Սլաքը փոխելու պարտավորությունը (1-ին մաս)- Իսկ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում էր… Սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացմամբ պիտի զբաղվել՝ կաշեգործության…  Մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք ու այդ երկրի ապրանքները մրցակցային դարձնենք մեր երկրում… Իսկ առհասարակ անհասկանալի է անվտանգոթյան հայեցակարգով մեզ թշնամի երկիր հռչակած թուրքերի ապրանքների ազատ մուտքը Հայաստանը եւ հսկայական գումարների ազատ ելքը Թուրքիա… Ասենք՝ հանրության մի մասը գենախեղ է եւ թուրքացավով է հիվանդ, իսկ պետություն՞ը…

3 տարի առաջ, երբ Հայաստանում կոշկագործության ոլորտի զարգացման մասին խոսեցի, գրեցի, որ դա անհնար է առանց կաշեգործության ոլորտի զարգացման, իսկ դա էլ անհնար է առանց սպանդանոցային գործունեության: Այդ ժամանակ խորապես ցավ ապրեցի, որովհետեւ պարզել էի, որ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում է եւ, հետեւաբար, կաշեգործության ոլորտի զարգացման մասին խոսք լինել չէր կարող: Իսկ այդ բիզնեսի տրամաբանությունը չէր փոխվում, որովհետեւ այդ ոլորտի մասին ոչ ոք չէր մտածում: Որովհետեւ՝ 1. իբր հավատում էին, որ կա զուտ բիզնես, 2. իբր մտածողները, որպես ՀՀ քաղաքացի, իրենց վատ չէին զգում՝ արժանապատվությունը ոտնատակ տալով եւ 3. իբր համոզված էին, որ հիմա դրա ժամանակը չէ, քանզի երկիրն ավելի լուրջ խնդիրներ ունի: Այս ամենի հետեւանքով մենք տարիներ կորցրեցինք կաշեգործության զարգացման առումով: Հիմա սլաքը մի փոքր փոխվել է. դե գոնե այնքանով, որ Հայաստանի կաշվի բիզնեսը ամբողջությամբ չէ, որ թուրքերի ձեռքում է:

Մի փոքր հետ գնանք: Հայաստանում սպանդանոցների թեմայից խոսելիս նշել էինք, որ սոցիալական եւ սննդի անվտանգության գործոններից զատ կա մեկ այլ կարեւոր խնդիր, որին կցանկանայինք անդրադառնալ: Խոսքը սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացման մասին է՝ կաշեգործության: Ի դեպ, տարիներ առաջ երբ անդրադարձա Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման անհրաժեշտությանը (իբրեւ ապրանքանշային արտադրություն), նկատեցի, որ մենք կարող ենք գնային հատվածում էլ մրցունակ լինել, եթե զարկ տանք սեփական կաշեգործությանը, իսկ դրա համար նախ եւ առաջ պետք է սպանդանոցներ ունենանք երկրում (կենդանու մորթը ճիշտ կազմակերպելով կաշին չէր փչանա): Հիմա երբ արդեն 10-ից ավելի սպանդանոց ունենք եւ ծրագրում ենք էլի ունենալ, կաշվի բիզնեսի զարգացման տեսլականի մասին էլ կարող ենք խոսել՝ մանավանդ հաջողված փորձ ունենք, իսկ կաշվե բիզնեսի զարգացումից հետո հարակից այլ ոլորտների զարգացում էլ կարող ենք ակնկալել:  

Հիմա գանք սպանդանոց-կաշեգործություն շղթային:

Տարիներ առաջ էկոնոմիկայի նախարարությունը կազմեց արտադրության ոլորտային ռազմավարությունը (մշակվել էր «Ի-Վի քոնսալթինգ»-ի կողմից՝ ՀԲ ֆինանսավորմամբ): Անկեղծ լինելու համար ասեմ՝ վատ փաստաթուղթ չէր, հույս ներշնչում էր, ոլորտի զարգացման հիմքը տրված էր: Մենք համոզված էինք եւ ենք՝ հայկական կոշիկի համբավը կարող ենք վերականգնել, այն համբավը, որ փառահե՜ղ համարում ուներ: Բայց հարց կար՝ կոշիկի հիմնական հումքը՝ կաշին, մենք մասամբ ունեինք, բայց դա հենց այնպես շան բաժին էինք դարձնում, որ հետո ներմուծենք մեր իսկ տվածը ու թանկացնենք մեր կոշիկը՝ այդպիսով որակյալ, բայց անմցունակ լինելով: Շան բաժին եմ ասում, որովհետեւ այդ կաշվից գյուղացուն ոչինչ չէր մնում, մնում էր «դալալին», որ հավելյալ արժեք էր ստանում՝ այն արտահանողներին տալով: Այլ կերպ՝ արտահանվում էր ապրանք, որից ապրանքատիրոջը ոչինչ չէր հասնում:

Ուրեմն՝ տառացիորեն մեր հումքը շան ու թուրքի բաժին էինք դարձնում:

Ինչու՞ եմ սա հիմա հիշեցնում, որովհետեւ իրավիճակը անփոփոխ է: Կամ՝ ավելի ստույգ՝ գրեթե անփոփոխ է՝ գլոբալ առումով, եւ սա այն պարագայում, երբ Հայաստանի կաշին աշխարհում լավագույններից է համարվում որակական հատկանիշներով: Տեսնենք՝ ինչ է փոխվել այս տարիների ընթացքում:

3-4 տարի առաջ կոշիկի հիմնական հումքը՝ կաշին, ներմուծում էինք Բելառուսից, Իրանից, Թուրքիայից, Ռթւսաստանից, Իտալիայից: Ամենաորակյալն ու թանկը ներմուծում էինք Իտալիայից, ամենացածրորակն ու էժանը՝ Իրանից: Բանն այն է, որ մենք կաշվի տեղական վերամշակում կարող էինք անել, բայց քանի որ կաշին հիմնականում արտահանում էինք, վերամշակումն էլ չնչին ծավալների էր հասել:

Ստացվում էր՝ եւ՛ առաջնային հումքը ունեինք, եւ՛ կարող էինք վերամշակել, բայց մեր հումքն արտահանում էինք, որ հումք ներմուծենք:

Այսինքն՝ ոլորտը ընդհանուր կարգավորում ունենալու պարագայում կարող էր շահել նաեւ գնային առումով: ՀՀ-ն 2012թ. արտահանել է մոտ 137,000 հատ անմշակ կաշի: Մասնագետներն ասում էին, որ արտահանվող հումքի վերամշակման դեպքում վերամշակումից ստացվող կաշվի ցուցանիշը 30-35 մլն. դմ2  կլինի: Մինչդեռ մեր ներուժը 200-230 հազ հատ չմշակված կաշի էր այդ ժամանակ: Եթե այդ ժամանակ հումքն ամբողջական վերամշակեինք, ապա ստացվող կաշվի ցուցանիշը՝ 50-55 մլն. դմ2 կլիներ: Վերամշակման հզորություններ էլ ունեինք՝ «Կաշի», «Բիզոն», փոքր արտադրողներ, մի խոսքով՝ տարեկան առնվազն 100 մլն դմ2  արտադրական հզորություն:

Որպեսզի հասկանանք, թե սա ինչ թիվ էր, ներմուծման թվին անդրադառնանք: Համենայնդեպս, մաքսային վիճակագրության կողմից հաշվառված էր 17 մլն դմ2  կաշվի ներմուծում:

Էկոնոմիկայի նախարարությունը համոզված էր, որ տեղական արտադրության զարգացմանը զուգահեռ պահանջարկը կավելանար, ու միասնական մոտեցման դեպքում մենք կարող էինք այնպես անել, որ հումքը կամ գոնե, նախնական փուլում, հումքի մեծ մասը տեղական լիներ: Հայաստանից արտահանվող չվերամշակված հումքը տեղում վերամշակելու դեպքում այն շուրջ 2 անգամ կգերազանցեր վերամշակված կաշվի ներքին պահանջարկը: Իսկ կաշվի հավելյալ մասը կարտահանվեր մշակման տարբեր մակարդակով, որի պահանջարկը նույնպես մեծ է կաշվե իրեր արտադրող երկրներում:

Բացի այդ՝ մի հարց էլ կար. Թուրքիայից կաշի բերելու փոխարեն արտահանել կարող էինք: Կաշվի հումքի Թուրքիա արտահանման արդյունքում 1կգ չմշակված կաշվի գինը հասել էր 450-500 դրամի (2013 եւ 2014թթ. տվյալներ): Գնի բարձրացումը հիմնականում իրականացվել էր միջնորդների մարժաների բարձրացման հաշվին: Պարզ է, որ գյուղացիները կաշվի դիմաց գումար չէին ստանում, այն տնօրինում էր գործ կպցնողը: Մինչդեռ հայկական վերամշակված կաշվի արտադրանքը կարող էր ապահովել Թուրքիայից ներկայումս ներմուծվող կաշվի որակը (այն միջին էր), սակայն կունենար գնային առավելություն: Օրինակ՝ ԱԱՀ-ով գինը (85-100 դրամ) մոտ 30-35%-ով ավելի էժան կլիներ նմանատիպ որակի թուրքական արտադրանքից (վերջինս վաճառվում էր շուկայում առանց հաշվի-ապրանքագրի՝ 100-150 դրամ): Կամ՝ ծախսերի փաստաթղթավորման եւ ԱԱՀ հաշվանցման հնարավորություն կլիներ արտադրողների համար: Արդյունքում հնարավոր կլիներ մոտ 40%-ով նվազեցնել կոշիկի հիմնական հումքի արժեքը: Այս իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը որպես լուծում առաջարկում էր սահմանափակել առաջնային հումքի արտահանումը՝ կիրառելով պետական տուրք հումքի արտահանման վրա, որը գրեթե ամբողջությամբ արտահանվում էր Թուրքիա:

Փաստորեն՝ մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք: Ստացվում էր՝ թուրքական կոշիկը, որ Հայաստանում մրցակցային էր գնային առումով, մրցակցային էր հենց Հայաստանից իսկ արտահանած կաշվի հաշվին: Իսկ եթե մենք կաշին չարտահանեինք եւ այստեղ մշակեինք, կշահեինք: Միանշանակ, քանզի արդեն ասացինք, որ կաշվի վերամշակման հզորություններ ունենք:

Այս պատկերը, կրկնում եմ, 3-4 տարի առաջ էր:

Ի՞նչ կա հիմա:

Վերջերս ասուլիս էր հրավիրել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա ասում էր, թե մշակող արդյունաբերությունում  դրական շարժ կա:

Ես էլ նախարարին հարց ուղղեցի. այդ դեպքում ինչու՞ կտրուկ քայլեր չեն ձեռնարկվում այդ շարժն ամրապնդելու համար։ Ասենք՝ ինչու՞ չեն արգելում անմշակ, հում կաշվի արտահանումը, մանավանդ որ զարգացած շատ երկրներում հում հաշվի արտահանումն արգելված է, քանզի այն ռազմավարական ապրանք է համարվում։ Բացի այդ՝ կաշեգործության ոլորտի մեր գործարարներից մեկը հումքի պակաս ունի։ Միանգամից այդ հարցն էլ կլուծվի։

Սուրեն Կարայանը պարզաբանեց, որ այդ հարցը իրենք քննարկել են. «Համենայնդեպս, այս պահի դրությամբ հակված չենք արգելելու արտահանումը, հակված ենք տուրք սահմանելու։ Բայց հակված ենք նաեւ այդ հումքը տեղական արտադրողին վաճառելու»:

Սա մեջբերեցի, որպեսզի ընթերցողն ինքը պատկերացնի, թե ինչ է փոխվել այս տարիներին: Տարիներ առաջ էլ էին խոսում տուրքի սահմանման մասին, հիմա էլ:

Հիմա խոսենք այն խնդրից, թե սպանդանոցներն ինչպես են նպաստելու կաշեգործության զարգացմանը:

Հետաքրքիր է, որ խորհրդային տարիներին էլ սպանդանոցային գործ – կաշեգործություն – կոշկագործություն շղթայում նույն խնդիրներն ենք ունեցել: Փաստորեն՝ մինչեւ Խորհրդային Հայաստանը իր կաշեգործություն-կոշկագործության փառքին հասնելը հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք:

Խորհրդային տարիների մի փաստաթուղթ եմ նայում՝ «Արտադրական միավորումները որպես սոցիալիստական արդյունաբերության համակենտրոնացման նոր ուղղություն» (նշված է՝ Հ. Ա. Տոնոյան), որտեղ խոսվում էր կոշիկի արդյունաբերության վիճակի մասին: Ըստ այդմ, մինչեւ 1962թ. ՀՍՍՀ կոշիկի արդյունաբերության  ձեռնարկությունների մեծ մասը (ավելի քան 70%-ը) մանր-մունր ձեռնարկություններ էին, որոնց տարեկան արտադրական կարողությունները 500 հազար զույգից  չէին անցնում։ Ֆաբրիկաների թողարկման  հզորությունը ավելացվել էր հապճեպ վերակառուցումների միջոցով, որոնց ոչ կատարյալ սխեման տեխնոլոգիական նորմի խախտման պատճառ էր դառնում պարբերաբար։ «Ձեռնարկությունների մեծ մասում իշխում էր ձեռքի աշխատանքը, Միության առաջավոր կոշիկի ձեռնարկությունների համեմատ ցածր էր մեքենազինվածությունը։ Արտադրանքի մեծ մասը թողարկվում էր փոքրաքանակ սերիաներով, արտադրության կազմակերպման անհատական եւ երբեմն էլ աշխատանքի բաժանման փոքր խմբային մեթոդով։ Մանր ձեռնարկությունների մեծ մասում արտադրանքի ինքնարժեքը խիստ բարձր էր, որի հետեւանքով հանրապետության կոշիկի արդյունաբերությունը  աշխատում էր  վնասով։ Բավական է նշել, որ 1962թ. ժողտնտխորհի թեթեւ արդյունաբերության վարչությունում կոշիկի 1 ռուբլու արտադրանքի վրա կատարվող ծախսերը կազմում  էին 107,3 կոպեկ., վատ էր կազմակերպված նյութատեխնիկական  մատակարարման գործը։ Խիստ ցածր էր արտադրանքի որակը, անորոշ՝ սպառողի պահանջը կոշկեղենի տեսականու նկատմամբ»։

1963թ. ստեղծվեց Հայաստանի Ժողտնտխորհի ենթակայության տակ գործող 12 կոշիկի ֆաբրիկաների հայկական «Մասիս» միավորումը: Թեեւ այդ ձեռնարկությունները գտնվում էին մեծ մասամբ միասնական գերատեսչական ենթակայության տակ, այդուամենայնիվ, դրանք հստակ ենթարկված չէին առարկայական եւ առավել եւս մասնիկային ու տեխնոլոգիական մասնագիտացման։ Անհրաժեշտ էր, որ համակենտրոնացվի հիմնական արտադրությունը, ստեղծվի հումքի, օժանդակ նյութերի միասնական բազա, վերամշակող արտադրամասերի միջեւ կատարվի աշխատանքի բաժանում, տեխնոլոգիայի պրոցեսների ստանդարտացում եւ ընդլայնվեն արտադրական կապերը միավորման տարրեր օղակների միջեւ։ Միավորումից հետո արդեն 2 տարի անց, 1965թ. 12 ֆաբրիկաները թողարկեցին Հանրապետության կոշիկի արտադրության շուրջ 93%-ը: 1963-69թթ. «Մասիս»-ի արտադրանքը 6 մլն զույգից հասավ 9.3 մլն-ի (ես այս փաստաթուղթը «ՀՀ»-ում էլ եմ մեջբերել,-Ա. Մ.):

Քննարկվում են այն խնդիրները, որոնք թույլ կտան շտկել վիճակը. բանն այն էր, որ 1968թ. միջին հաշվով 1 ձեռնարկությանը ընկնող կոշկեղենի արտադրությամբ (1000  զույգ) մեր Հանրապետությունը միութենական միջինից ետ էր մնում 2,2, Վրացական ՍՍՀ-ից՝ 1,8 եւ Ադրբեջանական ՍՍՀ-ից՝ 1,3 անգամ։ Հայկական ՍՍՀ-ն որոշում է մնացած մանր օբյեկտներն էլ միավորել «Մասիս»-ին: Ու հաշվարկում է, որ մնացած մանր  օբյեկտների  վերացումը եւ դրանց մի մասի միավորումը «Մասիս» ֆիրմայում հնարավորություն կտան 1975թ. երկրին տալու լրացուցիչ 1 միլիոն 300 հազար զույգ բարձրորակ կոշիկ։

Վերոնշյալ ժամանակահատվածում՝ 3-4 տարի առաջ, գրեցի, որ խնդիրները նույնն են՝ խորհրդային տարիների նմանությամբ, եւ հիմա էլ՝ մանր-մունր արտադրողներ, արտադրանքի ինքնարժեքը՝ բարձր, անհատ կոշկագործները միավորված չեն մեկ միասնական գործում եւ հայկական կոշկեղենը հանդես չի գալիս մեկ ընդհանուր ապրանքանիշի տակ, թեեւ դրա ներուժը ունի: Անհատ կոշկագործներ գիտեի, որ կոշիկները (եւ հիմա էլ, ի դեպ) տալիս էին ասենք «Սալիին» եւն, որն էլ դրանք վաճառում է կրկնակի, երբեմն՝ եռակի թանկ:

Եթե վաճառվում է, ապա որակյալ է: Ուրեմն՝ գործը կենտրոնացնելու պարագայում կարող ենք վերականգնել հայկական կոշկագործության երբեմնի համբավը: Բայց դրա համար նախ հարկ է որոշ խնդիրներ լուծել, որոնք դարձյալ խորհրդային Հայաստանի՝ ոլորտային փաստաթղթերն ուսումնասիրելիս տեսնում ենք:

Օրինակ՝ խոսվում է այն մասին, որ որակյալ տեղական հումք ունենալու համար հարկ է, որ խոշոր եղջերավոր անասուները մաշկային հիվանդություններ չունենան, որ մորթից հետո դրանց կաշին շուտ չվնասվի կամ քերծվածքներ չունենա: Որ գյուղացիները անասունի մորթին հանձնելիս մորթու վրա լցրած լինեն մանր եւ ոչ թե խոշոր աղ, քարաղ, որ կաշեգործության զարգացման համար անասունների մորթն արվի սպանդանոցներում, այլ ոչ թե բակերում, որպեսզի կաշին ավելի որակյալ լինի: Եվ, ի վերջո, բոլոր խնդիրների լուծումը դիտարկվի սպանդանոցներ-կաշեգործություն-կոշկագործության շղթայում, որպեսզի ոլորտի զարգացումն ի մի բերվի, միասնականանա:

Հիմա, երբ մեր երկրում արդեն սպանդանոցներ ունենք, երբ Հայաստանի կաշվի բիզնեսը 3-4 տարի առաջվա նման ամբողջապես թուրքերի ձեռքում չէ, երբ տեղական արտադրության կոշիկների որակի մասին արդեն կարող ենք հստակ խոսել, ժամանակն է կրկին մեկտեղման մասին մտածելու:

Մանավանդ, որ Հայաստանը կարող է առավելություններ ունենալ որոշ առումներով: Մինչ դրանից խոսելը հարկ է հասկանալ, թե կաշվի բիզնեսի առումով ինչ փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում (որ սպանդանոցային գործը տեղաշարժ կապրի, ակնհայտ է, դրա համար գալիս ենք սպանդանոցներ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայի երկրորդ հատվածին):

Բանն այն է, որ 2013թ. Հայաստանի կաշեգործները անելանելի վիճակում հայտնվեցին (նախադրյալները վաղուց էին երեւում) եւ սկսեցին փակել արտադրամասերը:

Պատճառն այն էր, որ թուրքերը կամ թուրքերի հետ առեւտուր անող մեր հայրենակիցները Հայաստանից տանում էին մորթած անասունների չմշակված կաշվի՝ ինչպես ժողովուրդն է ասում, փոստի ամբողջ խմբաքանակը: Իսկ փոստն էին տանում, քանի որ այն չմշակված մորթին էր, իսկ չմշակվածը հարկման ենթակա չէր: Մեր փոստը Թուրքիան հենց այդ վիճակում՝ չմշակված կամ որոշակի մշակում անցած, թանկ արտահանում էր Վրաստան, Հնդկաստան, Չինաստան: Թե ինչու հայկական կաշեգործ ընկերությունները թուրքերից առաջ մեր գյուղացիներից չէին վերցնում փոստը, չեմ կարող ասել: Բայց այդ տարիներին կաշեգործությամբ զբաղվող հայկական «Բիզոն» ընկերությունն էր անգամ ծանր վիճակում հայտնվել:

Իսկ մեր կոշկագործները մեր իսկ փոստը, արդեն մշակած եւ թանկ ձեռք էին բերում Թուրքիայից:

Մի խոսքով՝ պետական մոտեցում չկար (էկոնոմիկայի նախարարությունը կոշկագործության զարգացման տեսլականում հետո ներկայացրեց այս իրավիճակը եւ անհրաժեշտ համարեց պետական միջամտությունը), իսկ առեւտուրն էլ մեր ու թուրք առեւտրականների միջեւ, հասկանալի է, ըստ առ-ի եւ տուր-ի շահի «օրենքի»:

Այս իրավիճակից անցել է 4 տարի:

Չեմ ասի, թե կտրուկ փոփոխություն է եղել, բայց մասամբ եղել է: Գոնե այնքանով, որ հիմա ունենք ընկերություն, որ այս տարեվերջին Հայաստանում մտադիր է վերականգնել կաշվի արտադրության ամբողջական շրջափուլը:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարը՝ հեղինակի

Թերթի լուսանկարում երկու զույգ կոշիկն էլ տեղական արտադրության է, ձախից առաջինը՝ «Մասիսի» վերջին տարիների արտադրության:

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։