյակային լուսանկարները եւ ձեռք բերված փաստերը կփոխանցվեն քննչական կոմիտե` լիարժեք քննության համար: Միտումնավոր հրդեհման վարկածի հաստատման դեպքում մեղավորները պետք է խիստ պատժի ենթարկվեն, իսկ ոչ միտումնավոր մարդկային գործոնի հաստատման դեպքում պետք է պարզվեն պատճառները: Ըստ Ա. Մինասյանի, մարդկային գործոնի հավանականությանը նպաստում է նաեւ արգելոցի կտրտված սահմանները, եւ այժմ խնդիր է դրված նոր կառավարման պլանով նաեւ այդ հարցը լուծել` «Խոսրովի անտառ» արգելոցում ներառելով նրա սահմաններ սեպաձեւ մտած տարածքները` նվազագույնը բուֆերային գոտիների եւ արգելավայրերի տեսքով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երեւանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայրաքաղաք Երեւանում ներկա է գտնվել ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2010թ. մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միասնական աղոթքով: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Նորակառույց եկեղեցու առջեւ Նորին Սրբությանը դիմավորել են Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի եւ Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը եւ եկեղեցու բարերար Արա Աբրահամյանը:

Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն է արտահայտել ռուս ժողովրդի հայաստանաբնակ զավակների հոգևոր կյանքում այս նշանակալի իրադարձության առիթով: «Դեպի երկինք իր գմբեթները պարզած այս տաճարը արտահայտությունն է Հայաստան աշխարհում հոգեւոր կյանքի վերազարթոնքի, դրսեւորումը հոգեւոր-բարոյական արժեքների հանդեպ հավատարմության եւ վկան հոգեւոր կարիքների նկատմամբ հայրենի իշխանությունների ուշադրության:

Յուրաքանչյուր նորակառույց սրբազան տաճար իբրեւ տուն աղոթքի, իր շուրջը համախմբելով հավատացելոց եւ կազմակերպելով նրանց ծխական կյանքը, դառնում է նախ եւ առաջ ջինջ ակունք աստվածային շնորհի եւ ողորմության, դեպի հավիտենական կյանք եւ Աստծո արքայություն առաջնորդող մի տերունապարգև ճանապարհ: Եվ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կյանքում, այնքան բազմանում է Աստծո ներկայությունը մեզանում`երկնառաք օրհնությամբ, հավատի բարի գործերով եւ սիրո, համերաշխության ու հանդուրժողականության մշտահունչ պատգամով: Սիրելիներ, այս եկեղեցին վկայությունն է հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրության, դավանած ընդհանրական արժեքների, պատմության մեջ համատեղ արձանագրած փառավոր ու դժվարին էջերի եւ այսօրվա գործակցության: Այն քարակերտ արտահայտությունն է Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Քույր եկեղեցիների սերտ բարեկամության, որի պտուղն են նաեւ խաղաղության պայմաններում հայոց հողում եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացած այլ եկեղեցիներ և մատուռներ»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ  Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նամակ է ուղարկել իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեցող հոգեւորականներին։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատրիարքական ընտրություններում թեկնածություն կարող են դնել այն հոգևորականները, ովքեր ծնվել են Թուրքիայում կամ որոնց ընտանիքը ծագումով Թուրքիայից է։ Այս չափանիշին համապատասխանում են 11 հոգևորական։

Այդ հավանական թեկնածուներն են՝ ԱՄՆ Արևելյան հայոց թեմի հոգևոր առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի Վաշինգտոնի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Երուսաղեմի Հայոց Պատրարքարանից լուսարարապետ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Ավտրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Բրազիլիայի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

Պատրիարքի թեկնածու դառնալու իրավունք ունի նաեւ Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։ Իր նամակով Բեքչյանը ցանկացել է պարզել պատրիարքական ընտրություններում իրենց թեկնածության վերաբերյալ վերոնշյալ հոգևոր առաջնորդների տեսակետները։

Համացանցում կարդալ նաեւ հարակից այս հրապարակումները`

– Մենք կարիք ունենք ընտրված պատրիարքի. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր

– ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»

– Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից

– Պոլսո կրոնական ժողովը վաղն Արամ Աթեշյանին կստիպի հանձնել Պատրիարքարանի կնիքը. Հացպանյան

– Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան

– Այսօր երեկոյան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կհանդիպի և կծանոթանա թուրքական իշխանություններին. Սարգիս Հացպանյան

– Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին

– Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը

Աշխարհի բնակչության 2/3-րդից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ներկայացնելով Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»:

Պետքարտուղարի խոսքով, կրոնի ազատության հետ կապված առավել բարդ է իրավիճակը Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ եղած տարածքներում, որտեղ եզդիները եւ քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ: Լուրջ խնդիրներ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում եւ Թուրքիայում, նշում է պետքարտուղար Թիլերսոնը.

«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»: Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915թ. ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում:

Ադրբեջանում 2016-ին ձերբակալվել է կրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ առավել բարդ է ոչ ավանդական կրոնական խմբերի վիճակը, որոնք փաստորեն զրկված են ազատ հավաքվելու իրավունքից:«Իշխանությունները շարունակում են փակել կրոնական հաստատություններ եւ խափանել կրոնական ծառայությունները»,- նշում է Պետքարտուղարությունը:

Հայաստանում մտքի, խղճի եւ կրոնի ազատությունն ապահովված է Սահմանադրությամբ, նշված է զեկույցում, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հռչակված է Հայաստանի ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահապան: Կրոնի ազատության դեմ ուղղված միջադեպերը Հայաստանում, հարեւանների համեմատ, հազվադեպ են, սակայն՝ գոյություն ունեն: Մասնավորապես, զեկույցը նշում է 2016-ի հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավետարանական եկեղեցու քահանայի դեմ բռնությունները եւ Եհովայի վկաների դեմ ճնշման 17 դեպքերը:

Եհովայի վկաների դեմ 11 բռնության դեպք էր գրանցվել 2016-ին Վրաստանում, որտեղ, զեկույցի գնահատմամբ, ոչ ավանդական կրոնական խմբերն ընկալվում են որպես ազգային ինքնության պահպանման վտանգ:

Տարածաշրջանում առավել բարդ է կրոնի ազատության հետ կապված իրավիճակը Իրանում, որտեղ քրիստոնյաները, բահայի հավատքի եւ այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հալածանքների են ենթարկվում:ց  «Իրանը շարունակում է իր քաղաքացիներին մահվան դատապարտել մշուշոտ հավատուրացության մեղադրանքներով. 2016-ին 20 մարդ մահապատժի է ենթարկվել «Աստծո դեմ պատերազմ վարելու» մեղադրանքով»,- նշել է Թիլերսոնը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիշեցրել է, որ կրոնի ազատության սահմանափակումը ծայրահեղականություն եւ կրոնական արմատականություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ. Լիահույս ենք, որ հետաքննությունը երեւան կհանի ճշմարտությունը

Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սեպտեմբերի 22-ին  կատարված դեպքը:

«Այս գրությամբ Սպահանի Հայոց թեմի անունից եւ անձնապես դատապարտում ենք օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, կատարվածը, որը նպատակ ուներ ոչ միայն խոշտանգել թիրախ դարձած Թեմական խորհրդի ատենապետին, այլեւ  պղտորել պատկերը եւ վերացնել երկրի համակարգի անդորրը:

Լիահույս ենք, որ հետաքննությունը երեւան կհանի ճշմարտությունը եւ կվերականգնի թեմիս անդորրը»,- նշված է Սպահանի Հայոց թեմի թեմակալ Առաջնորդի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանից Նոր Ջուղա էին վերադառնում խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատվիրակության անդամները, այդ թվում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, ով գիշերվա ժամը 10:00-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջև հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նրանք մահակով եւ սուր զենքով վիրավորել են նրան ու դիմել փախուստի: Մինչ այդ հանցագործները փորձել են հարձակվել նաեւԱռաջնորդարանի ավտոմեքենայի վրա, որով Վարուժ Մինասյանը իր բնակարան գնալիս է եղել:

Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ

Մինչ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն զբաղված է շինարարական խնդիրներով, Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ: Եկեղեցին ոչինչ չի անում՝ հոգեորսության դեպքերը կանխելու համար. ամեն ինչ թողնված է ինքնահոսի:

Լրագրողը մի «աղոթքի ծառայության» հայտարարության հետքերով գնաց, մասնակցեց խմբակային աղոթքին, եւ հետո պարզվեց, որ թեև ողջ ընթացքում աղոթողներն ու քարոզիչը տալիս էին Հիսուս Քրիստոսի անունը, ձեռքերը վեր բարձրացնում, բղավում, այնուամենայնիվ, որեւէ առնչություն չունեին Հայ առաքելական եկեղեցու հետ: Ովքեր են նրանք, պարզել չհաջողվեց: Լրագրողը եղել է տոտալ վերահսկողության տակ, քանի որ դեմքն անծանոթ է եղել աղոթողների համար, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ: Արգելվել է անգամ միացնել հեռախոսը:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է, որ աղոթքի ծառայություն տերմինն իր ամբողջ բովանդակությամբ եւ էությամբ արդեն իսկ աղանդավորական է: Ու հայտարարվում է, որ այն անվճար է, ենթադրվում է բիզնես, իսկ սա հոգեորսությամբ մարդկանց իրենց թիրախը գցելու մի տարբերակ է:

Այն հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Առաքելական եկեղեցին՝ ուղղված կրոնական կազմակերպությունների դեմ, քահանան պատասխանեց. «Եկեղեցին երբեք չի պայքարում ընդդեմ, մեր քարոզչության, մեր հովվական գործունեության նպատակը երբեւէ ընդդեմ ինչ-որ բանի չէ, այլ հանուն է»: Բայց հանունն էլ կարծես թե օգուտ չի տալիս իրավիճակին»…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։