Մեր վերմակի երկարությունը արհեստանոցների չափո՞վ է միայն – Տարածքային զարգացման փորձարարական ծրագրերի մասին… Իսկ կա՞ն մարզային ներդրումային ծրագրեր, որոնք միջազգային օժանդակությամբ չեն, բացառապես տեղական ուժերով են եւ հայկական կապիտալով…

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր նախարարներին՝ 2016-2017թթ. գործունեության վերաբերյալ ամփոփիչ ասուլիսներ տալ, որպեսզի մեր չմահավան հանրությունը վերջապես տեսնի, թե կառավարությունը ո՜նց է քրտինքի մեջ կորած օրնիբուն աշխատում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ասուլիս հրավիրեց ու խոսեց մարզային ծրագրերից: Օրինակ, ՄԱԶԾ-ի հետ 5 մլն դոլարի ծրագիր կա: Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում իրականացվում են  փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրեր։ Այդ թվում՝ 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում (արդեն հիմնվել է 21 ջերմոց՝ 42 նոր աշխատատեղով), 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում (շուրջ 60 հա այգիների տնկիները արդեն մատակարարվում են, նոյեմբերին կիրականացվի ծառատունկը), 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում (ներմուծվել են գինու 9 տնայնագործ արտադրամասերի սարքավորումները, հայտարարվել են շուրջ 10 չրանոցների կառուցման մրցույթները), համայնքային փնջերի համար 4 գյուղմեխանիզացիայի պարկերի հիմնում, 50 հա տարածքում ջուր խնայող տեխնոլոգիաների ներդնում, 6 համայնքներում մաքուր եւ անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովում:  

Ընթացքում են Եվրոպական Միության դրամաշնորհի (10 մլն.եվրո) եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ (1,75 մլն.եվրո) մեր 7 մարզերում իրականացվող մարզային զարգացման թվով 7 պիլոտային (փորձնական) ծրագրերը, ինչպես նաեւ ընտրության փուլում է Շիրակի մարզում իրականացման ենթակա եւս 1 ծրագիր: Հիմնական ոլորտներն են՝ ՏՏ, վերականգնվող էներգիա, շրջակա միջավայրի պահպանում (թափոնների կառավարում), գյուղատնտեսություն եւ սննդի վերամշակում, զբոսաշրջություն: Նախատեսվում է ստեղծել շուրջ 500 նոր, կայուն աշխատատեղեր եւ ընդարձակել մոտ 300 ձեռնարկությունների կարողությունները, գրեթե 2000 մարդ զբաղվածության ավելի լավ հնարավորություն կունենա, ինչպես նաեւ շուրջ 700 ընկերություններ՝ մեծ մասամբ ՓՄՁ-ներ, կընդլայնեն իրենց գործունեությունը:

Գանք տարածքային զարգացման փորձարարական ծրագրերին:

IDEA հիմնադրամը Դիլիջանի զարգացման ծրագիրն է անում (Դիլիջանի քաղաքապետարանի հետ), որի շրջանակներում Դիլիջանում ստեղծվում են տուրիզմի տեղեկատվական կենտրոն, գյուղատնտեսական շուկա եւ տաղավարներ՝ ճանապարհներին, բարելավվում են Դիլիջան ազգային պարկի տուրիստական քայլուղիները, հիմնվում է արհեստների եւ արվեստների կենտրոն: Ծրագրի ընթացքում 20 ձեռնարկություններ կստանան փոքր դրամաշնորհներ, կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ:

Ֆլորենցիայի համալսարանն ու Եղեգնաձորի տուրիզմի տարածաշրջանային կենտրոնը Վայոց ձորի մարզում հիմնում են 1000կՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայան, ինչպեսեւ՝  նպաստում են տուրիստական ոլորտի ընկերությունների մրցունակության բարձրացմանը: Ծրագրում ընդգրկված է 8 համայնք:

Իսկ «Մայքրոսոֆտ իննովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը «Տեխնոլոգիաների խթանում ՀՀ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում վերապատրաստում է 200 երիտասարդների ՏՏ ոլորտում, արդեն կառուցված լաբորատորիայում առաջարկում է պրակտիկ խնդիրների լուծման կուրսեր փորձառու մասնագետների ուղեկցությամբ եւ աշխատանքի տեղավորում՝ առնվազն 60 մասնակցի համար:

Իսկ կա՞ն մարզային ներդրումային ծրագրեր, որոնք միջազգային օժանդակությամբ չեն, բացառապես տեղական ուժերով են եւ հայկական կապիտալով:

«Լուսանցք»-ի այս հարցին ի պատասխան տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նկատեց. «Այդ միջազգային օժանդակության մոտավորապես 25%-ը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն: Խնդրում եմ սա ֆիսեք»:

«Մեր հարցը բացառապեսի մասով էր, ոչ թե մասնակցայինի»,- նկատեց «Լուսանցք»-ը: Դավիթ Լոքյանն անդրդվելի էր ու շարունակեց. «Մոտավորապես 10 տոկոսի չափով մասնակցում են համայնքները»: «Տեղականին անցեք, խնդրեմ»,-«Լուսանցք»-ը ստիպված միջամտեց՝ հասկանալով, որ հստակ պատասխան չի ստանա: «Հա, դե ասում եմ,-ասաց նախարարը,-մենք արդեն 15 ծրագրեր ենք սկսել տեղական ֆինանսավորումով: Օրինակ է Աշտարակում մետաղագործական արհեստանոցի ծրագիրը: Սիրիահայեր են տերերը՝ հայր եւ որդի: Վայոց ձորում այծաբուծության ծրագրից կխոսեմ՝ պանիրարտադրությամբ է զբաղվում եւ արտահանում: Մեկ այլ ծրագիր է Ստեփանավանի Ամրակից գյուղում գյուղատնտեսական խոշորածավալ ծրագիրը: Բանավոր այսքանն եմ հիշում»…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։