ԱՄՆ-ն հիշեցնում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությոան մասին – ԱՄՆ-ի պետքարտուղար. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»…

ԱՄՆ-ն հիշեցնում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը

Աշխարհի բնակչության 2/3-ից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ներկայացնելով աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»:

Ռեքս Թիլերսոնի խոսքով, կրոնի ազատության հետ կապված առավել բարդ է վիճակը Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ եղած տարածքներում, որտեղ եզդիները եւ քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ:

Նշվում է, որ լուրջ խնդիրներ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում եւ Թուրքիայում:

«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը», մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915թ. ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որտեղ եւս մերժվեց անհասկանալի պատճառներով…  

Զեկույցը հիշատակում է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում:

Ադրբեջանի մասով նշված է, որ 2016թ. ձերբակալվել է կրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում: Պետքարտուղարի զեկույցում ընդգծվել է, որ առավել բարդ է ոչ ավանդական կրոնական խմբերի վիճակը, որոնք փաստորեն զրկված են ազատ հավաքվելու իրավունքից: Նշված է, որ «իշխանությունները շարունակում են փակել կրոնական հաստատություններ եւ խափանել կրոնական ծառայությունները»:

Հայաստանում մտքի, խղճի եւ կրոնի ազատությունն ապահովված է Սահմանադրությամբ, նշված է զեկույցում, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հռչակված է Հայաստանի ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահապան: Կրոնի ազատության դեմ ուղղված միջադեպերը Հայաստանում, հարեւանների համեմատ, հազվադեպ են, սակայն՝ գոյություն ունեն: Մասնավորապես, զեկույցը նշում է 2016-ի հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավետարանական եկեղեցու քահանայի դեմ բռնությունները եւ Եհովայի վկաների դեմ ճնշման 17 դեպքերը:

Եհովայի վկաների դեմ 11 բռնության դեպք կա 2016-ին Վրաստանում, զեկույցի գնահատմամբ, ոչ ավանդական կրոնական խմբերն ընկալվում են որպես ազգային ինքնության պահպանման վտանգ:

Տարածաշրջանում առավել բարդ է կրոնի ազատության հետ կապված իրավիճակն Իրանում, որտեղ քրիստոնյաները, բահայի հավատքի եւ այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հալածանքների են ենթարկվում: «Իրանը շարունակում է իր քաղաքացիներին մահվան դատապարտել մշուշոտ հավատուրացության մեղադրանքներով. 2016-ին 20 մարդ մահապատժի է ենթարկվել «Աստծո դեմ պատերազմ վարելու» մեղադրանքով»,- նշել է Ռեքս Թիլերսոնը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիշեցրել է, որ կրոնի ազատության սահմանափակումը ծայրահեղականություն եւ կրոնական արմատականություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։