Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով… Հայաստանի կարատեի հավաքականը մեդալներով է վերադարձել… Հաջողություն նաեւ կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությանը… Հենրիխ Մխիթարյանը 2018թ. ամռանը կրկին կմեկնի Լոս Անջելես… Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը դեռ անփորձ է… ՖԻՖԱ-ի վարկածով 2017-ի լավագույն ճանաչվածները… Շախմատի, ֆուտբոլի, հանդբոլի եւ այլ լուրեր…

«Մեր չեմպիոն ծանրորդները մրցակից չունեն»…

Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ծանրամարտի Հայաստանի Մ-20 եւ Մ-23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականին, որն այս գիշեր վերադարձել է Ալբանիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից:

«Մեր մարզիկների ընդհանուր առմամբ տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում եւ մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել եւս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները:

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակած 6 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով զբաղեցրել է 1-ին տեղը թիմային հաշվարկում:

Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 եւ 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին եւ այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել»,- այսպես է մեկնաբանել Գագիկ Ծառուկյանը մեր ծանրորդների ելույթը Եվրոպայի վերջին առաջնությունում:

* * *

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, մինչեւ 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է նաեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը,ով ոսկե մեդալների է արժանացել նաեւ պոկում եւ հրում վարժություններում:

Նույն տարիքային խմբի տղաներից +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 433 կգ արդյունքով նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում, 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 374 կգ արդյունքով եւ 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (արծաթե մեդալ պոկում վարժությունում) 343 կգ  արդյունքով դարձել են առաջնության փոխչեմպիոններ: Սամվել Գասպարյանը նաեւ ոսկե մեդալ է նվաճել հրում եւ բրոնզե մեդալ՝ պոկում վարժություններում: Դավիթ Հովհաննիսյանը,  բացի երկամարտի արծաթե մեդալից, արծաթե մեդալի է արժանացել նաեւ պոկում վարժությունում, իսկ Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել 85 կգ քաշայինների մեջ:  

Մինչեւ 23 տարեկանների տղաների մրցապայքարում +105 կգ քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 420 կգ արդյունքով, 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը երկամարտի 359 կգ արդյունքով եւ 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ: Գոռ Մինասյանը եւ Կարուշ Ղուկասյանը ոսկե մեդալների են արժանացել նաեւ հրում եւ պոկում վարժություններում, Անդրանիկ Կարապետյանը՝ պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ:

Նույն տարիքային խմբում մեր աղջիկներից 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում եւ հրում վարժություններում արժանանալով արծաթե մեդալների, երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 58 կգ Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, պոկում վարժությունում արժանանալով բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալների:

Հավաքականի մյուս անդամներ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը պոկում վարժությունում նվաճել է բրոնզե, իսկ 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը հրում վարժությունում՝ բրոնզե մեդալ:  Սիմոն Մարտիրոսյանը Անդրանիկ Կարապետյանը ճանաչվել են համապատասխանաբար մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարիքային խմբերի լավագույն մարզիկներ ու պարգեւատրվել են գավաթներով:

Հայաստանի Կարատեի հավաքականը մեդալներով է վերադարձել

«Կարատե Դո Հայաստան»-ի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 20-22-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում տեղի ունեցավ «Ավանդական Կարատե Դո» Եվրոպայի 5-րդ առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի կարատեի հավաքականը:

Հավաքականը հայրենիք է ժամանել հաղթանակներով՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր նվաճելով:

Հայ մարզիկն աշխարհի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը

Հոկտեմբերի 8-ին Թաիլանդում անցկացվեց կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Սարգսյանը անցկացրեց 5 մենամարտ, նա դարձավ արծաթե մեդալակիր:

Մրցաշարի մեկնարկից առաջ ճապոնացի վարպետների կողմից անցկացվել են սեմինար-պարապմունքներ, որոնց մասնակցել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:

- Հիշեցնենք, որ մարտի վերջերին Տոկիոյում կայացած կիոկուշին կարատեի 2017թ. աշխարհի երիտասարդական առաջնությունում Արման Սարգսյանը բրոնզե մեդալակիր էր դարձել: Արցախցի մարզիկը ներկայացնելով Հայաստանը, գրավել էր 3-րդ տեղը: Նա հանդես էր եկել 17-18 տարիքային խմբում 70-ից բարձր քաշային կարգում՝ մասնակցելով 3 մենամարտերի, որից 2-ում հաղթել է մրցակցին: Հայաստանի մյուս մասնակից Արթուր Առուշանյանը նույնպես լավ է հանդես եկել՝ 4 մենամարտերից հաղթելով 3-ը, սակայն մրցանակային տեղ չէր գրավել:

Հայաստանի հավաքականները հաղթանակով սկսեցին շախմատի Եվրոպայի առաջնությունը

Հունաստանի Հերսոնես քաղաքում (Կրետե կղզի) այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները: Վիճակահանությամբ 1-ին փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականին մրցակից բաժին ընկավ Շվեյցարիայի ընտրանին: Մեր ընտրանին 3:1 հաշվով հաղթանակ տարավ: Մեկական միավոր վաստակեցին Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին փուլում հանդես չեկավ:

Հայաստանի կանանց ընտրանին 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Հունաստանի 2-րդ հավաքականի նկատմամբ: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Հ.Գ.-1 – Հայաստանի հավաքականին մարտի կտանի Լեւոն Արոնյանը – 2-րդ փուլ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի տանտերերի՝ Հունաստանի թիմի հետ: Մեր ընտրանու կազմն այս անգամ կգլխավորի Լեւոն Արոնյանը, որը բաց էր թողել առաջին փուլը: Նրան կօգնեն Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Հայաստանի կանանց հավաքականն ուժերը կչափի Ուկրաինայի ազգային թիմի հետ: Մեր կանայք հանդես կգան նույն կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան:

Հ.Գ.-1 – 2 – Լեւոն Արոնյանը հաստատեց իր բարձր կարգը – Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 2-րդ փուլի խաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հունաստանի ընտրանու նկատմամբ: Հաղթանակներ տոնեցին Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ընդ որում մեր թիմի առաջատարը շատ արագ պարտության մատնեց իր մրցակցին եւ հոգեբանական առավելություն հաղորդեց թիմակիցներին:

Հայաստանի կանանց ընտրանին այս անգամ 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի ուժեց հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գեւորգյանը տանուլ տվեցին:

Շախմատի հուշամրցաշարում Արման Միքայելյանը զբաղեցրեց 10-րդ տեղը

ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ավարտվեց շախմատի Միխայիլ Չիգորինի անունը կրող հուշամրցաշարը: Վերջին՝ 9-րդ փուլում, մեր գրոսմայստեր Արման Միքայելյանը սեւերով հանդիպեց իր հայրենակից Սարգիս Ռ. Մկրտչյանի հետ եւ հաղթանակ տարավ: Նա վաստակեց 7 միավոր եւ եւս 10 շախմատիստների հետ բաժանեց 5-14-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արման Միքայելյանը ի վերջո ճանաչվեց 10-րդը:

Նորաթուխ գրոսմայստերին ընդամենը կես միավոր բաժանեց մրցանակային տեղերից, որը նա կորցրել էր 7-րդ փուլում՝ զիջելով ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմյեւին: Ի դեպ, վերջինս մնացած 2 փուլերում պարտություն է կրել եւ 1-ին տեղից նահանջել է 15-րդ հորիզոնական: Հայաստանի մյուս շախմատիստները համեստ արդյունքներ ցույց տվեցին: Սարգիս Մկրտչյանը 6 միավորով զբաղեցրեց 41-րդ տեղը, Արթուր Դավթյանը՝ 70-րդ: Հովհաննես Հակոբյանը վաստակեց 5 միավոր, Հայկ Երիցյանը՝ 4,5, Վլադիմիր Պողոսյանը՝ 2:

Սամուել Սեւյանը զբաղեցրել է 6-րդ տեղը

ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ավարտված շախմատի 2017 SPICE Cup Open միջազգային մրցաշարում ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, բաժանեց 4-13-րդ տեղերը: Մեր հայրենակիցը տարել է 4 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի եւ միայն մեկում է տանուլ տվել: Լրացուցիչ գործակիցներով նա ճանաչվել է 6-րդը:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Լազարո Բրուզոն Բատիստան, ով միայն գործակիցներով է առաջ անցել 6,5-ական միավոր վաստակած Յունեսի Կեսադայից եւ Դարիուշ Շվերցից:

Քրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2017թ. լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնում կայացավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2017թ. մրցանակաբաշխության արարողությունը: ՖԻՖԱ-ի վարկածով այս տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին արժանացավ նոււն «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

ՖԻՖԱ-ի կողմից սահմանված մյուս մրցանակները.- Պուշկաշի անվան «Լավագույն գոլ»՝ Օլիվյե Ժիրու («Արսենալ», Անգլիա): «Լավագույն դարպասապահ»՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», Իտալիա): «Լավագույն երկրպագու»՝ («Սելթիկ», Շոտլանդիա): «Ֆեյր Փլեյ»՝ Ֆրանսիս Կոնե («Զբրոյովկա»): «Լավագույն ֆուտբոլիստուհի»՝ Լիկե Մարտենս (Հոլանդիա, «Բարսելոնա», Իսպանիա):

- Արթուր Պետրոսյանը եւ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ են ընտրել - 2017թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017թ դափնեկրի, ինչպես նաեւ 2017թ լավագույն մարզչի անունները: Քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների հավաքականների գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ լրագրողները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:

Հենրիխ Մխիթարյանը 2018թ. ամռանը կրկին կմեկնի Լոս Անջելես

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, 2018թ.ամռանը նախապատրաստական փուլը կրկին կանցկացնի Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում: Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր է եկել ուսումնական հաստատության մարզաբազան եւ մտադիր է հաջորդ մրցաշրջանից առաջ դարձյալ ուսումնամարզական հավաք անցկացնել այնտեղ:

Ըստ նախնական տվյալների, եկող տարվա ամերիկյան հավաքը թիմի համար ավելի ուշ կսկսվի եւ կտեւի հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 5-ը: Պատճառն այն է, որ 2018թ.կայանալու է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը եւ ֆուտբոլիստների մեծ մասը զբաղված են լինելու իրենց ազգային հավաքականներում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Տոտենհեմ»-ին եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական

Մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ փուլը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր հարկի տակ ընդունեց «Տոտենհեմ»-ին եւ հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: 1-ին խաղակեսն անցավ հյուրերի թեթեւակի առավելությամբ, սակայն նրանց չհաջողվեց ռեալ գոլային պահեր ստեղծել: 2-ում ավելի ակտիվ սկսեցին տանտերերը, որոնք մի քանի վտանգավոր պահեր ունեցան, որոնցից մեկն ավարտվեց հյուրերի դարպասի գրավումով, երբ Լուկակուի փոխանցումից հետո Անտոնիո Մարսյալը տուգանային հրապարակի մոտակայքից դիպուկ հարվածեց կատարեց: Խաղավերջում լոնդոնցիները հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ստացան, սակայն Դելե Ալին դարպասապահի հրապարակի մոտակայքից շեղ հարվածեց: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց մինչեւ 65-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 23 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմ»-ը երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում եւ 20 միավորով մնաց 3-րդ տեղում:

«Բանանց»-ը եւ «Փյունիկ»-ը չորոշեցին հաղթողին

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ փուլի առաջին հանդիպումը: Երեւանի «Բանանց»-ը սեփական հարկի տակ հանդիպեց Երեւանի «Փյունիկ»-ի հետ: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1: Խաղի 67-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը բացեց խաղի հաշիվը եւ առաջ մղեց հյուրերին: «Բանանց»-ը շատ արագ վերականգնեց հավասարակշռությունը: 73-րդ րոպեին աչքի նախկին թիմի դարպասը գրավեց Ռումյան Հովսեփյանը:

Այս խաղից հետո «Բանանց»-ը վաստակեց 14, իսկ «Փյունիկ»-ը՝ 7 միավոր եւ մնացին համապատասխանաբար 4-5-րդ տեղերում:

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ ամրապնդեց դիրքերը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդփուլի երկրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին առաջնության երկու առաջատարները: Գյումրիում կայացած խաղն ավարտվեց ալաշկերտցիների նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց հյուրերի հարձակվող Լեսթեր Պելտիերը:

Այդպիսով, Երեւանի «Ալաշկերտ-ը» տոնեց 7-րդ հաղթանակը առաջնությունում, վաստակեց 23 միավոր եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը 1-ին հորիզոնականում: «Շիրակ»-ն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց սեփական դաշտում եւ 18 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում: Նրան կարող է հավասարվել Կապանի «Գանձասար-Կապան»-ը, որն իր հարկի տակ ընդունելու է առաջնության ետնապահ «Արարատ»-ին:

Հայաստանի աղջիկների հավաքականը դեռ անփորձ է

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 տարեկան աղջիկների հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Հունգարիայի Բյուկ քաղաքում անցկացվող Եվրոպայի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում: Մեր աղջիկներն այս անգամ հանդիպեցին տանտիրուհիների՝ Հունգարիայի այդ տարիքային թիմի հետ: Հունգարուհիները հանդիպման ընթացքում չնայած 23 հարված են կատարել մեր թիմի դարպասին, սակայն միայն 5 անգամ են կարողացել հասնել նպատակին: Իսկ ահա մեր ֆուտբոլիստուհիները միայն 2 հարված են կատարել, որից մեկը շեղ է ստացվել, իսկ մյուսը չի հասել նպատակին:

Արդպիսով, Հայաստանի հավաքականը 0:5 խոշոր հաշվով պարտություն կրեց եւ մրցաշարն ավարտեց առանց միավորի եւ խփած գոլի: Հիշեցնենք, որ մինչ այդ մեր թիմը 0:2 հաշվով զիջել էր Շոտլանդիային, ապա 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրել Թուրքիայից: Մրցաշարի հաղթող դարձավ Հունգարիայի հավաքականը, որը հաղթեց բոլոր խաղերում եւ վստահ գրավեց 1-ին տեղը՝ 5-ական միավորով առաջ անցնելով Շոտլանիայից ու Թուրքիայից:

Ֆիզկուլտ  ինստիտուտի հանդբոլիստները հաղթեցին ուսանողական առաջնությունում

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 23-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների հանդբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) եւ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) տղաների թիմերը:

Թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց ՀՖԿՍՊԻ-ի թիմը, իսկ ՎՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց 2-րդ տեղը, բրոնզե մեդալները բաժին հասան Պոլիտեխնիկական համալսարանի տղաներին։ Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր՝ ՎՊՀ, ՀՊՏՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՊՀ եւ ԵՊՀ (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն. 2-րդ եւ 3-րդ տեղը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգիր եւ մեդալներ, իսկ առաջինը`նաեւ գավաթ: Պարգեւատրում կատարեց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՖԿՍՊԻ մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ Հարություն Մելքոնյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մրցաշարի կազմակերպման համար սերտորեն համագործակցում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ։ Խաղերի նպատակն է նպաստել բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը եւ ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը։ Նշենք, որ ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերը իրականություն են դարձել ՀՀ ԿԳՆ-ի եւ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։