Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը
«Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքը ընթերցողների մեծ բանակ ունի, եւ այստեղ հրապարակվել է լրագրող Սեման Միխայլովի՝ Հայաստանի մասին հոդվածը:
«Ինքնաթիռը թռչում էր Կովկաս, իսկ ես այդ ընթացքում փորձում էի գուշակել «դարի հանելուկը: Ինչո՞ւ է Վրաստանը, երկիրը, որի հետ Ռոսաստանը պատերազմել է եւ որի հետ մինչ հիմա չունի դիվանագիտական հարաբերությունները, մեր քաղաքացիների համար ավելի ժամանակակից եւ հայտնի զբոսաշրջային ուղղություն: Եվ ինչո՞ւ Հայաստանը, ոչ պակաս գեղեցիկ, քան հարեւան երկիրը, որը նաեւ Մոսկվայի քաղաքական դաշնակիցն է, մեր զբոսաշրջիկների համար մնում է հիմնականում չբացահայտված տարածք: Հայաստան 5-օրյա այցից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ ես վերջապես գտել եմ պատասխանը: Բանը նրանում է, որ մենք շատ լավ գիտենք, միաժամանակ ընդհանրապես չգիտենք Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա:
Հեղինակը նշել է, որ տեղյակ են 1988թ. սարսափելի երկրաշարժի մասին, տեղյակ են Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին, տեղյակ են, որ Հայաստանը սարսափելի տնտեսական ճգնաժամի մեջ է եղել ու մինչեւ հիմա գտնվում է տրանսպորտային մասնակի շրջափակման մեջ.
«Բայց մենք չգիտենք մեկ այլ Հայաստանը: Մենք չենք ճանաչում Հայաստանը իր գեղեցիկ բնությամբ, հնագույն հուշարձաններով: Մենք չենք ճանաչում այն Հայաստանը, որտեղ ռուսների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա»:
Հոդվածում խոսվել է մայրաքաղաք Երեւանի մասին՝ նշելով որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, ներկայացվել է Երեւանի ճարտարապետությունը: Հեղինակը տպավորված է երեւանյան մթնոլորտով: Ընդգծել է, որ թեեւ բացարձակ անվտանգ որեւէ տեղ չի լինում, բայց, ինչպես ասել են տեղի բնակիչները, նաեւ կանայք, երեխաները, Երեւանի փողոցներով քայլելը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամին, անվտանգ է: Նա այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Բացի Երեւանից, լրագրող Սեման Միխայլովը շրջել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սեւան… Նա գրել է. «Պետք է եւս մեկ անգամ վերադառնալ Հայաստան: Այդ երկրի համար 5 օրը շատ քիչ է»:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանը դեռեւս այն վայրը չէ, որտեղ այցելելով, կարելի է ակնկալել ծառայությունների բարձր մակարդակ. «Լավ հյուրանոցներ ու ռեստորաններ, իհարկե կան: Բայց եթե Վրաստանում արդեն վաղուց հասկացել են, որ պետք է զբոսաշրջության զարգացման համար ներդրումներ անել, ապա Հայաստանում նոր են սկսել գիտակցել այդ փաստը»:
Միաժամանակ հավելել է, որ զբոսաշրջային արդյունաբերության ոչ այդքան զարգացած լինելը քողարկվում է այլ բաներով, օրինակ՝ Հայաստանի բնությունը ոչ միայն գեղեցիկ է, այլ չափազանց բազմազան, կարծես տարբեր աշխարհներ լինեն.
«Բացի բնությունից եւ հին եկեղեցական հուշարձաններից, Հայաստանի հմայքի երրորդ կարեւորագույն մասը մարդիկ են: Մարդիկ, ովքեր զարմանալիորեն լավ են վերաբերում ռուսներին»:
«Ես ամենաքիչն են ուզում, որպեսզի այս տեքստը կարդալուց հետո ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը դրախտավայր է առանց խնդիրների: Հայաստանն ունի խնդիրներ: Փորձելով (հավանաբար անհաջողությամբ) ընդօրինակել հայկական հումորը, ես նույնիսկ կհայտարարեմ՝ միակ բանը, որի պակասը Հայաստանը չունի, դա խնդիրներն են… Չնայած իր բազմաթիվ խնդիրների՝ Հայաստանը գեղեցիկ է»,- եզրափակել է հոդվածագիրը:
Ռուսաստանցիները տպավորվում են Արցախով
Ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը տպավորված է Արցախի Հանրապետություն կատարած այցով եւ տպավորություններով կիսվել է իր բլոգում տեղադրված հոդվածում, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերը, անդրադարձ կատարել Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ին, որում հայտնվում են Արցախ այցելող հայտնի մարդիկ:
«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությամբ ցուցանակը մեզ հանդիպեց Հայաստանից Արցախ մեկնելու ճանապարհին: Հեռվում վառվում էին քաղաքի լույսերը, որը դեռ 25 տարի առաջ Լաչին անունն ուներ: Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով, որն ավարտվել է 1994թ. հրադադարի պայմանագրով, այն ռազմավարական ճանապարհի հետ մեկտեղ անցել է հայերի վերահսկողության տակ: Դրանից հետո Լաչինն անվանափոխվել է Բերձոր եւ դարձել Արցախի՝ դե ֆակտո հայկական երկրորդ պետության ամենախոշոր քաղաքներից մեկը»,- գրել է բլոգերը:
Այնուհետեւ Սերգեյ Նովիկովը ներկայացրել է Հայաստանից Արցախ ճանապարհին իրենց հանդիպած գեղեցիկ տեսարժան վայրերը: Նրան տպավորել են Խոր Վիրապը, Արենիի քարանձավները, Նորավանքը, Տաթեւը… «Երկար ճանապարհն անցյալում է: Մենք Ստեփանակերտում ենք՝ Արցախի մայրաքաղաքում: Նույն պահին, երբ տարածաշրջանային հարեւաններ Աբխազիան ու Հարավային Օսեթիան գոնե նվազագույն միջազգային ճանաչում ստացել են, Ղարաբաղը «չի տեսնում» ՄԱԿ-ում ներկայացված ոչ մի երկիր»,- գրել է բլոգերը: Ապա հիշել է հայ բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետեւյալ խոսքերը. «Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ մենք երբեք նրանց չենք տա այս հողերը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր կողմերն էլ սա լավ հասկանում են»:
Այնուհետեւ ռուս բլոգերը անցում է կատարել ու հիշատակում արել Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ի մասին, որում հայտնվում են Արցախ այցելող հայտնի մարդիկ: «Դեպի արեւելք յուրաքանչյուր կիլոմետրի հետ մեծանում են մեր՝ հարեւան երկրի «սեւ ցուցակ»-ում հայտնվելու հնարավորությունը: Բայց ոչինչ, մարդիկ դրանով ապրում են: Այդ նույն ցուցակում է նաեւ իմ ընկերներից մեկը՝ Ալեքսանդր Վոլոշչուկը, Լեռնային Ղարաբաղին շատ լավ ծանոթ Դմիտրի Եգորովը, լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը եւ ոչ ավել, ոչ պակաս Մոնսերատ Կաբալյեն: Դե ինչ, շատ լավ թիմ է: Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ճանապարհորդությունը շարունակվում է: Այլ տարբերակ ուղղակի չկա»,- եզրափակել է ռուս բլոգերը: Նա նաեւ հրապարակել է լուսանկարներ Արցախի ու Հայաստանի տեսարժան վայրերից:
Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքը
Լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովը Արցախից վերադառնալուց հետո պատմել է տեսածի ու զգացմունքների մասին: «Այստեղ անցկացրած մեկ շաբաթն ինձ նվիրեց բազմաթիվ դրական զգացմունքներ, իսկ այս ճամփորդության հիշողությունները ինձ դեռ կջերմացնեն ձմեռային երկար երեկոների ընթացքում: Հայաստանն ու Արցախն ինձ համար բացահայտում էին: Այնտեղ պետք է գնալ հենց հիմա, քանի դեռ համաշխարհային տուրիստական ինդուստրիան դեռ շատ հետաքրքրված չէ այդ տարածքով»,- գրել է Ստանիսլավ Գորբունովն իր բլոգում:
Նա խոստովանում է, այստեղ իր վրա այնքան մեծ տպավորություն չեն գործել բնությունը, հին պատմությունը կամ էլ լեռնային եկեղեցիների գեղեցկությունը: Նա տպավորված է այստեց ապրող մարդկանցով:
«Ես հիացած էի նրանց սրտացավությամբ, բարյացակամությամբ ու անկեղծությմաբ: Քաղաքների փողոցներում, շուկաներում, Աստծու կողմից մոռացված գյուղերում կամ էլ ուղղակի ճանապարհներին մենք բազմաթիվ հետաքրքրիր տեղացիների հանդիպեցինք: Նրանք բոլորն էլ անասելի ֆոտոգենիկ ու անկրկնելի էին»,- գրում է նա:
«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



