Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է  Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…

Այն, որ Հայաստանից արտագաղթ կա, մտահոգիչ փաստ է: ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի քան 4 միլիոն հայից Հայաստանում մնացել շուրջ 3 միլիոնը, եւ այդ թիվը եւս նվազման միտում ունի՝ թեկուզ ժամանակավոր աշխատանքի մեկնողների «տեսքով»… Բայց որ Ադրբեջանում իշխանությունները դա ներկայացնում են այնպես, թե մի քիչ էլ համբերենք ու շատ շուտով Հայաստանում մարդ չի մնալու եւ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ՝ Հայաստանը կգրավեն… տգիտություն է, բացարձակ մարմաջ:

Բայց այս մարմաջը «հիմք» ունի, այն է՝ մի քանի կասկածելի տոհմածառով հայանմաններ, օրնիբուն համացանցում ցնծում են, թե «Հայաստանը դատարկվում է»… եւ սա է ադրբեջանական «անհերքելի փաստը»:

«Լուսանցք»-ը եւս ձայն է բարձրացրել արտագաղթի կանխման ուղղությամբ, ինչը մտահոգում է բոլոր հայերին, թե՛  Հայաստանում, թե՛ Սփյուռքում սա օրակարգային հարց է: Եվ ճիշտ ու համագործակցված աշխատելու դեպքում համահայկական քաղաքականությամբ կարելի է ոչ միայն կասեցնել արտագաղթը, այլեւ նախկինի պես նպաստել ու նախաձեռնել ներգաղթի օրակարգի ձեւավորումն ու կազմակերպումը:  

Դառնալով ադրբեջանական՝ Հայաստանը դատարկ տեսնելու երազախաբությանը, նշենք, որ հանրահայտ BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունն է ծավալուն հոդված տպագրել Ադրբեջանում տեղի ունեցող արտագաղթի ահռելի չափերի մասին ու հիմնական պատճառ է նշել կաշառակերությունն ու գործազրկությունը։

Հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է  Ռուսաստանում։ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը դրական միգրացիայի մասին է վկայում, սակայն փորձագետներն այս թվերին թերահավատորեն են վերաբերվում եւ զգուշացնում են որակյալ մասնագետների կորստի մասին։ Ըստ տնտեսագետ Տորգուլ Մաշալի՝ վիճակագրական տվյալները իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Ադրբեջանը լքելու հիմնական պատճառներից է նշվում հատկապես հեռանկարի բացակայությունը, ինչի նկատմամբ հավատը շարունակում է կորել բացահայտ կոռուպցիայի պայմաններում։

BBC-ի հետ զրույցում դասախոս Լյուդմիլան, ով հիմա ապրում է Վարշավայում, նշում է, որ Ադրբեջանում ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն կաշառակերությունը կերավ ամեն բան՝ պետության շուրջ պտտվող «բարգավաճման» փուչիկը վաղ թե ուշ պայթելու է ու ամեն ինչ վատ է ընթանալու, ավելի վատ, ու դրա պատճառը կրկին կոռուպցիան է։ «Կոռուպցիայի մակարդակը ինձ թույլ չէր տա առաջ գնալ»,- նշել է դասախոսը, հայտնելով, որ դա միայն իրեն չի վերաբերում:

Ադրբեջանից արտագաղթելու մյուս զգալի պատճառ է նշվում անվտանգության բացակայությունը։ Ադրբեջանցի հոգեբան Ռուստամը մեկնել է Գերմանիա սեպտեմբերին։ «Առաջին անգամ երկիրը լքելու մասին իմ մոտ գաղափարը ծագեց, երբ Բինագադիում հրդեհ եղավ։ Այդ ժամանակ ես վերջնականապես որոշեցի, որ իմ ընտանիքը այստեղ անվտանգ չէ»,- հավելել է Ռուստամը՝ հավաստելով, որ ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ դեպքերից: Վերջինս մեկնել է Գերմանիա ու ամեն ինչ սկսել զրոյից, ինչպես շատերը։

Փորձագետներն ահազանգում են, որ վերջին տարիներին արտագաղթելու կառուցվածքն էլ է փոխվել:

Ավելի շատ հեռանում են Եվրոպայում բարձրագույն կրթություն ստանալու համար՝ այսինքն ուղեղների արտահոսք է տեղի ունենում, ինչը շատ թանկ է արժենալու Ադրբեջանին, որի ֆեոդալ (նշում են նաեւ որպես խանական կամ սուլթանական) իշխանությունները սեփականացրել են երկիրը եւ ստրկացրել մարդկանց։

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։