Նոր ԱԷԿ-ի գլխին քար չեն գցի, եթե չուզենք – Մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում)՝ նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից… Զեկույցի գլխավոր եզրակացությունն էր՝ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի…

Նոր ԱԷԿ-ի գլխին, այո, քար են գցում: Եվ սա նոր չէ, պարզապես ասոցացմանն ընդառաջ թեման կրկին ակտիվացավ: Եվրոպան վերջին տարիներին շատ է զբաղվում այսպես ասած հակամիջուկային քարոզչությամբ: ԱԷԿ չունենալը նախապայման է, որ Հայաստանը պետք է ընդունի, եթե ուզում է ԵՄ-ին շատ մոտենալ: Ես լրագրողական իմ 19 տարիների ընթացքում ԱԷԿ-ի խնդրին մշտապես անդրադարձել եմ: Եղել են տարիներ, երբ ԵՄ-ն կտրուկ է մեր առջեւ ԱԷԿ-ի փակման հարցը դրել: Եղել են տարիներ, երբ մեղմացրել է պնդումը, բայց այն օրակարգից երբեք չի հանել:

2000-ականներին հատկապես մենք կարողացանք միջազգային ամենաբարձր ամբիոններում հայտարարել, որ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի: Դա նաեւ ազգային անվտանգության ռազմավարական դրույթներում էր: Որոշեցինք նոր ԱԷԿ ունենալ՝ 1060 Մվտ-անոց: Հետո, երբ էներգետիկայի նախարարը Երվանդ Զախարյանն էր, այն 600 ՄՎտ-անոց դարձավ: Վերջերս Դավիթ Հարությունյանը, ով ոչ թե էներգետիկայի, այլ արդարադատության նախարարն է, այդ 600-ը հասցրեց 50 Մվտ-անոցի: Ինչ կա որ, 1000 Մվտ-անոցի փոխարեն 20 հատ 50 Մվտ-անոց էներգաբլոկներ կունենաք ու քարկտիկ կխաղանք…  

Ինչեւէ, եթե այդ 50 Մվտ-անոցի հարցը մի կողմ թողնենք, ապա պետք է խոսենք նույն նախարարի մի արտահայտությունից, որ, շատ մեղմ ասած, կարող ենք անճշտություն կոչել: Իսկ մեղմ ասած, որովհետեւ այն, ինչ ասել է Դավիթ Հարությունյանը, թյուրիմացության մեջ է գցում հանրությանը: Վստահաբար, Դավիթ Հարությունյանը գիտի, որ այդպես չէ, բայց ասում է:

Հիմա տեսնենք՝ ինչ է ասում: Նշում է՝ թե օբյեկտիվ չէ ասելը, որ ատոմակայանի գոյությունը բարձրացնում է երկրի էներգետիկ անկախությունը, քանզի Հայաստանը էներգետիկ հումք չունի շահագործման համար, հումք է ներկրում: Հասկանալի է չէ՞, թե ինչ է ակնարկում: Բայց չէ՞ որ նույն Դավիթ Հարությունյանը գիտի, որ մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում), իսկ սա նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից:

Ասոցացմանն ընդառաջ թեման ակտիվացել է եւ թվում է, վերջ, ելք չկա, փակելու են: Բայց նկատենք, որ երբ միջուկային էներգետիկան զարգացնելու դիրքորոշումը կայուն ես հայտնում, այն այդպես էլ արձանագրվում է: Մենք դրա միջով մեկ անգամ արդեն անցել ենք եւ կարողացել ենք հստակ հիմնավորել մեր տեսակետը:

Դեռ 1999թ. ՀՀ-ն սկսել էր բանակցություններ ԵՄ հետ ատոմակայանի ապագայի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԵՄ-ն առաջարկում էր Հայաստանում ներդնել մոտ 150 մլն եվրո՝ այլընտրանքային էներգիայի արտադրությունը զարգացնելու նպատակով՝ ատոմային կայանի գործող բլոկը փակելու պայմանով: Եվրոպական տարբեր փորձագետների մասնակցությամբ կատարվել են հետազոտություններ ու մշակվել փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի շարքում մասնավորապես պատրաստվել էր հայեցակարգ (Strategy Paper), որը մեծ արձագանք ունեցավ Բրյուսելում:

Այդ զեկույցի գլխավոր եզրակացությունը, սակայն, այն էր, որ Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Այդ փաստաթղթում թվերով դա ապացուցվում էր:

Իսկ արդեն 2006թ. մեկ այլ խորհրդատվական ընկերություն, PA Consulting-ը մշակեց նվազագույն ծախսերով զարգացման ծրագիր, որում հստակ ցույց տվեց, որ ատոմային էներգետիկան տնտեսապես երկարաժամկետ առումով ավելի շահավետ է, քան ջերմայինը: «Մենք չենք կարող մեր պահանջարկը բավարարել միայն վերականգնվող էներգետիկայի հաշվին, քանի որ այն սեզոնային բնույթ է կրում: Անհրաժեշտ է ունենալ բազիսային էլեկտրաէներգիա գեներացնող հզորություններ, որոնք արտադրում են անկախ տարվա եղանակից: Նման աղբյուրներ կարող են հանդիսանալ ատոմային, ջերմային բլոկերը, կամ գեոթերմալ էլեկտրակայանը:

Ներկայացնելով այս բոլոր փաստարկները եվրոպական կառույցներին՝ մենք կարողացանք հիմնավորել, որ ինչպես անվտանգության, այնպես էլ ֆինանսատնտեսական առումներով, Հայաստանում ատոմային էներգետիկային այլընտրանք չկա: Իհարկե, մենք զարգացնում ենք վերականգնվող էներգետիկան եւ մեր երկրի ռազմավարական փաստաթղթերում ու պլաններում ամրագրված է, որ պաշարների ամբողջ ողջամիտ պոտենցիալն օգտագործելու ենք: Նախատեսվում է մոտավորապես 2030թ. Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 35%-ը բավարարել վերականգնվող էներգիայի աղբյուրներից, իսկ մնացածը՝ ատոմային էներգետիկայի հաշվին:

Հայաստանը կմտնի այն երկրների շարքը, որոնք էլեկտրաէներգիա արտադրելիս շրջակա միջավայրի վրա պրակտիկորեն բացասական ազդեցություն չեն գործում: Նմանատիպ երկրներից են Նորվեգիան, Կանադան»,- այդ ժամանակ ասել էր էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Այնպես որ, հիմա էլ կարող ենք նույնն անել:

Հասկանում ենք, քաղաքականություն է, պահանջներ են, պարտավորություններ են, բայց դրանք ոչինչ են մեր երկրի համար ռազմավարական նշանակության այս ոլորտի համեմատ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։