Զգոն լինենք, որ չձեւափոխվենք – Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել… Հայտնի է, որ ԳՁՕ-ացված սերմն ու պտուղը տառացիորեն ոչնչացնում են բնականին… Հանրային սննդի ոլոտում առանց այն էլ թերությունները շատ են – Հայաստանի բնաշխարհն ու գյուղոլորտը մաքուր պահեք…

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2016-2017թթ. գործունեության մասին ամփոփիչ ասուլիսում, խոսելով գյուղոլորտի ծրագրերից՝ ասաց, թե ուզում են նաեւ օրգանական գյուղատնտեսությունը առանձին ուղղություն դարձնել, քանզի մեր երկիրը օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ ներուժ ունի: Ըստ այդմ, նախարարությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում: «Որովհետեւ Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել. այդ դեպքում ինչո՞ւ սուբսիդավորենք քիմիականը, եթե կա օրգանականը»,- նշեց նախարարը:

Բացի այդ՝ օրգանական գյուղատնտեսության զարգացումը շղթայաձեւ որոշ ոլորտների դրական տեղաշարժի էլ կբերի, օրինակ՝ ագրոտուրիզմի:

Թեմայի համապատկերում խոսք եղավ, թե որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ից երկու ձեռներեցներ եկել էին Հայաստան եւ ցանկություն հայտնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու: Դրա հետ կապված լրագրողներն էլ հարցեր հնչեցրին: «Լուսանցք»-ին հետաքրքրողը, սակայն, հետեւյալն էր. ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը, առանց չափազանցության, խեղդված է գենետիկորեն ձեւափոխված մթերքի մեջ: Այնտեղ սննդում նույնիսկ մինչեւ 70% ԳՁՕ-ի պարունակությունը թույլատրվում է օրենքով: Եվ օրգանական մթերք արտադրելու համար պատկան կառույցը մեծ արտոնություններ է տալիս: Այդ դեպքում ի՞նչն է նրանց ստիպել Հայաստանու՛մ զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Ի պատասխան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց, որ իրենք ցանկանում էին այստեղ արտադրել եւ արտահանել ԱՄՆ, քանզի այդպես ավելի թանկ կլինի, եւ հետեւաբար, նրանց համար՝ եկամտաբեր:  

 «Լուսանցք»-ի թղթակիցը մտահոգություն հնչեցրեց առ այն, որ, այնուամենայնիվ, հարկ է զգույշ լինել, քանզի ներկրված՝ ասենք, ոչ մաքուր սերմերը կարող են էապես վնասել գործունեության ծավալման հողատարածքը: Առավել եւս, որ հայտնի է, որ ԳՁՕ-ացված սերմն ու պտուղը տառացիորեն ոչնչացնում են բնականին: Գյուղատնտեսության նախարարը վստահեցրեց, որ տեղյակ է խնդրո առարկայի շուրջ ընդհանրապես միջազգային ծավալումներին եւ խորհուրդ տվեց չանհանգստանալ. «Մտահոգության կարիք չկա, ոչ մի սերմ անգամ առանց ստուգվելու մեր երկիր չի մտնի»:

Ընդհանուր առմամբ, մենք պետք է շատ զգույշ լինենք: Վաղուց արդեն հայտնի է, եւ այդ մասին «Լուսանցք»-ը գրել է, թե ինչ վնասներ է բերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող մթերքը (թեեւ այս հարցում գիտական աշխարհը երկու մասի է բաժանված): Ավելի կենցաղային եթե բացատրենք, բայցեւ՝ ճշգրիտ փաստով, ԳՁՕ-ն խժռում է ամեն բնականը: «Գրինփիսը» ժամանակի ահազանգել էր, որ, օրինակ, աշխարհում այսօր շատ քիչ վայրերում կգտնես մաքուր եգիպտացորեն: Իսկ ԳՁՕ-ացվածը այնքան տարածված ու ագրեսիվ է, որ ոչնչացնում է ասենք, անգամ շատ կիլոմետրեր հեռու գտնվող մաքուր հողատարածքի մաքուր եգիպտացորենը:

Տարիներ առաջ ֆրանսիացի գիտնականները մի հայտնագործություն էին արել, որը ցնցել էր Եվրոպայի հանրությանը. այն է՝ գենետիկորեն ձեւափոխված եգիպտացորենի օգտագործումը առաջացնում է կաթնագեղձի, երիկամի, մաշկի քաղցկեղ:

Այդ նույն ժամանակ մենք գրեցինք, որ մեր կառավարությունը ճիշտ է վարվել ԱԺ-ից հետ կանչելով «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը՝ լրամշակման ու խիստ կանոնների գործածմամբ ԳՁՕ-ների ներմուծումը արգելելու նպատակով:

Բայց արդյո՞ք այս խստությանը հակառակ չէր այն, որ մեր երկրում հանրային սննդի ծառայությունը հանվել էր պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից։ Այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարը Տիգրան Դավթյանն էր:

Իմ հարցադրմանն ի պատասխան նա ասաց, թե դա արվել է՝ ելնելով այն քաղաքականությունից, որը միտված է Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգումն աստիճանաբար Եվրամիության գործող հանձնարարականներին մոտարկելուն։ Իսկ սա նշանակում է, որ նաեւ հանրային սննդի ծառայությունը պետք է հանվի պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից, ինչը եւ արվեց։ Նախարարը համոզված էր, որ սա էական բարելավում է լինելու արտահանողների եւ ներմուծողների համար, որովհետեւ բազում արհեստական գործառույթներ միշտ դժվարացրել են գործարարների աշխատանքը:

Հարց է ծագում՝ հանրային սննդի ոլոտում առանց այն էլ թերությունները շատ են: Ինչու՞ այս բնագավառում մենք չենք հետեւում հենց նույն եվրոպական փորձին, եւ անընդհատ խստացումների փոխարեն անընդհատ հեշտացնում ենք ինչ-որ բաներ, որ գործարարների համար դյուրին է դառնում, բայց սպառողների գործն է դժվարանում: Ի պատասխան նախարարը համոզմունք էր հայտնել, թե՝ եթե  խստացումներն իրավիճակը չեն բարելավում, ապա դրանք ինքնանպատակ են. «Սերտիֆիկացման գործընթացը էական ազդեցություն չէր թողնում սննդի որակի վրա: Դրանք ուղղակի լրացուցիչ ծախսեր էին բիզնես ոլորտի համար: Իսկ լրացուցիչ ծախսը նաեւ արտադրանքի գնի բարձրացում էր ենթադրում»: Տիգրան Դավթյանը նաեւ համոզված էր, որ «եթե բիզնես ոլորտը գոհ մնա, ապա գոհ կմնան նաեւ նրանք, ում մատուցվում է ծառայությունը»:

Այ այս կարգի հանգամանքներից ելնելով եմ ասում՝ զգո՛ն մնանք:

Այլապես եթե միայն նայենք բիզնես ոլորտի գոհ մնալուն, ապա կհայտնվենք այն վիճակում, ինչ վիճակում են այսօր շատ զարգացած երկրներ՝ առանց բնական սննդի (այն հասու չէ լայն զանգվածներին):

Իսկ մենք դեռ լրիվ չենք ապականվել ու կարող ենք կանգ առնել: Ինչպես գյուղնախարար Իգնատի Առաքելյանն է ասում, մենք ունենք օրգանական գյուղատնտեսություն ունենալու ներուժը:

Հա, ի դեպ, մի վերջին հավելում էլ անեմ մեր արագ փողեր սիրող ու գործ արարելուց հեռու մեր առեւտրական բիզնեսմենների համար. ձեր շահը պիտի որ ձեզ թելադրի օրգանական արտադրանք ունենալ: Եվ՛ առողջ կլինեք, եւ՛ ավելի եկամտաբեր գործ կանեք, համ էլ Հայաստանի բնաշխարհն ու գյուղոլորտը մաքուր կպահեք:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։