Տիրատոն.- Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Հայ Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության… Այս օրերին նաեւ Ուսուցչի տոնն է – Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է… Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը – Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, հոկտեմբերի 16-ին հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման ներկայացուցիչներն այս տարի եւս կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Կլինի խորհրդապաշտական երկրպագություն, որի ժամանակ Տիր Աստծուց կխնդրեն իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:

Այնուհետեւ ծիսական արարողությունը կշարունակվի Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որի ժամանակ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի երեք ներկայացուցիչներ՝ քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը, Արագածի հարավային գագաթից վառած կրակով բոցկլտացող ութանկյուն ջահով կվառեն օրվա ծիսական կրակը:

Տիր Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության: Քրմերը խոհեմություն ու խոկալու պայծառություն կխնդրեն Հայ Աստծուց, որպեսզի կարողանան վերագտնել հայոց ծինաբանական գաղտնիքներն ու խորհրդապաշտական ծածկագրերը:  

Նախնյաց նվիրված նախորդ տոնակատարությունից եւ հայ նախնիների հոգիների հետ ոգեղեն շփումից հետո հայ արիների գործունեությունը հոգեհաս եւ հոգետես նոր որակներ է ձեռք բերել, ինչը Տիր Աստծո օգնությամբ պիտի զարգացնեն արիադավան-հեթանոս հայերը: Ովքեր կփառաբանեն նաեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Տիր Աստվածը համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի, ավանդույթ-սովորույթների պահապան հովանավորը, ուստի Տիրատոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր:

Հայը, լինելով արարչածին ազգ, ունենալով արարչակնիք գեն, եւ ունենալով Տիր Աստված, չէր կարող լինել անգրագետ՝ անգրաճանաչ եւ անայբուբեն…

Հուդա-քրիստոնյաները հենց մտան Հայաստան, ինչպես պատմիչ Ագաթանգեղոսն է վկայում, առաջինը հենց Տիր Աստծո տաճարն ավերեցին ու թալանեցին, վառեցին մատյանները… չոչնչացրած մասն էլ պահեցին իրենց մոտ, որ սեփական հայտնագործություններ ներկայացնեն … ինչպես հայոց այբուբենն ու գիր-գրականությունը: Գրիգորիս Խավարիչը անգամ Աստվածահայր Արայի տաճարի ճանապարհից ետ դարձավ, որպեսզի նախ հիմնահատակ ավերի ու ոչնչացնի հայոց միտքը՝ լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը… որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը…

05/10/2017թ. – Ուսուցչի տոնն է. «Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին»…

Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորանքներ են հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է, ասել է ԿԳ նախարար Լեւևոն Մկրտչյանը:

«Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետև միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն ու սթափությունը, այլև գիտելիքի հետ մեկտեղ դրանք փոխանցել աշակերտին` օգնելով գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, ինքնուրույն մտածել, որոշումներ ընդունել եւ պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար:

Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային այն բարձր որակների համար, որ ձեւավորում եք նրա մեջ` ապահովելով երկրի հիմքի ամրությունը»,- իր խոսքում նշել է խորհրդարանի ղակավարը՝ Արա Բաբլոյանը:

Վարչապետն անգնահատելի է համարում ուսուցիչների դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլեւ սերունդների դաստիարակության գործում: «Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:

Այսօր մենք գտնվում ենք բարեփոխումների կարեւոր փուլում: Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց: Կրթության  բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբևէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ»,- նշել է կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի շնորհավորել է նաեւ վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, «ովքեր շարունակում են անգնահատելի խորհուրդներով եւ բազմամյա փորձով իրենց նպաստը բերել մեր ընդհանուր գործին»:

* * *

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում հոկտեմբերի 2-ին իր աշխատանքներն սկսեց Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը: Նա նաեւ մասնակիցներին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանի ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է եւ հայ լեզվաբանության զարգացման հեռանկարներին անդրադարձել ՀՀ ԳԱԱ ՀՀԳԲ ակադեմիկոս-քարտուղար Յու.Սուվարյանը:
Գիտաժողովի երկու նիստերի ընթացքում հնչած յուրաքանչյուր զեկուցման հաջորդում էր աշխույժ քննարկում, հարց ու պատասխան: Գիտաժողովը իր աշխատանքները շարունակվել է մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ ներկայացնելու են հայերենի բոլոր դրսևորումներին, լեզվի բոլոր մակարդակներին, զանազան գիտաճյուղերի եւ գիտակարգերի վերաբերող, տարբեր հայեցակետերով ու մեթոդներով կատարված իրենց հետազոտությունների արդյունքները:

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։