Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին… «Ավանդական ընտանեկան արժեքների» նախագիծը հավանության արժանացավ… Շնորհավո՛ր, իմ սիրառատ մայրաքաղաք… «Էրեբունի-Երեւան 2799»-ին ընդառաջ՝ մաքրվեց Երեւանը… «Երեւան՝ սիրո, երգ-երաժշտության քաղաք».- Էրեբունի-Երեւան 2799… Օդապարիկներ՝ Երեւանի երկնքում… Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով… Էջմիածինը 2702 տարեկան է. կոչ՝ տեր կանգնել սեփական քաղաքին… Ովքեր կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացի…

Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին

Այժմ գործառույթներ ու ներքին կիրառման գործիքներ են մշակվում, որպեսզի մինչեւ հաջորդ տարվա կեսերը կյանքի կկոչվի Համահայկական խորհուրդը։ Այս մասին Եվրասիական գործընկերության միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Դեռ հստակ չէ նաեւ շատերին հետաքրքրող այն հանգամանքը՝ արդյո՞ք խորհուրդը մեկ, թե՞ ավելի նախագահներ կունենա: Կարծիք կա, որ առավել հավանական տարբերակը համանախագահների ձեւաչափն է, ինչը Հայրենիք-Սփյուռք համագործակցության պայմաններում ավելի վստահելի եւ համադրելի կդարձնի համահայկական տեսակետներն ու նպատակները:

Հերթագայությամբ նախագահելը նաեւ կսերտացնի Համահայկական խորհրդի անդամների հարաբերություններն ու գործնական կապերը: Այս հարցն էլ մյուսների նման դեռ քննարկման փուլում է. նշել է Սփյուռքի նախարարը:

Հիմնականում սփյուռքահայերն են համանախագահների ձեւաչափի կողմնակից, քանի որ համարում են, թե նման մեծ կառույցը չի կարող ղեկավարվել մեկ անձի կողմից: Ըստ Հրանուշ Հակոբյանի. «Տարբեր կարծիքներ կան, ես չեմ կարող մեկի կարծիքն ընդունել հիմք եւ ասել՝ համամիտ եմ կամ ոչ։ Կա հանձնախումբ, հանձնախումբն աշխատում է»։

Արդեն խոսակցություններ կան, թե հնարավոր է, որ խորհուրդը ղեկավարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչին ի պատասխան Սփյուռքի նախարարը նորից կրկնեց. թե «որեւէ մեկը դեռ չի որոշել՝ ինչպիսի գործայույթներ է ունենալու խորհուրդը եւ ովքեր են լինելու այնտեղ։ Երբ կհավաքվենք, կճշտենք՝ ովքեր են ներսում, նոր կորոշեմ ինձ համար ընդունելի թեկնածուններին»,- հավելեց նա։

Նախագահն ուղղակի հանձնարարել է լրջորեն նախապատրաստվել Համահայկական խորհրդի ձեւավորման աշխատանքներին:

Մի բան հստակ է, որ ձեւավորվող Համահայկական խորհուրդը կլինի խորհրդատվական կառույց: Համահայկական խորհուրդը փոխարինելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովին, որ հսկայական աշխատանք կատարեց Հայ Դատի հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու, միջազգային ասպարեզում դրանք ամրագրելու ուղղությամբ:  

Իմիջիայլոց, այս օրերին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հայ Դատի հանձնախմբի ամենամյա համագումարը եւ Գալա ճաշկերույթը։ Այս ընթացքում ելույթներով հանդես եկան կոնգրեսականներ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փալյանը եւ այլ հայտնի դեմքեր։

Համահայկական խորհուրդը չպիտի անտեսի ավելի քան 100 երկրներում բնակվող հայերի հանգամանքն ու առանձնահատկությունները:

Արման Դավթյան

Հ.Գ. – Պետք է հիշել, որ տարիներ առաջ Հայ Արիական Միաբանությունը բարձրացրել է Համահայկական գաղտնի կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ Համաշխարհային մութ ուժերի դեմն առնելու եւ համահայկական գերնպատակների սառեցման քաղաքականությանն ընդդիմանալու նպատակով…

Ինչպեսեւ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու նախաձեռնած՝ «Գլոբալ հայերի» կոչը՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար (նման կառույցի անհրաժեշտությունը կարեւորվեց Հայ առաքելական եկեղեցական կառույցների եւ ՀԲԸՄ միացյալ ժողովում)…

«Ավանդական ընտանեկան արժեքների» նախագիծը հավանության արժանացավ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս Սոչիում մասնակցել եւ ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Ըստ նախարների, խորհրդի նիստը մեկնարկել է նեղ ձեւաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, իրավապահ, հումանիտար, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության սերտացման ուղղված երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք արժանացել են նախարարների հավանությանը։

ԱԳ նախարարները հավանության են արժանացրել «Ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը։

Այս մասին խոսել է նաեւ մեր երկրի ղեկավարը: «Համատեղ աշխատանքի մեկ այլ կարեւոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը՝ հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն»,- իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի մասնակիցները hավանություն տվեցին 2019թ. ԱՊՀ-ում Գրքի տարի հռչակելու որոշման նախագծին: Անդրադարձ է արվել Հայրենական Մեծ պատերազմում հաղթակակի 75-ամյակի նշմանը։ ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. ապրիլին Մինսկում։

Շնորհավո՛ր, իմ սիրառատ մայրաքաղաք

2799 անգամ շնորհավո՛ր ծնունդդ, Երեւան:

Շնորհավո՛ր, որովհետեւ դու այն քաղաքն ես, որտեղ կարելի է 24 ժամ զբոսնել ու ծարավ չմնալ, ցայտաղբյուրների՜ իմ շեն:

Շնորհավո՛ր, որովհետեւ դու այն քաղաքն ես, որ հյուրիդ պատվելիս դռներդ այնքան լայն ես բացում, որ մոռանում ես փակել, դժվար ապրող, բայց լիառա՜տ իմ շեն:

Շնորհավո՛ր, որովհետեւ դու այն քաղաքն ես, ուր գերխցկված քո տրանսպորտում, երբ երբեմն կես ոտքով ես մտնում, ուղեւորդ խառնում է բոլորին, որ տեղ տա ահելին ու սիրունին, հարգանքո՜վ իմ շեն:

Շնորհավո՛ր, որովհետեւ դու այն քաղաքն ես, որ գողի հետեւից մի հինգ կանգառ վազում ես, որ դրամապանակդ հետ բերես, բայց հենց հասնում ես գողին, մոռանում ես, որ թոքերդ ոտքերդ էին ընկել ու աղաչում էին դադարեցնել վազքը, գոռալու ու ոստիկանություն կանչելու փոխարեն, խրատանիդ ես բացում. «Այ տղա, ջահել ես, մեղք ես, գնա, էլ չանես…»: Գողին էլ ես գիրկդ առնում: Մեծահոգի՜ իմ շեն:

Շնորհավո՛ր, որովհետեւ դու այն քաղաքն ես, ուր օջախիդ տիկնոջ հաց առնելը երբեմն կարող է ժամեր տեւել, քանզի նա պիտի հարցնի խանութի հացավաճառի, նրա ընտանիքի, բարեկամների, խանութից դուրս գտնվող՝ ապրանք վաճառող գյուղացու, ապրանք վերավաճառող առեւտրականի ու նրանց ընտանիքների որպիսությունը  եւ նոր միայն հաց գնի: Սրտո՜տ իմ շեն:

Շնորհավո՛ր, որովհետեւ դու իմն ես, ուրիշ ո՛չ մեկինը, ի՛մն ես՝ ամեն ինչով:

«Լուսանցք»

«Էրեբունի-Երեւան 2799»-ին ընդառաջ՝ մաքրվում է Երեւանը

Երեւանի հիմնադրման օրվան՝ «Էրեբունի-Երեւան 2799»-ին ընդառաջ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Մայրաքաղաքը մաքրելու քաղաքապետի կոչին միացել են Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական եւ մասնավոր կազմակերպություններ, Երևանի ավագանու՝ հանրապետական կուսակցության խմբակցությունը:

Անգլիական այգու եւ մանկական զբոսայգու պուրակի տարածքը մաքրվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչությունների, տուրիզմի բաժնի, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ուժերով: Այստեղ նախաձեռնությանը միացել է նաեւ «Կոնգրես» հյուրանոցի աշխատակազմը: Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցներն էլ մաքրել են Հրազդանի կիրճի «Հաղթանակ» կամրջին հարող հատվածը:

Երեւանի հերթական տարեդարձը մաքուր դիմավորելու գիտակցությամբ մայրաքաղաքի նախատոնական շաբաթօրյակին այս անգամ եւս ակտիվորեն ներգրավվել են ուսանողները, քոլեջների սաներն ու երիտասարդ կամավորները: Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորների, պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողների համատեղ ջանքերով մաքրվել են ԲՈՒՀ-երի հարակից հատվածները, «Հաղթանակ» զբոսայգու առանձին տարածքներ, մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից «Բարեկամության ձեռքեր» քանդակից մինչև Օղակաձև զբոսայգու Գր. Լուսավորիչ եկեղեցի ընկած հատվածը: Շաբաթօրյակի մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ գործիքներով, պարկերով, բահերով եւ այլ պարագաներով:

«Երեւան՝ սիրո քաղաք» . Էրեբունի-Երեւան 2799

Մայրաքաղաքն այս տարի իր 2799-ամյակը նշում է  «Երեւան սիրո քաղաք» կարգախոսի ներքո։ Տոնական միջոցառումները մեկնարկել են.-  «Էրեբունի-Երեւան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով։

Քաղաքի տոնի առթիվ առաջին անգամ այսօրվանից մինչեւ 17-ը Երևանում անկացվում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն։
Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից եւ Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ են կատարում Երեւանի երկնքում ու վայրէջք կկատարեն Երեւանի վարչական սահմաններից դուրս։ Թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ: Ըստ այդմ, առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երեւանյան երկնքում ավելի երկար կմնան:

Հ.Գ. – Երեւան՝ սիրո քաղաք» ծրագիրը մեկնարկել է ջրցան մեքենաների արդեն ավանդական դարձած տոնական շքերթովՔաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից եւ, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչեւ Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը: Երեւանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու ու տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին ներգրավվել են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների եւ «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան:

Հ.Գ. – 90 րոպե տեւողությամբ թռիչքներ՝ Երեւանի երկնքում«Էրեբունի-Երեւան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը առաջին անգամ մայրաքաղաքում անցկացվեց «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը: Համերգային ծրագրով ուղեկցվող միջոցառման բոլոր մասնակիցների հիացական բուռն արձագանքների ներքո Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բուլղարիայից եւ Լիտվայից փառատոնին մասնակցող օդագնացներն ու վիճակահանությամբ նախապես հաղթող ճանաչված մի քանի լուսանկարիչները եւ հեռուստաօպերատորները 14 օդապարիկներով հետզհետե բարձրացել են տոնախմբող Երևանի երկինք:

Հարկ է նշել, որ օդագնացները 90 րոպե տևողությամբ թռիչքներ կկատարեն Երեւանի երկնքում: Իսկ ավելի ուշ Հանրապետության հրապարակում կրկին, անակնկալ վիճակահանությամբ, ճոպաններով կապված՝ սահմանափակ բարձրությամբ տեղային թռիչքներ կատարելու հնարավորություն կընձեռվի արդեն երևանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին:  Երևանի քաղաքապետարանի ու «Skyball» ընկերության կողմից կազմակերպված փառատոնն անց է կացվում գործընկեր կառույցների աջակցությամբ:

Ֆլեշմոբեր, հեծանվավազք. Երեւանը՝ միջոցառումների կիզակետումՏոնական միջոցառումների շարքում՝ ավանդական դարձած հեծանվավազքն ու վազքարշավը

«Էրեբունի-Երեւան 2799» տոնական միջոցառումների շարքում այս տարի նույնպես տեղ էին գտել հեծանվավազքն ու վազքարշավը: Երկու մարզաձեւերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթները սկսել են Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում:

Հեծանվորդները տոնական երթն անց են կացրել հեծանիվներին ամրացված Երեւանի դրոշներով

«Սիրով՝ Երեւանիս». բազմաթիվ գունագեղ ֆլեշմոբեր՝ մայրաքաղաքի ծննդյան առթիվ «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակում ժամը 14:30-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Սիրով Երեւանիս» խորագրով մեկնարկել են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնք անակնկալի են բերել անցորդներին՝ պարգևելով նրանց բարձր եւ տոնական տրամադրություն: Ֆլեշմոբերով անակնկալներ են մատուցվել նաև հասարակական տրանսպորտում եւ մետրոպոլիտենում: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, ոգևորված ուրախ ֆլեշմոբերով, իրենք էլ էին շտապում միանալ դրանց՝ պարելով ու զվարճանալով անակնկալները մատուցող երիտասարդների հետ:

Ինչն է զարմացրել զբոսաշրջիկներին Երեւանում

«Օդապարիկ մենք գալիս ենք» բացականչություններ քաղաքի տարբեր կողմերից, սիրառատ ժպիտներ ու հիացմունք արտահայտող  հայացքներ: Մայրաքաղաքի 2799-րդ ամյակին Երեւանը լսում, տեսնում, զգում ու սիրում են ոչ միայն երեւանցիներն ու տոնի հյուրերը, այլև աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկները: Հանրապետության հրապարակից բաց թողնված օդապարիկներին զարմանքով ու հետաքրքրությամբ հետեւում ու մատի մեկ շարժումով պահն անմահացնում էին մի խումբ ճապոնացիներ: Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մասնակից արվեստագետները ժամեր առաջ վերադարձել էին դեպի Գյումրի կատարած  2-օրյա ճամփորդությունից եւ Երեւանի սրտում տոնում էին նրա ծնունդը:

«Գեղեցիկ քաղաք է: Այս օրերին զբաղված էինք ցուցահանդեսի աշխատանքներով եւ քաղաքն ամբողջությամբ դեռ չենք բացահայտել, բայց ինձ արդեն հասցրել են տպավորել հայկական եկեղեցիները». նշեց արվեստագետներից մեկը, ով քաջատեղյակ էր՝ ինչ է նկարված դեմքին եւ ինչ են խորհրդանշում դրա գույները. «արյուն, խաղաղություն, աշխատասիրություն»:

Զբոսաշրջիկները հատկապես տպավորված էին մարդկանց ընկերասիրությամբ ու  հյուրընկալությամբ՝ վստահեցնելով, որ հայերից փոխանցված ջերմությունն էլ հենց տանելու են իրենց հետ: Դանիայից ժամանած Կարինին ամենաշատը գրավել է Երեւանի մաքրությունը. «Դանիայի համեմատ այն ավելի մաքուր է: Չկան գետնին թափված թղթեր եւ ուրիշ իրեր: Երեւանն ուղղակի հրաշալի է»: Մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերը քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում էին տոնական միջոցառումներին, վայելում ջազ, դասական երաժշտություն, լուսանկարների միջոցով ծանոթանում Հին Երեւանին եւ անկախ տարիքային սահմանափակումից երեխաների հետ  զբաղվում կավճանկարչությամբ:

ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախումբը՝ Երեւանի փողոցներում

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին մատուցվել է հերթական երաժշտական անակնկալը: «Լսիր Երեւանը» բաղադրիչի ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում փողային նվագախմբերի կատարմամբ Երեւանի փողոցներում հնչել են սիրելի մեղեդիներ: Քայլերթին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախմբերը:

Դատելով նվագախմբերի քայլերթի ակամա ունկնդիրը դարձած երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի արձագանքից` երաժշտական հաճելի անակնկալը գերել էր նրանց սրտերը:

Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելած ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարեւի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երեւանի եւ ՌԴ մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունը: «Դոնի Ռոստովի հետ համագործակցությունը եւս մեզ համար կարևորված է, ու մենք համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը՝ երկու քաղաքների մեջև առկա համագործակցության ծրագիրը լիարժեք կյանքի կոչելու համար: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում կունենանք շոշափելի արդյունքներ՝ այդ թվում նաեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնելով համատեղ նախագծեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ հրավերի համար՝ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարեւն, իր հերթին կարեւորելով երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը, ընդգծել է, որ կարվի հնարավորը՝ նախանշված բոլոր ուղղություններով զարգացում ապահովելու համար: «Պարոն քաղաքապետ, մեզ համար անչափ հաճելի է ներկա գտնվել հազարամյակների պատմություն ունեցող Ձեր գեղեցիկ մայրաքաղաքի ծննդյան տոնակատարությանը: Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով, միաժամանակ նաեւ ժամանակակից տեսքով ու կենսունակությամբ: Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երեւանը մեզ համար հարազատ քաղաք է ու, համոզված եմ, որ գործընկերային մեր հարաբերությունները լինելու է հեռանկարային, ինչի  ներուժն առկա է այսօր թե՛ Երեւանում եւ թե՛ Դոնի Ռոստովում»,- նշել է Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարը:

Էջմիածինը 2702 տարեկան է. կոչ՝ տեր կանգնել սեփական քաղաքին

Էջմիածնի քաղաքապետը պարտադրում է աշխատակիցներին փող տալ Էջմիածնի տոնի համար – 07/10/2017 -Էջմիածնի 2702-ամյակի առթիվ կազմակերպված 3 օրյա միջոցառումների համար պարզվում է ոչ միայն քաղաքային բյուջեից է հատակցումներ է արվում այլև Էջմիածնի պետական հաստատությունների աշխատակիցների կողմից: Meganews.am –ին ահազանգած Էջմիծանի մանկապարտեզներից  մեկի աշխատակիցը ասաց, որ իրենցից պարատադիր հավաքում են 1000-2000 դրամ՝ պարտադրում ներդրում անել միջոցառումների համար: Քաղաքապետի հանձնարականով գումար են տոնի համար, նվիրաբերումե նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներից ՝ շարքայիներից մինչեւ բաժնի պետեր, շարքայինը սկսած 1000 դրամից, բաժնի պետը ՝սկսած 10 000 դրամից:

Ովքեր կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացի

Հոկտեմբեր 9,2017 – Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին շնորհվելու է  «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Նույն կոչմանը կարժանանան  նաեւ հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի եւ բեղմնավոր գործունեության համար հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը եւ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը: «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին էլ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը կշնորհվի տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ Երեւան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Երեւանի մասին օրենքը բարեփոխվելու կարիք ունի ըստ ընդդիմադիրների

ԱԺ-ում 2-րդ ընթերցման է պատրաստվում «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը: «Մշակել» բայը հատուկ եմ շեշտում, որովհետև օրենքի հիմնավորման մեջ այդ բառն են օգտագործել նախագծի հեղինակները:

Ինչպես  գրված է ներկայացված նախագծի հիմնավորման մեջ, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը    «պայմանավորված է 2015թ. դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 9-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումների եւ ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված հոդվածների տրամաբանության հետ համապատասխանեցմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: «Ամրագրել» բայն էլ ունի  մեկ իմաստ, Սահմանադրության պահանջը վերցնել ու ամուր գրել, այսինքն «գրել» այս օրենքում եւ հատկապես այս պարագայում, չի կարող փոխաբերական իմաստ ունենալ:

ՀՀ նոր Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածները տեղական  ինքնակառավարման ոլորտում այն չնչին բարեփոխումներն էին, որն առաջարկում էր նոր Սահմանադրությունը, բայց արի ու տես, որ ՀՀ Մայր օրենքում գրված իրավական պահանջները, որոնք որպես իրավունք պետք է տրվեն համայնքի բնակիչներին՝ տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցությունն ապահովելու համար, որոնք պետք է հստակեցնեն ու գծեն համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակը, որպեսզի ինքն իրեն համայնքի միանձնյա տեր ու տիրական չզգա ու հասկանա, որ պատասխանատու է ավագանու առջեւ, հերթական անգամ, կարծես դիտավորյալ, պարզապես ներառված չեն այս փոփոխություններում: Նախագծի հեղինակներն այս գործն արել են, որ ընդամենն ասեն՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցրել ենք, բայց դե «գեղից մարդ չկա» սկզբունքով մտածել են, ո՞վ պիտի կարդա ու խորանա բովանդակության մե՞ջ:

Գործող իշխանության կողմից Օրենքի նկատմամբ քամահրական վերաբերմունքի հերթական օրինակն է սա, ընդունված գործելակերպ, ու փաստ է, որ սահմանադրական ցանկացածպահանջ միայն Սահմանադրության գրքի թղթերի վրա են գրված բավական չէ, դրանք Երեւանի մասին օրենքի թղթի վրա անգամ չեն ուզեցել ամրագել: Նախագծի «փոփոխության» մշակներն ընդամենը մեխանիկական փոփոխություններն են արել ու չնայած գրել են «անխուսափելիորեն պետք է ամրագրվեն», այդպես էլ չեն ամրագրել ՀՀ սահմանադրության հետեւյալ կարեւոր կետերը.

87-րդ հոդվածը. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործում – Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների եւ հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: Չկա:

179-րդ հոդվածը. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Չկա:

183-րդ հոդվածը. «Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»։ Չկա:

182-րդ հոդվածի 4-րդ կետը. «Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջեւ»: Չկա:

Այնինչ, այսօր համայնքների ղեկավարներն իրենց ապօրինի կարգադրություններով ուղղակի սահմանափակում են ավագանու անդամի իրազեկված, տեղեկացված լինելու ու իրավունքը: Էլ չեմ ասում այն մասին, որ չնայած հիմնավորման մեջ գրել են, թե սույն օրենքի նախագիծն անդրադառնում է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող փոփոխություններին եւ լրացումներին», երևի, ուղղակի մոռացել են անդրադառնալ ու ավագանու եւ համայնքի ղեկավարի ՏԻՄ օրենքով սահմանված նոր լիազորություններն ուղղակի չեն ամրագրել այս նախագծում:

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներն այս օրենքի նախագծում արդեն ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ ու մենք ամբողջ թիմով հետամուտ ենք լինելու, որպեսզի դրանք անխուսափելիորեն ամրագրվեն  այս օրենքում եւ ավագանին, որպես Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, իսկապես դառնա համայնքի ղեկավարի գործունեությունը վերահսկող:

Անահիտ Բախշյան

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։