Կին գործիչները քիչ են ո՛չ միայն Հայաստանում.- Եվրոպայում առաջատար երկիր համարվող եւ ազդեցիկ կին կանցլեր ունեցող Գերմանիայում կանայք չեն սիրում կուսակցանացվել… Կանայք մեծ տեղ չունեն նաեւ հարավկովկասյան քաղաքական ասպարեզում՝ ենթադրվում է, որ համապատասխան գումարներ չունեն վճարելու՝ ձայն ստանալու համար…

«Կինը եւ քաղաքականությունը. իրար լրացնո՞ղ թե ծայրաստիճան հակասող երեւույթներ». նման հարցադրում կար «Կանանց համահայկական միության» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված։

Այսօր Եվրոպայում առաջատար երկիր համարվող եւ կին կանցլեր ունեցող Գերմանիան կնոջը հասարակական կյանքի առաջին պլան է բերել դեռ նախորդ դարասկզբին։ «Գերմանիան Եվրոպայում առաջին երկրներից է, որ կանանց թույլ տվեց կուսակցություն բացել ու քվեարկել: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո կանայք արդեն պատգամավորներ դարձան»,- ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Բայց Գերմանիայում անհանգստացած են, որ վերջին տարիներին չեն կարողանում բարելավել Բունդեսթագում կանանց ներկայացվածության աստիճանը։ Վերջին ընտրությունների արդյունքները մտահոգել են բոլորին՝ երկրի խորհրդարանում հայտնվածների միայն 31%-ն է կին: Դեսպանը նշել է. «Պատճառն այն է, որ կանայք այնքան էլ նպատակամղված չեն կուսակցական դառնալ։  

Դա գալիս է նաեւ կուսակցությունների քաղաքականությունից։ Քաղաքական ուժերից Կանաչների կուսակցությունը 50%-ի չափով կին թեկնածուներ է առաջադրում։ 31% ցուցանիշը բարձրացնելու համար Գերմանիայում պետք է շատ աշխատենք, Հայաստանում եւս պետք է շատ աշխատել՝ կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում գոնե 30%-ի հասցնելու համար»։

Հաջորդ քննարկվող թեման Հարավային Կովկասն էր: Ադրբեջանի մասին խոսք լիներլ չէր կարող: Նշվեց, որ Վրաստանը միակ պետությունն է, որտեղ խաղաղ իշխանափոխություն է տեղի ունեցել:

Վրացի քաղաքական գործիչ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Թամար Կեկենաձեն պատմում է՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը Վրաստանը վերջնականապես ժողովրդավարացնելու հույսեր էր առաջացրել, սակայն վերջին ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը ցույց տվեց, որ վրացիները հեռու են այդ օրվանից. «Նախագահի ինստիտուտը միակն է պետական համակարգի մեջ, որին այս կառավարությունը չի վերահսկում։

Բայց նոր Սահմանադրությամբ նրա լիազորությունները նվազեցրել են, նախագահի ինստիտուտը մեր հասարակության միակ հույսն էր գոնե ինչ-որ անկախ մարմին ունենալու, որ կարող էր դիմադրել իշխող կուսակցությանը։ 2018-ին մենք փոփոխված սահմանադրության համաձայն, կունենք նախագահական վերջին ընտրությունը»։

Կին քաղաքական գործիչների վիճակը Վրաստանում էլ դրական չէ։ Պատգամավորների միայն 16%-ն է իգական սեռի ներկայացուցիչ։ Նախկինում այդ թիվը 11% էր։ Վրաստանում կանայք մեծաթիվ են հասարակական հատվածում, նույն իրավիճակը չէ քաղաքական դաշտում։

Թամար Կեկենաձեի խոսքով՝ կանայք Վրաստանում քաղաքականության մեջ քիչ են երեւում առաջին հերթին ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով. «Շատ դժվար է կանանց համոզել իրենց թեկնածությունն առաջադրել։

Ենթադրվում է, որ դու պետք է գումարներ ունենաք վճարելու՝ ձայն ստանալու համար։ 2016թ. ընտրություններում շատ խոշոր փողեր մտան խաղի մեջ, ես միլիոններ նկատի ունեմ։

Գումարը կուտակված է մեկ կուսակցության ձեռքում, Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանը պարզվեց, որ նվիրատվությունների 90%-ը գնացել է իշխող կուսակցությանը»։

2 տարի առաջ վրացիները զարմանքով տեղեկացան, որ ունենալու են Պաշտպանության կին նախարար։ Թամար Կեկեկաձեի խոսքով՝ նրա կյանքն այդ պաշտոնում վերածվել է իրական մղձավանջի. «Չնայած նրան, որ նա մեզ հակառակորդ կուսակցությունից էր, ես ուղղակի խղճում էի նրան։ Նրան քննադատում էին ամենուր. հագուստից սկսած՝ մազերի գույնից վերջացրած, բայց նա շատ դրական բաներ արեց եւ բարեփոխեց բանակում իրավիճակը»։

Կանայք գրեթե տեղ չունեն նաեւ հայաստանյան քաղաքական ասպարեզում։ Ընտրություններին մասնակցողների 52%-ը կանայք են, բայց նրանց գրեթե չես տեսնի երկրի կարեւորագույն պաշտոններում։

Վերոնշյալ Խորհրդաժողովի մասնակիցների գնահատմամբ՝ հազվադեպ դեպքերում առաջխաղացում գրանցողները նպատակամղվում են հիմնականում սեփական շահերով։

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։