Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը առանցքային մասնաբաժին ունի ազգային տնտեսության մեջ: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին եւ  մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարեւոր տեղ են զբաղեցնում: Բայց այն, որ մեր ընդերքը հարուստ է, դա զգում է միայն այն շահագործողը եւ որոշակիորեն՝ պետբյուջեն՝ հարկերի ձեւով: Մենք բառիս բուն իմաստով շահագործում ենք մեր ընդերքը եւ ոչ թե օգտագործում: Եվ սա բառախաղ չէ: Մենք կարծես բնությունից վրեժ ենք լուծում, նրա ընդերքից հանում ենք 10 բուռ հարստություն, որից 8 բուռը թափում ենք, որովհետեւ անխնա ենք մտել այդ ընդերքը եւ փչացրել հանածոն, մնացած երկու բուռն էլ արտահանում ենք իրական գնից էժան, քանզի լիամշակված չէ: Այդ երկու բռի 1.5-ի արժեքը շահագործողինն է, մնացյալի մի մասն էլ՝ պետությանը: Փոխաբերական այս նկարագիրը ճիշտ պատկերն է մեր հանքարդյունաբերության, դրա համար էլ մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով:

Խնդրո առարկայի շուրջ ես բազմիցս եմ գրել, մեկ անգամ նույնիսկ նախագահի վերահսկողական ծառայությունն արձագանքեց (այդ տարիներին «Լուսանցք»-ը դեռ չէր ծնվել, եւ ես միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում էի գրում)՝ հանքարդյունաբերության ոլորտում իր իսկ ուսումնասիրություններից հետո մեզ լրացուցիչ տվյալներ տրամադրելով (բավականին լավ համագործակցություն ստացվեց), պատկան մարմինների առջեւ եմ հարցեր բարձրացրել, բայց փաստը փաստ է. մենք մեր ընդերքը ոչ թե օգտագործողի, այլ դեռ շահագործողի դերում ենք: Մեզ մնում է շարունակել մեր գործը՝ թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելով:

Կառավարությունը այս տարվա ամռան վերջին հավանություն տվեց  հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Մինչ այդ ժամկետը մենք էլ միջազգային փորձի մեր ուսումնասիրությամբ կփորձենք աջակցել շահագրգիռ պատկան մարմիններին:  

Գործադիրի նիստում նշածս հարցը ներկայացնող՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանն ասաց, թե հայեցակարգով ամրագրվել է, որ ներկայացված խնդիրների լուծման եւ ոլորտի հետագա կայուն զարգացման, ինչպես նաեւ միջազգային շուկայում Հայաստանը ներկայացնելու համար անհրաժեշտ է մշակել ու ներդնել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Ի դեպ, ռազմավարությունն արդեն այսպես ասած ախտորոշիչ ուսումնասիրություն է ենթադրում, համալիր վերանայում գուցե, եթե, իհարկե, մտադիր ենք, որ այն սոսկ դարակում դրված փաստաթուղթ չլինի: Համենայնդեպս, Վարդան Գեւորգյանի կարծիքով, ռազմավարության մշակման համար կպահանջվի 1-1,5 տարի։  Աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի եւ դոնոր կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների հաշվին:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տվյալներով, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում՝ 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը, այդ թվում՝ 22 մետաղական: ՀՀ-ի ընդերքը հարուստ է հետեւյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով՝ երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաեւ դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով: Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու եւ ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային եւ 1 ալյումինահանքային հանքավայր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում բացի հիմնական մետաղներից բացահայտված է հազվադեպ եւ ցրված տարրերի առկայություն՝ ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ եւ այլն: Բացի գնահատված եւ պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, ՀՀ տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երեւակումներ:

Ներկայումս մեր երկրի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանք են հիմնականում խտանյութերը (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում՝ ոսկու եւ արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում՝ նաեւ կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրի տնտեսական ներուժը: Այլ կերպ՝ մենք արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ եւ ավարտուն ցիկլերով չենք անում՝ հանույթից մինչեւ պատրաստի արտադրանքի ստեղծումը: Իսկ ավարտուն ցիկլով չաշխատելը հնարավորություն չի տալիս բարձր արժողությամբ արտադրանքի ստացման, ինչն էլ  ՀՆԱ աճ կապահովի:

Մի խնդիր էլ կա, որն, ի դեպ, նախարարությունն էլ չի թաքցնում՝ պոչամբարները: Բանն այն է, որ հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբարներ կան, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խմ-ից եւ զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Եվ պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման ու վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք էլ մեծ քանակությամբ բազմամետաղներ են պարունակում:

Ինչ վերաբերում է մեր ընդերքի՝ ոչ մետաղական հանքային պաշարների հարստությանն ու բազմազանությանը, ապա դրանով Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ արժեք ու նշանակություն են ներկայացնում Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են  թեթեւ  ապարները, տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները եւ այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են: Ամենաորակյալ եւ ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ եւն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խմ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչեւ 3 մլրդ խմ-ի:

Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (բազալտի Խալաջի հանքանյութի MgO –ի պարունակությունը հասնում է մինչեւ 11%): Իրենց նշանակությամբ եւ որակական ցուցանիշներով  անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների եւ պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը՝ մեծ պաշարներով:

Մեր հանքավայրերում առկա օգտակար հանածոների պաշարները կբավարարեն հարյուրավոր տարիներ՝ ընդ որում խոշորամասշտաբ արդյունաբերություն կազմակերպելու համար: Այս հանգամանքը մեզ չպետք է անխնա շռայլող դարձնի: Հակառակը՝ պետք է պարտավորեցնի՝ սերունդներին հնարավորինս ավելի շատ բան թողնելու:

Ըստ այդմ, ինչ ենք ուզում փոխել հիմա մենք հանքարդյունաբերության ոլորտում եւ ինչ է հուշում միջազգային փորձը: Մինչ սրան հաջորդիվ անդրադառնալը կարեւոր մի բան նշենք. ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, ՀՀ-ի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով: Չի կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձեւով, եւ օգտագործման է տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ու մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

Գանք հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձին:

Մեկ անգամ չէ, որ ասել եմ, թե ճիշտ են այն բնապահպանները, ովքեր կարծում են, որ մեր հանքարդյունաբերությունը փչացնում է մեր երկրի բնությունը եւ, ըստ այդմ, վտանգում մարդկանց առողջությունը: Բայց ճիշտ չեն այն բնապահպանները, ովքեր կոչ են անում դադարեցնել հանքարդյունաբերությունը: Որովհետեւ մենք ունենք հարստություն, որը չօգտագործելը անմտություն է:

Բայց, այո՛, մենք պիտի շատ խնայողաբար օգտվենք մեր բնաշխարհի ընձեռած հնարավորությունից, այլ ոչ թե այն անխնա սպառենք՝ սերունդներին ոչինչ չթողնելով: Պետությունը հանքավայրերը շահագործողներին պիտի ստիպի կիրառել մաքուր տեխնոլոգիաներ, ուժեղ ու մանրակրկիտ վերահսկողություն սահմանի նրանց գործունեության նկատմամբ, բնօգտագործման վճարների չափերն ավելացնի, որոնք կբավականացնեն բնությանը պատճառած վնասները փոխհատուցելուն, պիտի ստիպի նրանց հանքերը շահագործելուց հետո դրանք փակել՝ զուգահեռ սկսելով վերականգնողական աշխատանքները: Մի խոսքով, մեխանիզմները շատ են, իրագործելն է մնում:

Հասկանալու համար, թե ինչ հունով է ընթանում աշխարհը եւ ինչպես է լուծում հանքարդյունաբերության հետեւանքով բնությանը հասցված վնասների խնդիրները, նախ՝ փորձեցինք հասկանալ կանադական փորձը: Դե թեկուզ հաշվի առնելով այն փաստը, որ հանքարդյունաբերությունը Կանադայի տնտեսության հիմքն է: Ընդհանրապես հետաքրքիր մի միտում նկատեցինք, երբ համացանցում փնտրտուք էի սկսել տարբեր երկրների հանքարդյունաբերության ոլորտի մասին, տվյալները բազմազան էին՝ ինչքան պաշար կա, ինչքան է տարեկան արդյունահանվում եւ ինչ հեռանկարներ ունի այդ երկիրը տվյալ ոլորտում: Խոսքը, իհարկե, հաստատուն գնահատված պաշարներին էր վերաբերում, այլ ոչ՝ հավանական: Դա, կարելի է ասել, պետական գաղտնիքի շարքից է: Բայց հենց փորձեցի հասկանալ այդ նույն երկրների հանքարդյունաբերության հետեւանք բնապահպանական վնասները, պատին դեմ առա, դրա փոխարեն եւ՛ Կանադան, եւ՛ Եվրոպական որոշ երկրներ դասախոսություններ էին հրամցնում բնապահպանական վնասների եւ դրանք չեզոքացնելու ձեւերի մասին ընդհանրապես կամ՝ այլ երկրների օրինակով: Այլ ո՛չ թե իրենց: Այնուամենայնիվ, որոշ տեղեկույթ կարողացա կորզել մասնագիտական բնապահպանական կայքերից եւ ստացա այս պատկերը:

Կանադական քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում հետեւյալն է՝ մեր ծրագրերը լավագույն օրինակն են այն բանի, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը կարող է լինել զարգացած, ապահով, բնապահպանական տեսանկյունից՝ լավ կառավարվող: Թե ինչ է նշանակում այդ «լավ կառավարվող»-ը, ավելի շատ կհասկանանք ոչ թե բնապահպանական, այլ՝ սոցիալական ոլորտ գալով: Հանքարդյունաբերությունում աշխատողները առողջապահական հիմնարկներում խնդիրներ չեն ունենում ֆինանսական միջոցների հետ կապված (ծախսերը մի քանի մեխանիզմներով հոգում է հանքը շահագործող ընկերությունը): Ի դեպ, նաեւ բնապահպանական վճարներն են բարձր:

Նորվեգիայում բավականին ամուր հարթակին է դրված այս հարցը. հանքարդյունաբերությամբ զբաղվողը միայն պետության թույլտվությունը չէ որ պետք է ստանա: Նա «պատասխան ունի տալու» ոչ միայն բնապահպանական ու հանրային հատվածի ներկայացուցիչներին, այլեւ՝ ցանկացած ոքի, ով հանկարծ կարող է դիմել իրավապահ մարմիններին՝ այն մտայնությամբ, թե տվյալ հանքի շահագործումից իր առողջությունը կվնասվի: Եվ քանի դեռ բողոքն ընթացքում է, ընկերությունը չի կարող սկսել շահագործումը: Կամ էլ պետք է բողոքող կողմին հակառակ համոզիչ փաստարկները ներկայացնի: Ի դեպ, ընկերության գործունեությունը հանքում կարող է դադարեցվել նաեւ ընթացքում, եթե բողոք լինի, որ ընկերությունը խախտում է բնապահպանական նորմերը:

Նորվեգիայում, եթե չեմ սխալվում երկու տարի առաջ, դադարեցվեց մի ՀԷԿ-ի աշխատանք, որովհետեւ տարածքի բնակիչները բողոքել էին, որ այդ ՀԷԿ-ի աշխատանքից եւ գետի ջուրն է նվազել եւ ստորերկրյա ջրերի «բխումն է պակասել»: Եվ ՀԷԿ-ն աշխատեցնող ընկերությունը ինչքան էլ տվյալներ բերեց, բնակիչների նկարած համեմատական լուսանկարները հիմք համարելով՝ դատարանը որոշումը կայացրեց հօգուտ բնակիչների:

Նորվեգիայի պարագայում հետաքրքիր մի բան էլ կա. հանքարդյունաբերության համար տեխնոլոգիական արդյունաբերական հզոր հենք (օֆշորային նավթագազային սեկտորում նորվեգիական տեխնոլոգիաներ շատ են գործածվում եւ համարվում են առաջատար) եւ նրանք այդ տեխնիկան անընդհատ կատարելագործելու հնարավորություն ունեն: Իսկ տեխնիկան ինչքան կատարյալ, բնությանը հասցված վվնասները՝ այնքան քիչ:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։