Եվ կրկին երեւանյան տրոլեյբուսը – Անցյալ դարի երկրորդ կեսի եւ մերօրյա հերոսները… Աշնանային այդ սովորական օրը հայ մտավորականը տրոլեյբուս էր նստել եւ գնում էր դասախոսություն կարդալու – Իսկ վթարված տրոլեյբուսը արագորեն միացել էր ու առանց վարորդի «խելահեղ» ընթացքով սլացել առաջ…

Ինչպես երեւում է, երեւանյան տրոլեյբուսներին թուղթ ու գիր են արել: Այսպես, դեռ անցյալ դարի երկրորդ կեսին՝ 1976թ. սեպտեմբերի 16-ին, «խելագարված» տրոլեյբուսը անսպասելիորեն ընկավ Երեւանյան լիճը: Անվանի մարզիկ Շավարշ Կարապետյանը սխրանք գործեց եւ փրկեց 20 մարդու կյանք: Մարդը ծառս եղավ մահվան դեմ եւ հաղթեց:

Եվ ահա 40 տարի անց՝ 2017թ. սեպտեմբերի 28-ին, պատմությունը զարմանալի կերպով կրկնվում է: Ճակատագրական այդ օրն այս անգամ Մովսես Նաջարյանին էր բախտ վիճակվել փրկել մարդկանց կյանքը: Ակամա ընկնում ես խոհերի գիրկը. ինչպիսի՜ հերոսություններ եւ սխրանքներ կարող է գործել մարդը, ի՜նչ հզոր կամք ու անսասան վճռականություն ունի:

Բնական եւ օրինաչափ հարց է ծագում. իսկ ի՞նչ էր տեղի ունեցել աշնանային այդ սովորական օրը: Մովսես Նաջարյանը գնում էր դասախոսություն կարդալու: Նա նստում է N1 երթուղու տրոլեյբուսը եւ անակնկալ ձեւով հայտնվում ծայրահեղ իրավիճակում: Բանն այն է, որ տրոլեյբուսի մետաղաձողերը տեղից դուրս էին եկել, վարորդը, առանց արգելակելու, իջել էր դրանք միացնելու համար: Տրոլեյբուսը արագորեն միացել էր եւ առանց վարորդի «խելահեղ» ընթացքով սլացել առաջ:  

Մովսեսի կյանքում եղել էին ծանր իրավիճակներ եւ անսպասելի դեպքեր: Նա ընկճվողներից ու երկչոտներից չէր եւ միշտ էլ ելք էր գտնում անելանելի թվացող կացությունից: Մովսես Նաջարյանը բացառիկ կենտրոնացմամբ եւ սառնասրտորեն որոշում է ամեն գնով «սանձահարել» փոխադրամիջոցը: Իսկ այլ ելք պարզապես չկար էլ, քանի որ հայտնվել էր մահվան ուրվականը: 16 ուղեւորի կյանքը մազից էր կախված: Տրոլեյբուսը սուրում էր «խելակորույս» արագությամբ:

Սակայն Մովսեսի միտքն ավելի արագ գործեց. նա ակնթարթորեն իր ձեռքը վերցրեց ղեկը եւ սեւեռվեց անպայման իր նպատակին հասնելու փրկարար մտքի վրա: Նա շտապ վճռեց, որ մեքենան կանգնեցնելու համար մի հենարան էր պետք, հակառակ դեպքում շատ զոհեր կլինեին, եւ տրոլեյբուսը կարող էր շրջվել:

Մեր ժամանակի հերոսը հմուտ նժույգավարժի վարպետությամբ մեքենան ուղղեց դեպի առջեւից ընթացող «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի եզրին, որպեսզի չվտանգի նաեւ վարորդի կյանքը: Իսկ հաշվարկը ճիշտ էր արված: Մովսեսի վճռականությունը եւ կամքը պսակվեցին հաջողությամբ: Նա կարողացավ տրոլեյբուսը շեղել դեպի փրկարար արգելապատնեշը: Ի վերջո, մեքենան կանգնեց:

Ուժեղ հարվածի հետեւանքով վնասվածքներ է ստանում 8 հոգի, որից 4-ը՝ ծանր: Տուժում է նաեւ Մովսես Նաջարյանը. Կոտրվում է նրա երկու ոտքը, իսկ փշրված ապակիներից էլ վնասվում են դեմքն ու ձեռքերը: Դաժան փորձություն էր: Բայց սա չարյաց փոքրագույնն էր: Հերոսական այս ջանքերի շնորհիվ նա փրկում է ոչ միայն 16, այլեւ բազմաթիվ այլ մարդկանց կյանքեր, որ կարող էր խլել անկառավարելի տրոլեյբուսը «խելահեղ» իր ընթացքի ժամանակ:

Մեր համոզմամբ՝ Մովսեսի հերոսությունը գնահատելը հանրային պահանջ է եւ անհրաժեշտություն: Կարծում ենք, որ սա պատկան մարմինների խնդիրն է:

Իսկ ո՞վ է մեր հերոսը: Նա հայագետ է եւ լեզվաբան:

Մովսես Նաջարյանը հեղինակ է «Լեզուաբանութիւն թէ՞ իմաստասիրութիւն» հայագիտական աշխատության, որը մտքեր է շարժել գիտական շրջանակներում եւ Սփյուռքում:

Նորերս նաեւ լույս է տեսել Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում լուսաւոր ճառք» աշխատասիրության նրա աշխարհաբար թարգմանությունը: Ի դեպ, այդ արժեքավոր գիրքը վթարի պահին նրա ձեռքին էր: Ո՜վ իմանա, գուցե Աստծո կամքով Մեսրոպ Մաշտոցի ոգին նրան փրկեց: Անիմանալի ու անքննելի են Աստծո գործերը:

Ռուբեն Նահատակյան

Լրագրող, պատմաբան, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։