Հայաստանի ընդդիմությանը մարզերը չե՞ն հետաքրքրում – Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ… Միայն ՀՀԿ-ն ունի համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ բոլոր ընտրատարածքներում…

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ ԿԸՀ կարող էին ներկայացվել մինչեւ հոկտեմբերի 21-ը, ճիշտ այն օրը, երբ Վրաստանում կայանում էին ՏԻՄ ընտրությունները:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սահմանված ժամկետում հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1.017 դիտորդներ:

2017թ. հոկտեմբերի 21-ին լրացել է նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:  

Ինչպես նշվեց, ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 69 համայնքում, րոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի ընտրություններ:

Հոկտեմբերի 11-ին լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը լրացել է հոկտեմբերի 17-ին:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայքներում առաջադրվել էին 143 թեկնածուներ,

որոնցից 8-ը մինչեւ գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից՝ 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության եւ 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 6-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի գրանցումը չի մերժվել:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ անցկացվող թվով 54 համայքներում առաջադրվել էին 993 թեկնածուներ, որոնցից 10-ը մինչեւ գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայքներում գրանցվել է 983 թեկնածու, որոնցից 50-ը կանայք են:

Ավագանու անդամի 983 թեկնածուներից 648-ը անկուսակցական են, 240-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 50-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությա կուսակցության, 28-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 6-ը՝ Հայկական Վերածնունդ կուսակցության, 2-ական թեկնածու՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Երկիր Ծիրանի կուսակցության եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ 1-ական թեկնածու՝ Ազգային Միաբանություն կուսակցության, Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության անդամներ են:

Ավագանու անդամի 983 թեկնածուներից 783-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 183-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 11-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 2-ը՝ Երկիր Ծիրանի կուսակցության եւ 1-ական թեկնածու՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Հայկական Վերածնունդ կուսակցության կողմից:

Ավագանու անդամի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի գրանցումը չի մերժվել:

Ինչպես հայտարարել էր ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում ունի թեկնածուներ: «Զարմանալի է, որ բացի ՀՀԿ-ից, առաջադրվել են համայնքապետի թեկնածուներ միայն ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից: Այսինքն՝ ընդդիմադիր ուժեր, կուսակցություններ են ավելանում, բայց մեզ համար անհասկանալի է, որ քաղաքական ուժերը, որոնք ուզում են կամ հավակնում են ունենալ լուրջ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում, ինչպես են առանց ՏԻՄ ընտրությունների պատրաստվում որեւէ դերակատարում ունենալ: Ունենք այն, ինչ ունենք»,- ասել Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ սա խոսում է այն մասին, որ շատերը մարզային կառույցներում ունեն լուրջ անելիքներ. «Իսկ մենք ազատ մրցակցության կողնակից ենք եւ պատրաստ ենք մրցակցել թե ԲՀԿ-ից, թե ՀՅԴ-ից առաջադրված թեկնածուների հետ»։ Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Անհամեստություն կլինի, որ ես գնահատեմ, կխոսենք նոյեմբերի 5-ի երեկոյան: Մենք պետք է աշխատենք պահպանել մեր դիրքերն ու հնարավորության դեպքում ավելացնել ու ամրապնդել մեր դիրքերը»:

Այսպես ՀՀԿ խոսնակը հասկացրել է, որ ակնկալում են հաղթել բոլոր ընտրատարածքներում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։