Երկուսով՝ դեպի սահմանամերձ – Այս տարի զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը… Ընտանիքի հետ կապը, ներքին խաղաղությունը շատ անհրաժեշտ է զինվորին՝ ներքին հանգիստը զինվորի ուշադրությունն ամբողջապես ուղղում է արտաքին ճակատի վրա…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երեւանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Այն, որ սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող, 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող, այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է ամեն անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ օգտվում է ծրագրի ընձեռած հնարավորությունից: (Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից):

Այս տարի, հոկտեմբերի 27-ին, մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«2013թ. մինչ օրս այս ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 9000 ծնող հնարավորություն է ունեցել այցելել զինծառայող իրենց որդիներին եւ տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Հերթական այս այցի շրջանակում, որն ինչպես գիտեք, այս տարվա արդեն երկրորդ այցն է, զորամասեր կայցելի շուրջ 1600 ծնող:  

Բազմիցս եմ ասել, որ սա բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված կարեւոր ծրագիր է, եւ մենք շարունակելու ենք տարեկան առնվազն երկու անգամ սիրով կազմակերպել այս այցերը: Եվ, ընդհանրապես, մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր զինվորները համոզված լինեն, որ իրենք եւ իրենց ծնողները մշտապես պետության եւ համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով, շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին եւ Ստեփանակերտի քաղաքապետին, որ մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի լիարժեք կյանքի կոչման հարցում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին առանձնակի կարեւորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն իսկապես սպասված է եւ անհրաժեշտ:

«Պաշտպանության նախարարությունն այս նախաձեռնության համար, իրոք, շնորհակալ է Երեւանի քաղաքապետարանին եւ մենք միշտ սիրով աջակցում ենք, որ մեր զինվորների ծնողներն այցելեն իրենց որդիներին: Այս ծրագիրը նաեւ լավ օրինակ է դարձել մեր մյուս քաղաքների համար, եւ այս տարի Գյումրու ու Վանաձորի քաղաքապետարանները եւս ցանկություն են հայտնել հանդես գալ նման նախաձեռնությամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Այնուհետ, մեկնող բոլոր ավտոբուսներին մոտենալուց եւ զինվորների ծնողներին բարի երթ մաղթելուց հետո, Տարոն Մարգարյանը եւ Վիգեն Սարգսյանը ընկերակցել են մեկնողներին եւ հարավարեւելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղեւորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին, մեկնել են զինծառայողների հետ հանդիպման:

Ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ եւս Երեւանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որեւէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը:

Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաեւ բժիշկներ են եղել:

Ի դեպ, ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվում են հանդիսավոր արարողություններ, որը եւս դարձել է ավանդական ու այս անգամն էլ բացառություն չէր:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարեւորելով զինծառայողների ծնողների այս այցերի կազմակերպումը, մեկ անգամ եւս վստահեցրել է, որ այն լինելու է շարունակական:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ծնողներ, որ դաստիարակել եք արժանավոր զավակներ, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ են ծառայում հայրենիքին: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ իրենց օջախներ»,- նշել է քաղաքապետը:

«Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ է դարձել Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը, եւ հաճելի է արձանագրել, որ գնալով այն ընդլայնվում է,-երկրորդել է Վիգեն Սարգսյանը,- իրականում բանակ-հասարակություն կապը սկսում է ընտանիքի հետ զինծառայողի կապի արդյունավետությունից: Մենք, իրոք, շնորհակալ ենք ձեր ծնողներին այն դաստիարակության համար, որով դուք զորակոչվել եք հայկական բանակ»:

Հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն զինծառայողներն արժանացել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Զինվոր որդիների հետ հանդիպումը որքան սպասված, նույնքան էլ հուզիչ էր: Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարեւոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգեւորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին:

Չմոռանանք՝ ներքին խաղաղությունը շատ անհրաժեշտ է զինվորին: Հենց նա հանգիստ եղավ, որ տանն ամեն բան կարգին է, հենց հավատացած եղավ, որ իր ծառայության ընթացքում ընտանիքն անտեսված չէ ու պետությունը նրա կողքին է, մտածելու է միայն մի բանի մասին՝ իրեն, իր ընտանիքին, իր երկրին թշնամուց պաշտպանելու մասին:

Ուրեմն եւ՝ կռվելու, ապրելու եւ հաղթելու մասին է մտածելու:

Քանզի առջեւում երազանքներն են՝ իր, իր ընտանիքի, իր երկրի երազանքները:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։