Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31%-ն է վաճառվել… Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան… Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում… Կցուցադրվի Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը… Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի հերթական խաղերը… Football Manager-2018 խաղում կհայտնվեն միասեռական ֆուտբոլիստներ… Հոկեյի «Արարատ» ակումբը 2 հաղթանակ է տարել Բելառուսի առաջնությունում… Բակո Սահակյանը դիտել է բասկետբոլի «Արցախ»-«Ինժեներ» խաղը… Հայկական հոկեյի, բռնցքամարտի, սեղանի թենիսի, ակրոբատիկական ռոքնռոլի եւ այլ մարզական լուրեր…

Հունաստանում վառել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում կայացել է 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ արարողությունն ավանդաբար անցկացվել է հին տաճարում, իսկ կրակը վառվել է արևի ճառագայթներից:  Ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Օլիմպիադան տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Առաջին ջահակիրը դարձել է հույն մարզիկ Ապոստոլոս Անգելիսը, որը մասնագիտանում է դահուկավազքում եւ բիաթլոնում: Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Հոկտեմբերի 31-ին այն կհանձնեն «Փենչհան-2018-ի» կազմկոմիտեի ներկայացուցչին։

2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31%-ն է վաճառվել

Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում կայանալիք 2018Թ« ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր 1,07  միլիոն տոմսերից վաճառվել է միայն 275 հազար 964 -ը, իսկ Պարալիմպիադա-2018-ի տոմսերի 0,2%-ը:

ՏԱՍՍ-ը, հղում անելով Inside the Games-ին, գրում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)  մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչներն ամբողջությամբ աջակցում են Օլիմպիական խաղեր-2018-ի կազմկոմիտե գործունեությանը: Նշվել է, որ ՄՕԿ-ի ներկայացուցիչները Փենչհան վերջին այցի ժամանակ կորեացի կազմակերպիչների հետ  քննարկել են մի շարք լրացուցիչ գաղափարներ կապված  տոմսերի վաճառքի հետ, որոնք կիրականացվեն առաջիկա 3 ամիսներին:

2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 9-25-ը, Պարալիմպիադա-2018-ը՝ մարտի 9-18-ը:

Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան

21 հունիսի 2017թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստում որոշում է կայացվել հիմնել Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիա: Որոշում է կայացվել 2017-ին համացանցում անցկացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատի բաց առաջնություն:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու է նշանակվել Վահան Բաբախանյանը: Մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը հաստատման է ներկայացվելու ֆեդերացիայի տարբերանշանը եւ դրոշը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիան միանում է ՖԻԴԵ-ի «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» կարգախոսին եւ համագործակցության համար բաց է շախմատի բոլոր ֆեդերացիաների համար, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի եւ նրա կառույցների: Ֆեդերացիային կարող են անդամագրվել բոլոր շախմատիստները (վարպետ, թե սիրողական) – Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ եւ անձինք՝ ում արմատները Արեւմտյան Հայաստանից են:  

Բաց առաջնություներում կարող են մասնակցել տարբեր երկրների քաղաքացիները:

Անդամագրությունը իրականացվում է ինչպես գրավոր դիմումի համաձայն, այնպես էլ էլ-նամակների միջոցով, ֆեդերացիայի վեբ-կայքում, Facebook-ում ՝ հետեւյալ հասցեով՝

https://www.facebook.com/groups/Chess.Fed.WesternArmenia/

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Լրատվական ծառայություն  

* * *

Քաղվածք – 2

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի արձանագրությունից

2) Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի հիմնադրման եւ Արեւմտյան Հայաստանի Շախմատի առաջին բաց առաջնության մասին, որն իրականացվելու համացանցով:

Որոշեցին`

1) Հիմնադրել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի,

2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու նշանակել Վահան Բաբախանյանին,

3) 2017 թ. անցկացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատի բաց առաջնություն՝ համացանցում,

3) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու Վահան Բաբախանյանին հանձնարարել համապատասխան հարթակում գրանցվել ու պատրաստել բաց առաջնության անցկացումը,

4) Դիմել անդամակցելու ՖԻԴԵ-ին:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի նախագահ`

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`Դիանա Գրիգորյան

21.06.2017թ.

Շախմատ. Եվրոպայի թիմային առաջնությունում

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացավ 3-րդ փուլը: Հայաստանի տղամարկանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի թիմի հետ: Այդպիսով, մեր ընտրանին առաջին կորուստը կրեց առաջնությունում եւ վաստակեց 5 միավոր:

Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականը ընթացիկ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթեց Սերբիայի ընտրանուն: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը հաղթանակներ տարան, իսկ Մարիա Կուրսովան տանուլ տվեց իր խաղը:

Հ.Գ. – Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթել է Սերբիային – Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Սերբիային:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հաղթական միավորներ են վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն է կրել 4-րդ խաղատախտակի առջեւ:

Հ.Գ. – Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը պարտվեցԿայացան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ադրբեջանի ընտրանուն: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, իսկ 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց Արկադի Նայդիշի հետ: Սակայն սեւերով խաղացող Սերգեյ Մովսիսյանն եւ Հրանտ Մելքումյանը պարտվեցին համապատասխանաբար Թեյմուր Ռաջաբովին ու Ռաուֆ Մամեդովին: 6 փուլից հետո մրցաշարային աղյուսակը 10-ական միավորով գլխավորում են Խորվաթիայի եւ Ռուսաստանի հավաքականները: Մեր ընտրանին իր վաստակած 8 թիմային միավորով առայժմ զբաղեցնում է 9-րդ տեղը:

Կանանց առաջնությունում Հայաստանի ընտրանին ընթացիկ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթեց Հունգարիայի հավաքականին: Մեր թիմին մեկական միավոր բերեցին Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց խաղերը: Այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 8 միավոր եւ բարձրացավ 9-րդ հորիզոնական:

Հ.Գ. - Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց, տղամարդկանց հավաքականը՝ պարտվեց – Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը 7-րդ փուլում ոչ-ոքի խաղաց Ռումինիայի ընտրանու հետ: Մեր թիմի կազմում հաղթանակ տոնեց միայն Մարիա Գեւորգյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն իրենց խաղերն ավարտեցին հաշտությամբ, իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվեց միջազգային վարպետ Իրինա Բուլմագային: Հայաստանի կանանց հավաքականն այս փուլից հետո վաստակել է թիմային 9 միավոր եւ առայժմ բաժանում է 5-9-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ռուսաստանի ընտրանին, որը միայն 1 միավորով է գերազանցում Վրաստանի հավաքականին: Մրցանակային 3-րդ տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստուհիները պետք է անպայման հաղթանակ տանեն առաջիկա մրցախաղում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 1,5-2,5 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Առաջին 3 խաղատախտակների վրա հանդես եկած Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները, իսկ ահա 4-րդ համարի տակ հայտավորված Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց: Այդպիսով, մնաց նույն 8 միավորով եւ նահանջեց 11-րդ հորիզոնական:

Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ,  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական կինոնկարը կցուցադրվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական հեռուստաալիքով նոյեմբերի 16-ին:

manutd.com-ի հաղորդմամբ, «Միկի. Հայ հերոս» 60 րոպե տեւողությամբ ֆիլմը կպատմի Հենրիխ Մխիթարյանի անցած ճանապարհի մասին՝ բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի ամենաբարձր մակարդակներ:

«Բանանց»-ը եւ «Փյունիկ»-ը չորոշեցին հաղթողին

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ փուլի առաջին հանդիպումը: Երեւանի «Բանանց»-ը սեփական հարկի տակ հանդիպեց Երեւանի «Փյունիկ»-ի հետ: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1:

Խաղի 67-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը բացեց խաղի հաշիվը եւ առաջ մղեց հյուրերին: «Բանանց»-ը շատ արագ վերականգնեց հավասարակշռությունը: 73-րդ րոպեին աչքի նախկին թիմի դարպասը գրավեց Ռումյան Հովսեփյանը:

Այս խաղից հետո «Բանանց»-ը վաստակեց 14, իսկ «Փյունիկ»-ը՝ 7 միավոր եւ մնացին համապատասխանաբար 4-5-րդ տեղերում:

«Գանձասար-Կապան»-ը հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ փուլի վերջին խաղում «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Արարատ»-ին: Կապանյան ակումբը մինչ այդ սեփական դաշտում պարտվել էր միայն արարատցիներին, մրցաշրջանի մեկնարկային խաղում՝ 1:3: Բնականաբար, կապանցիներն այս խաղում ծարավ էին փոխհատուցման: Նրանք դրան շատ վստահ հասան՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գոլ: Աչքի ընկան Գեղամ Հարությունյանն ու Լուբամբո Մուսոնդան:

«Գանձասար-Կապան»-ը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 18 միավոր եւ  հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ին: «Արարատ»-ն ունի ընդամենը 6 միավոր եւ զբաղեցնում է վերջին 6-րդ հորիզոնականը:

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ ամրապնդեց դիրքերը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ տուրի երկրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին առաջնության 2 առաջատարները՝ Երեւանի «Ալաշկերտ»-ն ու Գյումրիի «Շիրակ-ը»: Գյումրիում կայացած խաղն ավարտվեց ալաշկերտցիների նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց հյուրերի հարձակվող Լեսթեր Պելտիերը:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ը տոնեց 7-րդ հաղթանակը առաջնությունում, վաստակեց 23 միավոր եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում: «Շիրակ»-ն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց սեփական դաշտում եւ 18 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում: Նրան հավասարվեց «Գանձասար-Կապան»-ը, որն իր հարկի տակ ընդունեց եւ հաղթեց առաջնության ետնապահ «Արարատ»-ին:

Գյումրիում ծեծի են ենթարկել «Ալաշկերտ»-ի մարզիչներին

Գյումրիում կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպմանը տհաճ միջադեպ է տեղի ունեցել: «Ալաշկերտ»-ի մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանը, խաղից հետո տեղի երկրպագուները եւ ակումբի աշխատակիցները հարձակվել են թիմի մարզչական շտաբի վրա եւ փորձել հաշվեհարդար տեսնել:

«Խաղի ընթացքում տեղի որոշ ֆուտբոլասերներ անընդհատ հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտ-ի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին, քարեր նետում թիմի պահեստային նստարանների կողմը: Իսկ երբ մեր ֆուտբոլիստը նախավերջին րոպեին գոլ խփեց եւ թիմը հաղթանակ տարավ, այդ երկրպագուներն ավելի բորբոքվեցին, խաղից հետո մտան խաղադաշտ ու բռունցքներով նետվեցին «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբի վրա:

Զարմանալին այն է, որ այդ ծեծկռտուքին մասնակցեցին նաեւ «Շիրակ» ակումբի որոշ աշխատակիցներ: Ոստիկաններից մեծ ջանքեր պահանջվեց կողմերին բաժանելու համար: Բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան»,– տեղեկացրել է «Ալաշկերտ»-ի մամուլի քարտուղարը:

«Ալաշկերտ» ՖԱ հայտարարությունը`«Շիրակ»-ի հետ խաղի միջադեպի մասին

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» (0:1) խաղից հետո տեղի ունեցավ տհաճ միջադեպ: Ամբողջ հանդիպման ընթացքում «Շիրակ»-ի երկրպագուները հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին եւ քարեր էին նետում ալաշկերտցիների պահեստային նստարանի ուղղությամբ: Գյումրեցի երկրպագուներին «դուր չէր գալիս», որ մրցակցի գլխավոր մարզիչն ամբողջ խաղի ընթացքում ակտիվ ցուցումներ էր տալիս իր ֆուտբոլիստներին:

Այն բանից հետո, երբ «Ալաշկերտ»-ը վերջին րոպեին հաղթանակ կորզեց, կրքերը էլ ավելի թեժացան, իսկ հանդիպման ավարտից անմիջապես հետո «Շիրակի» աշխատակիցներից մեկը, ով հանդիպման ընթացքում նստած էր պահեստայինների նստարանին, հարվածեց Աբրահամ Խաշմանյանին: Միանգամից խաղադաշտ փորձեցին ներխուժել «Շիրակ»-ի երկրպագուները, որոնց մի մասի մուտքը խաղադաշտ ոստիկանները կարողացան կանխել, սակայն մի քանի երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ մասնաշենքի կողմից եւ ակտիվորեն ներգրավվեցին քաշքշուկին` հարձակվելով «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբի վրա: Կրքերը հաջողվեց հանդարտեցնել միայն «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանի եւ ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո:

Խաղից հետո էլ «Շիրակ»-ի երկրպագուները «Ալաշկերտ»-ի ներկայացուցիչներին սպասում էին մարզադաշտի մուտքի մոտ` հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ եւ բազմաթիվ հայհոյանքներ էին հնչեցնում: Ոստիկաններին կրկին հաջողվեց «Ալաշկերտ»-ի ներկայացուցիչներին ապահով հասցնել մինչեւ թիմի ավտոբուսը:

Ցավալի է «Շիրակ»-ի դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը չցանկացավ մեկնաբանել միջադեպը, ասելով, որ իր համար պարզ չէ իրական պատճառը: Սակայն, ամեն ինչ տեղի էր ունեցել մարզչական շտաբի եւ բոլորի աչքի առջեւ: Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը չկայացավ «Շիրակ»-ի ներկայացուցիչների առաջարկով եւ հանդիպման տեսուչի համաձայնությամբ, չնայած որ «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը պատրաստ էր պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ ահա որոշ լրատվամիջոցներ շտապեցին հայտնել, որ «Ալաշկերտ»-ի մարզիչը հրաժարվել է ասուլիսից, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Իսկ ահա «Շիրակ»-ի պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ երկրպագուներն իբր ոչ մի առնչություն չեն ունեցել միջադեպին, իսկ բախումը սկսվել է այն բանից հետո, որ «անմեղ» երկրպագուներին հայհոյել է Աբրահամ Խաշմանյանը: Թե ինչքանով է հավաստի այն վարկածը, որ հաղթանակ տարած թիմի մարզիչը որոշել է հայհոյել երկրպագուներին, թողնում ենք Ձեր դատին: Որպես վերջաբան նշենք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը միշտ պատշաճ կերպով հյուրընկալում է իր մրցակիցներին եւ նույն կերպ ճանապարհում է հյուրերին նաեւ պարտությունների պարագայում:

Միջադեպի տեսանյութը տեղադրվեց «Ալաշկերտ» ՖԱ պաշտոնական կայքէջում:

«Շիրակ»- «Ալաշկերտ» խաղին ծեծկռտուք չի եղել. «Շիրակ» ՖԱ

Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը, այսօրվա «Շիրակ» -«Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի եւ Աբրահամ Խաշմանյանի միջեւ, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ըստ «Ալաշկերտ» ակումբի մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանի տեղեկատվության, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ փուլի «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղից հետո տեղի երկրպագուները եւ ակումբի աշխատակիցները հարձակվել են «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբի վրա եւ փորձել հաշվեհարդար տեսնել:

«Շիրակ» ակումբը նույնպես տեսանյութ է ներկայացրել. «Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի եւ Աբրահամ Խաշմանյանի միջեւ, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»:

Football Manager-2018 խաղում կհայտնվեն միասեռական ֆուտբոլիստներ

Անգլիական ֆուտբոլում քանի դեռ սպասում են միասեռական ֆուտբոլիստների խոստովանանքին, Football Manager հանրահայտ համակարգչային խաղի նոր տարբերակում արդեն ավելացրել են ոչ ավանդական սեռական կողմնորոշվածություն ունեցող խաղացողների: Ընկերության ներկայացուցիչ Մայլզ Ջեկոբսոնն այդ կապակցությամբ հայտարարել է, որ իրենք այդպես ցանկանում են միասեռական ֆուտբոլիստներին ցույց տալ, որ պետք չէ վախենալ հրապարակային խոստովանությունից: Սակայն համակարգչային խաղում նման ֆուտբոլիստները իրական չեն եւ անուն-ազգանուն չեն ունենալու:

Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկած ֆուտբոլիստներից նման կարգի խոստովանություն կատարել էր «Վեսթ Հեմի» եւ «Աստոն Վիլայի» նախկին կիսապաշտպան Թոմաս Հիլցշպերգերը: Սակայն գերմանացի ֆուտբոլիստը դա կատարել էր 2014թ., իր կարիերայի ավարտից 1 տարի անց:

Բակո Սահակյանը դիտել է բասկետբոլի «Արցախ»-«Ինժեներ» խաղը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին դիտել է Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության բասկետբոլի բարձրագույն Ա լիգայի «Արցախ»-«Ինժեներ» խաղը: Տեղեկացր ել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Դինամո» մարզահամալիրում կայացավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:

6- օրյա պայքարից հետո 86 մասնակիցներից Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Հենրիկ Մոքոյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Արարատ Գյուլբանգյան (64 կգ), Գառնիկ Պապյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Արտյոմ Գալստյան (81 կգ) եւ Հենրիկ Սարգսյան (91 կգ):

Կանանց  պայքարում լավագույններն էին Մարիամ Սանոսյանը, Լիլիթ Դալլաքյանը և Աշխեն Հովհաննիսյանը:

Հայաստանի բռնցքամարտիկները դուրս մնացին Եվրոպայի առաջնությունից

Անթալիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին մրցելույթները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Թուրքիայում ռինգ մտած հայաստանցի ինը բռնցքամարտիկներից պայքարը շարունակում էր միայն Էրիկ Թոխյանը (49 կգ), որը, սակայն, քառորդ եզրափակչում զիջեց հունգարացի բռնցքամարտիկին եւ դուրս մնաց մրցանակային տեղի համար պայքարից:

Հոկեյի «Արարատ» ակումբը 2 հաղթանակ է տարել…

Երեւանի  «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում 2 հանդիպում է անցկացրել «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ եւ սեփական հարկի տակ 3:1 եւ 3:2 հաշվով առավելության հասել առաջատար ակումբի նկատմամբ:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, 14 խաղից հետո «Արարատ»-ը 25 միավորով 14 թիմերի մեջ 8-րդն է (մյուս ակումբները 15-17-ական խաղ են անցկացրել): Հաջորդ հանդիպումներն «Արարատ»-ը նոյեմբերի 4-ին և 5-ին մրցակցի հարկի տակ կանցկացնի «Մետալլուրգա-2»-ի հետ:

ՀՀ-ում շատ են ակրոբատիկական ռոքնռոլով զբաղվել ցանկացողները. նախարար

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՌԴ ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամներ՝ Մոսկվայի սպորտկոմիտեի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանին, մարզաձեւի առաջատար մասնագետներ Օլգա Սբիտնևային եւ Իվան Յուդինին: Կողմերը քննարկել են Հայաստանում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձեւի զարգացման հարցեր: «Այս տարվա մարտ ամսին, երբ սպորտային պարերի, ակրոբատիկայի, գեղարվեստական մարմնամարզության եւ գեղասահքի ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ, մեր նախարարությունում տեղի ունեցավ առաջին քննարկումը, չէինք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր կլինի հավաքել այս գեղեցիկ մարզաձեւով այսքան շատ  հետաքրքրվողների: Սակայն փաստ է, որ այսօր Հայաստանում շատ են ակրոբատիկական ռոքնռոլով զբաղվել ցանկացողները»,- հյուրերին տեղեկացրել է նախարարը:

Նրա խոսքերով, այս՝ նախնական փուլում, ռուս մասնագետների հետ համագործակցությունը հնարավորության կտա ստեղծել Հայաստանի ակրոբատիկական  ռոքնռոլի ֆեդերացիա, որն էլ կզբաղվի մարզաձևի զարգացմամբ: «Անհրաժեշտ է ստեղծել ամուր եւ կայուն հիմք, որի վրա հնարավոր կլինի ապահովել մարզաձևի հետագա զարգացումը: Այդ նպատակով նախատեսում ենք կազմակերպել սեմինարներ՝ առաջատար ռուս մասնագետների մասնակցությամբ եւ այդ հարցում ակնկալում ենք ձեր օգնությունը»,- ասել է հայ նախարարը:

Նշենք, որ ՌԴ ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամներն են ժամանել Երեւան եւ արդեն հասցրել են մարզումներ անցկացնել: Նախարար  Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է հյուրերի հրավերը եւ խոստացել՝ ներկա գտնվել վաղը կայանալիք մարզումներին:

Ավարտվել են «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով սեղանի թենիսի մրցումները

Ավարտվել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով սեղանի թենիսի մրցումները:

Աղջիկների պայքարում 1-ին տեղը գրավել է Մարիամ Ամյանը (Արցախ), 2-րդ տեղը` Անի Բարսեղյանը (Լոռու մարզ) եւ 3-րդ տեղը` Մարիա Աղաջանյանը (Արցախ): Տղաների պայքարում 1-ին տեղը գրավել է Ավետ Վասիլյանը (Լոռու մարզ), 2-րդ տեղը` Էդգար Ռաֆայելյանը (Լոռու մարզ) եւ 3-րդ տեղը Նորիկ Ղազարյանը (Շիրակի մարզ):

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնվել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, գավաթներ ու մեդալներ:

Միջոցառմանը ներկա են եղել նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լեւոն Վահրադյանը եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։