Արեւ, արեւ, եկ-եկ, մեր տներում վեր եկ – Հայաստանում արեւային էներգիան սպառողներին հասանելի կլինի 1-ին տասնամյակում… Հողմայինի ու երկրաջերմայինի մասով… Ընդերքի ու ջրի պաշարների մասով… Ոչ թե այլընտրանքային, այլ՝ էժան գազ գնելու պահով – Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, եւ շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է…

Արեւ, արեւ, եկ-եկ, մեր տներում վեր եկ

Գործադիրի հավանությանն արժանացած՝ Արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում կառուցել «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայան՝ շուրջ 55 ՄՎտ հզորությամբ: 2017թ. ապրիլի 28-ին հայտարարվել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, նախաորակավորման շեմը հաղթահարել են տասն ընկերություն եւ կոնսորցիում: Նախատեսվում է, որ մրցույթի հաջորդ փուլի մասին կհայտարարվի 2017թ. աշնանը: Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018թ. սկզբին, եւ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը ձեռնամուխ կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ առաջին խոշոր արեւային համակարգային կայանի կառուցման աշխատանքների մեկնարկին: «Ըստ տրամադրված լիցենզիաների՝ փոքր (մինչեւ 1 ՄՎտ) հզորությամբ 11 արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանները գտնվում են կառուցման փուլում: Դրանց գումարային հզորությունը կազմում է 10 ՄՎտ»,- նկատեց նախարարը:

Այնուամենայնիվ, Հայաստանը հապաղում է արեւային էներգետիկան զարգացնելու հարցով: Մինչդեռ մասնագետներն ասում են, որ Հայաստանն արեւային էներգիայի գրեթե անսպառ պաշարներ ունի: Այդ դեպքում ինչու՞ ոլորտին ամբողջական զարկ չի տրվում:

Աշոտ Մանուկյանն ասաց, որ ոլորտին ամբողջովին զարկ տալն այս պահին շահավետության առումով  նպատակահարմար չէ եւ ներկայացրեց պատճառները:

«Բանն այն է, որ այսօրվա գործող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս արեւային էներգիա օգտագործել արեւային ժամերին: Այսինքն, արեւը դուրս եկավ, մենք ունենք էներգիա, արեւը մայր մտավ, մենք էներգիա չունենք: Հիմա պատկերացրեք, որ մենք կառուցել ենք 300 մեգավատ հզորությամբ արեւային կայան, իսկ դա դժվար չէ եւ շատ թանկ չի արժենում: Հիմա արեւային ժամերին մենք ունենք 300 մեգավատ հզորություն, արեւը մայր մտավ, սկսվեց գիշերը, ինչո՞վ ենք մենք փոխարինելու այդ էներգիան: Որպեսզի գիշերային ժամերին ունենանք էներգիա, միակ հնարավոր այլընտրանքները գազային կայաններն են: Այսինքն՝ գազային կայանները՝ տվյալ պարագայում «Հրազդան» ՋԷԿ-ը, մենք պարտավոր ենք պահել տաք պահուստներում, ինչը նշանակում է այրել գազը եւ չստանալ էլեկտրաէներգիա: Ցերեկային ժամերին մենք այրում ենք գազ, չենք ստանում էլեկտրաէներգիա, որպեսզի գիշերային ժամերին արեւային կայանը փոխարինենք գազային կայանով: Այս դեպքում ստացվում է, որ արեւային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի գինը հասնում է ոսկու գնին կամ մի փոքր ավելի թանկ: Սա է պատճառը, որ մենք այսօր արեւային էներգետիկային զարկ չենք տալիս»,- բացատրեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը:  

Այս դեպքում ինչու՞ են այլ երկրները գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը՝ ոչ: Նախարարի խոսքերով՝ դրա բացատրությունն էլ եւս շատ պարզ է.

«Մեր էներգետիկ համակարգը սահմանափակ է, մեր սպառումը կազմում է տարեկան 6.6 միլիարդ կՎտ.ժ: Մեր էներգետիկ համակարգն այսօրվա տեխնոլոգիական պայմաններում կարող է կլանել 70 ՄՎտ արեւային էլէներգիա՝ ոչ ավելի: Իսկ դրան, գիտեք, մենք արդեն զարկ տվել ենք» («Մասրիկ-1»-ի մասին է խոսքը):

Ի դեպ, նախարարը ասուլիսում աշխարհում էներգետիկ ոլորտի նորամուծություններից էր խոսում (50, 100 ՄՎտ-անոց մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ներ եւն) եւ համապատկերում օրինակ բերեց, թե Ավստրալիայում մի ընկերություն կառուցում է 100 ՄՎտ հզորությամբ արեւային կայան՝ կուտակիչ մարտկոցներով: «Մեր հիմնական խնդիրը հենց այդ կուտակիչ մարտկոցների բացակայությունն է,-նկատեց նա,-եւ մենք կարողանում ենք ստանալ արեւային էներգիան, սակայն չենք կարողանում այն կուտակել: Այսօր դրա լուծումը, կարծես, տրված է: Ավստրալիայում այդ արեւային կայանի շահագործումը նախատեսված է 2017թ. վերջին կամ 2018թ. սկզբին: Եթե այն ունենա հաջողություն, ինչում ես կասկած չունեմ, մենք արդեն կտեսնենք, թե դրա կուտակումն ինչ արժեք կունենա: Ակնհայտ է, որ այս մարտկոցները կլինեն եւ առաջիկայում կտեղադրվեն, վստահ եմ, որ առաջիկա տարիներին դրանց գինը այնքան կընկնի, որ մեզ համար մատչելի ու հասանելի կդառնա»:

Ա. Մանուկյանը միաժամանակ հավելեց, թե այդ ժամանակ էլ մենք հնարավորություն կունենանք օգտագործել արեւային էներգիան Հայաստանում, իսկ արեւային էներգիան Հայաստանում գործնականում անսահմանափակ է: «Մենք սկզբունքորեն ունենք գրեթե անսահմանափակ արեւային էներգիայի պաշարներ»,- եզրափակեց նախարարը:

Միով բանիվ, թե ե՞րբ Հայաստանում արեւային էներգիան հասանելի կլինի սպառողների համար, ի պատասխան նախարարը համառոտեց. «Առաջիկա 4 տարիների ընթացքում կյանքի կկոչվի 70 ՄՎտ արեւային էներգիա կլանելու ծրագիրը, իսկ կուտակիչ մարտկոցները, նախարարի կարծիքով, գնի առումով Հայաստանի համար հասանելի կլինեն առաջիկա տասնամյակում»:

Հետաքրքիր է, որ այս ոլորտում միջազգային նորամուծություններից ենք խոսում, կուտակիչ մարտկոցներից, բայց աշխարհում եզակի՝ արեւայինի մեր ծրագիրը՝ Պարիս Հերունու «Արեւ» կայանի հետ կապված, քնած է դարակում: Ժամանակին երբ Հերունու ծրագիրը սկսվեց ու կանգ առավ (գործարար Հրանտ Վարդանյանը մասամբ ֆինանսավորեց), Բրիտանիան ցանկացել էր գնել Հերունու գյուտը: Հերունին մերժել էր. այն պետք է ծառայեր միայն իր երկրին եւ վերջ: Երբ «Արեւ» ծրագրի մասին գրում էի, ասացի մեծատառով գիտնականին. «Երկրին չծառայի, դարակում է մնալու, ափսոս է»: Պատասխանը հստակ էր. «Ավելի լավ է դարակում մնա, քան այլ երկրի ծառայի»…

Հողմայինի ու երկրաջերմայինի մասով

Վերականգնվող էներգետիկայի հողմային ճյուղի մասով էներգետիկ ենթակառուցվածնքերի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, թե ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր իրանական «Մապնա» ընկերության հետ ՀՀ-ում 50 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների համար ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում գտնվող՝ մինչեւ 1250 հա, առանց մրցույթի՝ վարձակալության հիմունքներով տրամադրվել է «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը՝ վերջինիս կողմից հողմային էներգիայի կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է կառուցել մոտավորապես 130 ՄՎտ գումարային հզորությամբ հողմային էլեկտրակայան։ Մեկ այլ փոխըմբռնման հուշագիր ստորագրվել է իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ» ընկերության հետ ՀՀ-ում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մեր երկրում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում:

Վերականգնվողի մեկ այլ ճյուղի՝ երկրաջերմային էներգետիկայի մասով էլ նկատենք, որ ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում «Կարկառ» կոչվող հարթակում ավարտվել են 2 նեղ հորատանցքերի հորատման աշխատանքները: Ներկայումս նշված կայանի կառուցման ծրագրի համար ընթանում են բանակցություններ՝ հնարավոր ներդրողների ներգրավման նպատակով: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի կողմից հորատման արդյունքների մասին հաշվետվությունները տրամադրվել են երկրաջերմային էներգիայի ոլորտում մոտավորապես 50 խոշոր միջազգային կազմակերպություններին:

Ընդերքի ու ջրի պաշարների մասով

Խոսելով բնական պաշարների ոլորտում արվածից՝ նախարարը նկատեց, որ 2017թ. հունվար-սեպտեմբերին օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները 143.6 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում են արել: Այդ ամիսների արդյունահանված հանքաքարի ծավալը կազմել է 21.6 հազար տոննա, որը թեեւ համընկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրված ապրանքային արտադրանքն աճել է շուրջ 29. 68%-ով: Աճել է նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռոյալթիի վճարները՝ շուրջ 85%-ով: 2017թ. հունվար-օգոստոսին հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 548 հազ. խմ պաշարներով, իսկ 2016թ. նոյեմբերին հաստատվել են մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ, որի արդյունքում մետաղային օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռն ավելացել է 2.2 մլն. տ հանքաքարով:

Ինչ վերաբերում է ջրային պաշարների ոլորտին, ապա, ըստ նախարարի, դրանք ամբարելու լավագույն միջոցը ջրամբարաշինությունն է, բայց այս հարցում գուցե «փիլիսոփայության» փոփոխություն պետք է լինի, այն է՝ մեծ եւ մի քանի ջրամբարների փոխարեն կառուցել փոքրերն ու ավելի շատը:

Այդպիսով, ռելիեֆով պայմանավորված՝ հնարավոր կլինի ավելի շատ ջուր ամբարել: Ինչեւէ, մեկնարկել են 29 մլն խմ ծավալով Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը:

Ավարտվել են Կապսի ջրամբարի շինարարական թունելի մուտքային, ելքային հարակից լանջերի մաքրման աշխատանքները:

Մշակվել է Արմավիրի մարզում 10.2 մլն խմ ծավալով, 4384 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակի բարձրացման նպատակով Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը:

Ոչ թե այլընտրանքային, այլ՝ էժան գազ գնելու պահով

Հայաստանը ե՞րբ կունենա այլընտրանքային գազ:

Այս հարցը եւս հետաքրքրում էր լրագորղներիս: Ի պատասխան նախարարը նկատեց, թե Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, եւ շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է:

Իրանից գազի ներկրման հարցը մշտապես քննարկվել է, քննարկվել է Իրանի նախագահի Հայաստան այցի ժամանակ, նաեւ՝ ՀՀ վարչապետի՝ Իրան այցի ժամանակ, եւ օրակարգային է մնում: Այնուամենայնիվ, ինչու՞ գազ չենք գնում Իրանից. լրագրողներն անդրդվելի էին:

Նկատի ունենանք, որ իրանական կողմը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայաստանին էժան գազ է առաջարկում, բայց Հայաստանը հրաժարվում է՝ գերադասելով գնել թանկն ու ռուսականը: Այս համապատկերում հետաքրքիր էր նախարարի պարզաբանումը, թե ինչու չենք գնում իրանական գազը,-Ա.Մ.):

Նախարար Աշոտ Մանուկյանի պարզաբանման համաձայն, Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «Էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելը ճիշտ չէ: Եվ պարզվում է, որ Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի այդ ծրագրի գոնե մի մասից:

«Գազային պայմանագրերը չեն կարող կնքվել մեկ, երկու, երեք տարվա համար: Այդ պայմանագրերը պետք է լինեն երկարաժամկետ: Մենք մեր բոլոր պայմանագրերը կնքում ենք տասնամյակների  համար: Իրանի հետ այսօրվա մեր ծրագիրը՝ էլէներգիա գազի դիամց, ասացի արդեն, շատ շահավետ է, եւ այն պետք է շարունակվի»,- ասաց Աշոտ Մանուկյանը: Եվ այո, ասել, թե չենք գնում, ճիշտ չէ, որովհետեւ օգոստոսին, երբ վրացական մասում գազատարի հետ կապված գործ էր արվում, մենք մեր բնակարաններում իրանական գազն էինք վառում:

Իսկ ընդհանուր առմամբ, 2019թ. շահահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բաձրավոլտ գիծը, ինչով Հայաստանը հնարավորություն կստանա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխանցել Իրան եւ ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան։

Ու, նախարարի խոսքերով, այն ծավալը, որ մենք կներկրենք այս գործարքի շրջանակում, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը։ Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներով: Իսկ որպեսզի ձեռնտու լինի Իրանից լրացուցիչ գազի գնումը, դրա համար, ըստ նախարարի, այդ գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազը: «Դա նույնիսկ տեսականորեն բացառված է: Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինը ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից»,- ասաց նախարարը:

Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա. գիտենք, որ Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում եւ այնտեղ պետք է գազի այնպիսի ճնշում ապահովել, որ հնարավոր լինի այդ գազը հասցնել Վանաձոր ու Գյումրի։ Իսկ իրանական կողմում, ըստ Աշոտ Մանուկյանի, այդպիսի կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը։ Ասել կուզի՝ եթե նույնիսկ այսօր մենք այդ գազը վերցնենք էլ, ապա ֆիզիկապես չենք կարող հասցնել Վանաձոր ու Գյումրի:

Ի դեպ, նախարարի հավաստմամբ, իրանական եւ ռուսական գազերի միջեւ ջերմատվության տարբերություն կա: Ռուսական գազի ջերմատվությունը ակնհայտորեն շատ ավելի բարձր է իրանական գազից: «Հաշվի առնելով նաեւ այս գործոնները՝ մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը  ցածր լինի ռուսական գազի գնից»,- նկատեց Աշոտ Մանուկյանը:

Վերջում հավելենք, որ 2017թ. հունվար-օգոստոսին մեր էլէներգիայի արտահանումը ընդհանուր առմամբ կազմել է 954,9 մլն կՎտ.ժ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի՝ 868,7 մլն կՎտ.ժ-ի դիմաց, աճը կազմել է 9,9%:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։